Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ՏՏ մասնագետ Արմեն Ֆլջյանը գրում է․
«Անընդհատ փորձում եմ կենտրոնանալ իմ աշխատանքի վրա, որպեսզի չգժվեմ այն ամենից, ինչ այսօր կատարվում է մեր երկրում։ Իմ խորին համոզմամբ՝ իրավիճակը, որում հայտնվել ենք, կարելի է նկարագրել միայն Օրուելի 1984-ից վերցված օրինակներով։ Եվ վստահ եմ, որ մարդիկ, ովքեր կարողանում են ինքնուրույն մտածել, վաղուց հասկացել են, թե ինչ է իրականում կատարվում։ Սա այն սահմանն է, երբ ով չի հասկացել մինչ օրս, այլևս չի էլ հասկանա։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, ով որևէ բան հասկանում է իր ոլորտում, պարտավոր է բարձրաձայնել ու հայտնել իր դիրքորոշումը։ Ես ինձ համարում եմ այն մարդը, ով կարող է խոսել բարձր տեխնոլոգիաների և տնտեսության վիճակի մասին։
Ընդհանուր առմամբ համոզված եմ, որ եթե մենք այսօր փակենք թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը, թե՛ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, երկրում որևէ էական բան չի փոխվի։ Այո, այդ կառույցներում միջին օղակներում իսկապես աշխատում են շատ լավ մասնագետներ, սակայն նախարարական մակարդակի պրոֆեսիոնալիզմի կործանարար պակասը վերացնում է նրանց ջանքերի իմաստն ու արժեքը։
Էկոնոմիկայի նախարարի մասին ես ընդհանրապես չեմ ցանկանում խոսել։ Նրա ոչ պրոֆեսիոնալիզմը, սկզբունքների բացակայությունը և տնտեսության մասին տարրական պատկերացումների չունենալը վաղուց հայտնի են բոլորին։ Այստեղ ավելացնելու ոչինչ չկա։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք, թերևս, միակ երկիրն ենք, որտեղ նախարար դարձած մարդը LinkedIn-ը բացել է արդեն նախարար դառնալուց հետո։ Սա, կարծես, ամբողջությամբ բնութագրում է նրա փորձը ԲՏԱ ոլորտում։ Միակ բանն, ինչ նախաձեռնվեց ստարտափ էկոհամակարգը աջակցելու նպատակով, միջազգային Plug and Play աքսելերատոր հրավիրելն էր։ Սակայն այդ նախաձեռնությունն էլ տապալվեց բացարձակ անպատասխանատվության և ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով։ Մոտ մեկ միլիոն դոլար ծախսվեց՝ Եվրոպայից և Էմիրություններից ինչ-որ անհայտ բանախոսների հրավիրելու վրա, մարդիկ, ովքեր իրենց կյանքում որևէ բան չեն ստեղծել և չեն կառուցել։
Այդ միջոցառման էությունը լավագույնս արտացոլված էր մեկ հայկական ստարտափի բլոգում, որտեղ շատ պարզ ցույց էր տրված, որ ամբողջ գործընթացի ընթացքում եղել են զրո արդյունքներ, զրո նոր հաճախորդներ և զրո ներդրումային կապեր։ Այսինքն՝ բառացիորեն ոչինչ չի փոխվել։ Իսկ այդ ամենի փակման միջոցառման ժամանակ նախարարն էլ հայտարարեց, որ իրենք պատրաստվում են շարունակել այս ծրագիրը։
Արդյոք սա կոռուպցիա էր, թե հերթական անգրագիտություն՝ նույնիսկ դժվար է միանշանակ ասել։
Եվ պետք է հստակ արձանագրեմ՝ այսպիսի աղետալի անտեղյակություն և անգրագիտություն ունենալ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն ժամանակ, երբ աշխարհում պատերազմների ելքը հիմնականում որոշվում է տեխնոլոգիական կարողություններով, ոչ միայն աններելի է, այլև հանցագործություն է մեր երկրի ապագայի դեմ»։