կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 16:04
Մշակույթ

Հիշողության կորուստ․ Իզմիրի (Զմյուռնիա-Ակունքի խմբ․) հրդեհը և այս քաղաքի «վերակառուցումը»

Հիշողության կորուստ․ Իզմիրի (Զմյուռնիա-Ակունքի խմբ․) հրդեհը և այս քաղաքի «վերակառուցումը»

1922 թ Իզմիրի (Զմյուռնիա-Ակունքի խմբ) հայկական ու հունական թաղամասերը և եկեղեցիները հրդեհից հետո ավերակների կույտի էին վերածվել, իսկ քաղաքապետ Բեհչեթ Ուզի օրոք դրանք տոնավաճառի և զվարճանքի վայրեր դարձան։

Գյուզդե Յըլմազ

1922 թ․ սեպտեմբերի 13-ին Իզմիրի հրդեհից հետո փոխվել է Իզմիրի ժողովրդագրական պատկերը, և քաղաքի ողջ մնացած ոչ մուսումանների մեծ մասը ստիպված է եղել լքել այն․ Իզմիրը վերածվել էր ավերակների կույտի։ Հրդեհից հետո ոչնչացված ոչ մուսուլմանների բնակավայրերը և կառույցները չեն վերանորոգվել, դրանց մոռացումն «անհրաժեշտ» է համարվել թուրքական-սուննիական ինքնության ձևավորման համար։ Հրդեհից մնացած ոչ մուսուլմաններին պատկանած ունեցվածքն էլ, Լքյալ գույքի օրենքներով, ով հասցրել է, արագ տարել է։ Հրդեհի մարումից հետո 10․600 տուն է արձանագրվել որպես հունական լքյալ գույք։ (T.B.M.M. Zabıt Ceridesi, Cilt: 9. Devre II, İçtima II. Ankara, 1975, s. 61).

1924 թ․ հունիսի 18-ին «Անադոլու» թերթում զետեղված հրապարակման մեջ տեղեկացվում է, որ Ազգային գույքի կառավարիչ Հասան Ֆեհմի բեյի հայտարարության մեջ նշված է, թե բնակչության փոխանակման ենթակա անձանցից մնացել է 10674 տուն, 2173 խանութ, 79 գործարան, 2 բաղնիք, 1 հիվանդանոց, հայերից ու հրեաներից մնացել է 1600 տուն, 648 խանութ, 10 գործարան։ Լքյալ գույքի օրենքները  ծաղր ու ծանակի առարկա էին դարձել, ինչի օրինակ է 1929 թ․ Քաղաքաշինության նախարար Մյունուր բեյի կողմից գրված ստեղծագործությանը նվիրված լուրը։

Ամեն մեկն իր կեսի հետ թև թևի գնում է,
Քաղաքաշինության գործերն էլ են  լավ գնում,
Բոլոր հետևորդները գործի տեր են,
Գրասենյակի աջից ձախ են գնում։
Ասում են՝ գործը շատ է, իրավացի են,
Այս աչքերը հոգնել են թուղթ ստորագրելուց,
Կյանքը կավարտվի, սակայն քաղաքաշինությունում գործերը
Անսպառ կլինեն առավոտից իրիկուն։
Օրական հազար տաղանդ, հազար կտոր թուղթ,
Մեկը այգի է ուզում, մյուսն՝ առանձնատուն,
Զզվել եմ այդ անհամար պահանջներից,
Օրենք է՝ ավարտել Քաղաքաշինության գործերը։ (Anadolu Gazetesi, 10 Mart 1929 Sf:1).

 «Վերակառուցում»  

«Թրքականության պայմանագրի» համաձայն (ինչպես հիշատակվում է նաև Բարըշ Ունլյուի գրքում)՝ Իզմիրի վերակառուցման պլանավորումն սկսվել է Ֆրանսիայում հիմնադրված «Իզմիրի վերակառուցման կազմակերպության» կողմից, իսկ տեխնիկական կողմն սկսվել է Ռենե Դանգերի հետազոտությամբ, պլանը ավարտին  է հասցվել և քաղաքապետարան ներկայացվել 1925 թ․։ Կառույցները նախագծվել են այնպես, որ ճարտարապետության միջոցով հաստատեն թուրքականության փաստարկները։ Այս առումով նրանք այնպիսի առաջընթաց էին գրանցել, որ 1935 թ․ Իզմիր եկած մի դիտորդ վիճակը հետևյալ կերպ է նկարագրել․ «Կորդոնում գտնված Ֆրեսֆիլդ և Ավջըլար ակումբները, Իրիս կինոթատրոնը և Ֆրանջըյակոմո հյուրանոցը, Կաֆեկոստի և Բար-ռեստորան Կրամերը վերածվել են զբոսայգու։  Այն ստացել է Գազի բահչեսի (Գազի այգի) անունը։ Այդ այգին ճաշակով է ձևավորված․ հազվագյուտ ծաղիկներով ու սաղարթախիտ ծառերով այգու այդ շլացուցիչ գեղեցկությունը տեսնելու և օգոստոս ամսվա քամիների զովը վայելելու համար քաղաքի չորս կողմերից մարդիկ վազում են այնտեղ։ Այգու հենց կենտրոնում՝ ամենաբարձր վայրում, դրված է ոգևորված հայացքով Միջերկրական ծովին նայող ձի հեծած Մուստաֆա Քեմալի բրոնզաձույլ արձանը․․․ Իզմիրն արդեն գյավուրներինը չէր, այն թուրքացվել էր»։ (Anadolu Gazetesi, 13 Birinci Teşrin 1935 Sf:5)

Իզմիրում 1935 թ․ սկսած տեղանունների փոխություններով փողոցների, թաղամասերի և աշխատավայրերի անունները մեկ առ մեկ թուրքացվել են։ «Ահենք» թերթի 1925 թ․ օգոստոսի 3-ին հրապարակված լուրից տեղեկանում ենք, որ անվանափոխությունների հետևանքով հունարեն, հայերեն անունները փոխվել են, «Մյուբադիլ Իբրահիմ», «Իշքոդրալը Դավուդ»-ի տիպի ցուցանակներն սկսել են հանվել։ 1923-38 թթ․ ուժեղ թափ հավաքած վերակառուցման աշխատանքները կատարվել են հրդեհված վայրերում։ Թուրքականության գաղափարախոսների համար այդ աշխատանքերը համարվել են հպարտություն աղբյուր։ Օրինակ՝ 1939 թ․ Իզմիր եկած լրագրող Ուլվի Օլգաչն իր «Գեղեցիկ Իզմիրը ի՞նչ էր, ի՞նչ դարձավ» վերնագրով հոդվածում իր ապրումները հետևյալ կերպ է նկարագրում․ «Երբ հեռացա Քորդոնից, աղմկոտ սրճարաններում կիթառի ձայն էր հնչում, հարբած ու քնաթաթախ մի ամբոխ թուրքին ոխակալ վերաբերմունք էր ցույց տալիս։ Այդպիսի վատ վիճակում թողեցի Իզմիրը, և երբ այն հառնեց նոր տեսքով, թուրքական հայտնի դրոշի լույսի ու երանության մեջ, ջանում եմ գրել և ասել ամեն բան։  Գեղեցիկ Իզմիրը դարձել է ժամանակակից, մաքուր քաղաք։ Հմուտ և ճկուն մի բժշկի  (Բահչեթ Ուզ) արած վիրահատությունները հաջողությամբ են ավարտվել, նոր կյանք տվել նրան․․․ Հազար անգամ երախտագիտությունս եմ հայտնում նրան, որ թուրքի այս գեղեցիկ քաղաքը հավանել տվեց նույնիսկ օտարներին, նրա հրամանով բանակը Իզմիր բերեց, նա այս գեղեցիկ քաղաքը կրկին հասցրեց իր դրոշին ու լույսին։ 1922 թ․ սեպտեմբերի 9․ ահա այսօրվա Իզմիրը սկսվում է այս օրվանից»։

1931 թ․ Իզմիրի քաղաքապետ Բեհչեթ Ուզը Իզմիրի վերակառուցման գործում դեր խաղացած կարևոր մարդկանից մեկն է։ Իզմիրի «փրկության» և հրդեհի մասին նրա մեկնաբանություններում  ափսոսանքի փոխարեն հրճվանք է նկատվում։  Բեհչեթ Ուզը հրդեհից անմիջապես հետո իր հուշերում գրել է․
«Հասարակական կարգը կարճ ժամանակում վերականգնվեց։ Երբ քաղաքը հանգստացավ, բոլորը սկսեցին ազատագրության հաճույքը վայելել։ Հոգնած զինվորները, որոնց ոտքերը ցավում էին, իզմիրցիների անկեղծ աղաղակների մեջ անսալով սերը և հաճոյախոսությունները, մոռացան իրենց ամբողջ հոգնածությունն ու ցավերը և այդ երջանիկ պահերի հաճույքն էին վայելում։ Գլխավոր հրամանատար Մուստաֆա Քեմալ փաշան, որ մի պահ երևաց, ուրախության ճիչեր էր արձակում ու երկինք-երկիր սասանում։ Դա հիրավի աննկարագրելի պահ էր, որն արժեր տեսնել։ Դա  գեղեցիկ ու աննման մեր Թուրքիայի՝ նոր աշխարհին ու ժամանակաշրջանին հասցրած ավետիսն էր։ Միայն ազատագրված իզմիրցիները կամ փրկարարները չէին, բոլոր թուրքերը, նույնիսկ ամբողջ մուսուլմանական աշխարհն էլ էր ուրախանում և տոնում։ Մտածող, գործող և գործերում հաջողած փրկիչ Մուստաֆա Քեմալ փաշան Իզմիրից ամբողջ թուրքական և իսլամական աշխարհին հայտարարում էր, որ հիմնական աշխատանքը նոր է սկսվում, որ Միջերկրական ծովում սրանից հետո ավելի շատ գործ ունենք անելու» (Sakar, 2007, s. 40):

Հայկական թաղամասը դարձավ զվարճանքի վայր

1922 թ․ Իզմիրի (Զմյուռնիա-Ակունքի խմբհայկական ու հունական թաղամասերը և եկեղեցիները հրդեհից հետո ավերակների կույտի էին վերածվել, իսկ քաղաքապետ Բեհչեթ Ուզի օրոք դրանք տոնավաճառի և զվարճանքի վայրեր դարձան։ Այդ մասին 1937 թ․ Իզմիրի միջազգային ցուցահանդեսի փակման ժամանակ Բեհչեթ Ուզը մի ելույթ է ունեցել։ Նա ելույթի ժամանակ անտեսել է բնակավայրի հայերի և հույներին։

«Ավերակներից քաղաքակիրթ քաղաք ստանալը հեշտ չէ։ Բոլորը գիտեն, որ  ճակատագրի հեգնանքով ավերակ դարձած Իզմիր քաղաքում մինչև 360․000 քմ դաշտում 14․500 տան ավերակներից հառնած մշակութային այգին և Իզմիրի տոնավաճառն այս քաղաքի հուշարձանները չեն միայն։ Երեկվա ավերակների վրա այսօր բարձրացող քաղաքակրթությունը միայն թուրքերի կամ քաղաքի բնակիչների համար չէ, այլ՝ քաղաքակրթությունը և մարդկությունը սիրող յուրաքանչյուրի համար ծափահարության արժանի և նախանձ հարուցող ստեղծագործություն։ Դա Հանրապետության զարգացման գործում հաջողության հասնելու օրինակ է, ապացույց․․․», – ասել է նա (Anadolu Gazetesi,  21 Eylül 1937 Sf: 5)։
1922 թ․ սեպտեմբերի 13-ին Իզմիրի հրդեհից ոչ ոք չի շահել։ Հրդեհը «փրկության» պատմությունների ստվերում թողնելու փոխարեն պետք էր երևան հանել այդ աղետի պատճառով կիսատ մնացած պատմությունները, հոգեցնցումները, հավաքական հիշողությունը, ներդրում ունենալ հիշելու, առերեսվելու և մարդու իրավունքների մասին տեղեկացվածության բարձրացման, ժողովրդավարացման գործում։

(1) 1331 (1915) թ․ մայիսի 14-ին հրապարակված oրենքում որևէ դրույթ չկար աքսորյալներից մնացած իրերի, ունեցվածքի վերաբերյալ։ Այդ բացը լրացնելու եկավ Օսմանյան կայսրության կողմից 1331 թ․(1915) սեպտեմբերի 13-ին ընդունված օրենքը, որի վերնագիրն էր՝ «Այլ վայրեր տեղափոխված անձանց լքյալ ունեցվածքի և պարտքերի, ինչպես նաև՝ փոխատվությունների մասին ժամանակավոր օրենք»։ Այս օրենքի համաձայն՝ այլ վայրեր տեղափոխված ֆիզիկական և իրավաբանական անձանց լքյալ գույքը, պարտքերը լուծարվում էին դատարանների կողմից՝ այդ գործի համար ստեղծված հանձնաժողովների կողմից ամեն մարդու համար առանձին կազմված արձանագրությունների հիման վրա։

Աղբյուրներ
-Olgaç, U. (1939) Güzel İzmir Ne İdi Ne Oldu, Meşher Basımevi, İzmir
-Sakar, E. (2007) Atatürk’ün İzmir’i: Bir Kentin Yeniden Doğuşu, Behçet Uz, Türkiye İş Bankası Kültür Yayınları, İstanbul
-T.B.M.M. Zabıt Ceridesi, Cilt: 9. 
Devre II, İçtima II. Ankara, 1975, s.61

http://www.agos.com.tr/tr/yazi/24542/bellek-cukuru-izmir-yangini-ve-izmir-in-yeniden-insa-si

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net