կարևոր
784 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-28 12:40
Հասարակություն

Պուշկինի անվան դպրոցի կոլեկտիվը պատրաստակամ է սեպտեմբերի 1-ից դուրս չգալ դասապրոցեսի. Գևորգ Ստեփանյան

Պուշկինի անվան դպրոցի մանկավարժական կազմն ու ծնողական համայնքն այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել իրենց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին այլ անձով փոխարինելու որոշումը: Ցուցարարները հայտնում են, որ սեպտեմբերից պատրաստ են բոյկոտել նաև դասապրոցեսը, եթե իրենց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքի չվերականգնեն:

«Առանց պատճառի մեր ժամանակավոր պաշտոնակատարին փոփոխության են ենթարկում՝ պատշաճ կերպով նաեւ չծանուցելով: Լրահոսից ենք տեղեկանում, որ կա թեկնածու եւ պետք է գա մեզ մոտ: Որովհետեւ նրա անհրաժեշտությունը դպրոցին խիստ կարեւոր է, որ մենք թերացումներ ունենք, շտկելու կարիք կա: Դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա, որովհետև համախմբված կոլեկտիվ է աշխատում ու պատշաճ կատարում ենք մեր պարտականությունները»,- ասաց դպրոցի մանկավարժներից մեկը:

 Նա նշեց, որ նախկին տնօրենը, որը նաև ժամանակավոր պաշտոնակատար էր, աշխատանքից իր ազատման որոշումը վիճարկել է դատարանում ու իրենց համար նաև անհասկանալի է, թե ինչու չեն սպասում այդ հարցով լինի դատավճիռ, հետո նոր տնօրենի այլ պաշտոնակատար բերեն:

 «Մենք ուզում ենք, որ մեր դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը մնա այնքան ժամանակ, մինչեւ լինի դատարանի վճիռ, մինչ այդ որեւէ պաշտոնակատարի փոփոխություն չարվի»,- հավելեց մանկավարժը:

«Ինչ վերաբերում է էս քաղաքապետարանի գործելաոճին, էս «ասեք՝ կանենք»-ի 9 տոկոսանոցները իրենց կարգախոսով 2023-ին Երեւանի փողոցներում խաբում էին քաղաքացիներին, թե ասեք՝ կանենք: Հիմա Տիգրան Ավինյան՝ ՔՊ-ի գլխավորությամբ, ամբողջ կոլեկտիվը, ծնողներն ու երեխաներն ասում են՝ արե՛ք: Թողեք իրենց տնօրենը պաշտոնավարի, որովհետեւ պետք չէ եւս մի դպրոց վարի տալ ձեր ոչ կոմպետենտ լինելու պատճառով»,- ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։