կարևոր
5518 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-02 20:11
Հասարակություն Տնտեսական

Մարդկանց կենսամակարդակի վրա գնաճը մեծ ազդեցություն ունի. տնտեսագետ

Մարդկանց կենսամակարդակի վրա գնաճը մեծ ազդեցություն ունի. տնտեսագետ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հայտարարել է, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված, աճող անորոշությունների միջավայրում համաշխարհային և ներքին տնտեսական ակտիվության ապագա հեռանկարների և գնաճի ռիսկերը պահպանվում են բարձր մակարդակում :

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ գնաճի ռիսկերը մեր երկում պայմանավորված են և՛ արտաքին, և՛ ներքին գործոններով։

«Օրինակ, հիմա արտաքին շուկայում կա ճիշտ հակառակ գործընթացը՝ առանձին ապրանքնատեսակների մասով գնանկումներ․ ցորենի, նավթի մասով: Անցած տարի նավթի գինը հասել էր 3000 եվրոյի, իսկ հիմա 500 եվրոյի շրջանակներում է: Այսինքն, անցած տարվա համեմատ առկա է էներգակիրների գների նվազում համաշխարհային շուկայում, ինչպես նաև մի շարք պարենային ապրանքների դեպքում է այդպես», Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Պարսյանի խոսքով՝ այս ամենին զուգահեռ ԱՄՆ կառավարությունը վերավինանսավորման տոկոսադրույքն է շարունակաբար բարձրացնում՝ դրանով փորձելով զսպի գնաճը:

«Իսկ ահա Հայաստանի ներքին պայմաններում դա դոլար-դրամ փոխարժեքն է, որը շարունակում է արժևորվե,լ և եթե ԿԲ-ն ոչինչ չաներ էլ, այդ արժևորված դրամը կզսպեր գնաճը ներկրվող ապրանքների մասով: Սա առաջին գործոնն է։

Իսկ մյուս գործոնն այն է, որ մարդիկ ՌԴ-ից եկող գումարները այստեղ չեն ծախսում։ Այսինքն՝ դրանք ինչպես գալիս, այդպես էլ գնում են: Մեծ կուտակումներ այդ մասով ՀՀ-ում չկա և պահանջարկ էլ չկա շուկայում:Եթե դիտարկենք առևտրի ոլորտը, ապա կտեսնենք, որ մանրածախ ոլորտը շատ չնչին աճ է գրանցել, հիմնական աճը մեծածախ առևտրի դեպքում է, որը հիմնականում վերարտահանումն է »,- ասաց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի պնդմամբ՝ ակնհայտ է, որ հատկապես նրանց վրա, ովքեր իրենց եկամուտի մեծ մասը ծախսում են զուտ սնունդ ձեռք բերելու համար.«Սննդի դեպքում ունենք բարձր գնաճ, և այդ բարձր գնաճը պահպանվում է այս տարի: Իսկ դրա պատճառներից մեկը մեր գյուղոլորտի անցած տարվա անկումն է և այս տարվա առաջին եռամսյակի շատ համեստ աճն է՝ 1 տոկոսի շրջանակում »:

Սուրեն Պարսյանի դիտարկմամբբ՝ դրամի արժևորման պարագայում ապրանքների գները պետք է էապես նվազեին, սակայն դա տեսանելի չէ։ «Հիշում եք՝ երբ դոլարի փոխարժեքը բարձրանում էր, խանութների դարակներում ժամ առ ժամ ապրանքների գները բարձրանում էին, բայց հիմա ոչ մի նման փոփոխություն չենք տեսնում: Բայց դրան զուգահեռ, ԿԲ-ն շարունակում է թանկ փողի քաղաքականությունը և վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր է պահում՝ 10.75 տոկոս, որով փորձում է զսպել գնաճի մակարդակը: Նկատենք, որ այս գնաճն ի հաշիվ տնտեսական ակտիվության է»,- նշեց նա։

Հայաստանում երկնիշ տնտեսական աճը, ըստ տնտեսագետի, հիմնականում պայմանավորված է շինարարությամբ, առևտրի և ծառայության ոլորտներով: Ինչ վերաբերում է հիփոթեքին և անշարժ գույքի ոլորտում տիրող իրավիճակին, ապա 2022-ի առաջին եռամսյակի համեմատ նկատելի է առք ու վաճառքի նվազում՝ մոտավորապես 15 տոկոսի սահմաններում:

«Անշարժ գույքի շուկայում գները շատ բարձր են և գնորդները չեն շտապում գնումներ կատարել, իսկ վաճառողներն էլ չեն շտապում էժանացնել, մտածում են՝ կարող է հետագայում պահանջարկն ավելանա: Երկրորդն գործոնն էլ այն է, որ ռուսների գալով՝ շուկայում բնակարանների մեծ պահանջարկ ստեղծվեց, և դրանով բարձրացան, օրինակ, վարձակալությունների գները: Սակայն հետագայում, երբ նրանք գնացին, դրանց գներն իջան:

Օրինակ՝ կառավարությունը 300 շենքի թույլտվություն է տվել և դրանց կառուցման դեպքում մենք շուկայում ունենալու ենք բավականին լուրջ խզում: Այսինքն, շուկայում մոտավորապես 47 հազար բնակարան կհայտնվի, բայց այդքան պահանջարկ չկա: Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն և այլ մարզերից մարդկանց չբերեն այստեղ բնակեցնելու, ապա այլ պարագայում այդ բնակարանների վաճառքն անհնարին է: Եվ այս դեպքում շինարարները բավականին մեծ ռիսկի տակ են մտնում, քանի որ հնարավոր է կառուցեն ու չկարողանան վաճառել »,-ասաց տնտեսագետը։

Աղբյուրը՝  Aysor.am