կարևոր
4375 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-21 10:11
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Իսկ ժամանակը սպառվում է

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Իսկ ժամանակը սպառվում է

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցած բանակցությունները, ինչպես և դրանց հետևանքով ստորագրված հայտարարությունը շրջադարձային քայլ էին՝ դուրս բերելու հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը ռուսական միջնորդական ծիրից և տեղափոխելու արևմտյան վերահսկողության դաշտ։ Այս ուղղությամբ նախնական քայլ կարելի է համարել ընդունված հայտարարության համաձայն Եվրոպական միության քաղաքացիական առաքելության հրավիրումը հայ-ադրբեջանական սահման։ Այլ խնդիր է, թե առավելագույնը երկամսյա գործունեության իրավասություն ունեցող «առաքելությունը» որքանով կարող է օգտակար լինել շփման գծի լարվածության թուլացման համար, եթե, ըստ հայտարարության, «Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։ Ընդ որում, դարձյալ ըստ հայտարարության, Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա, կարծես սահմանային խնդիրները վերաբերում են միայն Հայաստանին։ Հայկական կողմի համար նսեմացուցիչ այս ձևակերպումը Ադրբեջանին թույլ կտա ինքնուրույն որոշել, պարզ ասած, բանի տեղ դնե՞լ այդ հանձնաժողովին, թե՞ ոչ։ Մյուս կողմից՝ ռուսների հնարավոր դժգոհությանը նա կկարողանա պատասխանել, թե դա հայկական կողմի նախաձեռնությունն է։ Իսկ որ Ադրբեջանը Թուրքիայի ուղղորդմամբ թքել է բոլոր տեսակի բանակցություններից ու փաստաթղթերից բխող պարտավորությունների վրա, և դրանք բոլորը հայկական կողմի համար են պարտադրանք, ապացուցում են ոչ միայն նրա բոլոր գործողությունները 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո, այլև կրկին հայկական սահմանների ու դիրքերի գնդակոծումները, երբ թանաքը դեռ չէր չորացել Պրահայում ստորագրված փաստաթղթի վրա, կողմերը դեռ չէին հասցրել տուն վերադառնալ Աստանայում տեղի ունեցած բանակցություններից։

Պրահայում ադրբեջանական կողմը, հիշյալ հայտարարության առաջին պահանջի համաձայն, հասավ նրան, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնցով երկու կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Հայ և օտար քաղաքական ու քաղաքագիտական հանրույթը արդեն տվել է այդ բանաձևման գնահատականը, ըստ որի՝ հայկական կողմը դրանով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Իհարկե, Ալիևն այնքան միամիտ չէ, որ բավարարվի այսքանով, այլ փորձելու է ամրագրել տվյալ պայմանավորվածությունը՝ դրանից բխող մանրամասներով, որպեսզի հայոց ազգային որևէ իշխանություն ապագայում իրավական հնարավորություններ չունենա բարձրացնելու Արցախի անկախ կարգավիճակի հարցը։

Հոկտեմբերի 10-ին https://eadaily.com/ru/news/ ռուսական առցանց լրատվամիջոցին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն ասել է. «…. Այն, որ կողմերը ճանաչում են միմյանց սահմանները՝ ելնելով 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրից, շատ կարևոր է։ Բայց խաղաղության պայմանագրում չպետք է տեղ լինի հին օրակարգին վերադառնալու համար, և այդ պայմանագրում պետք է հստակ ամրագրված լինեն կողմերի իրավասությունները։ Հայաստանը պետք է հասկանա և ընդունի, որ Ղարաբաղի հայերին վերաբերող հարցերը Հայաստանի իրավասությունը չեն, և ապագայում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա պետք է ճանաչի նաև Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ այդպիսով առաջնորդվելով միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքով։ Չպետք է բարձրացնի Ղարաբաղի հայերին առնչվող հարցերը։ Դա նույնպես պետք է տեղ գտնի խաղաղության պայմանագրի տեքստում։ Եթե խաղաղության պայմանագրում լինեն ինչ-որ սողանցքներ և չբարձրաձայնված հարցեր, ապա դրանք հետագայում յուրաքանչյուր կողմ կարող է օգտագործել իր շահերի համար, և դա անթույլատրելի է։ Դրա համար էլ խաղաղության պայմանագիրը պետք է փակի այսօրվա համար մնացած բոլոր հարցերը»1։

Եվ ահա հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի անունից տարածվեց այն լուրը, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը։ Ըստ Բայրամովի՝ դրանք լրացնում են ավելի վաղ ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման հիմք դառնան։ «Ադրբեջանական կողմը հայկական կողմին ներկայացրել է ընդլայնված տարրերը։ Հայկական կողմը խնդրել է ժամանակ տրամադրել այդ տարրերին ծանոթանալու համար»: Ի դեպ, այս նույն ժամանակահատվածում Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերն ու ռազմականորեն հզորացնում Հայաստանի Հանրապետությունից գրավյալ տարածքները, ինչը վկայում է, որ նա չի պատրաստվում իր կամքով լքելու դրանք։ Ի պատասխան սրա՝ հայկական կողմը տարբեր ատյաններում հարցը լուծելու խնդրանք ու բողոք է ներկայացնում՝ գործնականում ոչ մի ձևով ցույց չտալով, թե իր ուժերով պատրաստվում է լուծելու երկրի տարածքային ամբողջականության ապահովման ու անվտանգության հարցը, ինչի պատասխանատվությունը ստանձնել է՝ ստանձելով երկրի կառավարումը։

Այսպիսով՝ ակնհայտ է, որ քանի դեռ ռուսները լրջորեն խրված են Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ, թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է վերջնականապես փակելու Արցախի հարցը և Հայաստանից պոկելու առավելագույնը՝ միջանցքի կամ միջանցքների ներառմամբ։

Արևմուտքը շտապում է Հայաստանի ու Արցախի հաշվին հասնելու խնդրի լուծմանը՝ ստանձնելով կովկասյան գործերը տնօրինելու իրավունքը և տարածաշրջանից դուրս մղելով Ռուսաստանին, իսկ Հայաստանի իշխանությունը շտապում է… իրականացնելու արևմտյան հովանավորների ցանկությունները, ինչը, ըստ էության, փորձում է անել իր ղեկավարման չորս տարիների ընթացքում։ Իրազեկ աղբյուրների համաձայն՝ Հայաստանի ղեկավարությունը Արևմուտքին խոստացել է նաև հրաժարվել ՀԱՊԿ-ին անդամակցությունից, ինչպես և խզելով պայմանագիրը՝ Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմական 102-րդ ռազմաբազան։ Զոհաբերելով ազգային շահերը՝ Հայաստանի իշխանությունը այդպիսով կամրապնդի Արևմուտքի բարեհաճությունը՝ երկրի ներսում անօրինական ու բռնի մեթոդներով պահպանելու իշխանությունը և մի օր էլ ստանալու ապաստանի իրավունք։

Ռուսաստանի մոտեցումը մնում է սառեցնելը կամ երկարաձգելը գործընթացները, ամեն կերպ կանխելը հակամարտության թևակոխումը պատերազմական փուլ, քանի դեռ չի կարող իր ունեցած քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ գործիքակազմերով դրանք լիարժեքորեն ուղղորդել և հանգուցալուծել իր միջնորդական տրամաբանության համաձայն։ Միաժամանակ նրա համար հեշտ չէ զսպել ադրբեջանցիների ու թուրքերի գործողությունները, երբ Հայաստանն ինքը հակառուսական խաղերի մեջ է և ձգտում է վերջինիս փոխարինել արևմտյան տերություններով: Ըստ էության Փաշինյանի իշխանությունը Արևմուտքի ձեռքին գործիք դառնալով Հայաստանը վերածում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի: Այս պայմաններում Ռուսաստանը հաշվի է նստում ուժեղ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որոնց հետ իր քաղաքական, տնտեսական, հաղորդակցական և այլ խնդիրները արևմտյան պատժամիջոցների խստացման այս փուլում շատ ավելի մեծ նշանակություն են ստացել։ Խրվելով ճակատագրական նշանակություն ձեռք բերած պատերազմի մեջ՝ Ռուսաստանն ակնհայտորեն չի մոռանում, այլ չափազանց խանդով է վերաբերվում իրեն թիկունքից հարվածելու, խաղից դուրս թողնելու քայլերին, որոնց մեջ կարծես միասնական են թե՛ Արևմուտքը, թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան և թե՛ Հայաստանը։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան հոկտեմբերի 10-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Ցավոք, այստեղ մենք տեսնում ենք Եվրամիության հերթական փորձը՝ որևէ կերպ միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, դուրս մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը։ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»2։

Ռեգնում լրատվական գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գրում է. «Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շատերի համար անսպասելի շրջադարձ են ունենում. մեծ հետաքրքրություն է նկատվում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։ Ընդ որում, սկսել են ավելի հստակ երևալ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության ուրվագծերը, որի ոտքերի առաջ, մի փորձագետի խոսքերով, «սկսել են նետել կոտրված ապակի, որի վրայով քայլելը վտանգավոր է»։ Ավելին՝ գրեթե կասկած չի հարուցում կովկասյան տարածաշրջան մերձավորարևելյան անկայունության հնարավոր տեղափոխման հարցը: Ուստի աշխարհաքաղաքական փոփոխությունների դինամիկան տարածաշրջանում Մոսկվայի օրակարգ է բերում ազդեցության ոլորտների վերաբաշխման խնդիրը։ Գլխավորը հիմա չուշանալն է»3։

Հոկտեմբերի 13-ին Աստանայում անցկացված ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրեց հանդիպման Ռուսաստանում։ Այս հրավերի բովանդակությունը հոկտեմբերի 14-ին հետևյալ կերպ է մեկնաբանել ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը. «Մոսկվան ամեն կերպ հասկացնում է, որ հեռավար դիվանագիտության չի անցել, հակամարտության կարգավորմանն ուղղված նրա ջանքերը, ՌԴ-ի պատկերացման համաձայն, շարունակվելու են»4։

Ռուսաստանը, իհարկե, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում հետապնդում է իր շահերը, որոնք չեն նույնականանում Հայաստանի շահերի ու պատկերացումների հետ, սակայն երբ Արևմուտքը, այլևս անտեսելով Արցախի կարգավիճակի խնդիրը, դարձյալ փորձում է հօգուտ Ադրբեջանի լուծել հայ-ադրբեջանական կնճիռը, Հայաստանն ի՞նչ հաշվարկով է նույնպես ձգտում Ռուսաստանին դուրս մղելու գործընթացից, որն առնվազն մեծ ընդհանրություններ ունի ռուսական շահերի հետ, ինչպես և որոշակի հակակշռման վիճակ կարող է ստեղծել բանակցություններում՝ հայկական կողմին ընձեռելով սեփական շահերն առաջ մղելու հնարավորություն։ Երբ, օրինակ, Փաշինյանը Արևմուտքում բերանը ջուր է առնում Արցախի հարցում, արևմտյան առաջնորդները որոնք բազմիցս հայտարարել էին կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին, շրջանցում են խնդիր և բնականաբար, այս հանգամանքը Աստանայում Ալիևին հնարավորություն է տալիս հայտարարելու, թե Ղարաբաղի հարցն իր ներքին գործն է, և ոչ մեկի հետ ինքը չի պատրաստվում այն քննարկելու։ Եվ ի դեպ Ադրբեջանն է սկսել հայկական կողմին մեղադրել հարցը տարբեր միջնորդների դաշտ տեղափոխելու փորձերի մեջ, ինչի հետ իրենք իբրև թե համաձայն չեն։ Արևելքից Արևմուտք և այս արանքում թուրք-ադրբեջանական դաշտում խաղեր տալու Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ճիգերը ոչ թե քաղաքականություն են, այլ գավառական խորամանկություն, որը կարող է թերևս ընդունվել նիկոլապաշտ ամբոխի կողմից և ոչ թե աշխարհի բախտը տնօրինող առաջնորդների։

Տեղին է այստեղ անդրադառնալը նաև այն փաստին, որ Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը լրագրողներին հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չի տեսնում, իսկ Աստանայում Փաշինյանը դարձյալ ասել է, որ միջանցքների մասին որոշում չկա։ Այս անգամ ո՞ւմ է փորձում ֆռռացնել Հայաստանի ոչ բարով առաջնորդը՝ ռուսների՞ն, թուրքերի՞ն, թե՞ հայերին՝ յուրաքանչյուրին տարբեր բան ասելով։ Ակնհայտ է, որ այս ամենը սպառնալիքներ է ստեղծում պատերազմի շեմին գտնվող Հայաստանի համար թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի և թե՛ նույնիսկ Ռուսաստանի կողմից, որն անգամ իր եղբայր ուկրաինացիներին չխնայեց, երբ նրանք փորձեցին թշնամուն բերել Ռուսաստանի դարպասների մոտ։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի փորձում իր համար ռազմաքաղաքական լուրջ խնդիրներ լուծել Իրանի հետ, որն ամեն օր ամենաբարձր մակարդակներով հայտարարում է Հայաստանի անվտանգության և ամբողջականության հետ կապված իր կարմիր գծերի մասին։ Ինչո՞ւ են անտեսվում Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ փոխհարաբերություններն ակտիվացնելու փորձերը, որոնք ուժեղանալու, մանևրելու հավելյալ հնարավորություններ կստեղծեն Հայաստանի համար։ Նիկոլ ղեկավարը, չձգտելով ուժեղացնելու սեփական բանակը, անհեռանկար ճիգեր է գործադրում Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ ապահովելու արտաքին ուժերից։ Արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար բանակն ուժեղացնելու փոխարեն նա շռայլորեն գումարներ է ծախսում ոստիկանության վայրենի պատժիչ մեքենան հզորացնելու համար, որն իրեն պետք է պաշտպանի սեփական ժողովրդից, որի գիտակից ու հայրենասեր հատվածն ի վերջո իրենից հաշիվ է պահանջելու Արցախն ու հայոց պետականությունը կործանման եզրին հասցնելու համար։ Վերը շարադրված իրողությունները ևս մեկ անգամ հաստատում են այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի գերնպատակը իշխանությունն է, հանուն որի պահպանման նա թշնամիների ու տարածաշրջանով շահագրգիռ ուժերի առջև աճուրդի է դրել իր հայրենիքն ու հայրենի պետությունը։

Այս պայմաններում անհրաժեշտություն է առողջ և գործուն ներուժի կենտրոնացումն ու հայրենիքի փրկության վճռական պայքարի ազդարարումը։ Այլընտրանքը պետականության կործանումն ու թուրքական հպատակությունն է, դեպի ուր տանում է մեզ կույր ու ատելությամբ թունավորված ամբոխի բախտախնդիր առաջնորդը։ Իսկ ժամանակը սպառվում է։

________________________________________

Հղումներ

1. https://eadaily.com/ru/news/2022/10/10/posrednicheskie-torgi-po-karabahu-baku-trebuet-erevan-manipuliruet-intervyu (մուտք՝ 15.10.2022).
2. https://yerkir.am/hy/article/2022/10/12/1185 (մուտք՝ 15.10.2022).
3. https://regnum.ru/news/polit/3718827.html (մուտք՝ 15.10.2022).
4. https://armeniasputnik.am/20221014/mvoskvan-arcakhi-harcvov-heravar-divanagitutjan-chi-ancel-markedvonvov-49787744.html (մուտք՝ 15.10.2022).

«Դրօշակ» թիվ 10, 2022թ