կարևոր
2983 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-01 12:15
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Մեր և նրանց գերխնդիրը

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Մեր և նրանց գերխնդիրը

Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում համաշխարհային լրատվամիջոցների զգալի մասը դեռևս գտնվում է տոտալ վերահսկողության ներքո։ Արտաքին աշխարհաքաղաքական, ինչպես և ներքին պատճառներով հասարակություններին ներշնչում են, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմում, ինչն այս պետության համար ունենալու է խիստ բացասական հետևանքներ։ Այս քարոզչությունն առանձնահատուկ նշանակություն ունի նախ և առաջ ուկրաինացիների համար (հիշենք 44-oրյա պատերազմի օրերին մեկ աղբյուրից հայ հանրությանը մատուցվող տեղեկատվությունը), այնուհետև նախկին խորհրդային մյուս հանրապետությունների համար, որոնք, դրական կամ բացասական առումով անմիջական փոխհարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ։ Կասկած չկա, որ նրանք, ովքեր այս հակամարտության մեջ Ուկրաինայի հովանավորներն են, մի օր թիկունք կդարձնեն պարտված երկրին՝ լքելով ավերակների վրա հայտնված բախտախնդիր ղեկավարներին։ Մինչ այդ նրանք ջանք են գործադրում՝ ինչպես հետխորհրդային տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը, ստեղծելու նրա առջև նոր մարտահրավերներ։ Այդ նույն նպատակով նշված երկրների ժողովուրդներին փորձում են հավատացնել, որ իմաստ չունի պարտված Ռուսաստանի՝ որպես դաշնակցի հետ հետագա հույսեր կապել, հետևաբար պետք է փնտրել այլընտրանքներ։ Վերջերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, թե Ուկրաինան ցանկանում է, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ և որ այդ նպատակով էր Սահակաշվիլին ուղարկվել Վրաստան։

Իրենց հատուկ ճարպկությամբ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ 44-օրյա պատերազմը, ինչպես և դրան հետևած Հայաստանի ու Արցախի դեմ կոշտ ճնշումները արևմուտքում ներկայացնում են որպես Ռուսաստանին հարվածելու և Անդրկովկասից դուրս մղելու ծրագիր։ Իհարկե, և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը, և՛ Արևմուտքը հրաշալի հասկանում են, որ տարածաշրջանի իրենց դաշնակիցները հետապնդում են պանթուրանիզմի դարավոր երազանքը, և որ Ռուսաստանի առջև Անդրկովկասի դռները փակելու, այստեղ ռազմաքաղաքական գերիշխանություն հաստատելու դերակատարը դարձյալ իրենք չեն լինելու, այլ Թուրքիան և Ադրբեջանը, սակայն այսօր առաջնային գերխնդիրը կոշտ պայքարն է՝ սահմանափակելու Ռուսաստանի ազդեցության գոտին։

Ելնելով այս իրողություններից՝ ինչ պետք է աներ և ի՞նչ է անում Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի իշխանությունը բացահայտորեն որդեգրել է հակառուսական գործելակերպ և համախոհ է նրանց հետ, ովքեր այսօր ջանում են կլանել Արցախը և Հայաստանին զրկել ինքնիշխանության ու հզորանալու հեռանկարից։ Այսինքն՝ Արևմուտքի ծրագրերին համապատասխան՝ Ադրբեջանի ու Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը նրանց փոխարեն հաջողությամբ իրականացնում է Հայաստանի քաղաքականապես անգրագետ, իսկ ավելի ստույգ՝ արտաքին կաշկանդումների ենթակա իշխանությունը։ Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունն այն է, որ Ռուսաստանը միջնորդ չլինի հայ-ադրբեջանական բանակցություններում։ Հայաստանը կատարում է նրանց ցանկությունը՝ մերժելով ռուսական միջնորդությունը և գործընթացն աստիճանաբար հասցնելով այն կետին, որ առհասարակ, միջնորդներ չլինեն իրենց և թշնամի հարևանների հետ շփումների ժամանակ։ Ադրբեջանը շրջափակելով Արցախն ու անընդհատ ճնշումներ գործադրելով թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի վրա՝ ըստ էության, փորձում է շահերի այս եռանկյունուց դուրս բերել իր նպատակներին խոչընդոտող Ռուսաստանին, սակայն առերևույթ շարունակում է բարեկամական ժեստեր անել նրան՝ խաղարկելով տնտեսական և այլ գործոններ։ Իսկ Հայաստանի իշխանությունը, ըստ էության, շրջանցում է Ադրբեջանի հակահայկական ու հակառուսական ագրեսիվ քաղաքականությունը և եռակողմ հարաբերությունների մեջ թիրախ է դարձնում Ռուսաստանին՝ մեղադրելով պարտավորությունները չկատարելու մեջ։

Հայտնվում ենք մի իրավիճակում, երբ Արցախի հայկականությունն երաշխավորող Ռուսաստանի հետ բազմաթիվ թելերով շաղկապված լինելով՝ Հայաստանը ուղղվում է դեպի հակադիր ճամբար, իսկ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը վիճարկող, Ուկրաինային ռազմական զանազան օժանդակություններ տրամադրող, միջազգային կազմակերպություններում ընդդեմ Ռուսաստանի քվեարկող Ադրբեջանը իբրև թե արևմտյան միջամտությանը ընդդիմացող նույն ճամբարում է Ռուսաստանի հետ, ինչն այս ճակատագրական պահին խիստ կարևոր է վերջինիս համար։ Հայաստանի իշխանությունները հրաժարվելով Արցախի շահերը պաշտպանելուց և Հայաստանի անվտանգության ապահովման պարտականություններից՝ խիստ հետևողական են այդ շահերը չպաշտպանելու մեջ Ռուսաստանին մեղադրելու հարցում։ Նրանց բուն նպատակը հայ ժողովրդի մեջ հակառուսական տրամադրությունների բորբոքումն է, ժողովրդին համոզելը, որ Արևմուտքից պարտվող, Հայաստանի նկատմամբ պարտականությունները չկատարող Ռուսաստանի հետ հեռահար հաշվարկներ անելն անիմաստ է, և այլ ելք չկա, բացի արևմտյան այլընտրանքից, իսկ ավելի ստույգ՝ Արևմուտքին այստեղ ներկայացնող թուրք-ադրբեջանական գերիշխանությունից։ Արցախի շրջափակման դեմ ոչինչ չնախաձեռնող իշխանությունը վաղը միջանցքի պատրվակով տարածք է զիջելու իր թշնամիներին՝ այն ներկայացնելով որպես արցախցիների փրկության միակ միջոց, Հայաստանից ևս տարածքներ է զիջելու Ադրբեջանին՝ ներկայացնելով որպես մնացածը փրկելու և տարածաշրջանում խաղաղություն հստատելու ելք։ Հայաստանի իշխանությունները զայրացած ու զարմացած բացականչում են․ «Դուք ցանկանում եք, որ 3 միլիոնանոց Հայաստանը հակադրվի՞ 100 միլիոնանոց թուրք-ադրբեջանցիներին»՝ լռելով այն հարցում, թե իրենց ոխերիմ հարևանների ցանկությունները չբավարարելու դեպքում որքան է զիջելու Հայաստանը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երեք երկրների բնակչության թվային համեմատությունը ի օգուտ մեզ չի փոխվելու։

Երբ պատերազմող երկիրը ղեկավարում են դասալիքները, տրամաբանական է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության է եկել արդեն իսկ Հայաստանի թշնամիներից հոգեբանորեն պարտված։ Դրանով էին նաև պայմանավորված ի սկզբանե նրանց հնչեցրած անհեթեթ հայտարարությունները՝ արցախյան պատերազմում անիմաստ զոհերի, թշնամի երկրի կիրթ ղեկավարի, այդ ղեկավարի կնոջ հետ մուղամ լսելու, ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնադրույթները դպրոցներից հանելու, ազգային կրթական չափորոշիչներից հրաժարվելու և նման այլ բաների մասին։

Հայաստանի չորրորդ իշխանության անցած ճանապարհը կրկնում է առաջին իշխանության անցած ուղին։ Արցախյան պայքարից հրաժարվելու, ամեն գնով խաղաղության հասնելու, աշխարհաքաղաքական բևեռից բևեռ ցատկոտելու ճիգերն ի վերջո կանգնեցրին նրանց և նաև մեր երկիրը աշխարհաքաղաքական փակուղու առջև։ Արցախյան շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահի բազմաթիվ հոդվածներում ուրվագծվում էր աշխարհաքաղաքական պատկերը, նրա նախանշած հեռանկարը բոլոր դեպքերում փակուղի էր տանում, եթե Հայաստանն ամեն գնով չստորագրեր խաղաղության պայմանագիր։

Մարդիկ, ովքեր իրենց էությամբ ու համոզմունքներով չեն հավատացել հզոր, անկախ Հայաստանի հեռանկարին, կաշվից դուրս են եկել և դուրս են գալիս Հայաստանի ճակատագիրը տնօրինելու համար։

ՀՀ առաջին նախագահի հետ տեղի ունեցածի պես նրա հոգեզավակի համար ևս խուսանավելու դաշտն աստիճանաբար նեղանում է։ Պարզվեց, որ Ռուսաստանը ոչ միայն չի կործանվում, այլև չի պատրաստվում լքել տարածաշրջանը, որի նկատմամբ նրա ճնշումը առաջիկայում ամենայն հավանականությամբ մեծանալու է։

Հայաստանին ու Արցախին անցած դարի իննսունականների վերջին աշխարհաքաղաքական փակուղուց դուրս բերեց իշխանափոխությունը։

Հայաստանի իշխանությունը, որը բազմաթիվ անօրինականություններ ու հանցանքներ է գործել իր երկրի ու ժողովրդի նկատմամբ, սարսափում է իշխանափոխության մտքից։ Չունենալով սկզբունք և հայրենասիրության զգացում՝ նա պատրաստ է լինելու, ըստ նժարի ծանրության, ցանկացած զիջումների արտաքին ուժերին։ Կփրկի կաշին, թե այն կչորանա ոսկորների վրա, ինչպես պատահեց մեկ այլ օգտագործված ու դեն նետվածի՝ Սահակաշվիլու հետ, մեզ համար ոչ մի կարևորություն չունի։ Գերխնդիրը Արցախ-Հայաստանն է ու նրա փրկությունը։

Հ․Գ. 2023 թ․ փետրվարի 16ից 19-ը Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մյունխենի խաղաղության համաժողովին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև բաց քննարկում-բանավեճ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև։ Համաժողովի խորապատկերին ակնհայտորեն դրսևորվեց Հայաստանի ղեկավարի քաղաքական խեղճությունը, նրա անկարողությունը, իսկ, գուցեև ցանկության բացակայությունը պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը։ Երբ Ադրբեջանի ղեկավարը հայկական կողմին մեղադրում է Ադրբեջանի տարածքների օկուպացիայի, ռազմական այլ հանցագործությունների մեջ, իսկ Հայաստանի առաջնորդը չի կարողանում, վախենում է կամ միտումնավոր չի խոսում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, բազմազան հանցագործությունների և շարունակվող շրջափակման մասին, այլևս միևնույն է, թե որոնք են դրա դրդապապատճառները։ Երբ սրան գումարվում է նաև Թուրքիայի արտգործնախարարի կողմից, արդեն այդ երկրի տարածքում, Հայաստանի արտգործնախարարին ներկայացվող ակնհայտ պահանջները՝ մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար Ադրբեջանի ներկայացրած պահանջների բավարարման մասին կասկած չի մնում, թե Հայաստանի դրածո իշխանությունը ինչ ծրագիր է իրականացնում և դեպի ուր է առաջնորդում հայ ժողովրդին։ Հայաստանի վերջի բեկորները թուրք-ադրբեջանական նոր ստրկությանը ենթարկելու նպատակը հնարավոր է ձախողել միայն ազգադավ իշխանության դեմ համաժողովրդական պայքարի ճանապարհով։ Իշխանափոխության ձգձգումը կարող է անիմաստ դարձնել դրա անհրաժեշտությունը։

«Դրօշակ» թիվ 2, 2023թ