կարևոր
26116 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-03 17:59
Տարածաշրջան

Իզմիթի (Նիկոմեդիա-Ակունքի խմբ․) համշենական գյուղերը

Իզմիթի (Նիկոմեդիա-Ակունքի խմբ․) համշենական գյուղերը

Մահիր Օզքան

Համշենցիները Համշենի իշխանության՝ 1480 թ Օսմանյան պետության տիրապետության տակ անցնելուց հետո զանազան վայրեր են արտագաղթել ու ցրվել։ Ինչպես որ նրանց կողմից գաղթեր են գրանցվել Համշենի սահմանային և մոտակա շրջաններ, այնպես էլ՝ այստեղից հեռո բնակավայրեր։ Համշենցիները նման գաղթերի միջոցով տարածվել են Համշենի շրջակայքում գտնվող Խոփա, Բորչկա, Քեմալփաշա, Բաթումի, Ֆընդըքլը, Արդեշեն (Արտաշեն-Ակունքի խմբ), Չայելի, Գյունեյսու, Իքիզդերե, Յուսուֆելի, Ուզունդերե, Թորթում, Սպեր, Շենքայա, Արաքլը և Սյուրմենե գավառներ։ Սակայն նրանք գնացել են նաև ավելի հեռու շրջաններ, որոնցից մի քանիսն են Սամսունը, Սինոփը, Թոքաթը, Չարշամբան, Քորշունլուն, Օրդուն, Դյուզջեն, Սաքարյան։ Որոշ համշենցիներ էլ արտագաղթել են ռուսական տիրապետության տակ գտնվող Սոչի, Սուխումի, Գագրա, Վորոնեժ, Կրասնոդար քաղաքներ։ Իսկ Բաթումիում բնակվող համշենցիները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային իշխանությունների կողմից աքսրվել են Կիրգիզիա, Ուզբեկստան և Ղազախստան։ Այդպիսով համշենցիները, չնայած իրենց փոքրաթիվ լինելուն, տարածվել են ընդգրկուն տարածաշրջանում։ Ավելին, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է մնացել, իսկ մյուսը՝ իսլամացել է, նրանք իրարից հեռացել են նաև ինքնության ընկալման առումով (Թեև այսօր այդ հեռացումը վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվնում, առայժմ դժվար է ասել, թե քրիստոնյա և մուսուլման համշենցիների միջև գոհացուցիչ երկխոսություն է ծավալվում)։

Համշենի պատմության ընթացքում արձանագրված այդ գաղթերի առնչությամբ բազում հարցեր կան, որ կարոտ են ուսումնասիրման ու լուսաբանման։ Ամենայն հավանականությամբ, դեռ կան նաև այնպիսի բնակավայրեր, ուր արտագաղթել են համշենցիները, սակայն մենք տեղյակ չենք դրանց մասին։ Կան վայրեր, որոնց մասին քիչ թե շատ գրվել է, բայց համշենցի հասարակությունը բավարար չափով տեղեկություններ չունի դրանց մասին։

Մենք ունենք ազգակիցներ, ովքեր ապրում են քրիստոնյա համշենցիների հիմնած գյուղերում, սակայն հայկական անվամբ հիշատակվելու պատճառով չգիտենք, որ նրանք համշենցի են։ Պոլսահայերի մեջ ապրող քրիստոնյա համշենցիներ էլ կան (նրանց մասին այս սյունակում 2 հոդված էի հրապարակել մինչ այդ)։ «Գոր» ամսագրի առաջիկա համարում թղթապանակ ենք ներկայացնելու Համշենի աշխարհագրության մասին։ Հուսով եմ՝ այնտեղ կկարողանանք ներկայացնել համշենցիների տարածված բնակավայրերն ընդգրկող լուսանկարը։

Բնակավայրերի թվի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելիս պատահաբար հանդիպեցի մի գրքի, որը թեև անմիջականորեն կապ չուներ համշենցիների թեմայի հետ, սակայն անդրադառնում էր նաև համշենցների բնակության շրջաններին։ Գիրքը 2023 թ․ ապրիլին «Արաս» հրատարակչության կողմից տպագրված Հակոբ Գոբելյանի «Գերտաքացված գոլորշու միջի բոժոժը» վերնագրով վեպն է։ Հակոբ Գոբելյանի ընտանիքը պարտիզակցի է։ Իզմիթում գտնվող և ներկայում Բահչեջիք անվամբ հայտնի Պարտիզակը մինչև 1915 թ․ նշանավոր հայկական բնակավայր էր։ Գոբելյանն իր վեպը գրել է՝ ելակետ ընդունելով իր ընտանիքի կյանքը։ Նա ստեղծել է բոժոժի կերպարը՝ պարտիզակցիների ապրուստի հիմնական աղբյուրից՝ շերամապահությունից ներշնչվելով։ Բոլորին այս վեպն ընթերցել խորհուրդ տալուց հետո վերադառնանք մեր հոդվածի բուն թեմային։

Վեպի առաջաբանում Գոբելյանն ընթերցողներին ծանոթացնում է Պարտիզակի և շրջակայքի հետ։ Նրա ներկայացրած որոշ բնակավայրեր համշենցիների շրջաններն են։ Մեկը հետևյալն է․ «Գավառակի հարավ-արևմուտքում, գյուղացիների կողմից Դյոշեմե կոչված գագաթի վրա կար Զաքար գյուղը, որը Համշենի կողմերից գաղթած հայերն էին հիմնել, թուրքերն այն անվանում էին Սաքարբըչքը (ներկայում կոչվում է Նյուզհեթիյե), գյուղը բաղկացած էր 65 տնից։ Այդ գյուղի բնակիչները «լազ-հայ» էին անվանվում, քանի որ եկել էին Լազիստանի սանջակից (մարզից-Ակունքի խմբ)»։

Այդ տողերն ընթերցելիս մի փոքր զարմացա, մի քիչ էլ ամաչեցի՝ որպես 13 տարի Իզմիթում ապրած մարդ, մտածելով, թե որքան քիչ ենք մենք ճանաչում մեր շրջապատը․․․ Նյուզհեթիյեի բնակիչներն այսօր որչա՞փ են տեղեկացված իրենց պատմության մասին։ Որքա՞ն միատարր է մնացել այդ գյուղի բնակչությունը՝ չգիտեմ։ Սակայն, իհարկե, այդ շրջանի որոշ բնակիչների հետ հանդիպելու ահավոր ախորժակ ունեմ։ Հուսով եմ՝ գյուղից ինչ-որ մեկը կկարդա այս հոդվածս և ինձ հետ կապ կհաստատի։ Ուշադրությունս գրաված մեկ այլ հարց էլ այն տեղեկությունն էր, ըստ որի՝ լազ-հայ արտահայտությունն օգտագործվում էր համշենցիների՝ Լազիստանի սանջակից եկած լինելու պատճառով։ Մի տեղեկություն, որին մինչ այդ էլ հանդիպել էի որոշ աղբյուրներում և փորձել հասկանալ դա։ Նախկինում հրապարակածս մի հոդվածում անդրադարձել էի այն թեմային, ըստ որի՝ Զավեն Բիբերյանն առաջին անգամ համշենցիների հետ հանդիպմանը նրանց լազ է համարել և զարմացել, որ նրանք «տարբերվող հայերենով» են խոսում։ Գոբելյանը հաստատում է լազ-հայ արտահայտության աղբյուրը՝ լինելով մի պարտիզակցի, որի ընտանիքն անցյալում հանդիպել էր համշենցիների։

Մեկ ուրիշ համշենական գյուղ էլ հետևյալ կերպ է ներկայացվել․

«Երբ Պարտիզակից դեպի արևելք կես ժամ քայլում էիր, հասնում էիր 5 տնից բաղկացած Դյոնգել գյուղը, որը լազ-հայկական բնակավայր էր»։

Դյոնգելի ներկայիս անվանումը Քարշըքայա է, որը բավականին զարգացած վայր է՝ բնակեցված գաղթականներով։ Արդյոք հնարավո՞ր է այդ գյուղի նախկին բնակիչներին գտնել։ Նրանք ի՞նչ աստիճանի են տեղեկացված իրենց պատմության մասին։ Անհրաժեշտ է հանդիպել այստեղի տարեց բնակիչների հետ և ձայնագրել նրանց ասածները։

Գրքի մեկնաբանությունների բաժնում անդրադարձ կա նաև Դյոնգելի անմիջապես կողքին «Դյոնգելի սուրբը» (Döngeli Surpı) անվամբ մի համշենական գյուղի մասին, որը բաղկացած է եղել 28 տնից։ Սակայն չի նշվում, թե արդյոք այս բնակավայրը դեռ գոյություն ունի, և ինչ է նրա ներկայիս անունը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել նաև այդ գյուղը։

Այն փաստը, որ գյուղի անունը «Դյոնգելի սուրբ» է, և որ այդ անվանումը նա ստացել է շրջանում գտնվող Սուրբ Սարգիս մատուռից, այն միտքն է հարուցում, թե հնարավոր է` տվյալ բնակավայրի համշենցիները քրիստոնյա եղած լինեն։ Անշուշտ այդ անվանումը կարող է գյուղին տված լինեն նաև պարտիզակցի հայերը։ Այդ դեպքում հարկ կլինի իմանալ, թե համշենցի հայերն ինչպե՞ս են գյուղը կոչել։

Հեղինակը շրջանը ներկայացնելիս խոսում է նաև մեկ այլ համշենական բնակավայրից։

«Դեպի հարավ-արևմուտք, 5 ժամանոց հեռավորության վրա գտնվող մի յայլայում հիմնվել էր Մանուշակ (Manuşag) գյուղը՝ 30 լազ-հայկական տներով»։

Նախկինում ևս այլ աղբյուրներում ընթերցել էի, որ Մանուշակ յայլան համշենական բնակավայր է եղել։ Սակայն, ցավոք, այդ բնակավայրում ապրած մարդկանց հետ դեռևս շփումներ չեմ ունեցել։ Հուսով եմ՝ այսուհետև կունենամ։

Այսօր արդեն գյուղերն անգամ շատ արագ կերպով միաձուլվում են քաղաքներին։ Մանավանդ այստեղ հիշատակված Դյոնգելի նման բնակավայրերը ամբողջովին վերածվել են քաղաքի։ Դրա համար էլ հաճախ են գաղթի ենթարկվում։ Այդ վայրերում ապրած մարդկանց գտնելն այսօր առաջվա նման դյուրին չէ։ Հուսով եմ՝ սույն հոդվածի կապակցությամբ համշենցիների՝ գրեթե անհայտ այդ հատվածի հետ կապ հաստատելու հնարավորություն կընձեռնվի։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net