Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը:
Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր դատարանին ներկայացրեց իրենց կողմից դեպքի վայրում արված լուսանկարների խոշորացված տարբերակները, որոնցում, ըստ նրա, երևում են վթարի հետևանքով ասֆալտին թափված ապակու հետքերը:
Պաշտպանը նաև միջնորդեց անթույլատրելի ճանաչել ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանի կողմից կատարված` ՃՏՊ-ի դեպքի վայրի զննության արձանագրությունը, քանի որ այն, ինչպես նաև դեպքի վայրի լրացուցիչ զննության վերաբերյալ արձանագրությունը կատարվել են քննչական գործողությունների խախտումներով: Մասնավորապես` նա նշեց, որ արձանագրության մեջ նշված` ընթերակա Վազգեն Կարապետյան անուն-ազգանունով մարդ գոյություն չունի, իսկ արձանագրության մեջ նշված Վռամ Մարգարյանն իրականում չի մասնակցել քննչական գործողությանը, և որ դա է վկայում նրա` դատարանում տված ցուցմունքը:
Բաղդասարյանը, թվարկելով մի քանի այլ խախտումներ ևս, հայտարարեց, որ արձանագրությունները կատարվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների ակնհայտ խախտումներով, և որ այդ ապացույցները չեն կարող դրվել Վարդան Պետրոսյանի մեղադրանքի հիմքում:
Միջնորդության դեմ առարկեց դատախազ Արթուր Սարգսյանը: Նա նշեց, որ, ճիշտ է, քննչական մարմինները զինված չեն եղել պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատներով, սակայն քրեական գործում կան ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից արված և այլ որակյալ լուսանկարներ, որոնք բավարար են, իսկ պաշտպանական կողմի ներկայացրած լուսանկարներն արվել են դեպքից մի անի օր անց, և իրենք չգիտեն, թե դրանք ինչ պայմաններում են արվել, հետևաբար` կարիք չկա դրանք կցել գործին:
Անդրադառնալով գոյություն չունեցող ընթերակային` դատախազը նշեց, որ թեև Վազգեն Կարապետյանին հայտնաբերել չի հաջողվել, բայց դա չի նշանակում, որ երկրորդ ընթերական բացակայել է, և որ դա դեռ էական խախտում չէ:
Միջնորդության դեմ առարկեց նաև տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Դատավորը հետաձգեց միջնորդության քննարկումը ` նշելով, որ դրան կանդրադառնան ապացույցները հետազոտելուց հետո: