Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018-ի ընթացքում ունենալու ենք ստանդարտ գնաճ. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ 2018-ի գնաճը, ըստ կանխատեսումների, կկազմի 4%: «Պետք է դրված լինի որոշակի բյուջետային քաղաքականություն, այն է` կենսաթոշակները, նպաստները պետք է ևս բարձրացվեն, սակայն մեր բյուջեով նման բան նախատեսված չէ: Եթե ավելի թույլ խավերին տրվող այդ միջոցները չեն ավելացվում, նրանք կսկսեն ապրել ավելի վատ»,- ասաց տնտեսագետը:
Խաչատրյանը նշեց, որ արդեն 2017թ. սեպտեմբերից գնաճի միտումները նկատվում էին: «2015-2016 թթ. մենք գտնվել ենք գնանկման տիրույթում: Մարդիկ չեն կարողացել կատարել գնումներ, ապրանքը մնացել է տեղում, և գներն իջել են`ստիպված: 2017-ն այդ առումով ունի որոշակի առանձնահատկություններ, ինչը պայմանավորված է ներմուծման` մոտ 20% աճով: Դա նշանակում է, որ եղել է պահանջարկ տվյալ ապրանքների նկատմամբ»,- ասաց նա:
Տնտեսագետի կարծիքով`մարդիկ ավելացրել են իրենց գնման ծավալները, և դա ուղեկցվել է նաև գնաճով: «Եթե նախորդ տարիներին մենք չունենայինք դեֆլյացիա, մեր տնտեսական աճը կլիներ ցածր 0.2%-ից: Դեֆլյացիան է եղել պատճառը, որ մենք կարողացել ենք ունենալ տնտեսական աճ: Նման հասկացողություն կա` եթե գնաճը բարձր է, տնտեսական աճը պետք է լինի ցածր»,- բացատրեց Խաչատրյանը:
Տնտեսագետը նաև անդրադարձավ բենզինի գնի բարձրացմանը, այն դեպքում` երբ վարչապետի նշանակվելուց հետո բենզինի գինն իջեցվեց: «Բենզինի թանկացումը կապում են տարբեր գործոնների հետ` սկսած նավթի գներից, վերջացրած պահուստներով: Սակայն մեր երկրում սովորաբար դա պայմանավորվում է արգելանիվի էֆեկտով: Գները հետ տանելը մեզ մոտ շատ ավելի աբսուրդ իրավիճակի է հասնում, դա ավելի շատ պայմանավորվում է իրական շուկայի երևույթներին չարձագանքելով, քան, ենթադրենք, գնաճով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին` արյդո՞ք Ամանորը կլինի ամենաթանկը` հաշվի առնելով արդեն իսկ նկատելի գնաճը, նա ասաց. ««Ամենաթանկ Ամանոր» ձևակերպումը չեմ կարող տալ. մի քանի ապրանքատեսակներ թանկանում են, որոշները` էժանանում: Այս համատեքստում մեր գնաճը դեռևս 1%-ի էլ չի մոտեցել: Սակայն կա «առանձին ամիսների գնաճ» հասկացությունը, որը դեկտեմբեր ամսվա դրությամբ շատ ավելի ծանր է լինում` 2-3%-ը գերազանցում է: Դեկտեմբերին որոշ ապրանքատեսակների գնաճը կարող է հասնել մինչև 3-5%-ի»: