Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ահիր Օզքան (Մահիր Օսկանյան)
«Մեր լեզուն արտասուք է թափում,
Քանի որ զավակներն են իրեն լքում,
Ծանր բեռան հետ մենակ են թողնում»։
Հատված Ուսեյնո Գեյ Կոզանի «Վոլաֆ» բանաստեղծությունից (Սենեգալ)։
«Համշեներենով ինչպե՞ս կասեն կանաչ», «Դպրոցին ի՞նչ են ասում», «Հեռուստացույցին ի՞նչ են ասում», «Համշեներենով ինչպե՞ս կասեն շնորհակալություն»։ Այս և նմանատիպ հարցերին հավանաբար առնչվել են ոչ միայն համշեներենով, այլև՝ լազերենով, վրացերենով, Պոնտոսում խոսվող հունարենով, ադըղերենով, աբխազերենով և այլ լեզուներով զբաղվող մարդիկ։
Ի՞նչ պատասխան պետք է տալ այդ հարցերին։ Իհարկե դա կախված է նրանից, թե լեզվի վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունեք։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հիմնականում կան երկու՝ միմյանց հակադիր տեսակետներ այն մասին, թե որ բառը ինչ լեզվի է պատկանում։ Դրանցից մեկը կարող ենք անվանել «էսենցիալիզմ»։
Էսենցիալի՞զմ, արհեստականությու՞ն, թե՞ վատթարացում
Երբ խոսքը թուրքերենի մասին է, «մաքուր թուրքերեն» կոչվող տեսակետի համաձայն՝ լեզուն հնարավորինս պետք է մաքրվի օտարաբանություններից։ Լեզվում առկա օտարաբանությունների փոխարեն պետք է օգտագործվեն սեփական բառաֆոնդում առկա բառերը։ Այդ ձևով լեզվի մեջ բառ է մտնում երկու եղանակով։ Առաջինը՝ լեզվակիրների մեջ բառահավաքման աշխատանքերի միջոցով հնարավոր բոլոր բառերը հավաքելու և տեղային կիրառության բառերը համազգային կիրառության մեջ դնելու եղանակն է։ Երկրորդը՝ հատկապես ուրբանիզացիայի, տեխնոլոգիական ու հասարակական զարգացումով պայմանավորված օտար լեզուներից եկած բառերի փոխարեն նոր բառեր ստեղծելու միջոցը։ Իհարկե, այդ բոլոր նոր բառերը կարող են չընդունվել հասարակության կողմից։ Որոշ բառեր կարող են արագ կիրառության մեջ մտնել, իսկ որոշները երկար տարիներ անց էլ կարող են սահմանափակ գործածություն ունենալ։ Երկրորդ տեսակետի համաձայն՝ լեզվում օգտագործվող բառերը, կապ չունի, թե ծագումով որ լեզվից են, եթե տվյալ լեզվում կիրառվում են, ուրեմն այդ լեզվի մի մասնիկն են։ Իմաստ չունի այդ բառերի համար նոր բառեր հնարել։ Նման միջամտությունները լեզվում արհեստականություն են մտցնում։
Ես փորձեցի շատ համառոտ նկարագրել այդ երկու տեսակետները, որոնց շուրջ քաղաքական և հասարակական շրջանակներում դեռ բանավիճել են անգամ Թուրքիայի Հանրապետությունից առաջ։ Եթե այդ քննարկումներին նայում ենք թուրքերենի տեսանկյունից, ապա լեզվական դիրքորոշումները, պետք է ասել, որ ուղղակի կապ ունեն արևմտականության, աշխարհիկության, իսլամականության, աշխարհիկ ազգայնականության և թուրք-իսլամական ազգայնականության նման քաղաքական դիրքորոշումների հետ։
«Թշնամի»՝ սեփական լեզվին
Նկատում ենք, որ մոռացության վտանգի առաջ հայտնված լեզուների լեզվակիների մի հատված, ցավոք, իր մայրենին բնորոշում է որպես «գեղջկական լեզու», «չզարգացած լեզու», «հավաքական լեզու» և այդ արտահայտություններով թերագնահատում այն։ Եթե դա պայմանավորված լիներ քաղաքական դիրքորոշումներով, և այդպես վարվողների թիվը լիներ սահմանափակ, կանտեսեիք, կանցնեիք առաջ, սակայն տխուր է, որ լեզվակիրների մի մեծ հատված ունի այդ դիրքորոշումը։ Այդ տեսակետն ունեցողները, երբ խոսքը թուրքերենի մասին է լինում, առանց ուշադրություն դարձնելու բառի ծագմանը, չեն կասկածում, որ թուրքերենով են խոսում, իսկ երբ խոսում են մայրենիով, օտար ծագում ունեցող բառերն աքցանով ընտրում և հարցնում են․ «Կանաչը համշեներեն համարժեքը չունի՞»։ Չեն հարցնում, թե «Թուրքերենը հեռուստացույցի (televizyon) համարժեք բառն ունի՞», այն համարում են թուրքերեն բառ։ Մտքներով չի անցնում, որ “Teşekkür”՝ շնորհակալություն բառը արաբերենից է ծագում, բայց ասում են․ «Համշեներենով ինչպե՞ս ենք շնորհակալություն հայտնում»։ Այսինքն՝ համշեներեն որևէ տեքստում մի երեքից հինգ օտարաբանության հանդիպելիս անմիջապես սկսում են ասել, թե այդ լեզուն արդեն իսկ ոչ լիարժեք, չզարգացած լեզու է։
Համշեներենի հետ կապված այդ դիրքորոշման ձևավորման մեջ կարևոր գործոն են, իհարկե, բավարար չափով համշեներեն գրավոր տեքստեր չունենալը, այն որպես գրական և գրավոր լեզու չօգտագործելու հանգամանքը։ Դպրոցում, գրքերում, թերթերում, ամսագրերում երբ հանդիպում ենք այդ լեզու մտած օտարաբանությունների, դրանց կիրառումն էլ մեծապես կարգավորվում է։ Իհարկե, այդ բառերի «բացակայությունը» թերություն որակելու պատճառն էլ այն է, որ օտար լեզուներից մտած այդ բառերի մեծ մասը թուրքերենի մեջ էլ է օտար լեզուներից մտել։ Թուրքերենում դրանց կիրառությունը կարգավորվում է թուրքերենի տպագիր և առցանց մամուլի մեծ ճնշման պատճառով, իսկ նույն բառը համշեներենում էլ օգտագործելն ընկալվում է որպես թերություն։ Օրինակ՝ երբ որևէ համշենցի թուրքերեն “Ben sinemaya gidiyorum”՝ «Ես գնում եմ կինոթատրոն» է ասում, մտքով չի անցնում հարցնել, թե կինոթատրոն բառի «թուրքերենը ինչպե՞ս կլինի»։ Սակայն միևնույն մարդը «Ես սինեմա գ՛երթամ» ասելիս, կարող է հարցնել․«Սինեմա բառի համշեներենը ինչպե՞ս կլինի»։ Երբ ասում են “Muhabbet ediyoruz”` «Զրուցում ենք», չեն կասկածում, որ թուրքերեն են խոսում, սակայն “Muhabbet enik” (էնիք՝ անենք-Ակունքի խմբ․) ասելիս փորձում են լեզուդ թերի համարել։ Մինչդեռ ինչպես գիտեք՝ «muhabbet» բառը ծագմամբ ոչ թուրքերեն է, ոչ էլ համշեներեն։ Թուրքերենում առկա օտար ծագում ունեցող բառերը կասկածի տակ չառնող, սակայն համշեներենում այդ օտարաբանությունները հարցականի տակ դնողների հոգեկան վիճակը քննարկվելու կարիք կա։
Աթաթուրքի ՝ «Երիտասարդությանն ուղղված կոչը» թուրքերե՞ն է
Օտարաբանությունների քննարկումը կարող ենք սկսել խորհրդանշական մի տեքստից՝ «Երիտասարդներին ուղղված կոչ» վերնագրով։ Աթաթուրքի այդ տեքստում ընդհանուր թվով 176 բառ կա։ Այդ բառերից 94-ը արաբական ծագում ունեն, 7-ը՝ պարսկական, 2-ը՝ հունական, 1-ը՝ իտալական, 1-ը՝ ֆրանսիական։ Մնացած 71 բառերը թուրքերեն են։ Այսինքն՝ տեքստում առկա բառերի մոտ 40 տոկոսն ունի թուրքական ծագում։ Եթե ես այդ տեքստը գրեմ համշեներենով, վստահ եմ, որ այդ տոկոսին մոտ համշեներեն ծագում ունեցող բառեր կարող եմ օգտագործել։ Ի դեպ՝ այդ վիճակը չեմ ներկայացնում որպես թերություն կամ սխալ։ Ասում եմ, որ ցույց տամ, թե որքան անհիմն է մոռացության վտանգի տակ գտնվող մեր լեզուների լեզվակիրների կողմից իրենց մայրենիի հանդեպ ունեցած դիրքորոշումը։
Մեր բառերի սկզբնաղբյուրները
Համշեներենի բառային ֆոնդը կազմում են ժողովրդի կողմից համշեներեն խոսելիս օգտագործվող և անկախ ծագումից առկա բոլոր բառերը։ Արաբերենից, պարսկերենից, թուրքերենից և արևմտյան լեզուներից բազմաթիվ բառեր են մտել մեր լեզու։ Արդեն իսկ այդ բառերը մերն էլ են դարձել։ Երբ համշեներենը գրավոր լեզու դառնա, սեփական բառերից և առանձին բառեր ստեղծելու սկզբունքներին համապատասխան բառեր ստեղծելն ու կիրառելը պետք է շատ նորմալ ընդունվի։ Գրավոր լեզվի անհրաժեշտությունը, խոսակցականում առնաձնապես շատ չկիրառվող՝ քերականորեն ճիշտ բառերի շրջանառվելն անխուսափելի է։ Եթե ավելի շատ կարդանք, գրենք ու խոսենք մեր լեզվով, վստահ եմ՝ կնկատենք, որ մեր լեզվի սահմաններն էլ մեզ համար կընդլայնվեն։ Այդ պատճառով ավելի շատ ջանք պետք է թափել ոչ թե «Համշեներենում կանաչ բառը ո՞րն է» հարցի պատասխանը փնտրելու վրա, այլ թե ինչպես ծաղկեցնենք մեր լեզուն, քանի որ համշեներենը կանաչ բառն ունի։ Կանաչ նշանակում է կանաչ։
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net