Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Վանյանն իր էջում գրում է.
«Շատ եմ սիրում Կարմիրի շրջանով պատմական Տավուշ տանող ճանապարհը, ու երբ գնում եմ, բոլորը գիտեն, որ ինձ հետ ուրիշ ճանապարհ քննարկելը իմաստ չունի։ Ես, անկախ եղանակային բարդություններից, միշտ ճամփա եմ ընկնում դեպի Շորժա, ապա թեքվելով ձախ, Միափորի լեռնաշղթայի և Մրղուզ սարի աննկարագրելի փեշերով, ուր ամեն քայլափոխի աղբյուր ու ջրվեժ է ցայտում, ուր կանաչ մարգագետինների զմրուխտն ու անտառափեշերի խաշամի տակից կլկլացող առվակները ուղղակի գերում են մարդուն, շարժվում եմ դեպի Բերդի տարածաշրջան։ Այստեղ, սարերում այնքան լավ է, որ ուզում ես կանգ առնել ու անկուշտ նայել մեր լեռնաշխարհի այդ մաքրամքուր, անծայրածիր հարստությանը։
Այդ օրը ես ու Գագոն երկուսով էինք։ Կեսօր էր, մենք արդեն անցել էինք Հորիզոնի աղբյուրը, Չաթախի կողմերում էինք։ Տեղ-տեղ արածող կովեր ու ոչխարների հոտեր էին երևում։ Ժամանակ առ ժամանակ սարվորների տնակներից ինչ-որ մեկի ձայնն էր լսվում։ Մարդն այստեղ բնությանը խառնված ու ներդաշնակ էր ապրում, առանց վերջինիս վնասելու։ Մենք էլ լուռ, իմ Վոլգայի պատուհանները բաց արած, կամաց առաջ էինք շարժվում և լուռ վայելում այդ ներդաշնակությունը։
— Սիրտս սարի քամած մածուն է ուզում։ Չէ, ավելի լավ է՝ ռեժան։ Չէի՞ր ուտի տաք հացով,— կարծես մտքերս կարդալով՝ անսպասելի հարցրեց ընկերս։
— Ի՞նչ հարց կա։ Բա էսա կանգնենք, առնենք, ուտենք էլի, հո բարդ չի,— ասացի ես ու աջ քաշեցի։
Ճանապարհի տակ կովերի բետոնե խմոցի վրա կախված խողովակից մի հիսունն անց գյուղացի կին դույլերով ջուր էր բարձրացնում։ Ես էլ երկար չմտածեցի․
— Բարև Ձեզ։ Կներեք, Ձեր անունն ի՞նչ է,— հարցրեցի ես, ու մոտենալով կնոջը, ձեռքի դույլերը վերցրեցի։
— Հեղուշ է,— ասաց կինն ու գլխաշորը ուղղելով բարևեց։
— Տիկին Հեղուշ մի մի բանկա ռեժան ու քամած մածուն ենք ուզում առնել, տնական հացի հետ։ Ունե՞ք։
— Իհարկե ունեմ։ Առնելս ո՞րն է,— ասաց նա։
— Չէ, եթե չենք վճարելու, չենք վերցնի,— վերևից կանչեց Գագոն, ապա բարևեց նրան։
Տիկին Հեղուշը մի քիչ անհարմար զգաց ու համաձայնվեց։ Մենք էլ երեքով ուղղվեցինք դեպի նրանց վագոն-բնակարանը։ Շուրջը ինքնաշեն նմանատիպ տնակներ էին, և ամենուր ծխնելույզներից տարբեր համեղ բուրմունքներ էին տարածվում։ Սիրտս մարդավարի նստել ու այդ մածունն ու ռեժանը ըմբոշխնել ուզեց։
— Տիկին Հեղուշ, չի կարելի Ձեր տնակում, սեղանի շուրջ նստենք, մարդավարի ուտենք;
Չէի հասցրել հարցս ավարտել, երբ նա ասաց․
— Իհարկե կարելի է։ Մտեք ներս, խնդրեմ։
Մտանք։ Գյուղական տնակ էր, անկյունում մի կոկիկ հավաքած անկողին, երկու անասելի մեծ բարձերով՝ այնքան մեծ, որ ես մտքում ասացի՝ Էս մարդիկ նստա՞ծ են քնում։ Տան տիրուհին մի հայացք գցեց, տեսավ, որ ոչ ոք չկա, ապա անսպասելի նայեց անկողնու կողմ, սակայն դեպի անկյուն, հատակի կարպետին։ Սկզբում մտածեցի, որ ընտանեկան կենդանու, բայց հետո տեսա, որ կարպետի վրա էլ բարձ կար՝ մարդու համար էր։
— Ի՞նչ որ մեկի ե՞ք ման գալիս, տիկին Հեղուշ։
— Հա, ամուսնուս, բայց ոնց որ չկա։
— Իսկ ինչու՞ եք հատակին փնտրում,— զարմացած հարցրեցի ես։
— Հաշմանդամ է, երկու ոտքից զուրկ,— առանց հոգոց իսկ հանելու ասաց նա,— բայց ոտքերը խորն են կտրած․ պրոտեզ հագնելը շատ բարդ է։ Հիմնականում այդ կարպետին է թիկն տալիս։
Ես ու Գագոն նայեցինք իրար։
— Բա ու՞ր է հիմա, եթե տանը չի,— հարցրեց Գագոն, առանց աչքերը ինձանից կտրելու։
— Իի՜, հողեմ դրա գլուխը, երևի իջել է ձորը, փայտի։
Ես ու Գագոն մեր մածունը մոռացած դուրս եկանք, նայեցինք դեպի անդնդախոր Խնձորագետի ձորը, ու ետ դառնալով, միատեղ ու հախուռն հարցրեցինք․
— Ո՞նց է իջել։
— Բրեզենտից հագուստ եմ կարել, եռակցողի համազգեստից, հագնում է, ու փորսող տալով իջնում։ Գտնում է ծառը։ Պառկած վիճակում կտրում է, մաս մաս անում, ապա այդ կտորներն ու կացինը ձեռքով վեր նետում, փորսող տալով բարձրանում, նորից վեր նետում, ու այդպես, մի օրվա մեջ հասնում է տուն։ Ուր որ է կլսեք նրա փայտի ձայնը։
Ես ու Գագոն զարմացած կանգնել էինք։ Տիկին Հեղուշը սեղան էր գցել ու ինչ-որ բան էր ասում, ենթադրաբար հրավիրում էր սեղանի։ Ես իմ լսածից զարմացած էի։
— Տիկին Հեղուշ, տղա չունե՞ք։
— Բա ո՞նց չունեմ։ Հերթի են։ Պոստերում են հիմա։ Ես նրանց ցավը տանեմ, Աստված ջան,— ասաց տիկին Հեղուշը ու նայեց Երկնքին։
—Բա որ ունեք, ինչու՞ մի մեքենայով փայտ չեն բերում։
— Ո՞նց չեն բերում։ Զորամասի Ուրալով իննը կուբ բերել էին, Արշոն փետը շպրտեց, ավտոյի պետական ֆառը ջարդեց, գոռալով թե․
— Ձեր փայտը ետ տարեք, Ձեր տիրոջ մերը։ Ես իմ տան փայտը ի վիճակի եմ՝ ինքս բերելու։
Այս խոսքերի վրա ներքևից խուլ թրմփոցներ եկան։ Արշոյի փայտակարկուտն էր։
Պատմեց Arman Navasardyan-ը
Դեպի Արարատ »: