կարևոր
1000 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-04 21:24
Քաղաքական

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը համարում է շատ կարևոր և բովանդակալից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

«Շնորհավորել եմ նախագահ Թրամփին և ամբողջ ամերիկյան ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք Ուկրաինայում շնորհակալ ենք ամբողջ այն աջակցության համար, որը թույլ է տալիս մեզ պահպանել մարդկանց կյանքը և մեր անկախությունը»,– նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ քննարկվել է ռուսական օդային հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր ռազմաճակատում տիրող պայմանները։ 

«Նախագահ Թրամփը շատ լավ տեղյակ է. շնորհակալություն Ուկրաինայի նկատմամբ ուշադրության համար»,– գրել է նա։

Կողմերը անդրադարձել են նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացման հնարավորություններին՝ պայմանավորվելով համատեղ աշխատանք իրականացնել և հանդիպում կազմակերպել երկու կողմերի համապատասխան թիմերի միջև։

Զելենսկին հավելել է, որ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությունները, այդ թվում՝ համատեղ արտադրության ծրագրերը ԱՄՆ-ի հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել անօդաչու թռչող սարքերին և համապատասխան տեխնոլոգիաներին։

Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, խոսվել է փոխադարձ գնումների, ներդրումների, դիվանագիտական գործընթացների և այլ երկրների ու գործընկերների հետ համատեղ ջանքերի մասին։

«Անհրաժեշտ է արդար խաղաղության պայմանավորվածություն, և Ուկրաինան աջակցում է ամերիկյան առաջարկներին»,– գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։