կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 12:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե օրինագիծը 0 ազդեցություն ունի պանդեմիայի դեմ պայքարում, տակը մնում է մարդկանց վերահսկելը․ Էդմոն Մարուքյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ այս օրինագիծը 0 ազդեցություն ունի պանդեմիայի դեմ պայքարի համար․ եթե 0 ազդեցություն ունի՝ տակը մնում  է մարդկանց վերահսկելը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։  

«Հիմա մեր գործընկերն էլ ասում է՝ կառավարությունը որ ուզենար մարդկանց վերահսկել, դա շուտ կաներ․ գիտեք, կառավարությունները ընթացքում են ուզում վերահսկել, փուլ առ փուլ, առիթներ են փնտրում վերահսկելու»,-նկատեց Մարուքյանը։

Նրա համար տարօրինակ է նաև պնդումը, որ պանդեմիան նոր հնարավորություններ է բացել Հայաստանում այն դեպքում, որ աշխարհում որևէ նոր հնարավորություն այն չի բացել․ «Փաստորեն, Հայաստանում նոր հնարավորություն է բացվել մարդկանց տեղորոշելու, լսելու, կողքի մարդկանց իմանալու, կողքի հեռախոսներն իմանալու, սաղին լսելու, հսկելու»։

Մարուքյանը չի վստահում իշխող քաղաքական ուշի ներկայացուցիչների խոսքին, որովհետև տեսել է, որ նրանք էլ են Սիգնալ և Վոթս ափ համակարգերով խոսում․ «Եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք Սիգնալով խոսում, վախում եք ձեզ ո՞վ լսի՝ ձեր ԱԱԾ-ն։ Հետևաբար, մի եկեք մեզ համոզեք այս բաները և զբաղվեք սոցիալապես վտանգի տակ գտնվող ձեր քաղաքացիներով, որ ավելի մեծ վտանգ է, քան կորոնավիրուսը։ Ոչ թե փաթեթ հաստատեք, որ նման է «Ֆորտ բոյարի» էտապներին՝ պետք է 10 փուլերն անցնես, որ նոր հասնես ինչ-որ բարիքի»։

«Լուսավոր Հայաստանը» առաջարկներ չի ներկայացրել, որովհետև նախագծի էությանն է դեմ, հիմքին, արմատին, ոգուն, հետևաբար անիմաստ է առաջարկներ ներկայացնելը և շարունակելու են լինել դեմ։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով թույլատրվում է արտակարգ դրության ժամանակ, եթե այն պայմանավորված է համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակով, միջամտել անձնական տվյալների պաշտպանությանը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ արտահայտվեցին օրինագծին։ Հանրային շրջանակները ևս դատապարտեցին օրինագիծը՝ այն համարելով մարդկանց վերահսկելու մեխանիզմ։

Առաջինից երկրորդ ընթերցում օրինագծում որոշակի փոփոխություններ կատարվեցին։

Մանրամասն՝ տեսանյութում․