Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախարարության առաջարկով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող վճարները ամսական 1000 դրամից առաջարկվում է բարձրացնել մինչև ամսական 3000 դրամ։ 365news.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այդ 3000 դրամը ցանկացած հայ պատրաստակամությամբ կվճարի։
«Կարելի է այդ 3000 դրամը տալ։ Կարծում եմ՝ ոչ մի հայ էլ չի զլանա դա անել, նույնիսկ աշխատավարձը եթե լինի 20,000 դրամ, այդ մարդը 3000 դրամը բանակի համար կտա։ Յուրաքանչյուր մարդ ինքն իր խղճով՝ մեկը գումար է տալիս, մեկն իր ժամանակն է տալիս, մեկն իր կյանքն է տալիս, բայց այդ պայմաններում, եթե կան մարդիկ, որոնք զլանում են իրենց աշխատանքը կատարել, որպեսզի աշխատավարձ ստանան, այդ պայմաններում, կարծում եմ՝ պետք է մտածել բարոյականության մասին»,- ասաց Մանասերյանը։
Իր հերթին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 3000 դրամի վճարումը պետք էր անել կամավոր սկզբունքով։
«Ես կարծում եմ, որ դա արժեր անել կամավորության սկզբունքով։ Իրոք անարդար է լինում այդպես, եթե համատարած բոլորից են այդ պահումն անելու, պետք է դա հաշվի առնեին։ Արժեր կամավորության սկզբունքով դա անել, ու կարծում եմ՝ շատ կամավորներ կլինեին։ Ամեն մարդ ինքը որոշեր՝ տալու է, թե՝ չէ, ու կարծում եմ, որ ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում կտաներ ու կտար։
Հիմա բոլորն էլ օգնում են, բայց էլի ստացվեց, որ պարտադրում են։ Հիմա բոլորը՝ ամեն մեկը մի բանով օգնում է, գուցե մեկը 3000 դրամ չունի՝ մեկ ուրիշ բանով է օգնում և գուցե-ով չէ՝ շատ շատերը չունեն այդ 3000 դրամը և պարտադրել չարժեր»,- համոզված է իրավապաշտպանը։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ հիմնադրամին վճարվելիք գումարի բարձրացումը սպասելի էր և սա հասկանալի էր, տրամաբանական ըստ էության՝ պայմանավորված նաև պատերազմական այս գործողություններով։
«Փաստ է, որ սանձազերծված պատերազմը ստիպում է, որպեսզի հիմնադրամի գումարներն ավելանան, որովհետև ծախսերն են, ըստ էության, աննախադեպ ավելանում։ Հիմնադրամի ծրագրերը մեկանգամյա չեն, պարբերական բնույթ ունեն և հետևաբար գործելու համար հիմնադրամը համարժեք մուտքերի կարիք ունի։ Կարևոր է նաև այն, որ չի կարելի հույսը դնել միայն հիմնադրամ մուտք արվող բարեգործական հատկացումների վրա։ Հիմնադրամը պետք է ունենա կայուն եկամուտի համարժեք աղբյուրներ։ Հետևաբար նախաձեռնությունն այսքանով իսկ հասկանալի, սպասելի, ընկալելի ու ողջունելի է»,- նկատեց տնտեսագետը։
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ խնդիրներ կան եկամուտների հավաքագրման մեթոդի մեջ։ Տնտեսագետը նկատեց, որ 3000 դրամն այնքան մեծ գումար չէ, որպեսզի անտանելի մեծ բեռ դառնա։
«Խնդիրը մոտեցումն է։ Մեր երկրում պետք է բոլորին նույն չափով հարկելու խնդրահարույց համահարկման սկզբունքը փոխվի: Դա որևէ կապ չունի սոցիալական պետության հետ և մեր իրողությունների հետ։ Միանշանակ է, որ ավելի մեծ եկամուտներ և ավելի բարձր կենսամակարդակ ունեցող մարդիկ պետք է հարաբերականորեն ավելի մեծ մասնակցություն բերեն հանրային խնդիրների լուծմանը, ինչպես նաև մեր՝ հատկապես գոյատևմանը վերաբերող կարևորագույն խնդիրների լուծմանը։ Այսպիսի պարագայում հարկման սկզբունքը պետք է լինի պրոգրեսիվ միանշանակ և սա կլինի արդար, կլինի նաև ավելի ընկալելի: Հետագայում այսպիսի սկզբունքը թույլ կտա սահուն կերպով ավելացնել հիմնադրամի աղբյուրները, հիմնադրամում ներգրավվող միջոցները»,- ասաց տնտեսագետը։
Հայկա Ալոյան