Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
19-րդ դարի վերջերին հրապարակ իջած հայկական առաջին կուսակցությունները, որդեգրելով հայության և Հայաստանի ազատագրության գաղափարներ, իրենց վերջնանպատակին հասնելու կարևոր պայման էին համարում ժողովրդի լուսավորությունը։ Նրանք տեսնում էին, որ անկիրթ ու չլուսավորված հասարակությունը զուրկ է ոչ միայն ազատության ու անկախության ձգտումից, այլև արժանապատվության զգացումից։ Իր ստրկական գոյությունը նա համարում է իրենից վեր ուժերի նախանշած ճակատագիր և կամազուրկ հնազանդությամբ կրում է այդ «ճակատագրի» բոլոր հարվածներն ու անիրավությունները։ Այդպիսի հայը, ունակ չլինելով ըմբռնելու իրեն պատուհասող մշտական ողբերգությունների խորքային պատճառները, երբ սեփական բնօրրանում քոչվոր նվաճողի ճորտն է, երբ եկվորը սեփական քմահաճույքով կարող է խլել նրա հողը, տունը, պապենական ինչքը, «կինն ու աղջիկը», բնականորեն անընդունակ է նաև ընդվզելու այդ պարտադրվող իրողությունների դեմ։ Մեր առաջին մեծ հեղափոխականներից մեկը՝ Միքայել Նալբանդյանը, «Մանկության օրեր» բանաստեղծության մեջ գրում է․
«Գիտակցությունը հաջորդեց սորան,
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս»։
Ակնհայտ է այն միտքը, որ ազգի վիճակի ըմբռնումն ու դրանից ծնված ապրումները ի հայտ են գալիս, երբ անձը գիտակցություն է ձեռք բերում։ Աբովյանի, Պատկանյանի, Նալբանդյանի, Րաֆֆու և մյուս լուսավորիչների ցանած կայծերից ծլարձակեց ու տարածվեց ազգային-հեղափոխական շարժումը, որը, երեսնամյա պայքարի ճանապարհ հաղթահարելով, հանգեց հայության և հայոց հայրենիքի մնացորդացի փրկությանը։
Կյանքը փաստել և փաստում է, սակայն, որ կրթության, ազգային ու բարոյական դաստիարակության գործը կամ, լայն առումով, լուսավորչական առաքելությունը պետք է լինի ժողովրդի գիտակցությունը խավարի մեջ խարխափումներից, կեղծ նախապաշարումներից և արժեքներից զերծ պահելու հարատև աշխատանք։
Վերն ակնարկված երեսնամյա պայքարի շնորհիվ վերականգնված հայոց պետականությանը պատուհասեցին աղետներ, որոնք նույնպիսի «հիվանդության» հետևանք էին։ Բախտորոշ 1919 թվականին, երբ հայոց մեկամյա պետությունը հաղթահարում էր սովն ու համաճարակը և ոտքի էր կանգնում, երբ զբաղված էր թուրք-թաթարական ու քրդական ներքին խռովությունները ճնշելով, հայության անառակ զավակները Ռուսաստանից ու Կովկասից Հայաստան ներմուծեցին բոլշևիզմի վերազգային վարդապետությունն ու նպատակները։ Ազգային ազատագրության գաղափարախոսությանը, որը սեփական ինքնության ու պետականության կայացման հիմքն էր, հակադրվեց դասակարգային գաղափարախոսությունը։ Պատերազմներից, կոտորածներից, սովից ու համաճարակներից ուժասպառ ժողովրդին փորձ արվեց համոզելու, թե իր թշնամին թուրքը չէ, օտարը չէ, այլ նա, ով տասնամյակներ շարունակ առաջնորդել է իրեն հրի ու սրի միջով և այժմ էլ փոթորիկների միջով վարում է իր պետության ղեկը։ Այս թիրախավորված քարոզչությունը ազգային բուրժուազիայից, դասակարգերից ու սոցիալական պայքարներից զերծ երկրում դժբախտաբար հաջողվեց ցեցի պես տարածել հատկապես զենքը վայր չդրած զինվորականության շրջանում։ Փլուզվեցին օրեցօր ամրապնդվող ու մեծացող, պատմական մեծագույն հեռանկարներ փայփայող երկրի հիմնասյուները, թուրքի ու բոլշևիկի հետ գործակցած հայ դավաճաններին հաջողվեց կործանել ամեն ինչ, մասնակցել երկրի մաս-մաս վաճառքին և նրա` փոքրացած, բոլշևիկյան մուրճի ու թուրքական սալի արանքում կքած հատվածը հանձնել օտարի և նրա տեղական խամաճիկների կառավարմանը։
Պատմությունը վերհիշելու համար չէր այս անդրադարձը, այլ փաստելու, որ մեկ անգամ ապրվածը դժբախտաբար նաև կրկնվում է։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում հարյուր տարի անց, ազգային ողբերգության սցենարի վերախաղարկումն էր։
Անկախացած և ազատագրված Արցախի հետ պատմական նոր հորիզոնների առջև գտնվող երկրում հաջողվեց զանգվածային գիտակցության հեղաշրջում իրականացնել և պայքարի սլաքն ուղղել դեպի ներս։
Պետությանը իր հիմնական խնդիրներից, արտաքին մարտահրավերներից շեղելը, այսպես կոչված, նախկին թալանչիների դեմ ներքաղաքական հալածանքների սանձազերծումը այլ բան չէին, քան դասակարգային պայքարի սադրում, ինչն այսօր էլ բախտախնդիր կառավարողների համար շարունակում է համարվել առաջնահերթություն։ Մյուս կողմից` իր չդադարող ներքին «հեղափոխության» պատճառով երկրի մեկ քառորդը կորցրած, հազարավոր անմեղ մահերի պատճառ դարձած իշխանությունը, դեռ ռազմադաշտի վերածված տարածքներից իր դիակները չհավաքած, գերիներին չազատած, երկրի սահմաններից թշնամու շարունակվող ներթափանցումը չկասեցրած, առիթ ու անառիթ հայտարարում է պատերազմ պարտադրած թշնամու հետ բարեկամության, տնտեսական հարաբերությունների և երկրի հաղորդակցական ուղիները նրա ծավալապաշտական ծրագրերի առջև բացելու մտադրության մասին։ Շարունակվող ներքին հալածանքների պայմաններում թուրք-արևմտյան թելադրանքին ենթակա իշխանությունը բացարձակապես անտարբեր է գրավյալ Արցախի ճակատագրի նկատմամբ, իսկ իր ղեկավարած պետության սահմանների պաշտպանությունը պատրաստ է հանձնելու ցանկացած օտար պետության։ Իսկ ժողովո՞ւրդը, որի ուսերին հեծած` նա շարունակում է պահպանել իր իշխանությունը։ Ժողովրդի իշխանապաշտ հատվածի մեջ են նրանք, ովքեր նույն իշխանության թողտվության պատճառով դարձել են բնավեր կամ սեփական բնակավայրում հայտնվել են դարավոր թշնամու թակարդում, նրանք են, ովքեր խոնարհվում ու համբուրում են այն ձեռքերը, որոնք թաթախված են իրենց ու իրենց ազգի զավակների արյան մեջ։
Երբ թեկուզ անհատ անձինք կարող են թույլ տալ իրենց բարձրաձայնել, թե ազատվել ենք Արցախի բեռից, երբ գլուխ են բարձրացնում հայության այս կամ այն հատվածի նկատմամբ իրենց անբարյացակամության մասին խոսողներ, իսկ երկիրը պարտության տարած և շարունակվող անկումը կասեցնելու անընդունակ արկածախնդիրները շարունակում են իրենց կործանարար կառավարումը, նշանակում է, որ լրջորեն խաթարված են տվյալ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը և ինքնապաշտպանական բնազդը։ Երբ դասակարգային պայքարի պղտոր ջրերում հայտնված զանգվածների համար ցեղասպան թուրքն ավելի հանդուրժելի է, քան իրենց երկրի նախկին իշխանավորները, պետք է հասկանալ, որ երկիրը գնում է պետականության կորստի, իսկ նույն ժողովուրդը՝ ինքնաոչնչացման։
Իրողությունն այն է, որ բոլոր պարագաներում գլխավոր գործոնը ժողովուրդն է, որովհետև թե՛ նվիրյալները և թե՛ տականքը մշտապես և ամենուր լույս աշխարհ են գալիս, իսկ ժողովուրդը որոշում է, թե ում նախապատվություն տալ։ Իրականությունը պետք է փոխվի, ինչպես 1918 և 1988 թվականներին, բայց իրականությունը հնարավոր չէ փոխել` ժողովրդին փոխարինելով մեկ ուրիշով։
Հայ ժողովուրդը այս միակն է, և մնում է վերափոխել նրան կամ, այլ խոսքով, լուսավորել նրա մթագնած ու աղավաղված գիտակցությունը, արթնացնել նրա ազգային ինքնագիտակցությունը, հիշողությունը, արժանապատվությունն ու ըմբոստ ոգին։ Հետպատերազմյան յոթ ամիսների պայքարի ընթացքում հաջողվեց այդ հեղաշրջումը առաջ բերել հսկայական զանգվածների շրջանում, բայց, վախենալով այդ ընթացքից, խորամանկ ու նենգ ինքնակոչը կանխեց զարգացումները` կազմակերպելով վաղաժամ ընտրություններ։ Հնարավոր դարձավ ուռճացող ազատագրական պայքարը ժամանակավորապես շեղել իր ուղուց, բայց հնարավոր չէ կասեցնել դրա օրինաչափ ընթացքը ընդհանրապես։ Լուսավորչական ու դաստիարակչական ջանքերի շնորհիվ զանգվածների գիտակցությունը պետք է ազատագրվի հայրենադավ և հակահայ ուժերի գերությունից։ Այդ աշխատանքի ոչ գլխավոր, բայց կարևոր ամբիոնը կարող է դառնալ խորհրդարանը։ Կրկնենք ևս մեկ անգամ, որ մրցակցությունը քաղաքական ուժերի մեջ չէ, այլ քաղաքական նպատակների՝ կկասեցվի՞, թե՞ կշարունակվի հայ ժողովրդի և հայոց պետականության կործանումը։ Հայության ներկա սերունդները կանգնած են անցյալի ու ապագայի առջև պատմական պատասխանատվության հանդիման։