Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ թե Հովսեփյանը վատն էր կամ Սերժ Սարգսյանի կադրն էր, այլ նոր կառավարության ղեկավար է նշանակված, ով պետք է իր համախոհներով, իր թիմով գա աշխատանքի, որքան էլ մեզ համար դժվար է սա հասկանալը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով ՊԵԿ-ի նոր ղեկավարի նշանակմանը:
Ըստ նրա` մեր հանրապետության տնտեսությունը գտնվում է շատ ծանր իրավիճակում, և այդ մասին արդեն իսկ ամենաբարձր մակարդակներում է խոսվում: «Խնդիրն այն է, որ պետք է ճակատային գնանք` այս իրավիճակից դուրս գալու, ինչի համար միջոցառումներ են պետք: Նման միջոցառումներն իրենք իրենց չեն լինելու, դրանք մարդիկ են անում»,- նշեց Բոստանջյանը:
Նրա խոսքով` վարչապետը լրիվ իրավունք ունի այն մարդկանց հետ աշխատելու, որոնց և' աշխատանքային փորձի պարագայում, և' ժամանակի ընթացքում կարողացել է տեսնել, թե ով ով է և ինչ պոտենցիալ ուժ ու հնարավորություններ ունի: «Վարդան Հարությունյանի ընտրությանը, բնական է, մենք չենք կարող գնահատական տալ: Դա ամենաամբողջական կարող է գնահատել վարչապետը, որը նրան բերել է` կարևորագույն տեղամասի ղեկավարությունը իրականացնելու»,- ասաց մեր զրուցակիցը:
Բոստանջյանը նշեց, որ պետական եկամուտները պետական գործառույթների իրականացման կարևորագույն ոլորտն են: «ՀՀ-ի նման փոքր երկրի կտրվածքով` մինչև անգամ այս սուղ հնարավորությունների պայմաններում պետական բյուջեի ոչ արդյունավետ կատարումը բերում է բազմաթիվ ծրագրերի բացառման, հատկապես` սոցիալական բնույթի ծրագրերի: Ուստի նոր վարչապետը ավելի նպատակահարմար է գտել այն անձին, որի հետ տարիներ շարունակ աշխատել է»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, որ ՊԵԿ նոր ղեկավարը եկել է հայաստանյան գազաէներգետիկ շուկայում մոնոպոլ կարգավիճակ ունեցող ընկերությունից և ապացուցելու բան ունի, պետք է քաղաքական կամք դրսևորի` անաչառ աշխատելու համար, Բոստանջյանն արձագանքեց. «Մեր ամենամեծ հարկատուներից է «Գազպոմ Արմենիան», և դրա ղեկավարումը իրականացնողն է եղել ՊԵԿ նոր ղեկավարը: Այո', կարող է և պետք է հակասություններ առաջանան, բայց այս պարագայում բիզնես կամ գործարար շահերը պետք է մղվեն հետին պլան, իսկ դրա համար անհրաժեշտ է դրսևորել և ունենալ մարդկային, քաղաքական, պետական կամք»:
Մեր զրուցակիցը չցանկացավ ասել` ի վերջո, Վարդան Հարությունյանին կհաջողվի՞ ոլորտի ամբողջ բացասական կծիկը քանդել, թե՞ ոչ: «Հիմա շատ անշնորհակալ գործ կլինի դրա վերաբերյալ գնահատական տալը: Ոչ միայն ՊԵԿ նախագահի պարագայում, այլև ցանկացած մարդու պարագայում: Ժամանակն է ցույց տալիս, թե ով ով է և ինչի է ընդունակ»,- ասաց նա:
Խոսելով այն մասին, թե, ի վերջո, ինչքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հասկանանք` նոր կառավարությունը ինչ-որ բան կհաջողի՞, թե՞ ոչ, նա նշեց, որ նվազագույնը անհրաժեշտ կլինի երեք ամիս, իսկ առավելագույնը` վեց ամիս` հասկանալու համար, թե սայլը տեղից շարժվո՞ւմ է: «Բոլոր ՀՀ քաղաքացիները, մինչև անգամ` պեսիմիստները, չեն կարող հույսը կորցնել, այս պահի դրությամբ` կուզենայի հույս ունենալ, բայց այն դեռևս շատ մշուշոտ է, գոնե մի քիչ ժամանակ է պետք, որ համոզվենք` սայլը տեղից շարժվո՞ւմ է: Ժամանակը ցույց կտա` մենք սպասումներ ունենա՞նք, թե՞ ոչ»,- եզրափակեց տնտեսագետը: