կարևոր
3910 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 11:18
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատմությունը կրկնվում է

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատմությունը կրկնվում է

Անքննելի ճշմարտություն էր թվում այն բանաձումը, թե «Պատմությունը չի կրկնվում»։ Ոչ հեռավոր անցյալում անհնար էր երևակայելը, որ թուրքական հայաջինջ աքցանը կրկին իր մեջ կառնի հայոց հայրենիքը՝ նորօրյա սերունդների մոտ արթնացնելով պետականությունն ու ինքնիշխանությունը կորցնելու զգացողությունը։ Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման շրջանում Հայաստանում իշխանության եկավ քաղաքական այն հոսանքը, որը վերաքննության հարց դարձրեց հայոց ցեղասպանության պատճառահետևանքային կապերը՝ մեղավորության մեկ բաժինը բարդելով ժամանակի իշխող հայ քաղաքական ուժի, ազգային ազատագրական պայքարի, կամավորական շարժման և ներհայկական այլ գործոնների վրա։ Ժամանակակից Թուրքիան ներկայացվում էր միանգամայն փոխված՝ եւրոպական արժեքներով և ձգտումներով ապրող պետություն։ Սրանից էլ հետևություն էր արվում վերանայել իրողությունների ու հարևան պետության նկատմամբ ավանդական մոտեցումները, պատմական խնդիրներից զատվել և նոր, բարդրացիական, փոխշահավետ փոխհարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ ելնելով այն սկզբունքից, որ չկան մշտական թշնամիներ, այլ կան մշտական շահեր։

Տեղի ունեցան կիսահրապարակային կամ չհրապարակվող հանդիպումներ բարձր մակարդակի տարբեր պաշտոնյաների միջև և եթե հաշտության հասնելու նորանկախության ակունքներում կանգնած ուժի երազանքները չիրականացան պատճառն այն էր, որ պատմական բնույթի նախապայմաններից հրաժարվելու հայկական կողմի պատրաստակամության դիմաց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար թուրքական կողմը առաջադրում էր իր հստակ նախապայմանները՝ հրաժարվել ցեղասպանության հարցից և միջազգային ասպարեզում դրա հետապնդումից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը (նույնն է, թե հայ-թուրքական առկա սահմանը), հրաժարվել արցախյան պահանջատիրությունից։ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի պատմության վերանայման, վերջինիս առնչվող հասարակական, մշակութային, գիտակրթական, քարոզչական նախաձեռնություններից հրաժարման փորձերը, ըստ էության թուրքական նախապայմանների կատարմանն ուղղված քայլեր էին։ Իհարկե սրանց թվում օրախնդիրը Արցախյան հարցն էր, որի ուղղությամբ ավելի ու ավելի որոշակիորեն էր Հայաստանի ղեկավարությունը առաջ քաշում «ամեն գնով Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու» թեզը։ Այն օրերի խորհրդահայ սերունդները, որոնք օժտված էին մեծ հայրենասիրությամբ և ազգային ոգով, ունեին կրթական բարձր ցենզ և արժանապատվության զգացում չհանդուրժեցին ազգային շարժմանը և նպատակներին դավաճանած իշխանության գոյությունը։ Հաջորդող երկու իշխանությունների օրոք շարունակվեցին հայ-թուրքական հաշտությանն ուղղված փորձերը, ինչն ակնհայտորեն Արևմուտքի ճնշման հետևանք էր։ Այստեղ Արևմուտքի և թուրք-ադրբեջանական դաշինքի շահերը համընկնում էին մեկ գլխավոր հարցում՝ հայ-թուրքադրբեջանական հաշտության և սահմանների բացման պարագայում անիմաստ էր դառնում հայ-թուրքական սահմանի վերահսկողությունը ռուսական զինված ուժերի կողմից, իսկ հայկական կղզյակը մնացել էր Անդրկովկասում ռուսական ուժի վերջին խարիսխը։ Նախագահ Քոչարյանի օրոք հայ-թուրքական հաշտության բանակցությունները կրում էին ձևական բնույթ, նախագահ Սարգսյանը փորձեց այդ բանակցությունները հասցնել հայկական կողմի համար ոչ վնասակար հանգուցալուծման, սակայն զգալով գործընթացի ողջ վտանգավորությունը նախաձեռնեց քայլեր, որոնք անիմաստ դարձրեցին բանակցությունների շարունակումը։ Իհարկե այս հարցում մեծ դեր խաղաց ազգային ընդդիմության ծավալած համազգային ընդդիմադիր ալիքը, որից էլ օգտվեց իշխանությունը։ Արտաքին քաղաքականության և Արցախի հարցում հարաբերականորեն բարենպաստ 20 տարիների ընթացքում թուրք-արևմտյան դաշինքը հայոց ամրացող բերդը ներսից քանդելու ծրագիր իրականացրեց՝ այստեղ աճեցնելով իր հինգերորդ շարասյունը։ Ոչ պատահականորեն այդ շարասյունը գլխավորեց նա ով քաղաքականապես ձևավորվել էր ՀՀՇ-ի խանձարուրում և ոչ մեկ անգամ հրապարակայնորեն արտահայտել էր Արցախի հայկականության, արցախցիների, հայ ժողովրդի անցյալի, հայ ժողովրդի նախորդող սերունդների նկատմամբ իր արգահատանքն ու մերժողական վերաբերմունքը։ Վերջինիս առաջնորդությամբ այս ուժի իշխանության գալու առաջին օրերից դրսևորվեց քաղաքականության արմատական փոփոխությունը՝ վերադարձը ՀՀՇական իշխանության որդեգրած հակաարցախ և պրոթուրք վարդապետությանը։ Վախի, քաղաքական շփոթի շրջապտույտում ամբոխի վերածված զանգվածները ողջ այս ընթացքում սնուցվում են երկու հիմնական և կեղծ թեզերով «այսօրվա բոլոր պարտությունների ու ձախողությունների պատճառը նախկիններն են» և «մենք խաղաղություն ենք բերում, եթե չլինենք մենք՝ գալու են նախկինները, ովքեր կբերեն նոր պատերազմ»։

Իրականում լկտիացած թշնամու ագրեսիվ քաղաքականության նկատմամբ հայկական կողմի դիմադրության իսպառ բացակայությունը ավելի ու ավելի է սրում Ադրբեջանի նորանոր ռազմական և այլ սադրանքների, առաջխաղացումների, հնարավոր լայնածավալ բախումների հավանականությունը։

168․am կայքէջի սույն թվականի ապրիլի 11-ի թողարկման մեջ խոսվում է ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետների ուսումնասիրության մասին, ըստ որի Ադրբեջանը Հայաստանի սահմաններին ռազմական լայնածավալ գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայլերով։ «Քանի դեռ բանակցությունները կանգ են առել, ավելի հավանական է, որ Ադրբեջանը կդիմի հրադադարի փոքր մասշտաբի խախտումների՝ Լեռնային Ղարաբաղում մարտավարական շահավետ դիրքեր գրավելու կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նմանատիպ գործողություններ կատարելու համար»,- նշվել է զեկույցում։ Այնուհետև ասվում է․«Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերն առաջընթաց են ունենում, դա բարելավում է նրանց մարտավարական դիրքերը, նույնիսկ, եթե տարածքային այդ առաջխաղացումը մի քանի մետր է։ Այդ մանյովրները նաև մեծացնում են Ադրեջանի կառավարության բանակցային հնարավորությունները»։ «Ստրատֆորի» վերլուծաբանները նշել են, որ այդ ռազմավարությունը Ադրբեջանին թույլ է տալիս շարունակել ամրապնդել իր դիրքերն ու նպատակներին հասնելու քայլերը՝ առանց միջազգային հանրության կողմից դատապարտվելու, հավանական է՝ նաև պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերի։ Ըստ վերլուծաբանների չնայած Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում արտաքին ուժերի միջնորդությամբ հասնելու գործընթացների և հարաբերությունների բարելավման Երևանը հազիվ թե կարողանա ձեռք բերել մի այնպիսի արտաքին գործընկերություն, որը լրջորեն կխանգարի Ադրբեջանին հասնելու իր նպատակներին։

2020 թվականի խայտառակ պարտությունից և դրանից հետո չդադարող Ադրբեջանի նվաճողական քաղաքականության պայմաններում Հայաստանի իշխանությունների ոչինչ չեն ձեռնարկում բանակի հզորացման, սահմանների ամրապնդման ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ստախոսությունը աննախադեպ ռազմական ծախսերի, ռամական տեխնիկայի ձեռքբերումների մասին, բայց ակնառու փաստ է, որ հայկական ռազմական ուժը, մեղմ ասած, գտնվում է հակառակորդի նկատմամբ միանգամայն անպատրաստ վիճակում։ Ասվածի ապացույցը այն նահանջներն ու կորուստներն են, որ մենք ունեցել ենք 2020 թվականից այս կողմ՝ ինչի մասին խոսում են նաև «Ստարտֆորի» վերլուծաբանները։ Իր անվերջանալի հռետորաբանության ընթացքում երկրի վայ ղեկավարը մեղադրում է բոլորին, (նախկին իշխանություններից սկսած մինչև ներկա ընդդիմություն, զինվորականություն, անվտանգության համակարգ, մինչև Ռուսաստան և այլն) իսկ ինքը և երկրի մյուս բարձրագույն պաշտոնյաները խոսում են Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու հարցում միմիայն արտաքին ուժերի միջամտության, նրանց կողմից Հայաստանի սահմանները պաշտպանելու մասին և երբեք չի ասվում, թե մենք կուժեղացնենք մեր բանակը և կկարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Այնինչ աշխարհում այդպիսի բան չի եղել և չի լինի, երբ որևէ երկրի իշխանություն երկրի անվտանգությունն ապահովելու իր թիվ մեկ պարտականությունը չկատարի և ուրիշները գան կռվեն նրա փոխարեն։ Ի դեպ այստեղ նաև բնականորեն խնդիր է ծագում, թե անկախ անցած ընտրությունների արդյունքներից կարելի է՞ իր անմիջական և գլխավոր պարտականությունը չիրականացնող և այդ պարտականության կատարումը արտաքին ուժերից հայցող իշխանությանը համարել լեգիտիմ։ Իսկ եթե նման իշխանությունը համարվի լեգիտիմ, այդ պարագայում հարց է դառնում, թե որքանով կարելի է տվյալ երկիրը համարել ինքնիշխան։ Այս ամոթալի ու խայտառակ քաղաքականության վկայություններից է սույն թվականի մարտի 13-ին անցկացրած մամուլի ասուլիսում (մարտ ամսվա «Առաջնորդողում» խոստացել էինք անդրադառնալ այս ասուլիսի և դրան նախորդող գերմանահայերի հետ հանդիպման ժամանակ վարչապետի հնչեցրած արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրներին) Փաշինյանը մի քանի անգամ կրկնում է թե Հայաստանում որևէ ծրագիր իրականացնելու համար ֆինանսական խնդիր չկա և միևնույն ժամանակ ասում է, թե․«Առաջնագծի կահավորման հետ կապված կան պրոբլեմներ, բայց դրանք ֆինանսական չեն, էդ պրոբլեմները կազմակերպչական են, էդ պրոբլեմները ինժեներական են․․․»
և այդպես շարունակ։ Այսինքն այն վիճակը, երբ սահմանների անպաշտպան լինելու պատճառով թշնամին խախտելով մեր պետության սահմանները, սպանելով մեր զինվորներին գրավում և սեփականում է Հայաստանի տարածքը, ըստ երկրի ղեկավարի կազմակերպչական հարցերի հետ է կապված։ Այստեղ էլ բնականորեն ծնվում է այն հարցը, որ երկրի պաշտպանությանն ուղղված տարրական միջոցառումների չիրականացումը ինչպես պետք է բացատրել՝ անկարողությամբ, թե ինչ-ինչ պատճառներով այդ խնդիրների լուծումից հրաժարվելով։ Նույնն, ի դեպ, վերաբերում է նաև պարտությունից հետո զանազան պատճառաբանություններով բանակը չվերազինելու իրողությանը։ Պատերազմի հետևանքով, ինչպես և առանց պատերազմի, հայկական տարածքների մեկ քառորդը զիջելուց հետո Հայաստանի ղեկավարը Արցախի իշխանություններին մղում է բանակցելու Ադրբեջանի հետ, հրաշալի իմանալով, որ նման բանակցություններում Արցախը ինքնուրույն չի կարող ինքնիշխանության հարց պաշտպանել։ Փաշինյան ըստ էության հանձնում է Արցախը՝ բանակցությունների արդյունքում ամրագրված Արցախի կարգավիճակի հարցից հրաժարվելով և, ի զարմանս նաև արտաքին ուժերի, միջազգային հարթակներում քննարկման հարց դարձնելով արցախցիների անվտանգության և հումանիտար բնույթի այլ խնդիրները՝ բնականաբար ադրբեջանական գերիշխանության ներքո։ Իհարկե երեսուն տարուց ավելի անկախ ապրած Արցախի հիմնահարցն այս մակարդակի իջեցնելը նշանակում է առհասարակ թաղել այն քանի որ անգամ Փաշինյանի համար ակնհայտ է նման պարագայում Արցախի հայաթափման, եթե ոչ ցեղասպանության՝ հեռանկարը։

Վերջին օրերին Փաշինյանը նաև հայտարարում է, թե «Մենք պատրաստ ենք ՀՀ-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»։ Այսինքն սա էլ նշանակում է, որ վայ ղեկավարը պատրաստակամ է հանձնելու բոլոր անկլավները և իհարկե ոչ մի բառ չկա, թե այդ ամենի դիմաց հայկական կողմը պետք է ստանա ինչ որ բան։

Նիկոլ Փաշինյանը հաճախ ասում է, թե Ադրբեջանը չի պահպանում պայմանավորվածությունները, խաղաղություն չի ուզում, որ ինքը չգիտի թե մինչև ինչքան է Ադրբեջանի ուզածը։ Նաև բոլորից լավ հենց նա գիտի, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականին կնքած հայտարարության բոլոր կետերը։ Սրանով հանդերձ Փաշինյանը ցանկանում է հավատացնել հայ ժողովրդին, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում բոլոր խնդիրները վերջնականապես կլուծվեն։ Ի դեպ մի՞թե 20 թվականի հայտարարությունը խաղաղություն հաստատելու համար Չէ՞ր։ Փաշիյանը հրաշալի գիտի, որ Ադրբեջանը ցանկացածը ստանալուց հետո շարունակելու է առաջ գալ, ամեն օր Հայաստանի ագրեսիվ գործողությունների մասին նոր սուտ հորինելով, բայց քանի որ Հայաստանի ղեկավարի հիմնական խնդիր իր աթոռը պահպանելն է և դրա դիմաց նա պատրաստ է երկրի տարածքների անվերջ զիջումների ով չի ցանկանա օգտվել պատմական այդպիսի հնարավորությունից։ Փաշինյանը քայլ-քայլ հրաժարվում է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությունից, ինչը նշանակում է, որ ոչ հեռավոր ապագայում Հայաստան-Թուրքիա սահմանները դառնալու են անպաշտպան կամ դրանք կհսկեն խորհրդանշական թվով հայ զինվորներ։ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից Հայաստանի հրաժարվելու անհրաժեշտության մասին այսօր բացահայտորեն խոսում են Արևմտյան դիվանագետները միաժամանակ բացառելով, թե իրենց որևէ մեկ զինվորը կգա Հայաստանը պաշտպանելու։ Փաշինյանին հուզողն իհարկե ոչ թե Հայաստանի, այլ իր պաշտպանության հարցն է։ Կատարելով Արևմուտքի թելադրանքը նա կստանա վերջինիս լոյալ վերաբերմունքը ներքին բիրտ ու անօրինական քաղաքականության իրականացման հարցում։ Աշխարհի անտարբեր աչքի առջև ներքին ճնշումներով պաշտպանելով աթոռը, Անդրկովկասից դուրս մղելով Փաշինյան-Ալիև-Էրդողան դաշինքին խանգարող Ռուսաստանին Հայաստանի ղեկավարը կկարողանա երկարաձգել իր իշխանությունը վերածվելով թուրք-ադրբեջանական դաշինքին վաճառված Հայաստանի մարզպանի։ Եւ սա ոչ չափազանցություն է ոչ հերյուրանք, այլ մի ծրագիր, որը հենց այժմ իրականացվում է։

Պատահական չէ, որ 2023 թվականի մարտի 3-ին Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասում է․«Իմ կարծիքով հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանի պետությանը սպառնում ա»։ 2022 թ․ հեռուստատեսային մի հարցազրույցի ժամանակ Փաշինյանն ասում էր, թե դրսում կասկածում են արդյո՞ք Հայաստանի պես երկիրը կարող է անկախ պետություն լինել։ 2023 թվականի ապրիլին, արդեն Հայաստանի խորհրդարանում, Փաշինյանն ասում է․«Ոգևորված 2020 թվականին տարած հաղթանակով Ալիևը ցանկանում է Հայաստանից տարածքներ գրավել որքան կարելի է շատ, իսկ եթե հնարավոր լինի նաև ամբողջը»։ Կարելի՞ է պատկերացնել, որևէ այլ երկիր, որի ղեկավարը նման արտահայտություններ է թույլ տալիս իրեն և այն էլ ոչ թե համազգային համախմբում առաջ բերելու, պետության պաշտպանության համար ամենաարտակարգ միջոցառումներին ձեռնամուխ լինելու համար, այլ որպես ի գիտություն։ Այլ խոսքով՝ հայ ժողովուրդ իմացիր, որ այսպիսի բան էլ կարող է պատահել։
Ազգային մեծ ողբերգության ամսին հայոց պետականության և հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ իրականացվող անհավասարակշիռ ու արկածախնդրական խաղերը հուշում են, որ նման նոր ողբերգությունը մեզնից հեռու չէ և ոչ թե կործանումն է գալիս, այլ մենք ենք գնում նրան ընդառաջ։ Խաղաղության այսօրվա միակողմանի ձգտումները հայության տարբեր շրջանակների երազանքն են եղել 1915 թվականին, պետության ղեկին տիրացած բոլշևիկների համար 1920-21 թվականներին, ինչպես և 100 տարի անց ՀՀՇականների համար։ Բոլոր այս ուժերի, բարի ցանկություններին և զիջումներին թուրքական կողմերը պատասխանել են, նոր ջարդերով, թալանով ու զավթողականությամբ։

Հիշենք, թե ինչ էր ասել Վեհիբ փաշան հայ պատվիրակներին 1918 թվականին տեղի ունեցած Բաթումիի բանակցությունների ժամանակ. «Դուք կը տեսնէք, որ ճակատագիրը կը քաշէ Թուրքիան արեւմուտքէն արեւելք: Մենք հեռացանք Պալքաններէն, կը հեռանանք նաեւ Ափրիկէէն, բայց մենք պէտք է տարածուինք դէպի արեւելք, հոն է մեր արիւնը, մեր կրօնքը ու մեր լեզուն: Եւ ասիկա տարերային ձգողութիւն ունի, մեր եղբայրները Պաքու, Տաղստան, Թուրքիստան եւ Ատրպէյճան են: Մենք պէտք է ճամբայ ունենանք դէպի հոն: Եւ դուք` հայերդ, կանգնած էք մեր այդ ճամբուն վրայ: Պահանջելով Վանը` դուք կը փակէք մեր ճամբան դէպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը` դուք արգելք կը դառնաք մեզի իջնելու Քուրի հովիտը եւ երթալու Պաքու: Կարսն ու Ախալքալաքը կը փակեն մեր ճամբան դէպի Ղազախ ու Գանձակ: Դուք պէտք է մէկ կողմ քաշուիք եւ մեզի ճամբայ տաք: Ահա թէ ո՛ւր է մեր հիմնական վէճը: Մեզի պէտք են երկու լայն ճամբաներ, որոնք հնարաւորութիւն տան մեր բանակներուն առաջ շարժելու եւ պաշտպանուելու: Մէկ ճամբան` Կարս-Ախալքալաք-Բորչալու-Ղազախն է, որ կը տանի դէպի Գանձակ, միւսը կ’երթայ Շարուր-Նախիջեւան Զանգեզուրով Կուրի հովիտը: Դուք կարող էք մնալ անոնց մէջտեղը, այսինքն` Նոր-Պայազիտի (այժմ` Կամօ) եւ Էջմիածնի շուրջը»:

Չգիտի՞ չի՞ ենթադրում Փաշինյանը, որ բոլորովին տարբեր են մեր և թուրքական երկու պետությունների պատկերացումները խաղաղության մասին։ Վստահ եմ, որ դրանք իր և իր թիմակիցների համար ակնառու են դառնում հայ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ։ Ակնառու է, որ Զանգեզուրի Թուրանական միջանցքով Ադրբեջանից ավելի շահագրգռված է Թուրքիան, որը որոշ պահից սկսած հրաժարվեց այդ հարցը հրապարակայնորեն արծարծելուց, որպեսզի չցուցադրի ի շահ պանթուրքիստական ծրագրերի ինքնիշխան երկրի տարածքի նկատմամբ անօրինական հավակնությունները։ Կասկած չկա, սակայն, որ այս և ուրիշ հարցեր թուրքերը բանակցությունների սեղան են բերում Հայաստանի պարտվողական իշխանության ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումների ժամանակ։

Եթե ՀՀՇ-ի ժամանակներում դեռ կարելի էր տեսական վեճի հարց դարձնել փոխվել է Թուրքիան, իր ցեղասպանական հավակնություններով հանդերձ, ապա արդյո՞ք պատասխանը ակնհայտ չդարձավ 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ակնհայտ չէր՞, արդյոք Թուրքիայի առանցքային դերակատարությունը արցախահայության նկատմամբ ցեղասպանական պատերազմի ծրագրման, ղեկավարման, հակառակորդ ուժի, ռազմական տեխնիկայի ապահովման, հարցերում և անգամ վերջինիս սահմանափակ զորամիավորումների մասնակցությունը ռազմական գործողություններին։ Ակնհայտ չէ՞, որ ողջ այս ընթացքում տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հարցում Ադրբեջանի թիկունքում հենց Թուրքիան է գործում։ Մի՞թե ակնհայտ չէ՞ նաև, որ բոլոր հարևանների հետ, ինչպես և Միջին Ասիայում, Աֆրիկայում Բալկաններում, և հենց Ռուսաստանի դեմ վերջին տասնամյակներին Թուրքիան վարում է խիստ ագրեսիվ, իրենց իսկ բնորոշմամբ նեօօսմանական քաղաքականություն։ Հայտնի խոսք է, որ խելոքը սովորում է ուրիշների, իսկ անխելքը սեփական սխալների վրա։ Իսկ ինչ ասել նրանց ովքեր սեփական ողբերգությունից անգամ դասեր չեն առնում։ Խոսքը Նիկոլի և նիկոլականների մասին չէ, նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են անում։ Խոսքը այս իշխանությանն այսօր հենարան ծառայող հայերի մասին է։ Եթե նրանք կարծում են, թե պետությունը, հողը, կինը, պատիվն ու ինչքը զիջելով ֆիզիկական ապահովություն կստանան թուրքից չարաչար սխալվում են։ Թող դարձյալ հայացք նետեն այսօրվա, երեկվա ու հարյուր տարի առաջվա իրադարձությունների վրա։ Դժբախտաբար պատմությունը կրկնվում է։

Հ․Գ․

2023 թ․ ապրիլի 18-ին, կառավարության հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ արտաքին խնդիրներին և հայտարարեց, որ եթե արտաքին ուժերը երաշխավորեն Հայաստանի համար խորհրդային ժամանակի սահմանները, ինքը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Հայաստանի ղեկավարի ուղերձը ճիշտ ընկալեց Ալիևը և նույն օրը հայտարարեց, թե Փաշինյանը պետք է ավելի հստակորեն հայտարարի, որ Ղարաբաղի հետ կապված Հայաստանը որևէ պահանջ չունի։ Մեկ օր լռելուց հետո, Ռուսաստանից հնչեց, այսպես ասած, ոչ պաշտոնական արձագանքը։ Օգտագործելով լրագրողների հետ շփվելու առիթը Ռուսաստանի նախագահի օգնական Դմիտրի Պեսկովը ասաց հետևյալը․ «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները (ղարաբաղյան խնդրի և հայ – ադրբեջանական հարաբերությունների) կարգավորման միակ իրական և իրատեսական հիմքն են», «Կարծում ենք, որ այդ բոլոր պայմանավորվածությունների կյանքի կոչումը այլընտրանք չունի և անհրաժեշտ է բոլոր կողմերին», «Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլը, որ ի վիճակի է նպաստել լարվածության թուլացմանն ու ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնագրերի կատարմանը»։

Եթե ասվածը վերծանենք ոչ դիվանագիտական լեզվով, ապա պարզ է դառնում, որ Ռուսաստանը զգուշացնում է, որ իրեն շրջանցելով երկկողմ կամ որևէ այլ ձևաչափով Անդրկովկասի քաղաքական պատկերը փոխելու փորձերը անիմաստ են։ Որ նման պայմանավորվածությունները չեն կարող լինել վերջնական և լուծել առկա խնդիրները։

Մենք գոնե սրանից պետք է անենք այն հետևությունը, որ Արցախից հրաժարվելու, Հայաստանի ինքնիշխանությունը վտանգելու հաշվին Ռուսաստանին լծակներից զրկելու և Անդրկովկասից դուրս մղելու թուրքարևմտյան ծրագրի իրականացումը, որի համար իշխանության է բերվել փաշինյանական գործակալական ցանցը, դատապարտված է ձախողման։ Մեր խնդիրը իհարկե ռուսները չեն և ոչ էլ Անդրկովկասի համար գերուժերի մրցակցությունը, որը վստահաբար թեժանալու է այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարցերը կլուծի Ուկրաինական ճակատում։ Մեր խնդիրը Հայաստանի և Արցախի փրկությունն ու հետագա հզորացումն են, ինչը հնարավոր է միայն ազգային շահերով առաջնորդվող իշխանությունների ձևավորան դեպքում։ Այն իշխանության, որը առաջնահերթ կհամարի տարածաշրջանում հայկական գործոնի վերականգնումն ու հզորացումը և, Քրիստափոր Միքայելյանի բանաձևի համաձայն, օտարների շահի մեջ կտեսնի ու կհետապնդի հայոց շահը։ Անդրկովկասը նոր պատերազմական օջախի վերածելու փորձերը մեզ համար չեն։ Նոր ապրիլի 24 մենք մեր գլխին բերել չենք կարող՝ այս մեկը, եթե լինի, կլինի մեր վերջին փորձությունը։ Հետևաբար մեր պայքարը ևս այլընտրանք չունի։
________________________________

Հղումներ

1- Ալ.Խատիսեան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, Պէյրութ, բ. տպագրութիւն
1968 թ. էջ 86

«Դրօշակ» թիվ 4 , 2023