կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-29 11:30
Առանց Կատեգորիա

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց ընտրությունների պատճառով տևական ժամանակ հետաձգել նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց ընտրությունների պատճառով տևական ժամանակ հետաձգել նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը։ Ալեքսանյանն ասաց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, այդ պատճառով էլ չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Նա խնդրեց նիստը նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ, քանի որ ներկա պահին Գևորգյանը գտնվում է ամբուլատոր հսկողության տակ։

 «Դա ենթադրում է մոտ մեկ ամսվա ամբուլատոր հսկողություն», - ասաց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ հիշեցրեց, որ հունիսի 20-ին կկայանան արտահերթ ընտրություններ, ու իր պաշտպանյալը մասնակցելու է այդ ընտրություններին։ Նա առաջարկեց նիստ նշանակել հունիսի 20-ից հետո։ Վարդևանյանն ասաց, որ Քոչարյանն է գլխավորելու դաշինքի ցուցակը, ինչը ենթադրում է ակտիվ մասնակցություն քարոզարշավին։ 

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ Արմեն Գևորգյանի պաշտպանի առաջարկի վերաբերյալ առարկություն չունի, ինչ վերաբերում է Վարդևանյանի արտահայտած տեսակետին, ապա ընտրական գործընթացները դատական գործընթացների հետ որևէ աղերս չունեն, ուստի, որևէ հիմք չկա նիստը տևական ժամանակով ընդհատելու։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ նիստը հետաձգվում է։ Նա ասաց, որ հաջորդ շաբաթ մասնակցելու է վերապատրաստման դասընթացների։

«Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրում է, որ Վարդևանյանի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր պատճառաբանություն, որ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելը կբացառի դատական նիստի բնականոն ընթացքը»,- ասաց դատավորը։

 Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։