Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյոբեքլիթեփեն (Պորտասար-Ակունքի խմբ․) մի արգելոց է, որը փոխել է բազմաթիվ պատմաբանների և հնագետների պատկերացումները քաղաքակրթության բնօրրանի մասին։ Այստեղ պեղումներն սկսվել են 90-ականների կեսերին, և արդյունքում ստացված պատկերը ցույց է տվել, որ Գյոբեքլիթեփեն աշխարհում երբևէ հայտնաբերված հնագույն տաճարն է:
Հարավարևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ․) պատմական Շանլըուրֆան (Ուրֆա / Եդեսիա-Ակունքի խմբագրություն) չափազանց կարևոր քաղաք է ոչ միայն թուրքերի, այլև ամբողջ մարդկության համար։
Ավանդույթ կա, որին պետք է հետևի Շանլըուրֆայի յուրաքանչյուր այցելու. զբոսաշրջային վայրերից ամենահայտնին Բալըքլըգյոլ կամ «Սուրբ ձկան ավազաններ» այցելելն է:
Մարդիկ Բալըքլըգյոլում, Աբրահամի մասին լեգենդի հիման վրա, հարյուրավոր սուրբ ծածանների են կերակրում:
Ըստ հավատալիքի՝ Ուրֆայի կռապաշտ տիրակալը` Նեմրութ արքան, մահապատժի է դատապարտում կռապաշտության դեմ հանդես եկող Աբրահամ մարգարեին։ Աբրահամ մարգարեին կապում են Ուրֆայի ամրոցի գագաթի երկու ձողերից և նետում քաղաքի կենտրոնում գտնվող կրակահորը։ Սակայն Աստված կրակը վերածելով ջրի, իսկ վառելափայտի կտորները՝ ձկան` փրկում է Աբրահամին։
Շանլըուրֆան մեզ շատ ավելին է պատմում անցյալի մասին: Թաշ-Թեփելերում, որը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու, կան բազմաթիվ հնագիտական վայրեր։
Քաղաքակրթության մեկնակետը՝ Գոբեքլիթեփեն
Գյոբեքլիթեփեն, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է, դրանցից մեկն է։
Այն մի արգելոց է, որը փոխել է բազմաթիվ պատմաբանների և հնագետների պատկերացումները քաղաքակրթության բնօրրանի մասին։
Այստեղ պեղումներն սկսվել են 90-ականների կեսերին, և արդյունքում ստացված պատկերը ցույց է տվել, որ Գյոբեքլիթեփեն աշխարհում երբևէ հայտնաբերված հնագույն տաճարն է:
Այս կառույցը, որը կազմված է փորագրված մեգալիթների սալերից, թվագրվում է Սթոունհենջից 6 հազար տարի առաջ, մ.թ.ա., ենթադրվում է, որ այն 10000 տարեկան է։
Կրաքարե T-աձև սյուներով, որոնց վրա քանդակված են վայրի կենդանիների պատկերներ, վերացական կերպարներ և սրբապատկերներ, այս սրբավայրը պատկերացում է տալիս Վերին Միջագետքում ապրող մարդկանց ապրելակերպի և հավատալիքների մասին:
Հնագետները պնդում էին, որ մինչ նեոլիթյան հեղափոխությունը (Գյուղատնտեսական հեղափոխությունը)՝ որը որսորդ-հավաքորդների ցրված խմբեր բերեց գյուղատնտեսական գյուղեր, այդ ժամանակ մարդկությունը դեռևս չէր հավաքվել խմբերով:
Ուղեկցորդ Մերվե Օֆլուօղլուն բացատրեց, թե ինչպես Գյոբեքլիթեփեն գլխիվայր շրջեց գիտնականների իմացածը. «Քանզի մինչև հիմա գիտեինք, թե գյուղատնտեսությունն է դեպի նստակյաց կյանք մարդու անցման գործընթացի առաջնագծում։ Բայց երբ նայում ես Գյոբեքլիթեփեում կյանքի գոյությանը՝ գյուղատնտեսությանը անցում չկա։ Անցումը գյուղատնտեսությանը մի փոքր ուշ է։ Խոսքը որսորդ-հավաքող հասարակության մասին է, բայց նրանք այդ շինությունները կառուցել են իրենց հավատալիքներին համապատասխան»:
Սա կարող է նշանակել, որ գործոնը, որը ստիպել է մարդկությանը անցնել նստակեցության, իրականում կրոնական տաճարներ կառուցելու և դրանց մոտ մնալու ցանկությունն է։
Գյոբեքլիթեփեի «կրտսեր քույրը»՝ Քարահանթեփեն
Գյոբեքլիթեփեն, որը մինչ այժմ պեղվել է միայն 5%-ով, եզակի չէ։ Հենց մյուս կողմում նրա «կրտսեր քույրն» է՝ Քարահանթեփեն, որը կարող է նույնիսկ նրանից տարեց լինել:
Քարահանթեփեում հայտնաբերվել են բազում տարատեսակ կառույցներ և ավելի քան 260 T-աձև կանգնեցված քարեր։ Այն ունի նաև 11 սյուներ և մի հատված՝ փորագրված առեղծվածային մարդկային գլխով, որը կարծես նախատեսված է պաշտամունքի համար:
Քարահանթեփեում և նրա շրջակայքում հայտնաբերված ամեն ինչ ցուցադրվում է Շանլըուրֆայի հնագիտական թանգարանում, որը ևս մի վայր է, ուր պետք է գնաք, երբ այցելեք:
Թանգարանի տնօրեն և Գյոբեքլիթեփեի պեղումների նախկին ղեկավար Ջելալ Ուլուդաղը մեզ թանգարանում պատմեց, թե ինչպես Քարահանթեփեն կարող է առաջարկել ավելի շատ կտորներ՝ գլուխկոտրուկ-խճանկարը լրացնելու համար.
«Գյոբեքլիթեփեի պեղումների ժամանակ հստակ տեղեկություն չի եղել այն մասին, թե արդյոք մարդիկ ապրել են պեղումների տարածքի շրջակայքում։ Քարահանթեփեի այս կառույցներում հայտնաբերվել են ամենօրյա օգտագործման նյութեր, քարե անոթներ, աղալու անոթներ, մեծ ափսեներ։ Այս գտածոները մեզ ցույց տվեցին, որ Քարահանթեփեում՝ ծիսական շրջանի հենց կողքին, իրականում բնակելի տարածքներ են եղել»:
30 հազար քառակուսի մետրի վրա տարածվող Շանլըուրֆայի հնագիտական թանգարանում ցուցադրվում է մոտ 5 հազար հնագիտական գտածո։ Դրանց թվում է Բալըքլըգյոլի արձանը՝ մարդկային կերպարանքով ամենահին քանդակը, որը հայտնի է նաև որպես Ուրֆայի մարդ։ Գրեթե 1,80 մետր բարձրությամբ այս արձանը ՝ խորը անցքերի տեսքով աչքեր ունի, որոնցում հայտնաբերվել են սև օբսիդիանի կտորներ։
Շանլըուրֆայում հնագիտական պեղումները շարունակվելով՝ գետնի տակ այլ գանձեր էլ են հայտնաբերվել։
Ուլուդաղն նշում է. «այս պեղումների արդյունքում հայտնաբերված նոր գտածոները նույնպես պատրաստ կլինեն իրենց տեղը զբաղեցնելու ցուցադրության մեջ»։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net