կարևոր
1375 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-28 12:25
Աշխարհ

Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը․ Էսմայիլ Բաղայի

Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը․ Էսմայիլ Բաղայի

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղություն և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

Նրա խոսքով՝ Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։

«Մենք հորդորել ենք Հայաստանին և Ադրբեջանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։  Իրանը միշտ աջակցել է հաղորդակցման ուղիների ստեղծմանը և ընդլայնմանը՝ դա համարելով արդյունավետ քայլ՝ երկրների տնտեսական զարգացման և տարածաշրջանային առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ: Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ։ Իրանը դա համարում է հակասող տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին: Այն լուրերը, որոնք վերաբերում են որոշ արտատարածաշրջանային ուժերի մասնակցությանը Հարավային Կովկասի զարգացումներին, արդեն իսկ հերքվել են համապատասխան կողմերի կողմից։ Իրանն ուշադիր հետևում է այս գործընթացներին և սերտ կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», - նշել է նա։