Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոդվածագիր Րաֆֆի Համբարյանը «Ասպարեզ» օրաթերթում գրում է. Երբ Սեմ Քալաֆյանն ամերիկյան բանակային համազգեստով Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձավ Ֆրեզնո, նրան թույլ չտվեցին էթնիկ պատկանելության պատճառով տուն գնել: Այդ խտրականության ցավն այրում էր նրա սիրտը: Սակայն մի քանի տասնամյակ անց նա տեսավ, թե ինչպես Չիփ Փաշայանը ընտրվեց ԱՄՆ կոնգրեսական: Այսօր ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված են երկու հայեր` Աննա Էշուն եւ Ջեքի Շփեյերը: Օրեգոնցի Բրեդ Ավագյանը ձգտում է դառնալ երրորդը: ԱՄՆ հայերը Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից եւ Մերձավոր Արեւելքից եկած մյուս ներգաղթյալների նման իրենց ներդրումն են բերել ամերիկյան հասարակության կյանքի բոլոր ոլորտներում եւ այսօր ամերիկյան քաղաքացիական եւ ընտրական կյանքում ձայն ունեցող ակտիվ խաղացողներ են: Կալիֆոռնիայում նահանգապետ ու Կոնգրեսի անդամ ընտրելուց հետո հայերը պատրաստ են նոր աստիճանի բարձրացնել իրենց ազդեցությունը: Ամերիկացի հայերը կազմում են լավ տեղեկացված, հիմնավորումներ եւ կապիտալ ունեցող ընտրազանգված, որն իր ձայնն ու ժամանակը կտա հայ համայնքում հարգանք վայելող եւ հզոր համայնքին հուզող հարցեր բարձրացնող թեկնածուներին: Ամերիկայի հայ համայնքի քաղաքականացված լինելն, առաջին հերթին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի հսկայական աշխատանքի արդյունքն է: Կոմիտեն մեծացրել է համայնքի գիտելիքները տեղական, նահանգային եւ դաշնային ընտրությունների մասին: Հայերը ներկայացված են հիմնական կուսակցություններում եւ մեծ մասնակցություն ունեն հայկական հարցերում: Նրանք ուժեղ դիրքեր ունեն ԱՄՆ-ի բոլոր հիմնահարցերի վերաբերյալ, իսկ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ ԱՄՆ հայ համայնքին վերաբերող հարցերում իրական արդյունքի հասնելու համար վեր են կանգնում կուսակցական շահերից: 2012-ին ԱՄՆ հայ ընտրողները կլինեն ուշադրության կենտրոնում ամբողջ նահանգում, որի ընտրատարածքների սահմանների վերանայման պատճառով հայ ընտրողները քաղաքական առումով ավելի արժեքավոր կդառնան: Հայ համայնքի ազդեցությունը Կոնգրեսի մակարդակով կաճի, հատկապես` Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ հայերը 2013-ին կկազմեն զգալի ընտրական բլոկ, քանի որ ԱՄՆ մեծությամբ երկրորդ քաղաքի` Լոս Անջելեսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են բազմաթիվ թեկնածուներ:
Հայերի իշխանության, հարգանքի, ազդեցության աճին զուգահեռ նրանք իրենց վաստակած տեղն են զբաղեցնում ԱՄՆ հասարակական կյանքում, մեծանում է նաեւ յուրաքանչյուր հայի պատասխանատվութունը, ինչն առավել ծանրակշիռ կարտահայտվի 2012-ի ընտրական շրջափուլում: