կարևոր
1441 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-28 17:04
Հասարակություն

Ազգայինի վրա խարսխված ճարտարապետություն

Ազգայինի վրա խարսխված ճարտարապետություն

Հուլիսի 25-ին Երևանի Ալ. Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց լիբանանահայ ճարտարապետ Արա Գևորգյանի ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կրում էր «Դեպի ժամանակակից ճարտարապետություն» խորագիրը: Այն իրականություն դարձավ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Ալ.Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտի հետ համագործակցաբար:

Արա Գևորգյանն այն ճարտարապետներից է, ով հանտնի է իր արհեստավարժ փորձառությամբ, ստեղծագործական լայն տեսլականով, բարձր համաշխարհային ճարտարապետական նախագծերի ստեղծման ու կառավարման հմտություններով: Նրա նախագծերը գործադրվել են Միջին Արևելքի, Լիբանանի, Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք վայրերում: Նրա գործերը ներառում են օդանավակայաններ, մարզական ու բնակելի համալիրներ, թատերական սրահներ, արդյունաբերական շինություններ և այլ նախագծեր: Նա հանդիսանում է ԱՄՆ Կանաչ շենքերի խորհրդի, ինչպես նաև՝ Լիբանանի ճարտարապետների ու ճարտարագետների միության անդամ:

Այս ամենի կողքին հատկանշական է, որ Ա.Գևորգյանը մեծ ներդրում ունի Սփյուռքում հայապահպանության գործում։ Նա, լինելով 97 ամյա կազմակերպության՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ, իր նպաստն է բերում այդ կարևոր գործին:

Ճարտարապետի մասնագիտական ցուցահանդեսը բացվեց Ալ. Թամանյանի անվան թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանի ողջույնի խոսքով:Վերջինս կարևորեց համագործակցությունը լիբանանահայ ճարտարապետի հետ և հույս հայտնեց, որ ցուցահանդեսը առիթ կհանդիսանա, որպեսզի Սփյուռքի այլ ճարտարապետներ ևս նման ցուցահանդեսներով հանդես գան թանգարանում:

Ցուցահանդեսին ներկա էին Համազգային հայ կրթական և մշակութային միության աշխարհասփյուռ ընտանիքի անդամներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից և աշխարհի այլ վայրերից:

Համազգայինի կողմից սրտի խոսք ասացին Կենտրանական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը, ԿՎ անդամներ Տիգրան Պապիկյանը, Արտաշես Շահբազյանը և Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը:

«Ցուցահանդեսի պատրաստությունն առիթ ընծայեց ևս մեկ անգամ արժևորել արված ծրագրերն ու նախագծերը, գործածված կայուն ու ժամանակակից մեթոդների քանակը և ընծայված արդյունքը, որպեսզի հնարավոր չափով հաշվի առնվի բոլոր բացթողումները ապագա տարբեր նախագիծների իրագործման ընթացքում՝ միշտ հավատարիմ մնալով հայկական ազգային ճարտարապետական սկզբունքներին »,- իր խոսքում նշել է Ա. Գևորգյանը՝ ավելացնելով, որ թանգարանի հետ այս հաջող համագործակցությունն առիթ կլինի հետագայում ևս ունենալ նման ցուցահանդեսներ։

«Թող այս ցուցահանդեսը դառնա մի նոր խոսք մեր ճարտարապետության մշակույթի ասպարեզում և մի նոր հանդիպման սկիզբ՝ Սփյուռքի ու Հայրենիքի, անցյալի ու ապագայի միջև »,- շեշտել է ճարտարապետը:

Ցուցահանդեսը փակվել է Արա Գևորգյանի տիկնոջ՝ Լիբանանի երիտասարդության ու մարմնակրթության հարցերի նախկին նախարար, Բեյրութի «Զվարթնոց» հատուկ դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդինե Օհանյանի ջերմ խոսքով: Տիկին Վարդինեն իր խոսքում նշել է. « Արայի և իմ լավագույն ստեղծագործությունը մեր հայեցի ընտանիքն է։ Հայրենիքից հեռու մեր ամենօրյա նպատակը եղել և մնում է մեր մասնագիտություններն Հայրենիքին ու հայապահպանությանը ծառայեցնելը »:

Միջոցառման ավարտին ներկաներն առիթ ունեցան հյուրասիրության սեղանի շուրջ նորից շնորհավորելու Արա Գևորգյանին՝ մաղթելով բեղուն ստեղծագործական գործունեություն:

Ցուցահանդեսը վարում էր Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։

 

Համազգայինի Երևանի գրասենյակ