կարևոր
340 դիտում, 12 ժամ առաջ - 2025-01-21 17:20
Հասարակություն

Կոմիտասյան փնտրտուքը Քյութահիայի (Կուտինա-Ակունքի խմբ․) փողոցներում

Կոմիտասյան փնտրտուքը Քյութահիայի (Կուտինա-Ակունքի խմբ․) փողոցներում

Լյուսիեն Քոփար

155 տարի անց Կոմիտասին որոնում էի Քյութահիայի (Կուտինա-Ակունքի խմբ․) փողոցներում։ Քայլեցի նրա տան արահետներով, ոտքս հանդիպեց նրա տան շեմի քարին նախ ձեռքով դիպչեցի քարին, ապա՝ դեմքիս։ Շոշափեցի դուռը և ասացի. «Եթե թակեմ, այս տունը կլինի իմ՝ որբիս ապաստանն ու տունը, ով ամեն առիթով մաշում է Քյութահիայի ճանապարհները։ Այս տունը նրա երաժշտության ամենագեղեցիկ նոտան է։ Եթե ասեի՝ «Նա այնքան շատ էր սիրում, այնքան շատ էր ստեղծագործում, այնքան չարչարվեց, և հետո խորը լռություն տիրեր…», կհասկանա՞ր ինձ այդ տունը: 2024 թ հոկտեմբերի 20-ի կիրակի օրը ամրագրել եմ կյանքիս գրքի էջերում որպես «ամենաբովանդակալից օրերից մեկը»: Էսքիշեհիր գնալու համար երկաթուղային կայարանում են քութահյացի ուղեւորները՝ Բագրատ Էստուկյանը, նրա կինը՝ Սեդա Էստուկյանը, Արա Նուրան Մենեքշեն, Մուրադ Մենեքշեն և Մուրադ Իչլինալչան։ Մինչ մենք լսում էինք նրանց հաճելի զրույցը, մեզ մոտեցավ մի ժպտերես ու բարեհամբույր պարոն՝ ձեռքին տոմսեր։ Ցավոք, ես Ուլունայ բեյին մինչ այդ պահը չէի ճանաչում։

Ո՞վ կմտածեր, որ Ա. Ուլունայ Թյուրքքանը կդառնա դեպի Քյութահիա իմ կոմիտասյան ճամփորդության ամենաարժեքավոր մասը:

Կոմիտասի հիշատակին կազմակերպված համերգից և միջոցառումից հետո Ուլունայ Թյուրքքանը եկավ Ստամբուլ, այցելեց մեր թերթի խմբագրություն, և հաճելի զրույց ունեցանք։

Ողջույն, բարի գալուստ: Հաճելի է Ձեզ այստեղ տեսնել Քյութահիայում լինելուց հետո: Դուք Քութահիայի՞ց եք։

-Ես Քյութահիայից եմ, բայց ծնվել և մեծացել եմ Գերմանիայում։ Մանկությունս այնտեղ է անցել։ Մենք հաստատվեցինք մեր հայրենի քաղաքում՝ Քյութահիայում, երբ 11 տարեկան էի։ Միջնակար և ավագ կրթությանս 5 տարիները անցկացրել եմ Քյութահիայում: Հետո համալսարանում սովորելու համար եկա Ստամբուլ՝ Թուրքիայի սիրտը, որտեղ մանկուց տարված եմ եղել երաժշտությամբ։ Ստամբուլի համալսարանում ավարտել եմ գերմաներեն լեզու և գրականություն բաժինը: Պատճառը, որ ես ընտրեցի այս բաժինը, դպրոցից բացի՝ ինչ-որ կերպ երաժշտական ​​ոլորտ մտնելն էր: Եվ այդպես էլ եղավ։

ի փոքր կմանրամասնե՞ք։

-Սկսեցի իմ պարի և վոկալի դասընթացները «Թատերական կրթության բեմ» վոկալի թատրոնում: Հետո 10 տարիս որպես վոկալիստ և պարող անցկացրեցի կազինոներում և թատրոններում: Հեռուստատեսություն եմ տեղափոխվել 1993 թ․։ Դարձա թուրքական հեռուստատեսության առաջին անձը, ով ճանաչվեց որպես «Հյուր համակարգող»: 16 տարի շարունակ համակարգել եմ հյուրերին տասնյակ հաղորդումներում, ինչպիսիք են “Cem Özer’le Laf Lafı Açıyor”, “Şahane Cumartesi”, “Huysuz Virjin”, “Passaparola”, “Hülya Avşar Show”, “Bülent Ersoy Show”։ Այս ընթացքում և դրանից հետո աշխատել եմ որպես մենեջեր, կազմակերպիչ և երաժշտական ​​պրոդյուսեր Այշեգյուլ Արֆընչի, Flört խմբի, Սեյյալ Թաների և “Kurtalan Ekspres”-ի հետ:

Ինչպե՞ս հանդիպեցիք Կոմիտասին և նրա ստեղծագործություններին:

-Ես մեծ երաժշտական ​​արխիվ ունեմ: Իմ հավաքածուն բաղկացած է ձայնագրություններից, ձայնասկավառակներից, ժապավեններից, հեռուստատեսային արխիվներից և հազարավոր այլ նյութերից՝ ամբողջ աշխարհի երաժշտությամբ, որը լսում եմ 10 տարեկանից: Բայց այս բոլորի մեջ վերջինը հայտնաբերեցի հենց իմ կողքին։

Մոտ 13 տարի առաջ պատահաբար հանդիպեցի Կոմիտասի երաժշտությանը («Կոմիտաս քառյակը», որը հետագայում օգտագործեցի իմ կարճամետրաժ ֆիլմում): Լսելուց հետո սկսեցի ուսումնասիրել՝ հարցնելով՝ «Ո՞վ է Կոմիտասը»: Ես շատ զարմացա, երբ իմացա, որ նա Քյութահիայից է։ Նայեցի նրան և մտածեցի՝ ո՛չ, նա հենց Քյութահիայից էր և ամբողջ կյանքում այստեղ եկել-գնացել է․ Քյութահիայի նշանակությունն իր կյանքում միշտ շարունակվում էր։ Գնում-գալիս է՝ իր երաժշտությունը հավաքելով։ Նա նույնիսկ համերգներ է կազմակերպել իր հայրենի քաղաքում։ Նա այս համերգի համար երգչախումբ է կազմել։ Խոսքը 1900-ականների սկզբի օսմանյան մի գյուղաքաղաքի մասին է։ Սկզբում մտածեցի՝ երևի իմ անտեղյակությունից է, որ մինչև այդ օրը նրան չեմ ճանաչել։ Ես հարցրեցի շրջապատումս, բայց ոչ ոք չէր լսել նրա մասին: Քութահիայի ընկերներիս հարցրի՝ չգիտեին։ Հարցրեցի իմ ավագներին, և նրանք երբեք չէին լսել դրա մասին: Հարցրեցի Քյութահիայի երաժիշտներին, նրանք ևս չգիտեին։ Իմ հետաքրքրասիրությունն է՛լ ավելի մեծացավ։

Ե՞րբ է առաջացել Կոմիտասին նվիրված գործ ստեղծելու կիրքը։

-Ես ուզում էի նախ նրա տունը գտնել: Քյութահիա իմ առաջին այցի ժամանակ գտա նրա տունը տեղացի լրագրող ընկերոջս միջոցով: Կոմիտասի տունը հենց տատիկիս տան մոտ էր։ Մենք ամառային արձակուրդներին գալիս էինք Քյութահիա։ Պահմտոցի էինք խաղում փողոցներում։ Տարիներ անց իմացա, որ իմ թաքստոցներից մեկը տան տակի լվացքատունն է, որն այսօր հայտնի է որպես Կոմիտասի տուն: Դա մեծ անակնկալ էր ինձ համար։ Ճակատագրական շրջադարձ եղավ։ Այդ ժամանակվանից իմ կյանքի կիրքերից մեկը դարձավ Կոմիտասին նախ ճանաչելի դարձնել իր իսկ հայրենի քաղաքում: Մինչ մտածում էի՝ ալբո՞մ պատրաստեմ, ե՞րգ, թե՞ հատվածների վերադասավորում, այդ ժամանակվանից շատ բաներ են արվել։ Նրա ալբոմը թողարկվել է Kalan Music-ում, այժմ դուք գիտեք, որ նրանք երգ ունեն: Հետո որոշեցի տեսահոլովակ նկարել։

-Ի՞նչ աշխատանք էր:

-Ստեղծեցի մի հայեցակարգ, որն ընդգծում է Կոմիտասի՝ Քյութահիայից ծագելու փաստը: Կարողացա համացանցում գտնել նրանց նյութերը՝ որպես շատ ցածր որակի լուսանկարներ: Հետո ես դրանք մշակեցի։ Սկզբում այն ​​ուներ հիմնական գաղափար, բայց ոչ կոնկրետ թեմա: Մինչ ֆիլմը նկարում էի և շարունակում էի ուսումնասիրություններս, հանդիպեցի Բեսսե Քաբաքի՝ «Ակօս» թերթում տպագրված նյութին։ Խոսքը Սոֆյա Քալանթարյանի հետ նրա ճամփորդության մասին էր, և նա, ինձ նման, իր ճամփորդության պատմությունն էր ներկայացնում՝ «Կոմիտասի հետքերով Քութահիայում» վերնագրով հոդվածում (www.akunq.net-ի կողմից հիշյալ նյութի ամբողջական հայերեն թարգմանությունը տես՝ https://akunq.net/am/?p=75722  Ֆիլմի ավարտից հետո ես կապ հաստատեցի Բեսսեի հետ և առաջինը ցույց տվեցի նրան: Այդպես մենք հանդիպեցինք։ Այդ ժամանակվանից նրա անշահախնդիր օգնությունը շարունակվում է` սկսած ֆիլմի հայերեն թարգմանություններից։ Ես շնորհակալ եմ նրան։ Այդ հոդվածից իմացա, որ Կոմիտասի խորհրդանշական նկարը նկարել է Կոմիտասի ընկերը՝ Փանոս Թերլեմեզյանը, Իլիչայում՝ Քյութահիայի ջերմուկային աղբյուրներում, որը լայն շրջանակներին հայտնի չէր։ Համացանցի հայկական աղբյուրներում, որոնք նախկինում ուսումնասիրել էի, նշված էր, որ Թերլեմեզյանը բնանկարիչ է, և որ նա արել է այս նկարը գյուղական տարածքում։ Տարբեր աղբյուրներում այն ​​նշված է որպես Քընալը կղզի։ Ասում էին, որ կերամիկական սափորը փաստում էր Կոմիտասի՝ Քյութահիայից ծագելը, սակայն դրա գտնվելու վայրի մասին լրացուցիչ տեղեկություններ չտրամադրվեցին։ Այսպիսով պարզ դարձավ իմ պատրաստած տեսանյութի թեման։ Մինչ ես մտածում էի 4-5 րոպեանոց տեսահոլովակի մասին, այն վերածվեց 10 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի նման աշխատանքի, որը ներառում էր Քյութահիայի 66 լուսանկարներ ու Կոմիտասի և Թերլեմեզյանի լուսանկարները, որոնք ես կարողացել էի գտնել: Ստեղծեցի համր ֆիլմը, որն ուղեկցվում էր Կոմիտասի երաժշտությամբ, դասավորելով Քյութահիայի լուսանկարները, որոնք թվագրվում են 19-րդ դարի սկզբից մինչև 1950 թ․, որպեսզի ձևավորվի երթուղի, որն սկսվում է նրա տնից: Ես տվեցի այն երթուղին, որով նրանք կանցնեին Թերլեմեզյանին հանդիպելու համար, և որտեղ արված էր նկարը։ Ուզում էի շրջել հին Քյութահիայում նրանց առաջնորդությամբ: Օգտագործել եմ Սերգեյ Ասլամազյանի 4 լարային գործիքների համար հարմարեցված մշակումներ «Կոմիտաս» քառյակի կատարմամբ։ Կան նաև տավիղի և ֆլեյտաների կատարումներ Սաթո Մուղալյանի և Ալիսա Ռեյթի կողմից: Ֆիլմս նվիրեցի այն ժամանակվա Քութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի և իմ մեծ պապի՝ Քյութահիայի մյուֆթի Բեքիր Սիթքի Օզբեկի հիշատակին, որոնց անուններն այսօր (Հայոց ցեղասպանության ժամանակ-Ակունքի խմբ․) խիղճ դրսևորածների ցանկում է։

Այս կարճամետրաժ ֆիլմով մասնակցե՞լ եք որևէ փառատոնի կամ մրցույթի։

-Այս կարճամետրաժ ֆիլմով իմ հաջորդ նպատակը Կոմիտասի համերգ կազմակերպելն էր Քյութահիայում: Այդ նպատակով ես առաջին անգամ ֆիլմն ուղարկեցի «Կենդանի պահելով մշակութային ժառանգությունը» և «Շարժապատկերներ» անվանակարգերը «Այզանոյի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին», որն արդեն երկրորդ անգամ անցկացվեց Քյութահիայում։ Լուր եկավ, որ նա անմիջապես անցել է առաջին ընտրական փուլը, բայց հետո չի անցել եզրափակիչ։ Պատճառը հետագայում էի իմանալու։ Երկրորդ ժյուրիին ֆիլմը դուր եկավ, բայց մի կողմ դրեց այն, քանի որ նրանք չկարողացան հասկանալ դրա առնչությունը Քյութահիայի հետ: Բայց ավելի ուշ սկսեցին ուսումնասիրել նաև Կոմիտասին։ Ահմեթ Սունալը, ով առաջին ժյուրիում էր (հետագայում՝ աշխատանքային խմբի ղեկավարը, որի հետ մենք միջոցառումն իրականացրինք որպես Քաղաքային խորհուրդ), ինձ ավելացրեց սոցիալական ցանցերում և շնորհավորեց։ Հաջորդ տարի իմ ֆիլմը ցուցադրվեց փառատոնում, և շնորհվեց հատուկ մրցանակ։ Այս կերպ զարգացող բարեկամության հետ ես կիսվեցի իմ համերգի գաղափարով։

-Այսպիսով իրականացավ համերգի մասին քո երազանքը։

-Այո՛։ Մինչ մտածում էի, թե դա պետք է լինի մշակութային կենտրոն, տոմսեր վաճառվեն, երգչախումբ գա, հովանավորներ գտնենք, այս ընթացքում 5 անգամ գնացի Քյութահիա, հանդիպեցի քաղաքապետարանի աշխատակից Ահմեդ Սունալի, KÜSAD (Քյութահիայի մշակույթի և արվեստի ակադեմիական ասոցիացիա) նախագահ Բայրամ Յըլդըզի և Քյութահիայի քաղաքապետարանի մշակույթի տնօրենի հետ։ Հանդիպեցի նաև Յըլդըրըմ Աքգյուլի հետ և ի վերջո մենք որոշեցինք միջոցառումն անցկացնել KÜSAD-ում: Ի դեպ, ցանկանում եմ մի փակագիծ բացել. Ստամբուլում Բեսսե Քաբաքի հետ արդեն 2 տարի է, ինչ կազմակերպում ենք այս ձևաչափով նման միջոցառումներ։ Պայմանավորվեցինք, որ առաջին միջոցառումը, որը տեղի կունենա Քյութահիայում, կանցնի նույն ձևաչափով։ Հաջեթթեփե համալսարանի Անկարայի կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Չենք Գյուրայի և ընկերների հետ վերջապես կարողացանք մեր միջոցառումն անցկացնել այն բանից հետո, երբ նա և նրա թիմը ընդունեցին Ահմեդի առաջարկը։ Մնացածի մասին դու էլ գիտես… Դա մեծ իրադարձություն էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և Ահմեթ Սունալին քաղաքային խորհուրդից, KÜSAD-ի (Քութահիայի մշակույթի և արվեստի ակադեմիայի ասոցիացիա) նախագահ Բայրամ Յըլդըզին և Քութահիայի քաղաքապետարանի մշակույթի տնօրեն Յըլդըրըմ Աքգյուլին այս անմոռանալի պատմական օրը մեզ համար հնարավոր դարձնելու համար:

https://www.agos.com.tr/tr/yazi/31727/kutahya-sokaklarinda-gomidasi-aramak

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net