Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռագըփ Զարաքոլու
Ստոկհոլմ: Վերստին հիշեցման կարիք է զգացվում երբեմն:
Իմ մասնակցած յուրաքանչյուր տեղական հարսանիքի միշտ նկատել եմ քրդերի, հայերի և ասորիների միջև խճճված հարաբերությունները: Չնայած հավատքների տարբերությանը, ընդհանուր տարածաշրջանում նույն մշակույթը, պարերն ու ավանդույթները կրող, երբեմն նաև նույն ցեղային հատկանիշներ ցուցաբերող այս մարդիկ մի սարսափելի ողբերգություն ապրեցին հարյուր տարի առաջ՝ որպես հանցագործ, որպես զոհ և որքան էլ արտառոց լինի՝ որպես փրկիչ:
Ըստ Հայր Աբրահամ Գարրիսի «Բոտե գյուղ. 13-օրյա դժոխք» վերնագրով գրքում պատմածների, կոտորածի ընթացքում մինչև անգամ շուրջպարն էր անհետացել: Երանի հարսանիքներին շուրջպար բռնեին, միասին կարողանային պարել այն կրքոտ պարերը: Ֆըլլեների արյունը, կյանքը, պատիվն ու գույքը սուլթանի ֆերմանով «հալալ» հայտարարվելուց հետո, 1895-1896 թթ․ ամենուրեք համաժամանակյա ջարդեր էին տեղի ունենում՝ լենկթեմուրներին, հուլավուներին ու չինգիզխաններին «վայել» կոտորածներ: Վերջնական կոտորածը իրականացվեց 1915-ին: Հոլոքոստը որպես եզակի աղետ համարող լեհ իրավաբան Լեմկինը այս բացառիկ իրադարձությունը համարեց առաջին ցեղասպանություն:
Հեշտ չէ. Միջագետքում՝ Սիթթեի վիլայեթում (կամ Արևմտյան Հայաստանում, Բեթ-Նարինում) քրդական ցեղապետությունները, բեյությունները, ամիրաներն ու աղաները հազարավոր տարիների պատմություն ունեն:
Ասորի աղա Շեմուն Հաննե Հայդոյի կյանքը պատմող Քեմալ Յալչընի գիրքը միաժամանակ դարերի ավանդույթ ունեցող աշիրեթների միջև հարաբերությունների վատթարացման կարևոր վկայությունն է: Այն նաև Սեյֆոյի (ասորիների ցեղասպանությունը-Ակունքի խմբ․) վերապրումի պատմությունն է:
Հենց գլխավոր հերոսուհու կողմից շարադրված լինելով, քուրդ-հայ-ասորական ցեղախմբերի ներքին հարաբերությունների ցանցը շատ լավ ներկայացված է «Արաքս» հրատարակչության կողմից լույս ընծայված «Գյուլիզարի սեւ հարսանիքը» գրքում: Այս պատմության մեջ միայն ոճրագործներ և անգութ մարդիկ չէ, որ հանդիպում են․ կան և լավ մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել: Եվ լավեր կան, և վատեր: Շեմուն աղայի Բեթ-Նարինի պատմության պես: Այս պատմությունը ոչ միայն հայերի, այլև քրդերի ավանդազրույցն է:
Գյուլիզարի պատմությունը 1877 թ․ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում ծայրաստիճանի ծանր ավերածության ենթարկված սահմանամերձ շրջանում հետզհետե վատթարացող հայ-քրդական հարաբերությունների մասին է, և միաժամանակ վկայությունն է առ այն, թե ինչպես այդ հարաբերությունները հանգեցրին ցեղասպանության: 1878 թ. Բեռլինի կոնգրեսում «Հայկական բարեփոխումների» հոդվածներից մեկն օրակարգ բերելու պատճառը հայ հասարակության անվտանգությունն ապահովելն ու պատերազմի պատճառով կրած մեծ ավերածությունները վերացնելն էր:
Գյուլիզարի պատմությունը նաև հայ հասարակության զարթոնքի և սեփական իրավունքներին հետամուտ լինելու պատմությունն է: Մուսա բեյի՝ Գյուլիզարին առեւանգելը առաջին անգամ դիմադրության հանդիպեց և դատական գործի առարկա դարձավ, որին մոտիկից հետևեց նաև միջազգային հանրությունը: Եթե անգամ դա ձևական էր, Մուսա բեյը բանտարկվեց և աքսորվեց Մեդինա: Իսկ Գյուլիզարը վերադարձավ իր ընտանիք: Պատմության ավարտը երկու կողմերի տեսանկյունից էլ հետաքրքիր է:
Մուսա Բեյի վերադարձը երկիր
Գուլիզարի պատմությունը գրքի է վերածվել նրա դստեր ՝ Արմենուհի Կեւոնյանի կողմից: Այստեղ Մուսա բեյի ճակատագրի մասին նշվում է, թե անհայտ է: Վերջերս, քրդական ազգայնականության և կրոնական ֆունդամենտալիզմի աճով պայմանավորված, Մուսա բեյը վերահայտնագործվեց։ Մինչև իսկ գրքեր ու հոդվածներ գրվեցին նրա մասին: Հետաքրքիր է, այս «նոր» գրականության մեջ Գյուլիզարի անունը բաց է թողնված: Ինչպես միշտ՝ կինը անուն չունի:
Մուսա բեյը թե օսմանյան վարչակազմի հետ, և թե հանրապետական ժամանակաշրջանում ծայրից ծայր կոնֆլիկտային հարաբերություններ ուներ: Մուսա բեյը ծանոթացավ Մ. Քեմալին վերջինիս՝ Չանաքքալեից «արևելյան ծառայության» ուղարկվելու խորհրդավոր տարիներին : (Մուսա բեյը Մեդինայի աքսորից կվերադառնա շուտով: 1914 թվականին նա վերադարձավ Մուշի շրջան: Անմիջապես ջիհադ հայտարարվելուց հետո… Տեղահանման գործում ստանձնեց Մուշն ու նրա շրջակայքը «զտելու» առաքելություն):
Ավելի ուշ նա Սվազի (Սեբաստիա-Ակունքի խմբ․) համագումար հրավիրված քրդերի ներկայացուցիչներից մեկն էր: Սակայն հետագայում «Ազադի» կազմակերպության գործունեությանը մասնակցելու պատճառով անախորժությունների մեջ ընկավ, բայց հավատարմություն հայտնելով փրկեց իր գլուխը, հետևաբար, դրանից ելնելով չհամարձակվեց միանալ Շեյխ Սաիդի ապստամբությանը: Դարձյալ աքսորվեց: Աղրըի ապստամբությունից հետո նա հեռացավ Սիրիա, և մահանցավ Ղամիշլիում, Ցեղասպանությունը վերապրած հայերի, ասորիների, քաղդեացիների և ասորիների հարևանությամբ… Նրա թոռնորդի Սալիհ Միրզաբեյօղլուն Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքի ուսանողներից և «Աքընջըլար» շարժման հիմնադիրներից մեկն է: Ձերբակալվել է ՄԱԻԳ-Ճ-ի (Մեծ Արևելքի Իսլամիստ Գրոհայինների ճակատ) հետ կապերի համար: Նույնպես դատապարտվել է, բանտից դուրս է եկել 2014 թվականին: Դրանից հետո Ռ. Թ. Էրդողանը 20 րոպեանոց հանդիպում է ունեցել նրա հետ:
Սալիհ Միրզաբեյօղլուի նոր ազգանվան սկզբնավորողը՝ Մուսա բեյի հայր Միրզա բեյը, ասում են հայերի հետ ավելի լավ հարաբերությունների մեջ է եղել:
Գյուլիզարի ամուսին Գեղամ Տեր-Կարապետյանը 1908 թ․ հեղափոխությունից հետո դարձավ Մուշի պատգամավոր: Ապրիլի 24-ի ձերբակալությունից նրան ազատեցին ծանր հիվանդության պատճառով: Մեջլիսի խոսնակ Ահմեդ Ռըզա բեյը նրան միջնորդավորված կերպով իր պաշտպանության տակ էր վերցրել: Գյուլիզարին ևս հաջողվել է, տեղահանությունից մի կերպ խուսափելով, Ստամբուլ հասնել: Զինդադարից կարճ ժամանակ անց Գեղամը մահանում է: Սակայն մինչ այդ նրան հաջողվում է տեղահանության վերաբերյալ խնդրագիր ներկայացնել մեջլիսին: Մարմինը՝ Հայ հեղափոխական դաշնակցության դրոշով փաթաթված, նա հուղարկավորվեց Ստամբուլում: Գյուլիզարը մահացավ 1947 թվին: Այժմ երկուսն էլ նույն գերեզմանում են:
Երկու ամիս առաջ կորցրեցինք Գյուլիզարի թոռնուհուն՝ Անահիտ Տեր-Մինասյանին, ով Մուշի և նրա շրջակայքի պատմությունը լավագույնս ուսումնասիրած պատմաբաններից է: 1992 թ․ նրա «Ազգայնականությունը և սոցիալիզմը հայկական հեղափոխական շարժման մեջ» գիրքը, Մեթե Թունջայի թարգմանությամբ, լույս տեսավ «İletişim» հրատարակչության կողմից: Գյուլիզարի պատմությունն առաջին անգամ Սարգիս Չերքեզյանից եմ լսել՝ 90-ականների սկզբին: Անգամ Գյուլիզարի մասին պատրաստվում էր գիրք թարգմանել և տալ Հրանտ Դինքին …
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net