կարևոր
3739 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 13:08
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ինչի՞ է արժանի հայ ժողովուրդը

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ինչի՞ է արժանի հայ ժողովուրդը

Եզրափակվում է հայության ու հայոց պետականության համար փորձություններով ու անորոշություններով լի ևս մեկ տարի։ Այս ընթացքում տեսանելի չեղան այնպիսի քայլեր, որոնց շնորհիվ պետք է ամրապնդվեին հայոց բանակը, Հայաստանի պետական վարչամեքենան, տնտեսությունը, արտաքին հարաբերությունների ոլորտը, Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ազգային համերաշխությունն ու հայոց եռամիասնությունը։ Ճիշտ հակառակը՝ կարելի է ասել, որ այս բոլոր ուղղություններով պահպանվել կամ ավելի են խորացել եղած ճգնաժամերը, որոնք ակնառու դարձան հատկապես 2020 թվականի ողբերգական պատերազմից հետո։ Անցնող տարին հատկանշական էր ռուս-ուկրաինական պատերազմով ու ընդհանրապես աշխարհակարգերի սուր բախմամբ, որոնք դրսևորվում էին թե՛ ռազմական հակամարտությունների և թե՛ քաղաքական-դիվանագիտական առճակատումների, տնտեսական պատերազմների և այլ ձևերով՝ այդ խորապատկերում մեր դեպքում ընդգծելով Հայաստանի իշխանությունների քաղաքական վարքն ու կողմնորոշումները։

Ամրապնդվեց այն մտավախությունը (շատերի կողմից տարիներ շարունակ հնչող մեղադրանքը), որ 2018 թվականին Հայաստանում իշխանության եկած ուժն ունեցել է Արցախը հանձնելու նպատակ, որը դրսևորվեց 44-օրյա պատերազմում ծրագրված պարտությամբ։ Իհարկե, մարդկության պատմության մեջ թերևս սա միակ դեպքն էր, երբ պատերազմում պարտված ղեկավարությունը պարտության մեղքը բարդում է նախկին իշխանությունների կամ դաշնակից երկրի վրա։ Մի կողմ թողնենք, սակայն, պատերազմի ընթացքի մանրամասները: Անդրադառնալով 2022 թվականի զարգացումներին՝ ակնհայտ է դառնում գունավոր հեղափոխությամբ երկրի ղեկին տիրացած ուժի վերաբերմունքը վերջին տասնամյակների ազգային թիվ մեկ հիմնահարցի նկատմամբ։ Հայաստանի ղեկավարը, որը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ժամանակին հայտարարել էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմի ավարտից ցայսօր ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Նրա հրահանգով մի քանի անգամ խորհրդարանական մեծամասնությունը տապալել է Արցախի անվտանգության և այլ հարցերով ընդդիմության ներկայացրած բանաձևերի քննարկումը, պաշտոնական բոլոր փաստաթղթերից դուրս են բերվում Արցախի կարգավիճակը բնորոշող «հանրապետություն, ինքնորոշում» բառերը, Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին և այլ պետություններին է թողնում խնդրի կարգավորման հոգսը, համաձայնում է փաստաթղթերի հետ, ըստ որոնց՝ ինքնավարության ձևական կարգավիճակով Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, և վերջապես՝ երկրի վարչապետը Պրահայում ստորագրեց պայմանագիր՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը, ըստ էության, պետք է նշանակեր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Այս դեպքում էլ «պարզվում է», որ վաղուց և այլ փաստաթղթերով խնդիրն այդ ձևով արդեն լուծվել էր։ Հարց է մնում՝ իրենից առաջ ստորագրված կապիտուլյացիոն պայմանագրերի մասին մինչև պատերազմն ու պարտությունը նույն ղեկավարն ինչու չէր խոսում, ինչո՞ւ էր նա այն ժամանակ հայտարարում, թե ինքը բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, և «Արցախը Հայաստան է ու վերջ»։

Ակնհայտ է, որ Արցախի հարցում նա ենթարկվում է Ադրբեջանի նախագահի ճնշմանը, որը նրան ստիպում է բանակցություններում և առհասարակ մոռանալ այդ թեման։ Նա և իր թիմը սեփական երկրում անգամ ի օգուտ Արցախի չեն ասում ու անում մի բան, որը կարող է դուր չգալ Ադրբեջանի ղեկավարին։

Քաղաքական գործիչների ու փորձագետների գնահատմամբ՝ 2020 թվականին հաջորդած ետպատերազմական շրջանը Նիկոլ Փաշինյան վարչապետի համար նույնքան պարտվողական է, այս անգամ, սակայն, ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության առումով։ Պարտության հասցված պետությունը թողնելով ծնկած վիճակում և ոչ մի բնագավառում ոչինչ չանելով իր թիկունքն ամրապնդելու համար, կախման մեջ լինելով արևմտյան հովանավորներից, որոնց քաղաքական նախագիծն է ինքն իր ապազգային թիմի հետ, չկարողանալով ձերբազատվել ռուսական ազդեցության բազմաթիվ ու բազմամակարդակ լծակներից և միևնույն ժամանակ գտնվելով թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական գործոնի ճնշման ներքո՝ Հայաստանում ավտորիտար վարչակարգ հաստատած ղեկավարը ստիպված է ոչ թե քաղաքականություն վարել, այլ խուսանավել տարբեր ուժերի միջև՝ ամեն տեղ տալով խոստումներ, նրանց միջև փորձել հրահրել հակասություններ և, ի վերջո, իր երկրի անվտանգային ու մյուս բոլոր կենսական խնդիրների լուծումը բարդել նրանց վրա։

Նիկոլ Փաշինյան հոգեպես անհավասարակշիռ անձը ներքաշվել է իր իսկ սարքած արկածախնդրության մեջ և խաղում է վա բանկ, իսկ խաղասեղանին դրված գրավը հայոց պետականության ճակատագիրն է։

Այդ արկածախնդրության դրսևորումներից մեկը արդեն հինգերորդ տարին հետևողականորեն իրականացվող հակառուսականության քաղաքականությունն է։ Հակառուսականությամբ լցված է իշխանական ողջ քարոզչամեքենան, ինչի համար հատկապես հմտորեն օգտագործվում են ընկերային ցանցերի հնարավորությունները։ Կատարելով հովանավոր ուժերի պատվերը՝ նա իր անփորձ ու թույլ ուսերի վրա է վերցրել Անդրկովկասի 200 տարվա քաղաքական կողմնորոշումը փոխելու առաքելությունը։ Փաշինյանը կա՛մ հավատում է, թե Ռուսաստանը շուտով կորցնելու է իր հզորությունը, կա՛մ մտածում է, որ կհասցնի թշնամիների ու հովանավորների հետ իրավականորեն ձևավորել նոր իրողություններ և բոլորին կանգնեցնել կատարված փաստի առաջ, կա՛մ այս ու այլ հաշվարկներ միասին։ Միաժամանակ, գտնվելով ռուսական բազմազան լծակների ուղղակի և անուղղակի ճնշման ներքո, որի բաղկացուցիչ տարրերն են և՛ խաղաղապահների գործոնը, և՛ Հայաստանում գործող ռուսական ռազմաբազան, և՛ քաղաքական ու տնտեսական բազմաթիվ այլ լծակներ, Փաշինյանը, Արևմուտքի հետ գալով Ռուսաստանի շահերը շրջանցող համաձայնությունների (իրականում այդ համաձայնությունները նախ և առաջ մեծ զիջումներ են նախատեսում Հայաստանի հաշվին), խոնարհվում է Ռուսաստանի առաջնորդի առաջ և հավատարմության երդումներ է տալիս։ Իրականում տեղի ունեցող գեղջկական ճարպկությունները իրենց ողջ մերկությամբ տեսանելի են առաջին հերթին ռուսների համար։ Հակառուսական հիստերիան բորբոքվում է հենց Նիկոլի թիմակիցների ու քաղաքական գործակիցների ու համացանցային «ֆեյքերի» բանակի ձեռքով։ Հասկանալով կամ անգիտակցաբար Փաշինյանը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական բախման նոր սահմանագիծ։

Իհարկե, մեր խնդիրը ռուսների կամ մեկ ուրիշի շահը պաշտպանելը չէ, սակայն խելագարություն է հաշվի չնստելը հարյուրամյակներով ձևավորված իրողությունների հետ։ Այսօր Ռուսաստանն իսկապես գլխով-ոտքով խրված է Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ, և նրա որդեգրած պահի քաղաքականությունն է հայ-ադրբեջանաթուրքական գործընթացների սառեցումը, տարածաշրջանում իրեն փոխարինելու Արևմուտքի հավակնությունների կանխումը։ Անշուշտ ունենալով այն ինքնավստահությունը, որ Արևմուտքը խաղաղ պայմաններում չի համարձակվի մտածել այստեղ զինվորական ուժ տեղափոխելու մասին։ Ինչ վերաբերում է Անդրկովկասում իր ազդեցության պահպանման հարցին, ապա Ռուսաստանն ատամներով պահելու է սեփական դիրքերը, որովհետև այստեղից նահանջելու դեպքում ստիպված է լինելու թուրքերի ու ադրբեջանցիների, ինչպես և Արևմուտքի հետ առճակատվել արդեն իր բուն տարածքը կազմող Հյուսիսային Կովկասում, ինչպես ելցինյան ոչ հեռավոր ժամանակներում։

Ռուսաստանը ևս մեկ անգամ վճռականորեն կվերահաստատվի Անդրկովկասում Ուկրաինայի հետ հաշիվները մաքրելուց հետո։ Իսկ Ուկրաինային նա երբեք չի պարտվի, որովհետև այդ դեպքում նրան սպառնալու է իշխանափոխությունների, քաղաքացիական խռովությունների ու երկրի մասնատման հեռանկարը։

Նկատի ունենալով, թե ինչպես ռուսները չներեցին արյունակից ուկրաինացիներին, մի պահ պատկերացնենք, թե ինչ կարող է պատահել փոքր Հայաստանի հետ, որի իշխանությունները որոշել են նրան դուրս վռնդել տարածաշրջանից և հակառուսական հիստերիայով են վարակել հայ հասարակության մի զգալի հատվածին։

Դրա փոխարեն, ավանդական կապերի ամրապնդմանը զուգահեռաբար, Հայաստանը պետք է շարունակի բարեկամական ու գործակցային հարաբերությունները Արևմուտքի, ինչպես և արևելքի պոտենցիալ դաշնակիցների հետ՝ ձևավորելով որոշակի հավասարակշռության դաշտ, ինչը, սակայն, խոսակցության առանձին նյութ է։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանական դիրքերն ամրապնդելու համար ճանապարհ է հարթել՝ ոտնահարելով օրենքն ու օրինականությունը: Արցախյան պատերազմի շրջանում թույլ է տվել արարքներ, որոնց դավաճանական բնույթը դեռ պետք է փորձի հերքել։ Աճող դժգոհությունները չեզոքացնելու համար ներքին քաղաքականության մեջ նա ի սկզբանե որդեգրել է իրավական հետապնդումների գործելաոճը։ Հասկանալով, որ անցած տարիներին կատարած մեղքերի համար իրեն սպասվում է ծանր պատասխանատվություն, Փաշինյանը նպատակ է դարձրել ամեն գնով հնարավորինս պահպանել իշխանությունը: Այս ինքնանպատակ դարձած պայքարի ճանապարհին նա հետևողականորեն իրեն է ենթարկում դատական համակարգը, որն իշխանության երեք թևերից միակն էր, որն ինչ-որ չափով պահպանել էր անկախությունը։ Նա դանդաղորեն իրեն է ենթարկում ողջ քարոզչադաշտը, հանրապետական ու տեղական ողջ իշխանությունը՝ այլևս խտրություն չդնելով միջոցների մեջ, մասնավորապես՝ բազմապատկելով ապօրինությունները ընտրական գործընթացների ժամանակ և դրանցից հետո։

Դրսում կամակատար, ներսում բռնապետ ղեկավարը իր իշխանությունը պահպանում է պետական ողջ համակարգի, մասնավորապես ուժային կառույցների անվերապահ ենթակայության և իր անձին կուրորեն ծառայելու միջոցով։

Պետք է նկատել, որ երևույթների խորքը չտեսնող Հայաստանի ներկա ամբոխապետության մեջ շատերն այն տպավորությունն ունեն, թե վարչապետի աթոռին նստած անձը միայնակ կարողանում է հաղթող դուրս գալ իր կառավարումը մերժող հայաստանյան հանրության, Արցախի ու Սփյուռքի, Հայ առաքելական եկեղեցու և մտավորականության նկատմամբ։ Իրականում նա ընդամենը հոխորտում է թիկունքից, իսկ իրեն պաշտպանում ու պահպանում է իր գոյության շնորհիվ իշխանությունը վայելող ազգադավ համակարգը։

Պետք է արձանագրել նաև, որ ժողովրդավարական ճանապարհով երկրի համար փրկարար իշխանափոխություն իրականացնելու ընդդիմության գործունեությունը վերջին երեք տարիների ընթացքում չհանգեց հիմնական նպատակի իրականացմանը։ Մյուս կողմից՝ այսօր երկրում չկա մեկ այլ առողջ ու իրական ընդդիմություն, որն ունակ է տանելու այդ պայքարը։ Հետևաբար կրկին նույն ուժերի ուսերին է ընկած երկրի փրկության գործը։ Այս դեպքում, սակայն, նրանք իրենց մեջ պետք է իրականացնեն այն ներքին որակական փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան կրկին ու կրկին չգնալու տրորված ճանապարհով, այլ նախաձեռնելու որակական նոր պայքար՝ նոր մարտավարությամբ և նոր գործիքակազմով։ Իսկ ժամանակը կարճ է, քանզի երկրի ղեկավարը և նրա վրա առավել ազդեցություն ունեցող ուժերը շտապում են հասնելու Հայաստանի նոր և ճակատագրական կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը՝ խաղաղության պայմանագրի տեսքով։ Երկրի վայ-ղեկավարը այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հստակ հայտարարել է. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29.800 ք/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ» («Դրօշակ», Եր., 2022, թիվ 10, էջ 5)։

Այսօր, երբ անգամ բուն Հայաստանի Հանրապետության տարածքներ են գտնվում թշնամու իշխանության ներքո, այդ տարածքների բնակչությունը հեռացել է կամ գոյատևում է մշտապես վախը սրտում, լուծված չէ գերիների հարցը, իսկ նահատակված զինվորների դիերը մնում են ընկած բախման գոտում, և այս պայմաններում իշխանությունը թաղված է իր անհոգ ու զեխ կյանքի մեջ, ժողովրդին փորձում է շեղել կենսական հիմնահարցերից՝ կազմակերպելով Ամանորի շոուներ, անհեթեթ է իհարկե մտածելը, թե հայրենիքի և նրա սահմանների ճակատագիրը ինչ-որ բան է նշանակում ազգադավ իշխանության համար: Եթե բանակցային սեղանի շուրջ տեղի ունենա վատթարագույնը, դրանից հետո անիմաստ կդառնա ամեն ինչ։ Անցնող և գալիք տարիների սահմանագծին հայ ժողովուրդը կանգնած է իր համար աննախադեպ փորձության առաջ, և հենց նա իր բազմազան շերտերով պիտի որոշի՝ արժանի՞ է արդյոք ունենալու իր անկախ պետականությունը, թե՞ ոչ։

«Դրօշակ» թիվ 12, 2022թ