Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը շարունակում է պնդել՝ Հայաստանի և Արցախի միջև պետք է կնքվի ռազմական փոխօգնության համաձայնագիր: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշել է, որ նման համաձայնագրի կնքումը Հայաստանին բազմաթիվ հարցերի պատասխաններ տալու հնարավորություն կտա:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն, իր հերթին, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նման փաստաթուղթ ստորագրելուց առաջ պետք է լուրջ հաշվարկներ կատարել՝ ի՞նչ է դա մեզ տալու, որտե՞ղ ենք կորցնելու:
«Եթե հասկանում ենք, որ սրանից միայն շահելու ենք, ապա անենք դա: Հայաստանը կարող է զարգանալ և դառնալ երկիր, որը մի օր կարթնանա և կասի՝ այսօր ճանաչում եմ Արցախի անկախությունը և թքած ունեմ, թե ով ինչ է մտածում, ինչպես դա արեց Ռուսաստանը Ղրիմի դեպքում: Որևէ մեկը կարողացա՞վ բան ասել, որովհետև նա այդ հզորության տերն է: Ցանկացած գործողություն կարող ես նախաձեռնել և անել, բայց պետք է հասկանալ հնարավոր հակասցենարները: Այն օրը, երբ դրան պատրաստ կլինես, արա: Այլ բան է, երբ ամբողջ աշխարհը գիտի, որ դե ֆակտո դու դա անում ես, այլ բան` երբ դա գրավոր ամրագրում ես: Փաստաթուղթը դիվանագիտական ազդեցություն ունի»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ նման փաստաթղթեր, իհարկե, ՀՀ ԱԺ օրակարգում պետք է լինեն, որպեսզի հարմար պահի շրջանառության մեջ դրվեն:
Շարունակելով վերևում արտահայտած միտքը` նա նշեց, որ դիվանագիտության մեջ ևս տարբեր գործիքներ են օգտագործվում, մի դեպքում կարող է «մուրճ» լինել, մեկ այլ դեպքում՝ «սղոց», «դանակ», նաև՝ խոսք կամ ստորագրություն.
«Ամեն փաստաթուղթ իրենից կարող է ներկայացնել տարբեր չափի կամ հզորության մուրճ: Դա կարող է լինել փոքր, որով ժամացույցին ես խփում և որով մեխ չես կարող մեխել: Եվ կարող է լինել նորմալ մուրճ, որով խփելիս հասնես նպատակիդ, բայց կարող լինել նաև այն քաշի մուրճ, որը վերցնես և, դեռ նորմալ չբարձրացրած, գցես ոտքիդ և ոտքդ կոտրես: Հիմա պետք է նստել ու հաշվարկել՝ արդյո՞ք այսօր ունենք բավականաչափ հնարավորություն: Բայց մի բան պարզ է՝ ժամանակ ունենք նախապատրաստվելու բոլոր սցենարներին՝ ռազմական, դիվանագիտական: Մեր մարմինը պիտի մարզենք, մեր երկրի ողնաշարն այնքան ամուր պիտի լինի, և միտքը` ճկուն, որ քայլ առ քայլ հասկանանք, թե ինչ աստիճանի պիտի լինի մեր երկրի հզորությունը, որ երբ մի օր որոշենք ինչ-որ բան անել, որևէ մեկը չասի՝ չես կարող»,- նշեց Պողոսյանը: