կարևոր
3382 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-01 10:40
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ինչո՞ւ իշխանափոխություն տեղի չի ունենում

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ինչո՞ւ իշխանափոխություն տեղի չի ունենում

Ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում: Պարզ շփումների ընթացքում անգամ յուրաքանչյուր ոք համոզվում է, որ դրա համար գոյություն ունի հանրային մեծ պահանջ: Ակնառու է, որ իշխանության ետևից դեռ երեկ գնացողների գերակշիռ հատվածն անգամ խորապես հիասթափված է իր ողբերգական ներկայի ու առավել անհեռանկար ապագայի համար և երազում է ստեղծված կացության հաղթահարումը: Այդ դեպքում ինչո՞ւ տեղի չի ունենում հասարակական-քաղաքական այն կենսական բարեշրջումը, որի մասին երազում է երկրի բարոյական, հոգևոր ու ֆիզիկական արժեքների խորտակման շեմին կանգնած բնակչության մեծամասնությունը: Արտահերթ իշխանափոխության հնարավորությունը կապելով անմիջականորեն ընդդիմադիր դաշտում գործող ուժերի գործունեության հետ՝ շատ մարդիկ մտածում են, թե այդ հնարավորության չիրացման համար մեղավոր են հենց ազգային ուժերը: Ավելին, հանրության մի որոշ հատվածը կարծում է, թե վերջիններս գործակցում են իշխանության հետ և աշխատում են նրա համար:

Ընդդիմության գործունեությունից դժգոհ մարդիկ դատում են այսպես. «Ամեն անգամ, երբ ազգային հիմնահարցերի շուրջ իրավիճակը սրվում է, ընդդիմությունը կոչով ժողովրդին դուրս է բերում հրապարակներ, մի քանի օր ցույցեր ու հանրահավաքներ է անցկացնում՝ ոչ մի նոր բան չանելով ու չասելով, մինչև հիասթափված ցուցարարների շարքերը սկսում են նոսրանալ, որից հետո ընդդիմությունը անորոշ խոստումներով մնացածին ճամփում է տուն»: Հասարակական գիտակցության մեջ տիրապետող է դառնում այն մտայնությունը, որը անցած դարասկզբին գրած համանուն աշխատության մեջ Դաշնակցության հիմնադիր Քրիստափոր Միքայելյանն անվանել է «Ամբոխային տրամաբանություն»: Ըստ Ք. Միքայելյանի՝ ամբոխի տրամաբանությունը մակերեսային է և այն եզրակացությունների է հանգում՝ միմյանցից բխեցնելով իրարահաջորդ երևույթները, այսինքն՝ եթե տեղի ունեցած մեկ երևույթին անմիջապես հաջորդում է դրան առնչվող երկրորդ իրադարձությունը, ուրեմն երկրորդը ուղղակիորեն բխում է առաջինից: Այս դատողությունը իշխանության դեմ պայքարող ուժերի նկատմամբ մարդկանց հիասթափությունը հաճախ դարձնում է ոչ պակաս, քան իշխանության նկատմամբ եղած դժգոհությունը:

Բազմաթիվ անգամներ հուսալքվելով՝ շատերի ներսում խմորվում է հերթական անգամ խաբվելու մտավախությունը: Նման մարդիկ դատում են հետևյալ կերպ. «Դե, եթե սրանք էլ նույնն են, և ամեն նորի գալով իրավիճակը նույնը կամ ավելի վատը պետք է դառնա, ինչո՞ւ փոխել, թող գործողները վեր ընկնեն իրենց աթոռներին, քանզի ամենավատ հասկանալին ավելի լավ է, քան անորոշ վատի հեռանկարը»: Եթե ուշադիր լինենք իշխանության լայն ու բազմազան քարոզչադաշտի նկատմամբ, կհասկանանք, որ այս մտածողությունն ու հոգեվիճակը ամենից շատ ձեռնտու է հենց իշխանություններին, որոնք էլ զարգացնում ու խորացնում են տվյալ մտայնությունները, ձև են անում, թե միասին ընդհանուր աշխատանքներ են իրականացնում իրենց քննադատողների հետ, հարցեր են քննարկում, խորհրդարանական հարթակում, բանավիճում են և այլն: Ազգային ուժերի հանդեպ թերահավատության պատճառներից է հանրային միջավայրում տեղ գտած այն կարծիքը, թե վերջիններս շատ թույլ են, իսկ իշխանությունը՝ բազմապատիկ ուժեղ և մշտապես կարողանում է հաղթել մրցակիցներին: Զանգվածների պարզ պատկերացմամբ իրար հետ մրցակցության մեջ են ընդդիմադրության ողջ բանակը և իշխանության թիմը՝ ի դեմս իր առաջնորդի, և այս մրցակցության մեջ մշտապես մեկ թիմը, իսկ ավելի ճիշտ՝ մեկ անձը կարողանում է հաղթել մնացած բոլորին: Երևույթների խորքը թափանցելու դեպքում կարելի է տեսնել, որ իրականում իշխանական թիմը, ավելի ճիշտ՝ նրա առաջնորդը, ըստ էության, ուզուրպացրել և իր նպատակներին ու իր պաշտպանությանն է ծառայեցնում ողջ պետական համակարգը՝ խորհրդարան, կառավարություն, կենտրոնական և տեղական իշխանություն, քարոզչամիջոցներ և հատկապես ուժային կառույցներ, որոնք 24 ժամ ծառայում են «տիրոջը»:

Ուղղակի և անուղղակի ձևով այս իշխանությանը թև ու թիկունք են Հայաստանի ներքին իրավիճակի հարցում շահագրգիռ գրեթե բոլոր արտաքին ուժերը՝ աչք փակելով ներքին կյանքի կառավարման միանձնյա և բռնապետական մեթոդների, քաղաքական հալածանքների, երկրի հիմնական օրենքների ոտնահարման ամենօրյա փաստերի վրա: Եվ հակառակը, նույն արտաքին ուժերը բացահայտորեն գովերգում են իշխող թիմի գործունեությունը՝ գնահատելով այն որպես ժողովրդավարական: Նույն այդ ուժերը ֆինանսական, քաղաքական-քարոզչական և այլ բնույթի մեծ աջակցություն ցույց տվեցին այս թիմին իշխանության համար պայքարի ժամանակ: Իսկ, թե որտեղից եկած հրահանգներով «թավշյա հեղափոխության» վճռորոշ օրերին տասնյակ հազարավոր մարդիկ հեղեղեցին մայրաքաղաքի և հանրապետության այլ բնակավայրերի փողոցները, իշխանությունը հրաշալի գիտի, ինչպես և հրաշալի գիտի, որ նման հրահանգ երբեք չի իջնի ինքնուրույն և ազգակենտրոն քաղաքականություն իրականացնող ուժերի համար:

Ազգային ուժերից իշխանափոխություն պահանջող հանրությունը պետք է նկատի ունենա, որ արտաքին ուժերը ոչ միայն չեն աջակցելու, այլև ամեն ինչ անելու են ձախողելու համար Հայաստանի ներկա ղեկավարության փոխարինումը ազգային ուժերով: Իսկ արտաքին գործոնի դերակատարությունը հիմնական է որևէ երկրում հեղաշրջում հիշեցնող «հեղափոխությունների» պարագայում: Ազգային ուժերին բացառելը և խամաճիկների վրա հենվելը չգրված օրենք է որևէ պետության վրա ազդեցություն ունեցող կամ դրան ձգտող ուժերի համար: Նրանց համար անցանկալի է այնպիսի ուժերի իշխանության գալու հնարավորությունը, որոնց ազգանպաստ ու ինքնուրույն քաղաքականությունը կարող է հակասել իրենց ծրագրերին: Անցնող տարիներին արտաքին ուժերը բազմիցս դրսևորել են այդ վերաբերմունքը՝ իշխանությանը վստահեցնելով, որ գերադասում են «իրենց հետ աշխատել»: Եվ, ինչպես այլ պարագաներում, իր արատը վերագրելով ընդդիմությանը՝ իշխանության հակաքարոզչության հիմնական ուղղություններից մեկն այն է, թե ընդդիմության ետևում արտաքին ուժեր են կանգնած: Քաղաքական խամաճիկները նույն մեղքի մեջ մեղադրում են նրանց, ովքեր իրենց ողջ կենսագրության ընթացքում ծառայել են հայ ժողովրդին ու հայոց պետականությանը՝ անգամ այն պարագաներում, երբ հայ ժողովրդի որոշակի հատվածներ մոլորված են եղել քաղաքական սպառնալիքների, նախընտրությունների լաբիրինթոսում: Արտաքին աջակցությունների պարագայում ընդդիմությունն այսօր նախևառաջ պետք է ձեռքի տակ ունենար շոշափելի նյութական հնարավորություններ, ինչը լայնածավալ և երկարատև պայքար կազմակերպելու գլխավոր գրավականներից մեկն է:

Ներքաղաքական իրողություններին քիչ թե շատ իրազեկ մարդկանց համար ակնհայտ է, որ ազգային ուժերը չունեն նման հնարավորություններ, նրա պահանջներն ու բողոքի գործողությունները արձագանք չեն գտնում ոչ մի օտարերկրյա պետական համակարգի կողմից: Հայաստանի ավտորիտար համակարգն այս ընթացքում արտաքին քննադատության և ճնշման չի ենթարկվում, իսկ թե ինչպիսի խորհրդատուներ են կուլիսների ետևում աշխատում իշխանության համար, ինչպիսի քարոզչություն և հակաքարոզչություն են նրանք իրականացնում հայկական քարոզչադաշտում, մնում է անտեսանելի: Կարելի է, փոխարենը, քիչ փորփրել հիշողությունը և մտաբերել, թե ինչ էր տեղի ունենում օտար հասարակական կազմակերպությունների ցանցում վարժեցված երիտասարդ «հեղափոխականներին» իշխանության բարձունքներ հրելու ժամանակ: Այդ ամենը, սակայն, ասում ենք՝ բնավ ոչ ցավալով ազգային ուժերի համար, որովհետև ազգայինը հենց նրանով է ազգային, որ ազգակենտրոն է ու ինքնուրույն ու երբեք չի հայտնվում կախումների սարդոստայնում, ինչը կարող է թե՛ նրա և թե՛ հայրենիքի համար ճակատագրական հետևանքներ ունենալ: Մի բան, ինչի ականատեսն ենք ներկայում։ Ի վերջո, ինչպես քաղաքական, նույնպես և բարոյական դաշտում (որոնք սերտորեն շաղկապված են իրար) դժվարը մեկ անգամ փչանալն է, մանավանդ որ այս կորուստն անվերականգնելի է:

Հայրենասեր, պայքարունակ հայ մարդու համար ամենաանըմբռնելի երևույթն այն է, թե ինչպես կարող է իր ազգակիցն ու բարեկամը ձայն տալ կամ նույնիսկ հանդուրժել այսօրվա ապազգային իշխանությանը՝ դավաճան առաջնորդով հանդերձ: Գլխավոր զենքը, որով այդ ղեկավարությունը կարողացել է ծնկի բերել և իր կամքին ենթարկել, հայության մի զգալի հատվածի վախն է: 2020 թվականի ծրագրված պարտությունից հետո ժողովրդի հավանական ըմբոստացումը խեղդող զենքը եղավ իշխանության կողմից վախի ներշնչումը ժողովրդին: Այդ վախի զգացումն է ադրբեջանական զորքի հարևանությամբ ապրող հայ մարդկանց ստիպում կրկին ձայն տալ գործող իշխանությանը: Նրանց վախերի հիմքում արմատացած է իշխանությունների մոգոնած այն քարոզչական թեզը, թե իշխանափոխության դեպքում ազգային ուժերը երկիրը կանգնեցնելու են պատերազմի առաջ: Իրականում հենց իշխանության երկչոտությունը, երկիրը առաջվա պես պաշտպանունակ դարձնելու անկարողությունն է հանդգնություն ներշնչում հակառակորդին՝ բորբոքելով ուժի ճանապարհով Հայաստանին անվերջանալի զիջումներ պարտադրելու գայթակղությունը: Ուժային կառույցներով սեփական անձը շրջապատած, ամբողջովին արտաքին ուժերին ապավինող իշխանությունը չավարտված պատերազմի մեջ գտնվող ժողովրդի նկատմամբ կատարել է ամենաստոր բանը՝ ազգային ոգին բարձրացնելու, այդ ոգով երկրի վաղվա օրը կանխորոշելու փոխարեն՝ ներարկել է վերջինիս թշնամու անհաղթելի լինելու զգացողությունը:

Վախի զգացումը երկրի ղեկավարի գլխավոր զենքն է, որին ապավինելով և պատերազմի սպառնալիքը շահարկելով՝ նա առաջիկայում պետք է փորձի լուծել Սահմանադրության փոփոխության և նույնիսկ Հայաստանի այսօրվա հանրապետությունը փաստացի տապալելու ծրագիրը: Վախի այս հիմնական զենքով է, որ իշխանությունը փորձում է սեպ խրել ազգային ուժերի և ժողովրդի միջև: Մյուս կողմից՝ իհարկե, իշխանությունը միշտ անում է այն, ինչ ցանկանում է անել և ոչ թե մտածում է մրցակիցների համար իրեն հաղթելու նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին: Եթե ազգային ուժերի ցայսօր իրականացրած գործունեությունը չի տվել ակնկալվող արդյունքը, ուրեմն պետք է մտածել այն վերանայելու մասին: Մեզանում մարդկանց հավակնություններն ու ակնկալիքները հաճախ չեն համապատասխանում իրար, ազգային մեծ ու փոքր ուժերը իրենց գործունեության սլաքները պետք է ուղղեն ոչ թե ներս, այլ միայն դեպի դուրս, միմիայն դեպի ապազգային, կործանարար ռեժիմից երկիրն ազատագրելու նպատակը: Այս գերնպատակն է, որ պետք է միավորի բոլորին՝ վստահության և գործի կարևորության գաղափարը տարածելով դեպի դուրս, դեպի հանրության լայն զանգվածներն ու տարբեր հատվածները:

Իհարկե, ամբողջ ժողովուրդը հեղափոխության մասնակից չի կարող դառնալ։ Պայքարը տարածելու ու խորացնելու համար անհրաժեշտ է հրապարակ դուրս գալ՝ ունենալով երկարատև գործունեության ճանապարհային քարտեզ՝ քայլ-քայլ գործողությունների մանրակրկիտ ծրագրով, այլապես չպետք է հերթական անգամ փորձության ենթարկել մարդկանց հավատն ու համբերությունը: Երբ չկա գործողություն, փակ են լինում բոլոր դռները, իսկ երբ պայքարը ծավալվում է, ի հայտ են գալիս առաջ գնալու ուղիներ և ճեղքեր: Պայքարի անհրաժեշտությունն ու հրատապությունը թելադրված են երկիրը կործանման տանող իշխանությունների հետևողական քայլերով: Նիկոլ Փաշինյանն այսօր վստահ է, որ ներքին ընդդիմադրությունն իր համար վճռական խոչընդոտ չէ: Նա կատարում է արտաքին ուժերի, առաջին հերթին՝ թուրք-ադրբեջանցի թշնամիների բոլոր պահանջները, միայն թե մնա իշխանության ղեկին․ իշխանություն կորցնելը նրա համար վերջ է նշանակում: Նիկոլ Փաշինյանը իշխանության է հասել՝ պայքարելով ավելի քան 10 տարի: Մենք 10 տարի ժամանակ չունենք, ինչպես և ժամանակ չունենք սպասելու: Պայքարն այլընտրանք չունի, չպայքարելը՝ արդարացում:

«Դրօշակ» թիվ 2, 2024թ.