Քաղաքագետ Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե նրա ադեպտներն եք, վստահաբար պատրաստվում եք հակաճառելու ու հիշեցնելու նախկիններին ու նրանց մեղքերը։ Սակայն, նախորդ երեք նախագահների թույլատրած սխալների ու բացթողումների հանրագումարը ոչինչ է այս հայրենադավ "վարչա-թափառա-խմբի" հասցրած վնասի առջև։
Ես այսօր չեմ խոսելու բազմաթիվ անգամ քննարկված հիմնահարցերի, միատարր հայ հասարակությունը մասերի բաժանելու կամ դառն պարտության, էլ չեմ ասում զոհերի քանակի ու գերիների, անհայտ կորածների մասին։
Նա և նրա օտարահպատակ կառավարությունը ի չիք դարձրին մեր ժողովրդի՝ դժվարությամբ հոլովված ու իննսունականների սկզբին իրականություն դարձած ուժեղ պետություն դառնալու, հայկական հողերը միավորելու պատմական եզակի առիթը, որը արդյունք էր տասնամյակների աշխատանքի ու հերոսացման, Առաջին Հանրապետության անասելի, աննկարագրելի սխրանքից և խորհրդային պետության կազմում՝ ետպատերազմյան շրջանում այդ պետությունից ստացած ու սերունդներին հաղորդած կենտրոնաձիգ հայրենապաշտության, պետականաշինության ավանդույթների, հայկական զենքի՝ քսաներորդ դարի սկզբին և դարաավերջին տարած հաղթանակների ու Հայրենական պատերազմում ունեցած արժանապատիվ մասնակցության, Հայաստանի Խորհրդային Հանրապետության շրջանում, նաև՝ սփյուռքում ձևավորված մտավորականության, գիտության, մշակույթի գոհարների, գրողների, բանաստեղծների, նկարիչների համաստեղության ու բազմաթիվ այլոց՝ սերնդե-սերունդ սերմանաած դաստիարակության։
Նա խաչ քաշեց հարյուր տարի իր ուժն ու էներգիան հավաքած ու ընդվզած, հաղթանակ տարած Հայ ժողովրդի տքնաջան, հերոսական էջերով հարուստ կյանքի ու Ազատամարտի վրա ու շարունակում է ավերել քանդել այն մնացածը, ինչը կարող է պարարտ հող հանդիսանալ սերմելու, վերածնվելու համար։
Քանի դեռ սրանք են որոշում մեր ապագան, մենք դուրս չենք գալու այս բոթաբեր, խունացած առօրյայից»։