Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 6-ին՝ Պրահայի բանակցություններից հետո, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրած հայտարարությամբ ակնհայտորեն դրսևորվեց հայ-ադրբեջանական խնդիրների լուծման նախաձեռնությունը Ռուսաստանից խլելու, առհասարակ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի ցանկությունը, ինչը միաժամանակ Հայաստանի իշխանությունների՝ չորսուկես տարի շարունակվող հետևողական քաղաքականությունն է։ Նոյեմբերի 1-ին ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գրեց․ «․․․․աշխարհաքաղաքական փոփոխությունների դինամիկան տարածաշրջանում Մոսկվայի օրակարգ է բերում ազդեցության ոլորտների վերաբաշխման խնդիրը։ Գլխավորը հիմա չուշանալն է»1։
Ինչպես պարզվեց, չուշանալու մտահոգություն ուներ ոչ միայն ռուս վերլուծաբանը. շատ չանցած՝ Ռուսաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրեց հանդիպման։ Իսկ մինչ հանդիպումը տեղի կունենար, համապատասխան մթնոլորտ ձևավորելու համար ռուսական լրատվամիջոցների կազմակերպված լռությանը մոտ երկու շաբաթ փոխարինեց «քարոզչական նախապատրաստական թնդանոթաձգությունը» և՛ Հայաստանի «սորոսական իշխանությունների» ու նրանց նպատակների, և՛ Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական հավակնությունների ուղղությամբ։ Իհարկե, սեփական դիրքերը վերականգնելու Ռուսաստանի ընդվզումը աննկատ չմնաց Արևմուտքի աչքից, և հանդիպման հրավերին հետևեց ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի արձագանքը, որ ամերիկացիները «սատարում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները», և Բաքուն ու Երևանը «իրենք պետք է որոշեն՝ օգտակար կլինի՞ արդյոք Պուտինի հրավերը իրենց համար կայուն խաղաղություն հաստատելու հարցում»2։ Այս շարքին կարելի է դասել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, ով ռուսական կողմին մեղադրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները հրահրելու մեջ՝ Կովկասի տարածաշրջանում, ինչպես և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը վերահաստատեց Ռուսաստանի միջնորդական դերը հայ-ադրբեջանական խնդիրների լուծման հարցում և ըստ էության արձանագրեց դրանց լուծման ժամկետների երկարաձգումը։ Ինչ վերաբերում է կողմերի միջև եղած պայմանավորվածությունների անշեղորեն կատարմանը, ուժի կիրառմանը և դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալուն և այլն, կարելի է վերագրել հեքիաթի ժանրին, մանավանդ որ, հանդիպումից շատ չանցած, Ադրբեջանը վերսկսեց հայկական տարածքների ռմբակոծումը։ Ինչ վերաբերում է այս հանդիպման արդյունավետությանը, ապա այդ առնչությամբ մեջբերենք ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի տեսակետը․ «Պարզ է այլ բան։
Նույնիսկ եթե Բրյուսելում խաղաղության պայմանագիրը ստորագրվի (Ալիևն ու Փաշինյանն այնտեղ կլինեն դեկտեմբերի սկզբներին), Ռուսաստանի ներգրավումից ոչ մեկին չի հաջողվի խուսափել։ Ուստի առկախ է մնում նաև այն հարցը՝ արդյոք Սոչիի գագաթնաժողովը պարզապես ծիսական բնույթի իրադարձությո՞ւն կդառնա, թե՞ կծառայի որպես ԵՄ հովանու ներքո խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստող ազդակ։ Առայժմ կայուն զգացողություն է ձևավորվում, որ Ռուսաստանը սկսում է հեռավորություն պահպանել՝ «հնարավորությունների միջանցք» թողնելով Արևմուտքի համար։ Համենայնդեպս, Սոչիում, ի հեճուկս շատ ռուս փորձագետների կանխատեսումների, հրապարակայնորեն Մոսկվան երկու կողմերի համար նոր փաստարկներ չի ներկայացրել և դուրս չի եկել նախկինում առաջարկվածի շրջանակներից։ Դա կարծես պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը տեսնում է, թե ինչպես է Արևմուտքը թուլանում և կորցնում Անդրկովկասում մեծ խաղ վարելու կարողությունը, թեև նա ձգտում է փլուզելու ստատուս քվոն, որը հաստատվել է 2020 թվականին։ Իսկ տարածաշրջանային այնպիսի խաղացողների շահերը, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան, այժմ կապված են Ռուսաստանի հետ։ Հաշվի առնելով այդ գործոնները՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտ չի լինելու, որոշումների տարբերակների ընտրությունը շարունակվելու է»4։
Կարելի է թերևս մտածել, որ պրն Տարասովն արտահայտում է Ռուսաստանի իշխանությունների տեսակետը, սակայն որքանո՞վ է այն իրականանալի, երբ սկիզբ առած գործընթացները շարունակվում են: Մասնավորապես արդեն հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը, իսկ մոտ մեկ ամսից սպասվում է Փաշինյան-Ալիև նոր հանդիպումը Եվրոպայում։ Տարբեր հայտարարություններից ակնհայտ է, որ ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, նույնպես և արևմտյան շահագրգիռ տերությունների առաջնորդները շտապում են մինչև տարեվերջ գլուխ բերելու սահմանագծման ու սահմանազատման գործը (եթե դա չիրականացվի ըստ ռուսական ռազմական քարտեզների, ապա հրապարակում կմնան Ադրբեջանի քարտեզներն ու նրա կամքը։ Այս դեպքում շատ հավանական է դառնում, որ հայկական կողմը կհամաձայնի սահմանագծի անցկացմանը՝ նախկին ադրբեջանաբնակ անկլավների ու ներկայումս ադրբեջանական զորքերի տնօրինության տակ գտնվող՝ Հայաստանի տարածքների ներառմամբ, որտեղ նրանք դիրքերի ամրակայման լուրջ աշխատանքներ են իրականացնում): Ինչպես պնդում են նաև ռուսական աղբյուրները, այս լուծման հետ համաձայն են նաև արևմտյան հովանավորները։ Իհարկե, այս դեպքում խոսք չկա Արցախի որևէ կարգավիճակի մասին, քանի որ հայկական կողմի լուռ համաձայնությամբ Արևմուտքը հրաժարվեց Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելուց, որովհետև գերխնդիրը մնում է խնդիրների համալիր և արագ լուծումը, քանի դեռ Ռուսաստանը գլխի չի ընկել, որ այս տարածաշրջանի հարցերում այլևս անելիք չունի։ Իսկ Ռուսաստանը, ուկրաինական բեռին զուգահեռ կամ դրանից ձերբազատվելով, կկարողանա՞ իրականացնել այն, ինչ իր գլխում է։ Նախ մենք չգիտենք, թե խնդիրների հստակ ու մանրամասն լուծման առումով ինչ կա Ռուսաստանի մտքում:
Ակնհայտ է, սակայն, որ այն չի կրկնելու մեր գլխում եղածը: Մյուս կողմից՝ Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել արդեն իսկ ձևավորված իրողությունների հետ, որոնց հիմքում ընկած է Թուրքիայի բազմակողմանի և Արևմուտքի քաղաքական ճնշումը։ Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն ձգտում են արևմտյան ազդեցության գերակայությանը, ռուսական ուժի չեզոքացմանը և Արևմուտքի անունից Թուրքիայի հաստատմանը իր համար բաց տարածաշրջանում՝ ինչը նույնն է, թե Արցախի վերջնական կորստին։ Եթե հետևենք վարչապետի ու նրա կնոջ թերթի հրապարակումներին, ինչպես և սոցցանցերի դաշտը գրաված իշխող ուժի և նրա համակիրների գրություններին, ապա ակնհայտ է դառնում, որ, ըստ այս թիմի կամ քաղաքական հոսանքի, Ռուսաստանը Արցախն օգտագործում է որպես լծակ՝ Անդրկովկասը լարվածության մեջ և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին իրենից կախման մեջ պահելու նպատակով։
44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունը փորձեց ձերբազատվել այդ կապանքներից, սակայն դա նրան ամբողջովին չհաջողվեց։ Դրանից հետո նույն իշխանությունը բոլորին համոզեց, որ բացարձակապես հավակնություններ չունի այս հարցում, այլ, ընդհակառակը, համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում արցախահայության, որպես էթնիկ փոքրամասնության՝ ինչ-ինչ իրավունքներով։ Այդ իսկ պատճառով իշխող ազգադավ ուժը հանկարծ նոր վրդովմունք ապրեց, երբ արցախցիները իրենց իշխանությունների գլխավորությամբ միահամուռ հրապարակ դուրս եկան՝ հայտարարելով, որ չեն ընդունելու իրենց անկախության կորուստն ու ադրբեջանական ստրկությունը։ Արցախում կամ Հայաստանում հայրենակործան այս ծրագրերի դեմ որևէ ընդվզում վրդովեցնում ու կատաղեցնում է իշխող ուժին, որը դրա մեջ տեսնում է իր դավաճանական ծրագրերի ձախողման վտանգ։
Հայաստանի իշխանությունը խաղաղության հաստատման դիմաց վարկերով, ներդրումներով և այլ ձևերով վճարելու պատրաստ ուժերին գոհացնելով ձգտում է հասնելու խաղաղության, ինչի մեջ էլ տեսնում է իր իշխանության պահպանման հնարավորությունը։ Իսկ Հայաստանի իշխանությունը իրապե՞ս հավատում է, որ թեկուզ ազգի ու պետության համար ծանրագույն կորուստների գնով կարելի է հասնել երկարատև խաղաղության, անվտանգության ու ապահովության։ Թերևս նա դրան հավատում էր, երբ դեռ ՀՀՇ դպրոցում քաղաքական դասեր էր սերտում, հավատում էր 3-4 տարի առաջ, երբ կուրացած ամբոխի ուսերի վրա փողոցից հայտնվեց իշխանության ղեկի մոտ, բայց հիմա, երբ հայտնվել է թուրք-ադրբեջանական կործանարար ծրագրերի պարտադրանքի առջև, նա անշուշտ պատկերացնում է և՛ այդ պահանջների ծավալը, և՛ խորքը, և՛ անվերջանալիությունը։
Ահա երկու հատված ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքից՝ ասված նոյեմբերի 3-ին խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ․ «Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է, և միևնույն ժամանակ թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում», «Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի բոլոր ոլորտներում մենք, ըստ էության, բախվել ենք մաքսիմալիստական մոտեցման»։ Ըստ նրա՝ Ադրբեջանը, մարտադաշտում որոշակի ռազմական հաջողությունների հասնելով, փաստացի եկել է այն եզրակացության, որ կարող է հակառակ կողմին պարտադրել իր պայմաններն ու տեսակետը։
Հայտնվելով և երկիրը գցելով նման ծանր կացության մեջ՝ ձեռնարկո՞ւմ է արդյոք Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ քայլեր՝ իրավիճակը հաղթահարելու, երկիրն ու պետությունը փրկելու համար։ Մենք տեսնում ենք, որ պետությունը հզորացնելու, սեփական ուժերով սեփական խնդիրները լուծելու ուղղությամբ չի արվում ոչինչ։ Կարելի է պնդել, որ ցանկության դեպքում իսկ չի կարող անել, որովհետև Ադրբեջանն արգելում է նրան հզորացնել բանակը, ամրացնել սահմանը, հարաբերություններ զարգացնել մեր շահերի հետ համընկնող շահեր ունեցող իրական դաշնակիցների հետ և այլն։ Հայաստանի իշխանությունը պետության ու ժողովրդի անվտանգությունն իր ուժերով ապահովելու ուղղությամբ ոչ մի հուսադրող բան չի ասել և չի արել։ Նրա արածը բոլորից ու ամեն տեղ ադրբեջանական վտանգից պաշտպանություն խնդրելն է, փորձը՝ գերուժերի շահերի հակադրություն հրահրելով ստեղծելու մրցակցություն՝ Հայաստանի նկատմամբ հովանավորություն ստանձնելու համար, որպես իշխանություն իր խնդիրները գնդակի պես ուրիշների դաշտ նետելը։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը աշխարհաքաղաքական ասպարեզում զբաղված է ոչ թե քաղաքականություն վարելով, այլ մանր ինտրիգայնությամբ ու խորամանկությամբ, այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահն իր աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական և այլ արժեթղթերի շահարկմամբ կարողանում է խաղալ բոլոր դաշտերում՝ ամենուր ստեղծելով շահագրգռություններ և որոշակի կախումներ։ Նման պայմաններում ոչ ոք չի գա և հայության համար չի անի այն, ինչը որ չի ցանկանում կամ ունակ չի անելու հայությանը և նրա պետությունը ներկայացնող ուժը։ Փաշինյանը հստակ գիտի, որ քանի դեռ ինքն է ղեկավարում պետությունը, Արցախն ու Հայաստանը այս կործանարար ջրապտույտից դուրս գալ չեն կարող, նա գիտի, որ կա՛մ Հայաստանն իրենով կկործանվի, կա՛մ փրկության հնարավորություն կստանա առանց իրեն։ Փաշինյան ղեկավարը գերադասում է պահպանել իշխանությունը Հայաստանը կործանելու գնով։
Այս պայմաններում Հայաստանի և հայության՝ որպես ազգի փրկությունը կախված է ոչ թե Ռուսաստանից, Ամերիկայից, Եվրոպայից կամ ուրիշներից, այլ հայ ժողովրդից։ Հայ ժողովուրդն է միայն ունակ ու իրավասու լուծելու իր այն ներքին խնդիրը, որով պայմանավորված է մնացած բոլոր խնդիրների համալիր լուծումը։ Արցախահայությունը Արցախի լեռներից արդեն հնչեցրել է վերազարթոնքի կոչնակը, ինչպես 1988 թ.։ Եթե մենք հայ ենք և որպես պետականության ազատ քաղաքացիներ ունենք արժանապատվություն, պետք է ոտքի կանգնենք։ Այդ մենքն իհարկե բաղկացած է բազմաթիվ եսերից, որոնցից յուրաքանչյուրն իր համար պետք է կայացնի որոշում՝ ինքը ծնվել է լինելու արժանապատիվ քաղաքացի՞, թե՞ թուրքի ճորտ։ Փորձությունը յուրաքանչյուրիս համար է, և ամեն մեկս պետք է հանձնի իր քննությունը։
___________________________
Հղումներ
1. https://regnum.ru/news/polit/3718827.html (մուտք՝ 15.10.2022).
2. https://regnum.ru/news/polit/3736425.html (մուտք՝ 02․11․2022).
3. Նույն տեղում։
4.Станислав Тарасов, Саммит в Сочи. Путин — Алиеву и Пашиняну: ребята, давайте жить дружно, 1 ноября 2022, https://regnum.ru/news/polit/3739387.html (մուտք՝ 05․11․2022).