կարևոր
3445 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-03 12:41
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինելիության փորձությունը

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինելիության փորձությունը

Սույն թվականի հունիսի 13-ին հայկական լրատվամիջոցներով տարածվեց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որը նա արել էր Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ: Ժոզեպ Բորելը մասնավորապես ասել է․

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»։ Այնուհետև եվրոպական գլխավոր քաղաքական կառույցի ղեկավարը ավելացնում է․«Հույս ունենք, որ հայկական կողմի մեսիջը կխթանի դրական հուն մղելու բանակցային գործընթացը»։ Վերջին միտքը, ըստ էության, նշանակում է, որ որևէ խոչընդոտ չկա երեք ու կես տասնամյակ ձգձգված հակամարտության հանգուցալուծումը Ադրբեջանի օգտին պաշտոնապես ամրագրելու համար։ Ոչ պաշտոնական շփումների ժամանակ, երբ Արցախյան հակամարտության որևէ միջնորդի ասվում է, թե տասնամյակների բանակցությունների ընթացքում ըմբռնում էր ձևավորվել Արցախի ինքնորոշման խնդրի շուրջ, ինչո՞ւ է այժմ արցախահայության այդ իրավունքը մերժվում, խոսակիցները պատասխանում են, որ իրենք ընդամենը միջնորդներ են և ոչինչ չեն կարող անել, եթե Հայաստանն է պաշտոնական մակարդակով հրաժարվել այդ պահանջից։ Ի դեպ, նույն ոչ պաշտոնական խոսակցությունների ժամանակ միջնորդ դիվանագետներն ու քաղաքական գործիչները ավելացնում են, որ իրենց զարմացնում է, թե հայկական կողմը որքան հեշտությամբ է զիջումներ անում Ադրբեջանի աճող պահանջներին։

Իհարկե, այսօր արդեն Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն են հայտարարում, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի հավակնության, սակայն անկախ Արցախը հանձնողն այդ աններելի հանցանքի բեռից ձերբազատվելու համար շարունակում է ճգնել ապացուցելու, որ իրենից առաջ Արցախն արդեն թղթի վրա հանձնված էր։ Այդպիսի մի փորձ էլ Հայաստանի վարչապետն արեց հունիսի 20-ին՝ Ազգային ժողովի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի» առջև 3 ժամից ավելի ընթերցելով հանգամանորեն պատրաստված մի գրություն Արցախի հարցով տեղի ունեցած բանակցությունների ողջ գործընթացի վերաբերյալ։ Տվյալ հանձնաժողովի իրավասությունների հետ կապ չունեցող հիշյալ ելույթը միտված էր ապացուցելու, որ Արցախը հանձնել են իրենից առաջ՝ հարցի վերաբերյալ կայացված բանաձևերով ու հայտարարություններով։

Չարժի, իհարկե, անդրադառնալ մի տեքստի, որը լի է հակասություններով, կամայական մեկնաբանություններով ու եզրակացություններով։ Միայն Փաշինյանի պես անպատասխանատու խոսքի ձեռնածուն կարող է, օրինակ, երկրի նախկին առաջին դեմքի մասին ասել, թե նա սպանել տվեց ԱԺ նախագահին և վարչապետին, որովհետև նրանք դեմ էին Արցախն ու Լաչինը Մեղրիի հետ փոխանակելուն, հետո ասել թե, բայց դրանից հետո այդ ծրագիրը մի կողմ դրվեց և ասպարեզ բերվեց Մեղրիի վրայով արտատարածքային ճանապարհ ստեղծելու առաջարկը և այլն։ Շատերը ճիշտ եզրակացության հանգեցին այս ելույթից՝ այն գնահատելով որպես Փաշինյանի արդարացման, Արցախը Ադրբեջանին հանձնելու հանցանքը ուրիշների ուսերին բարդելու հերթական փորձ։

Փաշինյանը հասկանում է, որ նման հանցանքները երբեք չեն ներվում և չեն մոռացվում, հետևաբար ժամանակ առ ժամանակ «նոր փաստարկներով» փորձում է հիմնավորել իր անմեղությունն ու այլոց մեղավորությունը։ Եթե ճիգ գործադրենք հավատալու Փաշինյանին, ապա մնում է կասկածել՝ 2020 թվականին պատերազմ եղել է, թե՞ ոչ։ Եթե արդեն ամեն ինչ կանխավ հանձնված էր, ինչի՞ համար էր պատերազմը։ Երբ պատերազմի առաջին օրերից ակնառու էր հայկական կողմի բարդ կացությունը, ինչո՞ւ էր Նիկոլն իր ձեռքում կենտրոնացրել ողջ տեղեկատվությունը և իր խամաճիկի միջոցով մինչև վերջին օրը խաբում ժողովրդին՝ ներկայացնելով, թե հաղթելու ենք։ Ինչո՞ւ ի սկզբանե ժողովրդին չէր ասվում ճշմարտությունը, ինչո՞ւ զորահավաքը կասեցվեց։ Ինչո՞ւ երկրի համար ճակատագրական ժամին պատերազմի փորձառություն ունեցող զինվորական ու քաղաքական գործիչների ուժերը չմեկտեղվեցին՝ պաշտանություն կազմակերպելու։ Երկրի կարող ուժերից ռազմաքաղաքական մարմին ձևավորելու առաջարկները ոչ միայն անտեսվեցին, այլև ամեն ինչ արվեց, որ նրանք բոլորը հեռու լինեն որոշումների կայացումից։ Ինչո՞ւ էին մերժվում արտաքին օժանդակությունները և ինչո՞ւ պատերազմական այդ պահի համար կենսական կարևորության հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ ձեռք բերելու փոխարեն իշխանությունը լափեց Սփյուռքի հավաքած 170 միլիոն դոլար գումարը։ Կարելի է հարցնել նաև, թե ինչո՞ւ է իշխանության հասնելու պահից Նիկոլ Փաշինյանը հալածանքներ սկսել և շինծու մեղադրանքներով մեկուսացնում է վաստակի ու փորձառության տեր բաձրաստիճան զիվորականներին։

«Ինչուների» այս շարքը կարող է շատ ընդարձակվել՝ նույն համեմատությամբ ընդգծելով նախապես Արցախը փաստաթղթերով հանձնած լինելու անհեթեթության չափը։

Ճիշտ է նաև այն տեսակետը, որ Փաշինյանի այս վերջին խոսքային ձեռնածության ետևում նպատակ կա հող նախապատրաստելու արդեն Հայաստանի Հանրապետությունից անկլավներ, միջանցք և այլ տարածքներ հանձնելու վերաբերյալ։ Նշված ելույթից «պարզվում է», որ դրանց վերաբերյալ նույնպես նախկինները զիջումների էին համաձայնվել՝ ըստ փաստաթղթերի։ Հետևելով Փաշինյանի գործունեությանը՝ չպետք է զարմանալ, որ գրպանում կարող է ունենալ նաև Երևանը հանձնելու մասին նախկինների ստորագրած պայմանագիր։

Փաշինյանի ներկայիս վարքը շատ կապված է, եթե չասենք, պայմանավորված է տարածաշրջանային և նույնիսկ աշխարհաքաղաքական գործընթացների հետ։ Կարելի է արձանագրել, որ Փաշինյանն արդեն կատարել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իր առջև դրված նախնական պայմանները և, տեսնելով, որ իրենց ձեռքում է հայտնվել նմանը չունեցող մեկը, թշնամի պետությունները Հայաստանի կապիտուլյանտ ղեկավարին առաջադրում են նորանոր զիջումների պահանջներ։ Ադրբեջանը ամեն օր անդրկուլիսային բանակցություններում կամ մշտապես թեժացվող սահմանագծում «սեղմում» է Նիկոլին՝ պահանջելով օր առաջ լուծել և՛ անկալվների, և՛ Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի հարցը։ Փաշինյանը գերակատարելով Թուրքիայի ցանկությունները՝ արդեն իսկ ոչ միայն հրաժարվում է ցեղասպանության օրակարգից, այլև այդ տերմինը փոխարինել է եղեռն բառով, նա քննարկում է Արարատի խորհրդանիշից հրաժարվելու, փոխարենը Արագածը երկրպագելու, Հայաստանի պատմական էությունը խորհրդանշող զինանշանը փոխելու հարցերը, գտնում է, որ օրհներգից պետք է դուրս բերել վերջին քառատողը, որտեղ փառաբանվում է իր ազգի ազատության համար նահատակվողը։ Նիկոլի մանկլավիկները խեղաթյուրում են Կոմիտասի արժեքը, այնպիսի չափորոշիչներ են սահմանել հայագիտական դասընթացների համար, որոնց հաստատման դեպքում պատմությունն ու մշակույթը կդադարեն մնալ ազգի ինքնության գիտակցությունը և ողնաշարը։ Հազարամյակների ազգը կվերածվի զանգվածի, որից գլոբալիզմի ճիրաններում կարելի է «թխել» հոգեպես այլասերված, անհայրենիք ու առանց ինքնության, զոմբիացած և հնազանդ զանգված։

Կարելի՞ էր պատկերացնել, որ Թուրքիան երբևիցե, Հայաստանի իշխանությունների վրա մատ թափ տալով, կպահանջի քանդել հայ հերոսների հուշարձանը։ Չկասկածեք, որ ապազգային ուժի իշխանության երկարաձգման դեպքում մոտ ապագայում հերթը հասնելու է Ծիծեռնակաբերդին, Սարդարապատի հուշահամալիրին, մշակութային արժեքներին, իսկ հետո էլ պահանջ է դրվելու ձերբակալելու և Ադրբեջանին հանձնելու Արցախի համար պայքարած հերոսներին։

Աշխարհաքաղաքական մրցակցության հորձանուտում, քանի դեռ ռուսները խրված են Ուկրաինայի դեմ պատերազմում, թուրք – ադրբեջանական տանդեմի, ինչպես և Արևմուտքի կողմից խստացվում է պահանջը՝ վերջնականորեն փակելու Արցախի հաշիվները, ռուսական ռազմուժին դուրս մղելու Անդրկովկասից։ Ռուսաստանը փորձում է գործնական ու կոշտ քայլերի դիմելով՝ ակամայից չնպաստել Անդրկովկասում գործընթացների արագացմանը՝ տարածաշրջանային մրցակցության հարցում որոշակիորեն ինքնավստահ լինելով՝ պայմանավորված Հայաստանի նկատմամբ քաղաքական, ռազմական, տնտեսական և բազմաթիվ այլ լծակներ ունենալու հանգամանքով։ Ձգտելով ձերբազատվել ռուսական գոնե ռազմաքաղաքական կախումից՝ Հայաստանի իշխանությունը տրամաբանորեն դառնում է թուրք-ադրբեջանցիների դաշնակիցը՝ Արցախի ու Հայաստանի շահերի դեմ։ Չի բացառվում, որ որոշ հարցերում նրանք նաև համադրում են իրենց գործողությունները։ Օրինակ՝ հստակորեն ճանաչելով 86,6 հազար քառակուսի կիլոմետրի վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Նիկոլը հնարավորություն ստեղծեց ամբողջովին շրջափակելու Արցախը, այն տրամաբանությամբ, որ եթե Արցախն Ադրբեջանի տարածքն է, ապա չկա Հայաստանի հետ կապի հարց, հետևաբար Ադրբեջանն իրավունք ունի փակելու իր սահմանը։ Այնպես որ, Արցախը ցեղասպանական աքցանի մեջ առնելու համար Ալիևի չափ մեղավոր է նաև Փաշինյանը։ Եթե կարելի է հավատալ, որ ադրբեջանցիք կարող են մարդասիրական վերաբերմունք դրսևորել, թողնել, որ իր հողի վրա անվտանգ ապրի արցախցին, այդ դեպքում միայն կարելի է մտածել, որ Փաշինյանն Ալիևի հանցակիցը չէ։

Այսօր հայ ժողովրդի համար ծանրագույն ժամանակ է, որովհետև ժամանակը ծանրագույն է Արցախի համար։ Արցախի փրկությունը անհրաժեշտ է մեզ նաև նրա համար, որպեսզի հնարավորություն ստեղծվի Հայաստանի ճանապարհը փակելու և մեր տարածքից դուրս մղելու ադրբեջանցիներին։ Հայ ժողովուրդը գտնվում է ոտքի կանգնելու հրամայականի առջև։ Անհրաժեշտ է սկսել քաղաքական նոր պայքար, ինչը կհիմնավորվի ազգային փրկության գաղափարախոսությամբ։ Գործող իշխանությունները, մերժված լինելով հայ ժողովրդի բոլոր խավերի կողմից և արագորեն կորցնելով սոցիալական հենարան ծառայած խավերի վերջին հատվածներին, փորձում են իրենց լեգիտիմության պատրանքը ստեղծել՝ անընդհատ մանր ու մեծ հարցադրումներ նետելով հրապարակ և փորձելով դրանց շուրջ բանավեճի մթնոլորտ ստեղծել։ Այսօր նրանք երկրի կենտրոնական և տեղական ողջ իշխանությունը կուսակցականացրել են, որպեսզի գալիք հաջորդական ընտրություններում ապահովեն իրենց վերարտադրությունը, իսկ ներքաղաքական իրավիճակը բռունցքի մեջ պահելու հարցում հովանավորություն կգտնեն արտաքին ուժերի կողմից։

Այս իշխանությանը պետք է դիտել որպես արտաքին ազդեցությունների խամաճիկ, իսկ Հայաստան-Արցախի փրկությունը տեսնել ինքնիշխանության վերականգնման մեջ։ Պայքարը այլընտրանք չունի, այո,՛ դեռևս կարելի է փրկել Արցախը ու նրա հետ Հայաստանի ինքնիշխանությունը։ Յուրաքանչյուր նոր օրը մեզ կարող է մոտեցնել կամ հեռացնել մեր լինելիության հեռանկարից։ Համազգային միասնականության կայացմանը խոչընդոտող էժան հավակնությունները, նեղ հաշիվներն ու հաշվարկները դրանց կրողներին ակամայից կանգնեցնում են հայրենիքը կործանողների և նրանց կույր հետևորդների կողքին։

«Դրօշակ» թիվ 6, 2023թ.