Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի՝ որպես պետության գոյատևման համար բախտորոշ նշանակություն ունեցող իշխանափոխության գործընթացը, թվում է, թե հայտնվել է փակուղու առաջ: Ընդդիմադիր շարժումն առաջնորդող ուժերը շարունակում են կրկնել, որ պատրաստվում են իշխանափոխությունն իրականացնելու օրինական պայքարի ճանապարհով, իսկ իշխանության պահպանմամբ արդարադատությունից խուսափող ղեկավարությունը փաստում է, որ չի խորշելու անօրինական ու բռնի միջոցներով ճնշել իրեն գահընկեց անելու փորձերը։ Իրավիճակի հանգուցալուծման հարցում գլխավոր շահառուն` ժողովուրդը, ի դեմս իր մեծամասնության, լուռ և կրավորական պահվածքով հետևում է իրադարձություններին այնպես, կարծես երկրում և նրա շուրջը տեղի ունեցողն իր հետ առնչություն չունի:
Սխալ կլինի մտածելը, թե ժողովրդի նույն մեծամասնությունը չի գիտակցում իր գլխին կախված լրջագույն սպառնալիքների գոյությունը, չի զգում սոցիալ-տնտեսական ծանրացող իրավիճակը, անտարբեր է երկրի դիմագրաված ծանրագույն մարտահրավերների նկատմամբ և չի փափագում արմատական փոփոխությունների, երկրի կորացած մեջքը շտկելու մասին։ Ենթակայական ու մասնավոր հարցերը կարևորելով համարժեք չափով՝ պետք է արձանագրենք, որ ժողովրդի կրավորականության հիմնական պատճառներն են խոր հիասթափությունը հերթական իշխանություններից և անորոշությունն ապագայի հարցում։ Շոշափելիորեն չպատկերացնելով, թե ինչ է սպասվում երկրին հերթական իշխանափոխությունից հետո, պարզ մարդը հանգում է մակերեսային եզրակացության, թե ընթանում է պայքար իշխանության համար, որի առավելությունները տեսանելի չեն, և միաժամանակ մեծ է հավանականությունը, որ վատ կացությունը կարող է փոխարինվել վատթարագույնով, երկրի դիմագրաված մարտահրավերներին կարող են ավելանալ նորերը։ 2021 թ. խորհրդարանական ընտրությունները փաստեցին, որ կրած պարտության և շարունակվող նահանջի տեսանելի իրողությունը ժողովուրդը գերադասեց ընդդիմության առաջարկած լավ ապագայի անորոշ հեռանկարից։ Իհարկե, որպեսզի ընդդիմության խոստացած ապագան հնարավորինս սպառնալից ու մռայլ տեսք ունենա, գործող իշխանությունն իր տոտալ քարոզչությամբ, ինչպես և օտարահպատակ իշխանության պահպանմամբ շահագրգիռ արտաքին ուժերը քիչ ներդրում չեն ունեցել։
Հայրենիքի ողբերգական կորուստների ազդեցության ու համապարփակ ճգնաժամի լաբիրինթոսում հայտնված ժողովուրդը ենթագիտակցորեն հասկանում է, որ Հայաստանն ու Արցախը կարող են գոյատևել միայն համընդհանուր վերափոխության պարագայում։ Կյանքի հասցրած շշմեցնող հարվածներից հետո ողջ մերկությամբ ակնառու դարձավ այն իրողությունը, որ ներկայի ու ապագայի հանդեպ անպատասխանատու, անփույթ ապրված տարիներից հետո հայտնվել ենք ազգային կյանքի համընդհանուր անկման ու ճգնաժամի առաջ։ Ցանկացած բնագավառ՝ սկսած կրթությունից ու գիտությունից մինչև տնտեսություն, քաղաքականություն և մանավանդ ազգային արժեքներ ու իդեալներ, քայքայված է, հասցված պարզունակ մակարդակի, խեղված ու արհամարհված։ Ի վերջո այսօրվա իշխանությունն էլ երկնքից չընկավ, այլ հարազատ պտուղն է մեր անկումների՝ ազգային և բարոյական նահանջների։
Ակնհայտ է, որ կա՛մ Հայաստանն ու հայությունը վերջնականապես խորտակվելու են՝ կորցնելով պետականության հեռանկարը և վերածվելով ժամանակի մեջ անհետացող համայնքի, կա՛մ բոլոր բնագավառների արմատական բարեփոխմամբ հնարավոր կլինի ձևավորել այն ամուր համակարգը, որն ունակ կլինի դիմագրավելու առկա և ավելի խորացող ու բազմապատկվող մարտահրավերներին։
Իսկ ի՞նչ անել, և որտեղի՞ց սկսել ազգային նոր զարթոնքը։ 34 տարի առաջ հայությունը մի օր արթնացավ և պարզեց, որ իր առջև ցցված է կենսական մի հարց, որը մինչ այդ կարծես գոյություն էլ չուներ։ Հասկանալի դարձավ, որ հայության ապագան կախված է Արցախի խնդրի լուծումից։ Պայքարի անհրաժեշտության գիտակցությունը կարճ ժամանակում նպատակի շուրջ ձևավորեց համազգային միասնականություն։ Եվ այժմ՝ երեք տասնամյակի ճանապարհ անցնելուց հետո, հայտնվել ենք նույն կոտրած տաշտակի առաջ, երբ մի շարք առումներով իրավիճակն ավելի տագնապալի է, քան այն ժամանակ։ Կրկին ակնհայտ է, որ Հայաստանի վերջնական անկումը, ինչին փորձում է հասնել ցեղասպան թշնամին, կլինի Արցախի խնդիրը թաղելուց հետո։ Այլ խոսքով՝ բանալին կրկին Արցախում է, և եթե այդ բանալին ընկնի թշնամու ձեռքը, նա կփակի Արցախի դուռը և ապա իր առջև կբացի Հայաստանի դռները՝ որպես միջանցք, որպես անկլավներ, ռազմավարական նշանակության բնակավայրեր և այլ տարածքներ (ըստ էության, այս ծրագիրն արդեն իսկ ընթացքի մեջ է)։ Յուրաքանչյուր նոր ձեռքբերում թշնամուն դուրս կբերի նոր դռների առջև, և դրանցից ներս մտնելու հավակնությունը կվերանա միայն այն ժամանակ, երբ հայությունը կկորցնի իր վերջին միջնաբերդն ու ինքնապաշտպանության հնարավորությունը։ Այս ամենի մասին են վկայում մեր երեքամյա պարտությունն ու նահանջը, որոնցից հետո էլ խաղաղության դիմաց թշնամիները պահանջում են նոր ու կոնկրետ զիջումներ։
2022 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ու Հայաստանի հայությունը ոտքի ելավ՝ կրկին խոսելու Արցախի փրկության, նրա օրինական իրավունքների պաշտպանության մասին։ Մենք դատապարտված ենք ևս մեկ անգամ սկսելու Ղարաբաղյան շարժումը, որի միջոցով և որին զուգահեռ կարող են լուծվել ազգային մյուս կենսական հիմնահարցերը, ինչը որ տեղի ունեցավ 1988 թ. Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Չմոռանանք, որ հենց վերազարթոնքի այդ շարժման ընդերքից ծնվեց Հայաստանի Հանրապետության վերանկախացման և ազգային նոր վերածնության գործընթացը։
Այսօրվա դիմադրական շարժումը կարող է համազգային ընդգրկում ունենալ, եթե հստակորեն ներկայանա իր գաղափարախոսությամբ և նպատակներով, իսկ Նիկոլին հեռացնելու ցանկությունը այդպիսի գաղափար և նպատակ չի կարող լինել։ Նիկոլն ու նիկոլիզմը՝ որպես չարորակ ուռուցք ազգային օրգանիզմում, որպես ավելորդ և անպիտան գոյացություն, կմեռնեն ու դուրս կշպրտվեն, երբ օրգանիզմը սկսի առողջանալ։
Արցախյան շարժումը մեզ դուրս կբերի պարտությունների շրջափուլից և սեղանին կդնի նոր օրակարգ՝ մեր օրակարգը, և մեր օրակարգով Հայաստանը կդառնա իր խոսքն ունեցող և տեսակետը պաշտպանող գործոն։ Երբ 1988 թ. սկսվեց Արցախյան շարժումը, արտաքին ոչ մի ուժ դրա նպատակները չէր ընդունում, որովհետև այն գալիս էր խախտելու հաստատված ստատուս քվոն և հավակնում էր ձևավորելու նոր իրականություն։
Պայքարի միասնական բռունցքի վերածված ազգը հատկապես ռազմական հաջողությունների միջոցով ստեղծեց այդ նոր իրականությունը, որի հետ սկսեցին հաշվի նստել օտարները, և որի շնորհիվ Հայաստան-Արցախը հաստատեց հարաբերական խաղաղություն որոշակի ժամանակահատվածի համար։
Ազգային-պետական կյանքի փորձությունների եզրագծին հայտնված հայության հերթական պոռթկումի համար պակասող խայծը ազգային գաղափարն է՝ նպատակը, այդ նպատակին տանող ճանապարհային քարտեզը և այն առաջնորդները, որոնք դրոշը կվերցնեն ու կառաջնորդեն ժողովրդին։
Կարո՞ղ է դիմադրության ներկայիս շարժումը ստանձնել այդ դերը և որդեգրել նոր օրակարգը։ Գուցե սխալ է «ներկայիս շարժում» ասելը, որովհետև նրանք, ովքեր կգլխավորեն արցախյան նոր շարժումն ու ազգային նոր զարթոնքը, կսկզբնավորեն դիմադրության համահայկական նոր շարժումը։