կարևոր
2554 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-25 15:22
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակի գաղափարից են ծնվում նոր հաղթանակները

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակի գաղափարից են ծնվում նոր հաղթանակները

Մայիսը հայ ժողովուրդը միշտ ընկալել է որպես հաղթանակների ամիս։ Հայոց պետականության հիմնադրման օրը համարվող 1918 թ․ մայիսի 28-ը Հայաստանի վերանկախացումից հետո ներառվեց տոնացույցում՝ որպես Հանրապետության օր, իսկ մայիսյան այդ տոնին գումարվեցին Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրերը։ Դժբախտաբար, վերջին տարիներին հայոց երկու պետականությունների հետ տեղի ունեցած մեծ ողբերգությունները, քաղաքական ու բարոյական անկումները ստվերեցին և անգամ կասկածի տակ դրեցին այս տոների արժեքը, նախորդող երեք տասնամյակների մեր ձեռքբերումները, հերոսացումները, սերունդների 35-ամյա պայքարը, փայփայած իդեալներն ու ապրած կյանքը։

Հաղթած, հպարտ, ամուր ժողովրդի տարածքային, քաղաքական, ռազմական, բարոյական բոլոր գահավիժումները տեղի ունեցան քաղաքական մի խմբի կառավարման տարիներին, որն անմիջականորեն իր ունեցած բոլոր ձախողությունների մեղքը փորձում է բարդել նախորդների վրա։ Անկախ նրանից, թե ինչ չափի են նախորդների զանցանքներն ու հանցանքները, արդյո՞ք դրանք կասկածի ու վերանայման հիմք են այն կոնկրետ, փաստական իրողությունների, որոնք տեղի են ունեցել ներկա կառավարողների անմիջական ղեկավարման ներքո։ Ժողովրդի պառակտումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության քայքայումը, պետական-քաղաքական գործընթացներից քաղաքական ուժերի դուրս մղումը, հաղթանակներ կերտած զինվորական ղեկավարության մեկուսացումն ու հալածանքները, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վատթարացումը, բանակի վերազինման գործի ձախողումը, որպես թշնամուն ուղղված ուղերձ հնչող քաղաքական անհիմն ու գրգռիչ հայտարարությունները և այդ ամենին հետևած պատերազմական գործողությունների անտաղանդ ու անկազմակերպ ղեկավարումը, ընդհանուր զորահավաքի, ինչպես և բարեկամ երկրների օգնության առաջարկների մերժումը, զինադադարի առաջարկի անտեսումը թշնամական կոալիցիայի ակնհայտ հաջողությունների պայմաններում ռազմաքաղաքական խոշոր պարտության պատճառներն էին։ Ի՞նչ կապ ունեին այս ամենի հետ նախկինները, որոնց վատ կառավարման տարիներին մենք միայն հաղթանակներ էինք տարել։ Զինվորական ծառայությունից խուսափած, բայց պաշտպանական համակարգի բարձրագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը դասալիքների իր թիմի գլուխ անցած՝ պատերազմի սկզբում հոխորտում էր, թե՝ կասկածող կա՞ գերագույն գլխավոր հրամանատար լինելու կարողություններիս, և մինչև պատերազմի վերջին օրերը ժողովրդին կեղծ տեղեկատվություն էր մատուցում թվացյալ հաղթանակի մասին, իսկ պարտությունից և կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո սկսեց ճվճվալ, թե նախկինները վաղուց հանձնել էին այն, ինչի համար ինքը ստորագրել է։

Այս ամենը, սակայն, կարելի էր համարել անփորձության, չհիմնավորված ինքնավստահության և այլ «փոքր» մեղքերի հետևանք, եթե ակնհայտ չլինեին Արցախի, Հայաստանի, ազգային պատմության, մշակույթի և արժեքների նկատմամբ այն պատկերացումն ու հետևողական վերաբերմունքը, որոնք դրսևորվել են իշխանության գալու առաջին օրերից։ Գործընթացը հասել է այնտեղ, որ արմատական վերանայման են ենթարկվում գիտակրթական չափորոշիչները, երբ այլևս առանց ենթատեքստերի քննարկման առարկա են դառնում Հայոց ցեղասպանություն բնորոշումը, Արարատ լեռան, Կոմիտասի և ազգային ինքնությունը պայմանավորող հիմնարար այլ արժեքների ու հասկացությունների նշանակությունը։ Եթե անդրադառնանք, թե քաղաքական-հասարակական ինչ միջավայրերից է սերվել և ներկայում ինչպիսի քաղաքական հակումներ է դրսևորում երիտասարդ իշխանության այս թիմը, պարզորոշ է դառնում նաև արտաքին թելադրանքով իրականացվող այն ծրագիրը, որը պետականորեն իրագործվում է Հայաստանում և Արցախի նկատմամբ։

Եվ այս ամենը տեղի է ունենում պատմական այնպիսի ժամանակահատվածում, երբ աշխարհը կրկին աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական բուռն բախումների և գլոբալ փոփոխությունների հողմապտույտների մեջ է։ Ճակատագրական ժամանակահատվածը կրկնության պես զուգահեռվում է հարյուր տարի առաջ տեղի ունեցող իրողությունների հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի, Ռուսաստանում փոթորկվող քաղաքացիական պատերազմի շրջանում հայությունը հայտնվել էր հակամարտող կողմերի և շահերի խաչաձևման էպիկենտրոնում, և չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ գտնվում էր աշխարհաքաղաքական բախման գոտու վրա։ Դեռևս 1915 թ․ մայիսին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հեռագրեցին թուրք սուլթանին՝ հայտարարելով, որ այն, ինչ իրականացվում է հայ ժողովրդի նկատմամբ, հանցագործություն է մարդկության և քաղաքակրթության դեմ։ Սրանով հանդերձ, բոլորի կրավորական հայացքի առջև վերացվեց արևմտահայությունն ու վերջնականորեն սեփականվեց նրա բնօրրանը։ 1918 թվականի գարնանը ցեղասպանը արդեն Արարատյան դաշտում էր և սպառնում էր արևելահայությանը ենթարկելու նույն ճակատագրին։ Քաղաքական և հատկապես ռազմական ղեկավարությունը չէր հավատում ճակատ տալու հեռանկարին և առաջարկում էր նահանջել դեպի լեռնային բարձունքներ և անցնել ֆիդայական-պարտիզանական պայքարի տակտիկայի։

Սակայն կար Ազգային կենտրոնական խորհրդի կողմից նշանակված այդ ժամանակաշրջանի համար թերևս ամենաճիշտ անձը, որն առարկեց բոլորին՝ փաստարկելով, որ այդ դեպքում կկրկնվի արևմտահայության հետ տեղի ունեցածը։ Իր երկաթյա կամքը հակադրելով նահանջի գաղափարին՝ Արամ Մանուկյանը վճռահատեց՝ ասելով, որ պետք է մնալ և կռվել հենց այդտեղ, հաղթել կամ մեռնել առանց երկընտրանքի մասին մտածելու․ «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ, եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Այս էր Արամի հիմնավորումը։ Իսկ մինչ վճռական ճակատամարտերը գործակցելով Դրոյի հետ՝ Արամին հաջողվել էր վերականգնել ռուսների հեռանալուց հետո փլուզված վարչական համակարգը, զսպել դրսից թելադրված ներքին թշնամու խժդժությունները, միավորել ժողովրդի բոլոր կարող տարրերին և որ ամենագլխավորն է, պարտված, գաղթական, հուսահատ զանգվածներին ներշնչել հավատ և պայքարի վճռականություն։ Կարելի է պնդել, որ եթե չլիներ Արամի գաղափարակից ու գործակից ազգային ռազմաքաղաքական ընտրախավը, հնարավոր չէր լինի Հայաստանի անկախացումն ու պետականության վերականգնումը։ Այդ ընտրախավը ոչ թե նշված մի քանի ամիսներին, այլ երեք տասնամյակ ճիգ գործադրեց՝ սպանելու հայ ժողովրդի միջի ստրուկին, ներշնչելու նրան արժանապատվություն, նախնյաց ըմբոստ ոգին և պայքարի կամքը։ Ահա, թե ինչ է գրում Նիկոլ Աղբալյանը այս ամենի մասին՝ ասելիքը կենտրոնացնելով մայիսի 28-ի խորհրդանշական օրվա վրա․ «Ո՞րն է իմաստը մայիս 28-ի: Այդ թուականին բովանդակ հայ ազգը, որ ստրուկ էր թուրքին և հպատակ՝ ռուսին, կը դառնար ազատ ու անկախ հայրենիքի տէր ու քաղաքացի: Այն ժողովուրդը, որ սովոր էր միայն իր վիզը երկարել թշնամիին և կինը զիջիլ ուրիշին, մայիս 28-ին ինքզինք կը հռչակէր ազատ ու անկախ. Ան իր ազատութեան համար կռուեցաւ ձմրան ցուրտին, բոպիկ և մերկ, քաղցած ու արիւնաքամ վիճակի մէջ: Արևելեան և արևմտեան հայութիւնը՝ միացած Դաշնակցութեան դրօշին տակ, հասած էր ինքնագիտակցութեան՝ իբրև մէկ մարդ»։

Իսկ փորձեք պատկերացնել, որ նման ժամանակահատվածում հայ ժողովրդին առաջնորդեր ներկայիս իշխանության նման քաղաքական մի թիմ։ Երևի «կպարզվեր», որ որ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովուրդը իրավունքներ չունի, որովհետև դարեր շարունակ այնտեղ իշխել են օտարները։ Կեզրակացվեր երևի, որ պայքարն անիմաստ է, որովհետև հնարավոր չէ հաղթել բազմապատիկ ուժեղ թշնամուն։ Եվ ուրեմն ի՞նչ։ Եվ ուրեմն պետք է հարմարվել և խոնարհությունը փաստելով՝ ապրել թուրքի շուքի տակ։ Սա չափազանցություն չէ Նիկոլ Փաշինյանը, սրան է տանում Հայաստանը։

Փաշինյանը հայ ժողովրդի մի հատվածին վերածեց վախկոտ ու անարժանապատիվ ստրուկի։ Փաշինյանն իր հենարանը դարձրեց ազգակցին թուրքից ավելի ատող կուրացած ամբոխի՝ ներշնչելով, թե այդ ամբոխն է երկիրը ղեկավարում և որոշում սեփական ճակատագիրը (հիշենք երեք միլիոն վարչապետերի մասին հեքիաթը)։ Եվ դժբախտաբար, այս ամբոխին դեռևս մաս կազմող փոքրամասնությունը հարց չի տալիս իր կուռքին, թե ինչո՞ւ է Արցախի ճակատագիրը որոշվում ոչ թե հրապարակում, այլ բանակցությունների փակ դռների ետևում, ինչո՞ւ են ամենաժողովրդական կառավարության նիստերի հիմնական օրակարգերը քննվում փակ ռեժիմով, ինչո՞ւ «ազնիվ» ՔՊ-ականների օրինական ու ոչ բացահայտ եկամուտներն աճում են սրընթաց ձևով, իսկ աղքատության ցուցանիշն ու աղքատների քանակը շարունակում են աճել, և ում համար են տնտեսական աճի տոկոսները, եթե այդ թվերը ոչ մի աղերս չունեն ժողովրդի կենսամակարդակի հետ։ Ինչպե՞ս է, որ երկիրը ղեկավարող անձը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այնքան ավելի է մեծանում պատերազմի վտանգը, և եթե մեծ պատերազմը չի վերսկսվում, պատճառն այն է, որ առանց դրա էլ թուրքերը Հայաաստանը գրավում են մետր առ մետր։ Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը տեղին ու անտեղի փիլիսոփայում է այն մասին, որ արցախցիներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը՝ բանակցելով ադրբեջանցիների հետ։ Այդ դեպքում Ադրբեջանի ամբողջականությունը 86,6․000 ք/կմ տարածքի վրա ճանաչելը, եթե չի նշանակում, որ Հայաստանի ղեկավարը Արցախը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ է նշանակում։ Ինչպես հասկանալ ձեռք բերված պայմանավորվածությունները, եթե դրանց ձեռքբերումից առաջ ու հետո Ադրբեջանը շարունակում է հարձակվել և ռմբակոծել հայկական տարածքները, իսկ Հայաստանի ղեկավարությունը ձայն չի հանում, հարցականի տակ չի դնում պայմանավորվածությունների հուսալիությունը։ Ավելին, հետևողականորեն շարունակվող այս սցենարը ավելի ու ավելի է հիմնավորում կասկածը, որ Փաշինյանն ու Ալիևը գործում են համաձայնեցված ձևով։ Ալիևի ձեռնարկած ռազմական բնույթի ուղղակի և անուղղակի գործողություններից հետո (ռազմական առաջխաղացումներ, շրջափակումներ, անցակետերի տեղադրում) Նիկոլ Փաշինյանը «ստիպված է լինում» տարածքներ, ճանապարհներ ու դիրքեր զիջել, որպեսզի հայկական կողմը շատ զոհ չտա։ Եվ այն, ինչ այս օրերին է տեղի ունենում, իրավունք չի՞ տալիս արդյոք մտածելու, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ալիևին հանձնել նաև Սոթքի վերջին հանքավայրը։

Ի՞նչ կարելի է սպասել մի մարդուց, որն իր գրություններում հակակրանք է արտահայտել հայոց նախնիների հանդեպ, Արցախը համարել է ադրբեջանապատկան, Զանգեզուրով Թուրքիային միջանցք չտրամադրելու հայ ժողովրդի համառությունը բնորոշել է որպես «չուզողություն»։ Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած խմբակը չեն հավատում հայ ժողովրդի ուժին ու իդեալներին, երբեք կողմնակիցը չեն եղել Արցախի անկախությանը և ցավ չեն զգում նորանոր տարածքների հաշվին Հայաստանի ռազմավարական զիջումների համար։ Այս ուժը չի հավատում, որ Հայաստանն ու հայությունը ունակ են իրենց պաշտպանելու և այդ պաշտպանությունը փնտրում են դրսում։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն իրականացնում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու արևմտաթուրքական ծրագիրը և դրա դիմաց արևմուտքից աղերսում է պաշտպանություն, որպեսզի մնա իշխանության ղեկին։ Այս մասին է վկայում նաև Ռեյկյավիկում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում սույն թվականի մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի արտասանած խոսքը ժողովրդավարության մասին, որում անդրադարձ չկա Արցախի իրավունքների, հայության անվտանգության վերաբերյալ։ Փաշինյանը հավաստիացնում է, որ ինքը Արևմուտքի ժողովրդավարության արժեհամակարգի դրոշակակիրն է՝ ակնկալելով Արևմուտքից հովանավորություն իր իշխանության նկատմամբ։

Այս մեկը, թերևս, Զելենսկուց սովորած դաս է․ վերջինս էլ Արևմուտքին ներկայանում է որպես ռուսական ագրեսիայից աշխարհը պաշտպանող առաքյալ և համապատասխան գին է պահանջում դրա դիմաց։
Օտարին ապավինած և վերջինիս ծրագրերի իրականացման համար Արցախը հանձնող ու Հայաստանը բզկտման տանող Փաշինյանը ևս մեկ անգամ կոպտորեն ոտնահարեց Հայաստանի օրենսդրությունը, խորհրդարանի ու կառավարության մի շարք որոշումները՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Մեր այս գրության մեջ զուգահեռ տարվեց երկու իշխանությունների միջև, որոնցից մեկը ապավինեց հայության ուժին ու իդեալներին և անձև քաոսից կարողացավ անկախ պետություն կերտել։ Մյուսը պետությունը փորձադաշտ դարձրեց օտար շահերի համար, հավատաց ու հենվեց ոչ թե սեփական ժողովրդի ուժի, այլ օտարի սին խոստումների վրա և կործանման տարավ Արցախը ու շարունակում է ինքնիշխանության կորստի տանել Հայաստանը։ Հասկանալով իր կատարած հանցագործությունների ահավորությունը՝ այս ղեկավարը սկսում է ավելի ու ավելի վախենալ պատժից և ավելի մեծ չափով է ապավինում ու կախման մեջ ընկնում արտաքին ուժերից։ Վերջիններիս հովանավորության դիմաց էլ նա հատուցում է երկրի հաշվին։

Գրեթե բոլորն են հասկանում, որ փրկության ելքը համազգային բռունցք ձևավորելու և հետևողական պայքար ծավալելու մեջ է։ Պայքարը պետք է ուժգնանա՝ ձնագնդի պես ընթացք առնելով և ոչ թե նախ սպասել, որ այդ ձնագունդը մեծանա, հետո պայքար սկսել։ Պայքարե՞լ, թե լուռ հետևել՝ ինչպես է երկիրը գլորվում անդունդը․ կանգնած ենք այս երկընտրանքի առջև, երկու ճանապարհն էլ անցել ենք, երկուսի արդյունքն ու հետևանքն էլ ճաշակել։ Կկարողանա՞ հայ ժողովուրդը կրկին բռունցքվել, ինչպես Սարդարապատից առաջ։ Հաղթանակի ձգտումից են ծնվում նոր հաղթանակները։

«Դրօշակ» թիվ 5, 2023թ.