կարևոր
3250 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 12:45
Հասարակություն

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հույսի ու հուսախաբության միջև

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հույսի ու հուսախաբության միջև

Վերջին շրջանում փաշինյանական ռեժիմը իրականացնում է շեշտված ու բացահայտ հակառուսական քաղաքականություն։ Հիշենք այդ քաղաքականության մի շարք դրսևորումներ. Նիկոլ Փաշինյանը մերժեց ստորագրել Երևանում գումարված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի հռչակագիրը, հայկական կողմը հրաժարվեց մասնակցել Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին, չեղարկեց 2023 թ․ Հայաստանում ՀԱՊԿ միացյալ ուժերի զորավարժությունների անցկացումը, մինչ այդ պաշտոնական Երևանը անցանկալի անձ էր հայտարարել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Զատուլինին` արգելելով նրա մուտքը Հայաստան։ Ի դեպ այն գործչին, որը գրեթե 30 տարի միանշանակորեն պաշտպանել է պրոհայկական և պրոարցախյան տեսակետներ՝ բացահայտորեն հակադրվելով ադրբեջանական դիրքորոշումներին։

Պաշտոնական քայլերի կողքին ակնհայտ է հակառուսական քարոզչությունը, որով լցված են հայկական լրատվամիջոցներն ու համացանցը, նույն իշխանության գիտությամբ և թելադրանքով են տեղի ունենում հակառուսական զանազան ակցիաները ռուսական դեսպանատան կամ Գյումրու ռուսական ռազմաբազայի դեմ և այլն։

Այս ամենին ներկայումս հաճախակի են անդրադառնում ռուսական քաղաքագիտական շրջանակները՝ շեշտելով, որ, 44-օրյա պատերազմը տանուլ տալու, սեփական սահմանները պաշտպանել չկարողանալու մեղքը Ռուսաստանի վրա բարդելով, Հայաստանի իշխանություններին հաջողվել է հակառուսական տրամադրությունները տարածել նաև հայ հասարակության մեջ։ Որքան էլ արտառոց ու անցանկալի է երևույթը, շատ հաճախ Ռուսաստանի ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներն են հանդես գալիս Հայաստանի իշխանավորների այս կամ այն հայտարարության հերքմամբ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը՝ չափազանց վտանգավոր այս արկածախնդրությանը դիմելով։

Սույն թվականի հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ձևաչափով Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հրապարակեց իր կառավարության որդեգրած քաղաքականությունը թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի վերաբերյալ։ Հիշյալ ասուլիսի ժամանակ նա ասաց․ «Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացած և անվտանգ պետություն լինի, մենք պետք է մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք։ Այսինքն՝ մենք նաև կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագրում, ըստ էության, նոր մի դիտակետ ենք ներկայացնում որպես կառավարության գործունեության կարևոր ուղղություն, և մենք այդ ուղղությունը պայմանականորեն անվանում ենք տարածաշրջանացում։ Այսինքն՝ պատմականորեն մենք մեր տարածաշրջանում ավելի շատ մտավախություններ ենք ունեցել, քան հնարավորություններ ենք տեսել, և դա հասկանալի է. մենք գիտենք, բոլորս գիտենք, թե դա ինչու է այդպես դասավորվել, բայց մենք կարծում ենք, որ գուցե նաև ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկյունը»1։ Ասվածի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել քիչ անց ասված միտքը․ «Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք մեր հարաբերությունները՝ հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ»։ «Էս ա խաղաղության բանաձևը, և, իհարկե, միջազգային հանրության էն ռեսուրսները, որոնք կարող են մեզ օգնել էդ հարցում, էդ ռեսուրսներն ու հնարավորությունները պետք ա օգտագործել»,- նշել է Փաշինյանը։ Լրագրողի այն հարցին, թե ճի՞շտ է, որ ՀԱՊԿ-ի վրա հույս չեն դնում, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում են, Փաշինյանը պատասխանում է․ «Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող ա հուսախաբ անել։ Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որովհետև որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան. եթե չես հավատում, ինչի՞ ես անում։ Եթե չենք հավատում, ինչի՞ ենք բանակցում: Փորձը ցույց ա տալիս, որ ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»։ Ահա, դաշնակցից երես թեքելու դեպքում գործում է մի տրամաբանություն, իսկ ցեղասպան թշնամու հետ հարաբերություններ կարգավորելու ցանկության դեպքում՝ մեկ ուրիշը. «….փոխել տարածաշրջանում հարաբերությունների որակը», «….տարածաշրջանում ավելի շատ մտավախություններ ենք ունեցել, քան հնարավորություններ ենք տեսել, բայց գուցե ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկյունը», «․․․.խաղաղություն կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ», իսկ Ադրբեջանի պայմաններով շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու, միաժամանակ Արցախից հրաժարվելու հարցում Արևմուտքի դերակատարության մասին ավելացնում է. «․․․.միջազգային հանրության էն ռեսուրսները, որոնք կարող են մեզ օգնել էդ հարցում, էդ ռեսուրսներն ու հնարավորությունները պետք ա օգտագործել»։ Ավելին՝ նույն հարցազրույցում երկրի ճակատագիրը տնօրինողն ասում է․ «․․․․Ստացվում ա, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև, ընդհակառակը, սպառնալիքներ ա ստեղծում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Եվ մենք էս փաստերից հետևություններ չենք անում, մենք առայժմ արձանագրում ենք էս փաստերը»։ Շատ խորաթափանց պետք չէ լինել հասկանալու համար, որ այստեղ խոսքը ամենևին էլ խաղաղապահների մասին չէ, այլ Գյումրիում տեղակայված ռազմակայանի գոյության անհրաժեշտության, ինչի ուղղությամբ «առայժմ» քայլեր չեն արվում, սակայն չկասկածենք, որ դա նույնպես օրակարգային հարց է։

Ինչ-որ բան չե՞ն հիշեցնում այս մտքերը։ Նույն բանը չէ՞ր խորհուրդ տալիս արդյոք ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը 2018 թ. հոկտեմբերի 24-25-ին, երբ Երևանում էր, այն է՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարցում հրաժարվել պատմական կաղապարներից, հրաժարվել Ռուսաստանի ու Իրանի հետ բարեկամական հարաբերություններից և դեմքով շուռ գալ դեպի Թուրքիա ու Ադրբեջան։ Դրանից երկու տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան պետք է ցեղասպանական պատերազմ սանձազերծեին արցախահայության դեմ, և այսօր էլ հայությանը ոչնչացնելու, նրա կենսական տարածքների նկատմամբ հավակնությունները շարունակվում են, ինչի մասին ասուլիսի ժամանակ անգամ Փաշինյանն է խոստովանում։ Բայց ահա Հայաստանի այլ «ԴՆԹ», այլ «գեն» ունեցող իշխանությունը (նույն Փաշինյանի բնորոշումն է հիշյալ ասուլիսի ժամանակ) ձեռնարկել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոխելու գործընթաց։

Անկախ նրանից՝ ով ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ, արդյոք բոլորի համար պա՞րզ չէ, որ Ռուսաստանն այսօր, իսկ առավել ստույգ՝ Ուկրաինայում իր անխուսափելի հաղթանակից հետո, պահպանելու է Կովկասում գլխավոր հարց լուծողի իր կարգավիճակը։ Իսկ եթե ակնհայտ են Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ հավակնությունները այս և ոչ միայն այս տարածաշրջանում, հայկական կողմի «բարի» ցանկությունները բավարա՞ր են արդյոք, որ տևական խաղաղություն հաստատվի Հայաստանի ու ամեն օր նրա նկատմամբ սադրանքների ու պատերազմի սպառնալիքը պահպանող թշնամիների միջև։

Չհաջողելով պարտվողական պատերազմով ձերբազատվել Ռուսաստանից ունեցած կախվածությունից՝ Փաշինյանն ու իր առաջնորդած ուժը դրանից հետո էլ ամեն կերպ փորձում են իրենց ուսերից ցած նետել այդ պատասխանատվությունը։ Պատահական չեն նրանց խիստ դժգոհ արձագանքները, երբ արցախցիները հայտարարում են անկախության նպատակից չհրաժարվելու և Ադրբեջանի կազմ վերադառնալու հեռանկարը մերժելու մասին։ Նույն այս հանգամանքն է պատճառը, որ 120.000 արցախցիների շրջափակմանն ապազգային իշխանությունն արձագանքում է միայն միջազգային ուժերին հասցեագրված ձևական հայտարարություններով։ Փաստացի Արցախը կրկին ստրկացնելու հարցում ՔՊ-ական իշխանությունը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից։

Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիքի պայմաններում Հայաստանը անհեթեթ մեկնաբանությամբ մերժում է իր թշնամիներին ուղղված զորավարժություններ անցկացնելու ՀԱՊԿ-ի նախազգուշական քայլը, երբ նույն ժամանակ Հայաստանի սահմանների մոտ Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնում են հերթական զորավարժությունները։ Ի դեպ, Հայաստանի իշխանությունները մեր տարածքում զորավարժություններ կազմակերպելու ՀԱՊԿ-ի նախորդ առաջարկը մերժել էին 2020 թվականի պատերազմի նախօրյակին, երբ դարձյալ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ էին անցկացնում, և դրա հետևանքների մասին Հայաստանի դաշնակիցները զգուշացնում էին։ Այս և սույն հոդվածում շարադրվելիք մյուս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են 44-օրյա պատերազմում Հայաստանի իշխանությունների կանխամտածված պարտության փաստը, ինչպես և այդ պարտության մեղքը Հայաստանի նախկին իշխանությունների կամ Ռուսաստանի ուսերին բարդելու անհեթեթությունը։

Ինչո՞ւ հենց նման ճակատագրական պահին, երբ փորձ է արվում շրջափակման մեջ խեղդելու Արցախը, երբ ուկրաինական ճակատում Ռուսաստանի զբաղվածության և հայկական բանակի անպաշտպանունակության պայմաններում Ադրբեջանը և նրա թիկունքից Թուրքիան փորձում են վերջնականապես ծնկի բերել Հայաստանը, Փաշինյանը խաղում է այս վտանգավոր խաղը։ Թերևս պատասխանը կարելի է կռահել վերջին շրջանում արևմտյան երկրների՝ քաղաքական և անվտանգային ոլորտների բարձր պաշտոնյաների հետ հայ պաշտոնյաների հանդիպումների ու փոխայցերի իրողության գնահատմամբ։ Այն պարագայում, երբ ակնհայտ է դառնում ուկրաինական ճակատում Ռուսաստանին ջախջախելու անհնարինությունը, Արևմուտքին ամեն գնով անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի ձևավորումը, թեկուզև նախնական փուլում այն իրականացվի քաղաքական-դիվանագիտական ճնշման ձևով։

Իր հերթին Ռուսաստանը ծայրահեղ զգուշավորությամբ փորձում է խուսափել նոր ճակատի, կամ ճակատների հետ բախման հավանականությունից։

Արցախյան երկարատև շրջափակման աննախադեպ փաստին Արևմուտքի ոչ համարժեք արձագանքն ուղղակիորեն շաղկապվում է կովկասյան տարածաշրջանում իր ներկայացուցիչներ Թուրքիային և Ադրբեջանին հատկացված դերակատարության՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ծրագրի հետ։ Ի դեպ, վերջին շրջանում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համապատասխան պաշտոնյաների միջև՝ երկու երկրների ռազմական համագործակցությանն ուղղված կոնկրետ և շոշափելի խնդիրներ լուծելու նպատակով։ Եվրոպական չինովնիկները, կանգնելով էներգակիրների հայթայթման նոր աղբյուրների և ճանապարհների փնտրտուքի առջև՝ քծնում են Ադրբեջանի բռնապետին, Հայաստանի իշխանությունը երկիրը վերածում է երկու աշխարհակարգերի միջև բախման գոտու։

Անկախ իշխանությունն իհարկե պետք է ձգտեր տարբեր բևեռների միջև հավասարակշռության պահպանման՝ ռազմավարական և մարտավարական քայլերը բխեցնելով ազգային կոնկրետ շահերից, բայց այս իշխանությանն առաջնորդում են ոչ թե ազգային շահերը, այլ տերերի թելադրանքը և ամեն կերպ իշխանությունը պահպանելու պատեհապաշտությունը։

Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ասուլիսի ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս ստանձնում է Ալիևի փաստաբանի դերը և իր պարտքն է համարում ներկայացնել հակառակորդի մեղադրանքներն ու պահանջները հայկական կողմին։ Նա իր հակառակորդների զայրույթը հարուցելու վախից հրաժարվում է դաշնակիցների հետ զորավարժություն անցկացնելու մտքից, սեփական բանակը հզորացնելու նախաձեռնությունից, իր պոտենցիալ դաշնակիցների հետ գործակցելու հնարավորությունից, ինչպես և վախենում է ծպտուն հանել արցախահայության ազատ ապրելու իրավունքի, Արցախի շրջափակման, հայ գերիների և անգամ հայ նահատակների մասին, որոնց աճյունները բաց երկնքի տակ են․․․ Թերևս միայն հայ ժողովրդի այսօրվա սերունդները կհանդուրժեին այնպիսի ղեկավարի գոյությունը, որը 2022 թ․ ՄԱԿ-ի լիագումար նիստի ժամանակ, կամ 2023 թ. իր առաջին ասուլիսում հայտարարում է, թե համաձայն է տարածքային զիջումների, միայն թե դիմացինը չի ասում, թե որն է այդ զիջումների սահմանը (և մեկ այլ հարց է, թե այդ դեպքում ինչպես է պահպանելու Հայաստանի ամբողջականությունը 29,8 հազար ք/կմ-ի սահմաններում)։

Չկայացած ղեկավարը մեկ հարցազրույցի ընթացքում բազմաթիվ անգամներ հայտարարում է, թե Հայաստանը պարտավորություն չունի Ղարաբաղի առջև, Ադրբեջանն ու Ղարաբաղը իրար հետ պետք է լուծեն իրենց խնդիրները, և փորձում է կեղծ դատողություններով արդարացնել իշխանության գործունեության մեջ դրսևորվող իրավական ապօրինությունները, որոնք թույլ են տրվում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի, ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի և նույնիսկ Փաշինյանի կառավարության որդեգրած՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորության դեմ։ Փաշինյանը, ոտնակոխելով հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի արժեքը, նահատակված հերոսների հիշատակը և արցախցիների անկախ ապրելու կամքը, ըստ էության հայտարարում է, թե ի սկզբանե սխալ ու անհեռանկար է եղել արցախյան պայքարը։ Հայկական բանակը կործանած ղեկավարն ասում է, թե բանակ չի եղել, երբ մինչև իր դավաճանական կառավարումը հայկական բանակը միշտ հաղթել է թշնամուն։ Փաշինյանն անգամ բանակի հզորացման հեռանկարն է կասկածի տակ դնում՝ նույն ասուլիսում հայտարարելով, թե միշտ էլ կգտնվեն բանակներ, որոնք ավելի ուժեղ կլինեն։ Իսկ թե ինչ ողբերգական վիճակի է նա ներկայումս հասցրել բանակը, վկայում են ոչ միայն իր ստորացած վիճակը և նոր պատերազմից վախը, այլև հենց վերջին շրջանի դժբախտ դեպքերը պաշտպանության բանակի համակարգում։

Փաշինյանն ասում է, թե իրենց իշխանությունն ի սկզբանե այն կարծիքին է եղել, որ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների հարցն է՝ մոռանալով նաև Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր կառավարության պարտավորության մասին, չհիշելով իր՝ բանակցությունները զրո կետից սկսելու, «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտարարությունների մասին։ Փաշինյանը, երևի համոզված լինելով, որ իրեն կհաջողվի մշտապես խաբել հայ ժողովրդին, լռում է այն մասին, որ Արցախի խամաճիկ իշխանություններին ինքն է ժամանակին աջակցել պաշտոն ստանձնելու հարցում, և առ այսօր ձգտում է այդ իշխանությանը պահել իր թելադրանքի ներքո։

Վերջապես, եթե ի սկզբանե իր թիմի հետ համոզված է եղել, որ Արցախն ու Ադրբեջանն իրենց հարցերն իրար հետ պետք է լուծեն, այդ դեպքում Արցախն ու ազատագրված տարածքները հոր բոստանի հե՞տ էր շփոթել, որ նվեր էր տալիս Ադրբեջանին։

Ի վերջո, բանականությամբ օժտված մարդու համար պետք է ակնհայտ լինի, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջովին հրաժարվել է Արցախը պաշտպանելու՝ Հայաստանի ազգային-բարոյական և իրավական պարտավորություններից, արտաքին ուժերի թելադրանքով հրաժարվում է ավանդական դաշնակիցներից, հրաժարվում է Ռուսաստանի հետ ռազմական և այլ բնույթի համագործակցությունից և փաստացի պատրաստվում է մերկացնել Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները: Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշմամբ նա մինչ այժմ ձեռնամուխ չի եղել և չի լինելու հայկական բանակը լրջորեն զինելու և մարտունակ դարձնելու գործին։

Բանական հայի համար 2 բան պետք է ակնհայտ լինի այլևս․ խաղաղության կեղծ կարգախոսի ներքո ինքն իրեն պաշտպանելուց հրաժարվելու քաղաքականությունը ոչ թե չեզոքացնում, այլ ավելի է սրում թուրք նվաճողների ագրեսիվությունը և երկրորդ․ Արցախի հանձնումը ոչ թե բերելու է թուրք հարևանների պահանջների բավարարմանը, այլ անմիջապես վտանգի տակ է դնելու Զանգեզուրը՝ ինչը և ներկայումս տեղի է ունենում։ Այլ խոսքով տարիներ շարունակ մեծամիտ, հաստակող ու թուրքասեր Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը խաբել են իրեն, իսկ լավագույն դեպքում, իրենք են խաբված եղել։

Նիկոլ Փաշինյանի համար նախորդ իշխանությունների օրոք անարդարություն էր երկրում, որովհետև երկիր թալանողը, բյուջե լափողն ու հովանավորչությամբ զբաղվողները ինքն ու իր ընկերները չէին, իսկ հիմա ամեն ինչ կարգին է, և ամեն ինչ արդար է։ Նիկոլ Փաշինյանն իր ու իր հետ քայլածների հարստանալը համարում է ժողովրդի կյանքի բարելավում։ Տնտեսական ակտիվության աճի, աշխատավարձերի ավելացման, իշխանավորների բարեկեցության մակարդակի բարձրացման խորապատկերին գրանցվում է բնակչության աղքատության աճ, գնաճի համեմատ եկամուտների շոշափելի անկում։ Իսկ ամենատագնապալին այն է, որ նվազում են հույսը, հավատը երկրի ապագայի հանդեպ, մարդիկ երկրից փախցնում են երեխաներին, ոմանք, հայրենիքում ապրելով, հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից՝ երեխաներին զինվորական ծառայության չուղարկելու համար։ Հայաստանն արյունահոսում է, Հայաստանն ու Արցախը նորանոր ու անդառնալի կորուստների շեմին են։ Հայ ժողովուրդն այսօր չունի արտաքին բարեկամներ ու աջակիցներ։ Փաշինյանն արձանագրում է փաստը, որ տեղի է ունենում աշխարհակարգերի բախում, և գիտակցաբար երկիրը տանում է գլոբալիզացիայի հորձանուտ, որտեղ Հայաստանին սպառնացող այլասերումն է, ուծացումն ու պետականության կորուստը։ Անհուսալի գործընկեր, սեփական պաշտպանությունն օտարներից մուրացող Հայաստանը կարող է մաս-մաս լինել թշնամիների և թշնամացված նախկին դաշնակիցների միջև։ Հայ ժողովուրդը գգո՞ւմ է իր մաշկի վրա այս սպառնալիքը։ Ուռճացող համատարած դժգոհությունը չի վերածվում դինամիկ էներգիայի, որն օրգանիզմից դուրս կփղձկար դավաճանության ներարկված թույնը։ Հայաստանը փոթորիկներին հանձնված նավի պես շարունակում է ճոճվել հուսախաբության ու հույսի միջև։

 

1 https://www.youtube.com/watch?v=j3k6F2mPBcg (մուտք՝ 21․01․2023).

«Դրօշակ» թիվ 1, 2023թ