կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-11 15:48
Հասարակություն

Լույս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը

Լույս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը

Ա Զ Դ

Լույս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը՝ Հայաստանի պատմագետների մի ամբողջ խմբի կողմից կազմված:

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ.

քննական հայացք 100-ամյա հեռավորությունից

կոլեկտիվ աշխատությունը, որը բաղկացած է 6 գլխից, առաջաբանից ու վերջաբանից։ Այն 252 էջանոց սեղմ, ամբողջական ու միաժամանակ քննական ուսումնասիրություն է մեր ժողովրդի համար ուղենիշային նշանակություն ունեցող Սևրի պայմանագրի և Վ. Վիլսոնի իրավարար վճռի ձևավորման գործընթացի, քաղաքական ու իրավական բովանդակության և վերջին 100-ամյակում այն կյանքի կոչելու համար ծավալված բարդ ու դժվարին պայքարի մասին։

Կոլեկտիվ աշխատության խմբագիրն է պատմագիտության դոկտոր Գևորգ Ս. Խուդինյանը։ Հեղինակային խմբում ընդգրկված են պատմագիտության 6 դոկտորներ և 3 թեկնածուներ։

Հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը


Առաջաբանի ու վերջաբանի հեղինակ և խմբագիր՝
 պատմագիտության դոկտոր Գևորգ Ս. Խուդինյան

Հեղինակներ՝

պատմագիտության դոկտորներ Արմեն Ց.Մարուքյան, Սամվել Ա.Պողոսյան, Արարատ Մ.Հակոբյան, Գայանե Գ.Մախմուրյան, Խաչատուր Ռ.Ստեփանյան
պատմագիտության թեկնածուներ Լիլիթ Հ.Հովհաննիսյան, Արամ Ս.Սայիյան, Քրիստինե Ֆ.Մելքոնյան

հեղ. Ա. Ց.Մարուքյան, Ս.Ա. Պողոսյան, Ա.Մ. Հակոբյան և ուրիշներ,
խմբ. Գ.Ս. Խուդինյան

Պատմագետների մեծ խմբի գիտական պրպտումների արդյունքում ստեղծված այս կոլեկտիվ աշխատությունը Սևրի պայմանագրի ու Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանի մասին ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռի քննական վերլուծության փորձ է, որը ձեռնարկվել է Հայաստանի ու հայության համար ուղենշային նշանակություն ունեցող այդ իրադարձությունների 100-ամյակի հերոսական ու ողբերգական տարում։ Քաղաքական կապանքներից զերծ և քննական պատմագիտության լավագույն ավանդույթներով շարադրված այս աշխատությունը նախատեսված է մասնագետների և պատմությամբ ու քաղաքականությամբ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար։


Նվիրում ենք 2020 թվականի աշնան դաժան արհավիրքի օրերին իրենց կյանքի գնով Արցախի հայությանը ցեղասպանությունից փրկած 18-20 տարեկան շարքային զինվորների պայծառ հիշատակին, որոնց անօրինակ սխրանքը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ

Աշխատությունը լույս է տեսնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության անդամ դոկտոր Ժիրայր Պասմաճյանի և տիկին Հասմիկ Պասմաճյանի հովանավորությամբ

Առաջաբան

Սևրի պայմանագրի ու Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանի մասին ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի տարում անցյալն ու ներկան այնպես միախառնվեցին իրար, որ մենք բախվեցինք ոչ միայն Թուրքիայի քաղաքական հակազդեցությանը, այլև պատերազմի միջոցով մեզ կրկին հայրենազրկում պարտադրած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաժան ռազմարշավի փաստին։

Այսօր, երբ արդեն ծանր հարվածներ ենք ստացել 1920-ականների «մուրճն ու սալը» հիշեցնող՝ ավելի բարդ ու բազմագլուխ ուժի բևեռներից, հարկավոր է նոր հայացք նետել 100-ամյա հեռավորություն ունեցող իրադարձություններին՝ անցյալի ու ներկայի խորքային կապն ու փոխպայմանավորվածությունը բացահայտելու համար։ Որովհետև տիպաբանորեն նույնական թվացող զարգացումները տարբեր դարաշրջաններում ծավալվում են ազդող ու հակազդող ուժերի այլ հարաբերակցության հիման վրա։ Այդ պատճառով անավարտ գործընթացի համատեքստում քննության առնվող պատմության դասերը, տեղափոխվելով ներկա իրողությունների հարթություն, մեր եռացող ազգային ինքնագիտակցությունը մոտեցնում են այն բիֆուրկացիոն կետին, որտեղ կուտակվել են ինչպես անցյալի հանդեպ ցավագին վախեր, այնպես էլ նոր հնարավորությունների ուրվագծեր։ Նման պայմաններում մեր ազգայինպետական համակարգի անկայունության մեծացումը նրա կարգաբերման ավելի բարձր մակարդակին հասնելու հնարավորություն է ստեղծում, քանզի թույլ է տալիս ազատվել այն պարզունակ-գավառական մտակաղապարներից, որոնց միջոցով մինչ օրս գնահատում ենք մեզ շրջապատող աշխարհը։

Բայց անցյալի դասերը ներկայի ոսպնյակով ընկալելու մեր ունակությունը պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ պատմության վերընթերցման միջոցով խորությամբ կհասկանանք նախկին ու ներկա անհաջողությունները միավորող՝ պետականորեն ինքնակազմակերպվելու խրոնիկ անկարողության պատճառները։ 1920 թվականին մեր պետական օրգանիզմը նոր էր միայն ձևավորվում, ուստի նրան մատուցված՝ Սևրի շքեղ տեսլականը հիմնականում քաղաքական ընտրախավի երազանքն էր, իսկ 2020 թվականին մենք ունեինք ազատագրված հող, որը շուրջ քառորդ դար գրեթե անմշակ թողնելուց հետո նորից հանձնեցինք թշնամուն։ Ուստի եթե մեր կորուստն արժեք է մեզ համար, ապա դրա մեծության գիտակցումից բխող անսահման ցավը թույլ կտա գրքային պատմությունն անցկացնել ապրված պատմության միջով և դրանց տարաժամանակյա հատույթում ուրվագծել ցանկալի ապագայի հեռանկարները։

Սևրի պայմանագիրն ու ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռը մեր իրավունքների ճանաչումն էին՝ առանց դրանց իրացման գործուն աշխատակարգերի, որոնք ինքներս պետք է ստեղծեինք սեփական բանակի ուժերով։ Քանզի դրանցից մոտ մեկ տարի առաջ Պողոս Նուբարը վստահելի մարդու միջոցով հասկացրել էր ՀՀ վարչապետ Ալ. Խատիսյանին, որ իրենից ակնկալվող փաստաթուղթը կարող է ազատագրված հողի վերածվել միայն «իսկական արժեք» ներկայացնող բանակի միջոցով։ Բայց քանի որ նոր միայն ստեղծված այդ բանակը, փաստորեն, դեռևս մերը չէր՝ ազգային սպայակազմի ու կանոնավոր զորքի փոքրաթիվ լինելու պատճառով, 1920 թ. աշնանը օտար ու թշնամական ուժերը, առանց մեծ դժվարության, գտան նրա քայքայման ուղիներն ու աշխատակարգերը։ Իսկ ինչո՞վ բացատրել պետության ու նրա առանցքային կառույցների՝ 1920 թվականի միանգամայն հասկանալի թուլության ու խոցելիության՝ 2020 թվականին նույնպես պահպանվելու իրողությունը։ Միգուցե մեզանում խոր արմատներ գցած օտարամոլության համախտանիշո՞վ, ինչը՝ հերոսաբար կռվող զինվորներին լքած մեր «պարոնայք սպաներին» կրկին դարձրեց օտարի խաղալիքը, բայց այս անգամ նրանց մեջ չգտնվեց Մազմանովի նման մեկը, ով կարող էր պատիվ ունենալ սերունդների առաջ։

Օտարին սիրելը, անշուշտ, վատ բան չէ, սակայն սիրո քաղաքականացումը մահացու մեղք է, սեփական մարմինը, տվյալ դեպքում՝ հայրենիքը հանձնելու եղանակ։ Բայց բոլոր նրանք, ովքեր 2020 թվականին կրկնեցին իրենց բոլշևիկ նախահայրերի 1920 թվականի դավաճանությունը, այսօրվանից պետք է գիտակցեն, որ ակնհայտորեն սխալ գնորդ են ընտրել իրենց վաճառելու համար։ Գլոբալ ու տարածաշրջանային ուժերի այն ժամանակավոր համադությունը, որի արդյունքում մենք հայտնվեցինք Լոնդոնի ու Երուսաղեմի օրհնությունը ստացած՝ նոր Լենին-Աթաթուրք գործարքի նավթաբույր աքցանի մեջ, արագորեն փլուզվում է տարեվերջյան բարենպաստ քամիների ազդեցությամբ։ Ուստի երբ Լենինի ու Աթաթուրքի գործի ժառանգորդները նորից սկսում են կասկածանքով նայել իրար և հավատարմության երդումներ կորզել մեկը մյուսից, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը սակարկման առարկա դարձնող նրանց հեռահար ծրագիրը դիվանագիտորեն ամրագրելու փորձերը տեղապտույտ են ապրում։ Անկախ Հայաստանն՝ իբրև մեր ազգային կամքի կենտրոն, օգտվելով բարենպաստ դարձող իրավիճակից, կարող է վերջնականապես կոտրել անցած ամիսների բացասական զարգացումների շղթան՝ հավատարիմ մնալով ոչ միայն Արցախի ազատագրման խնդրին, այլև հայկական հողերի վերամիավորման սևրյան առաջադրանքին ։

20-րդ դարի դասական աշխարհաքաղաքականության չափորոշիչներով Սևրի պայմանագիրն ու ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռը ծովային աշխարհաքաղաքական ազդակի՝ մայրցամաքի խորքը թափանցելու՝ իրական ուժերով չամրապնդված հայտեր էին, որոնք պետք է ավարտվեին Արարատի գագաթը բարձրանալու անկարողության մասին խոստովանությամբ, քանի որ ռուս-թուրքական «մուրճի ու սալի» արանքում հայտնված Հայաստանին օգնելու անկեղծ ցանկություն չկար։ Իսկ 2020 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիան, այդ նույն գլոբալ ուժի լոնդոնյան թևի ջանքերով «մուրճի ու սալի» միջև ձեռք բերված ժամանակավոր ու խախուտ համաձայնության արդյունքն էր։ Մինչդեռ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո օվկիանոսից այն կողմ տեղափոխվող գլոբալ կամքի կենտրոնի համար անընդունելի են ոչ միայն 1921 թ. Մոսկվայի ռուս-թուրքական գործարքը հիշեցնող փաստաթղթերը, այլև 1923 թ. Լոզանի պայմանագրով ազատ ու անազատ աշխարհների միջև հաստատված սահմանագիծը։

Ուստի անազատ աշխարհի սահմանապահը դարձած ԽՍՀՄ իրավահաջորդը զգում է իր ազդեցության գոտիների մոտալուտ կորստ|յան վտանգը, իսկ Թուրքիա կոչվող հին հանցագործն արդեն մտածում է իր հին տերերի մոտ վերադառնալու մասին։ Արդեն տեսանելի ապագայում քաղաքակրթական նոր համախմբումների փնտրտուքը փոխադարձ ապահարզանի մասին մտածող այս աշխարհաքաղաքական դինոզավրերի փոխարեն բացելու է առաջընթացը քաղաքակրթորեն ընկալելի դարձնող կենսունակ կաթնասունների ճանապարհը։ Ուստի թող ժամանակից շուտ չոգևորվեն անցյալի կարոտախտով տառապողները. ո՜չ ԽՍՀՄի նման որևէ լուրջ ինտեգրացիոն միավորման վերականգնում է լինելու, և ո՜չ էլ Մեծ Թուրան է ստեղծվելու, քանզի 1920 թ. Սևրի պայմանագրով ու ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռով ձևակերպված ազատ աշխարհի հաղթարշավի բանաձևն անպայմա՜ն տեղափոխվելու է մեր տարածաշրջան։

Ամբողջ խնդիրն այն է, թե մենք՝ որպես ազգ ու պետություն, որքան կօգտվենք դրանից։ Մնալով «դինոզավրերից» մեկի գրպանում՝ հնարավոր է՝ վերածվենք անպետք ու ճմրթված թղթի կտորի, քանզի Ռուսաստանին զսպելու քաղաքականությանը զուգընթաց՝ տարածաշրջանի փոքր երկրների միջոցով հունավորվող՝ Թուրքիային զսպելու քաղաքականության ծավալման հետևանքով առաջիկայում Հունաստանը, Կիպրոսը, Իրաքի կազմում ընդգրկված ինքնավար Քուրդիստանը և անգամ Սիրիան ու Վրաստանը վերածվելու են Սևրի քարտեզի վերաբացման գործընթացի ակտիվ սուբյեկտների։ Իսկ արդեն Կրեմլի դարպասները բախող՝ Ռուսաստանի նոր ընտրախավը, որը չի թաքցնում հայ ժողովրդի հանդեպ իր համակրանքը, անպայմա՜ն վերհիշելու է այն իրողությունը, որ Սևրի պայմանագրով Հայաստանի Հանրապետության սուվերենությանը հանձնված հողերն Առաջին աշխարհամարտի ընթացքում ռուս զինվորի ձեռամբ Թուրքիայից խլված այն տարածքներն են, որոնց ազատագրման համար իրենց նախնիների թափած թանկագին արյունը ջրի է վերածվել լենինների ու ստալինների կողմից։ Ուրեմն տարածաշրջանում սկիզբ առած մեծ փլուզումների նախնական հանգրվանում ուրվագծված Թուրքիայի կրկնակի խաղի հնարավորությունները միջնաժամկետ հեռանկարում չեն կարող խոչընդոտել Հայկական հարցի անխուսափելի վերաբացմանը։ Դրան պատրաստ լինելու համար մենք պետք է 100ամյա հեռավորությունից նոր քննական հայացք նետենք անցյալին, որպեսզի բացահայտենք այն կրկնվող օրինաչափությունները, որոնց բախվելու ենք տեսանելի ապագայում։

Առաջնորդվելով այդ նպատակադրմամբ՝ պատմագետների կարող ուժերից կազմված հեղինակային խումբը, որը նախաձեռնել է ներկա կոլեկտիվ աշխատության ստեղծումը, ամենևին էլ չի զբաղվել պատմության հանրահայտ փաստերի վերաշարադրմամբ։ Դրանց վրա նստած փոշու հաստ շերտի տակ հեղինակները փնտրել են անցյալում թաքնված իմաստներ ու օրինաչափություններ, որոնց խորքային ընկալման կարիքն ունի հայոց նոր սերունդը։

Աշխատության շարադրանքը սկսելով Հայկական հարցի ձևավորման ու անցած ուղու վերաբերյալ համառոտ ակնարկով՝ հեղինակները ցույց են տալիս, որ Հայկական հարցի նախնական սուբյեկտը պաշտոնական գրագրության մեջ ու քարտեզներում Հայաստան (Արմենիա կամ Էրմենիստան) կոչվող երկիրն էր՝ Արևմտյան Հայաստանը։ Միայն Հայկական հարցի միջազգայնացումից հետո է Թուրքիան փոխել այդ երկրի անվանումը՝ նախ՝ ԱրմենիաԷրմենիստանը քարտեզներից ջնջելու և ապա՝ նրա բնակչությանը ֆիզիկապես ոչնչացնելու համար։ Բայց շնորհիվ այն իրողության, որ նախքան Սևրի պայմանագիրն ու ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռն ընկած՝ ավելի քան 40ամյա ժամանակահատվածում միջազգային դիվանագիտության փաստաթղթերում ամրագրվել է Արևմտյան Հայաստանում ապագա հայկական պետության իրավական կարգավիճակի ու տարածքայինաշխարհագրական ընդգրկման վերաբերյալ պատկերացումների ողջ հոլովույթը, յուրաքանչյուր ընթերցողի մոտ հարց է ծագում՝ իսկ ո՞ւր անհետացավ այն Արմենիա-Էրմենիստանը, որը գտնվում էր նախկին Օսմանյան կայսրության տարածքում։

Ապագա հայկական պետության իրավական կարգավիճակի ու տարածքայինաշխարհագրական ընդգրկման վերաբերյալ ստեղծված դիվանագիտական ահռելի գրագրության քննությունը վկայում է, որ 1878-1920 թթ. նրա համար միջազգայնորեն ամրագրված բարենորոգումների կամ ինքնավարության պահանջները Հայաստանի (Արևմտյան Հայաստանի) ու նրա ժողովրդի իրավունքների փաստացի ճանաչման քայլեր էին, որոնց հիման վրա մշակվեց Առաջին աշխարհամարտում հաղթանակած տերությունների ներկայացուցիչների՝ 1920 թ. ապրիլին Սան Ռեմոյում ընդունած որոշումը՝ մասնակիորեն ճանաչված, բայց ցեղասպանության հետևանքով իր բնակչության մեծ մասից զրկված երկիրը 1918 թ. Հարավային Կովկասում ստեղծված Հայաստանի Հանրապետությանը միավորելու մասին։ Դրանով Սան Ռեմոյի կոնֆերանսը դարձավ ոչ միայն Սևրի պայմանագրի, այլև Վ. Վիլսոնի իրավարար վճռի քաղաքական մեկնակետը։ Իսկ Սևրի պայմանագրի վավերացված չլինելու իրողությունից ամենևին էլ չի բխում, որ դրանում ամրագրված՝ Հայաստանի ու հայության իրավունքները կորցրել են իրենց ուժը։ Իրականությունն այն է, որ առ այսօր դրանք այդպես էլ մնացել են առկախ։

Աշխատության հեղինակները առարկայական փաստերով ցույց են տալիս, որ Հայաստան-Թուրքիա սահմանի հարցով իրավարարությունը մեկնարկել է դեռ Սևրի պայմանագրի ստորագրումից ամիսներ առաջ, և Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումը միջազգայինիրավական միանգամայն ինքնուրույն գործընթացի սկիզբ էր մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի՝ որպես հաղթող դաշնակիցների քառյակի և մյուս կողմից ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի միջև, ով, ի պատասխան իրեն ուղղված 1920 թ. ապրիլի 25-ի պաշտոնական առաջարկի, արդեն 1920 թ. մայիսի 17-ին տվել էր այդ առաքելությունն իրականացնելու իր համաձայնությունը։ Ընդ որում, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պնդմամբ հենց Սան Ռեմոյում է տեղի ունեցել, այսպես կոչված, Մեծ Հայաստանի ստեղծման նախնական նախագծի փոխարինումը Փոքր Հայաստանի ծրագրով, քանի որ Սեբաստիայի, Խարբերդի և Դիարբեքիրի հարցը դուրս է բերվել հայթուրքական սահմանագծման միջազգային իրավարարի իրավասություններից։ Որովհետև Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշումների հիմքում շարունակում էին մնալ Ասիական Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի բաժանման վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած գաղտնի համաձայնագրերը։ Տարբերությունն այն էր, որ նշված տարածքներն արդեն ոչ թե անցնելու էին պատերազմից դուրս եկած Ռուսաստանին, այլ միացվելու էին Հայաստանի Հանրապետությանը: Դա ցույց է տալիս, որ՝

ա) բացարձակապես անհիմն է ներկայումս օտար քաղաքագիտական շրջանակներում պահպանվող այն տեսակետը, համաձայն որի՝ Սևրի պայմանագիրն ու ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռը Մեծ Հայաստանի ստեղծման հայկական առավելապաշտական ծրագրերի մարմնացումն էին,
բ) գաղտնի պայմանագրերով Ռուսաստանին վերապահված տարածքների անցումը Հայաստանի Հանրապետությանը ապահովում էր Օսմանյան Հայաստանի (Արևմտյան Հայաստանի) և Ռուսական կայսրության տարածքում իր անկախությունը հռչակած Հայաստանի (Արևելյան Հայաստանի) վերամիավորումը։

Հեղինակային խումբը, անցնելով Սևրի պայմանագրի բովանդակային քննությանը, հոդված առ հոդված ներկայացնում է Հայաստանին ու հայությանը տրված բոլոր իրավունքները՝ հայրենիքի նկատմամբ իրավունքի վերականգնումից մինչև անհատական ու գույքային իրավունքներ։ Բացահայտվել են նաև Սևրի պայմանագրի՝ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածները, որոնք իրավական հիմք էին ստեղծում Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար՝ առանց գործածելու ավելի ուշ շրջանառված «ցեղասպանություն» հասկացությունը։ Հեղինակները սպառիչ պատասխան են տալիս նաև Սևրի պայմանագրի՝ իբր Լոզանի պայմանագրով փոխարինման մասին պատմագիտական հին ձեռնածությանը՝ մանրամասն ներկայացնելով ինչպես Սևրի պայմանագիրը վերանայելու 1921 թ. ձախողված փորձը, այնպես էլ դրա հարաբերակցությունը Լոզանի պայմանագրի հետ։

Ուշագրավ են հատկապես ամերիկյան գաղտնազերծված արխիվների լայն օգտագործմամբ իրականացված՝ Հայաստանի սահմանների հարցով Վ. Վիլսոնի կոմիտեի գործունեության ու նրա ներկայացրած զեկուցման հանգամանալից քննությունը և դրա հիման վրա ձևակերպված իրավարար վճռի միջազգային-իրավական լեգիտիմության փաստարկված հիմնավորումը։ Ի տարբերություն Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածի, որով Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի հստակեցման հարցը թողնվել էր ԱՄՆի՝ որպես պետության որոշմանը, Սան Ռեմոյի կոնֆերանսը հայ-թուրքական սահմանի գծման առնչությամբ դիմել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ առաջարկելով նրան դառնալ իրավարար: Միջազգային իրավունքի տեսանկյունից տարածքային վեճերում յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր շահերով: Մինչդեռ, ինչպես իրավացիորեն նկատում են սույն աշխատության հեղինակները, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի որոշման հարցը իրավական տեսանկյունից եղել է ոչ թե ԱՄՆի՝ որպես պետության, այլ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ որպես միջազգային իրավարարի իրավասության ներքո: Այսինքն՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ընդունած՝ դաշնակից ուժերի Գերագույն խորհրդի որոշումն ու դրանից բխող դիմումը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին և վերջինիս հրապարակած իրավարար վճիռը բացարձակապես անխոցելի են իրավական տեսանկյունից և անբեկանելի ու անժամանցելի՝ գործադրման ժամկետների առումով։

Չբավարարվելով Սևրի պայմանագրի ու Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի բովանդակային քննությամբ՝ աշխատության հեղինակները մանրամասն ներկայացնում են այդ փաստաթղթերի վերաբերյալ առանձին տերությունների դիրքորոշումներն ու մանավանդ Խորհրդային Ռուսաստանի հետևողական պայքարը՝ Սևրի պայմանագրի տապալման համար։ Նորահայտ փաստերի միջոցով ցույց են տրվում նաև Հայկական հարցը քրդական հարցով հակակշռելու և ապա դրանք միավորելու, իսկ վերջում երկուսն էլ զոհաբերելու Մեծ Բրիտանիայի քաղաքականության բարդ հոլովույթի նրբերանգները։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայ Դատի հետապնդման գործընթացում Սևրի պայմանագրի ու Վ. Վիլսոնի իրավարար վճռի արծարծումների շուրջ 100-ամյա պատմության համառոտ քննությունը սույն աշխատության հեղինակների կողմից, որն իրականացվել է ինչպես սփյուռքահայ քաղաքական մտքի, այնպես էլ Սփյուռքի տարբեր կառույցների քաղաքական ձեռնարկների հետազոտության միջոցով։ Անշուշտ, այդ պայքարի բոլոր հանգրվանները պատշաճ կերպով ներկայացված չեն այս կոլեկտիվ աշխատության մեջ։ Դեռ լուրջ խնդիրներ կան, մանավանդ 1970-1980-ական թվականների Զինյալ պայքարի պատմության բացահայտման առումով, բայց դա նախ առանձին ու հատուկ ուսումնասիրության և ապա միայն պատմության ընդհանուր հյուսվածքի մեջ ներառվելու կարիք է զգում։

Վերջում հեղինակային խմբի կողմից հետազոտության են ենթարկվում նաև Հայաստանի անկախության վերականգնումից՝ 1991 թվականից հետո, Սևրի պայմանագրի ու Վ. Վիլսոնի իրավարար վճռի կիրառման իրավաքաղաքական հնարավորությունները։ Հայ դիվանագիտության ու հայկական Սփյուռքի առջև բացվող հեռանկարների համառոտ քննությամբ հեղինակներն ավարտում են կոլեկտիվ աշխատությունը՝ հետագա եզրակացությունների ասպարեզ բացելով Հայ Դատի պայքարը շարունակող նոր սերնդի համար։ Իսկ վերջինիս գաղափարաքաղաքական համառ փնտրտուքը հունավորելու համար այդ հեռանկարների նախնական ուրվագծերը ներկայացվում են իրավունքի ուժ և ուժի իրավունք հակաթեզի վրա կառուցված վերջաբանում։