կարևոր
2851 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-28 14:50
Քաղաքական

Սա բացառիկ ցինիզմ է․ քաղաքական հաշվեհարդար, որի թիրախում ՀԱԵ-ն է․ Մհեր Մելքոնյան

Սա բացառիկ ցինիզմ է․ քաղաքական հաշվեհարդար, որի թիրախում ՀԱԵ-ն է․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«Այսօր մենք գտնվում ենք մի հանգուցային պահի, երբ իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը դուրս է եկել օրինականության և բարոյականության բոլոր հնարավոր սահմաններից։

Այն, ինչ կատարվում է Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Գերաշնորհ Տ․Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շուրջ, այլևս իրավական գործընթաց չէ։

Սա քաղաքական հաշվեհարդար է, որի թիրախում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է։

Այս գործընթացը ոտնահարում է ոչ միայն օրինականության հիմքերը, այլև կոպտորեն ոտնահարում է մեր ազգային արժեքները։

Փաշինյանական հակազգային ռեժիմը մեզ փորձում է պարտադրել մի իրականություն, որտեղ ազգային արժեքները ոչնչացվում են, եկեղեցին՝ լռեցվում, իսկ ճշմարտությունը՝ բանտարկվում։ Սա ոչ միայն անհանդուրժելի է, այլև վտանգավոր՝ մեր պետականության և ազգային անվտանգության տեսանկյունից։

Իշխանությունների այս պահվածքը ոչ միայն խարխլում է պետություն-եկեղեցի հարաբերությունների նուրբ հավասարակշռությունը, այլ նաև ապակողմնորոշում է հասարակությանը՝ վտանգելով ազգային միասնությունն այս բարդ ժամանակաշրջանում։

Սա բացառիկ ցինիզմ է։

Երբ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ ծնկի եկած վարչախումբը ձեռք է բարձրացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազանների վրա՝ դա այլևս ոչ թե քաղաքականություն է, այլ դավաճանություն։

Եթե այս իշխանությունը կարծում է, թե կարող է ճնշել մեր հավատը, ձայնը, հիշողությունը՝ սխալվում է։

Հայ ժողովուրդը հազարավոր տարիներ կանգուն է մնացել շնորհիվ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու , իր հոգևոր առաքելության, իր ազգային արժեքների, իր հավատի։

Եվ այդ հավատը դուք ոչ մի բանտով կոտրել չեք կարող»։