կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 21:55
Մշակույթ

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2020 թ. երկրորդ համարը

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2020 թ. երկրորդ համարը

Ընթերցողի դատին է ներկայացվում «Վէմ» համահայկական հանդեսի 2020 թվականի երկրորդ համարի էլեկտրոնային տարբերակը՝ 355 էջ ծավալով և հարուստ բովանդակությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաշվի առնելով համավարակի վտանգը՝ հետաձգել էինք «Վէմ» հանդեսի 2020 թվականի առաջին համարի տպագրությունը, բայց ընթերցողների ու գիտական թեզեր ներկայացնելու խնդիր ունեցող հոդվածագիրների բազմաթիվ պահանջներից հետո վերջերս այն լույս է տեսել սահմանափակ տպաքանակով։ Մեկ շաբաթից լույս կտեսնի նաև երկրորդ համարի տպագիր տարբերակը։

Օրերս լույս է տեսել նաև «Վէմ» Մատենաշարի առաջին հատորը՝ Երվանդ Փամբուկյանի երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքը հանդիսացող «Քրիստափոր Միքայէլեանի անտիպ նամակները» ուշագրավ ժողովածուն։ Հատորը սկսվում է մեր «Քրիստափոր Միքայէլեանի ժառանգութիւնը» առաջաբանով, որում բարձր է գնահատվում Քրիստափորի նոր նամականիի աղբյուրագիտական արժեքը։ Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այդ իրողության վրա, որպեսզի մեր ընթերցողներն այդ առաջաբանը չշփոթեն «Վէմ»-ի ներկա` երկրորդ համարի խմբագրականի հետ։

«Վէմ»-ի 2020 թվականի երկրորդ համարի «Քրիստափորի կտակը» խմբագրականը Քրիստափոր Միքայելյանի նվիրական կերպարը նրա բազում արժանիքների գնահատման արդեն ծանոթ կաղապարներից դուրս բերելու և համաշխարհային պատմագիտության «հերոսն իբրև առաջնորդ» հղացքի միջոցով վերարժևորելու առաջին փորձն է հայ պատմագիտության մեջ։
Այդ հղացքի ակունքները բացահայտելու համար հանդեսի երկրորդ համարում հրապարակել ենք նաև երիտասարդ ու խոստումնալից պատմագետ Գևորգ Ա․ Ճաղարյանի ուշագրավ հոդվածը` հերոսների պաշտամունքի ու հերոսականության գիտական ուսումնասիրության հիմքերը դրած Թոմաս Քարլայլի պատմագիտական ժառանգության վերաբերյալ։

«Վէմ» հանդեսն իր երկրորդ համարից նախաձեռնում է մասնագիտական քննարկումներ Հայկական հարցի պատմաքաղաքական բովանդակության շուրջ՝ փորձելով այն իմաստավորել մեր օրերի ոգուն համահունչ։ Դրանց սկիզբը դրած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ա. Սաֆրաստյանի «Իմաստավորելով Հայկական հարցը 21-րդ դարում» ուսումնասիրությունը հրապարակվում է հոդվածաշարի տեսքով՝ առաջին մասի շարադրանքը հասցնելով մինչև Առաջին աշխարհամարտի օրերը, որպեսզի հաջորդ հատվածը «տեղավորվի» Սևրի պայմանագրի և ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի Իրավարար վճռի քննությանը նվիրված երրորդ համարում՝ դառնալով նրա օրգանական մասը։

«Վէմ» հանդեսն իր ներկա համարով սկսում է մաս առ մաս հրապարակել Իսրայելի գիտությունների ակադեմիայի անդամ Մայքլ Ե. Սթոունի գլխավորած գիտնականների խմբի կողմից վերջերս իրականացված «Սուրբ երկրի և Սինայի հայերեն արձանագրությունները» հետազոտական աշխատանքի արդյունքները՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայերեն արձանագրությունները, որոնց վերծանության ու մեկնաբանության գործն իրականացրել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակից Խաչիկ Ա. Հարությունյանը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքի հիմնադրման ու առաջին տարիների գործունեության պատմությանն է նվիրված Էդգար Գ. Հովհաննիսյանի ուշագրավ հրապարակումը։

Մեր սերնդի համար յուրահատուկ ահազանգի դեր է խաղում այս տարի լրացած Շուշիի ջարդերի 100-ամյակի կապակցությամբ հրապարակվող Արմեն Ց. Մարուքյանի ցեղասպանագիտական հետազոտությունը՝ այդ հանցագործության իրականացման մեջ Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։

«Վէմ» հանդեսի 2-րդ համարը զարդարել է տարիներ շարունակ Կոմիտաս վարդապետի ու նրա աշակերտների կողմից բարեխիղճ կերպով հավաքված հայ ժողովրդական երաժշտության տոհմիկ ժառանգության գանձերից մեկի՝ հայկական ավանդական հարսանիքի ծիսաշարերի և արարողությունների մանրակրկիտ հետազոտությունը ազգագրագետ Հռիփսիմե Վ. Պիկիչյանի կողմից։

Եվ վերջապես «Վէմ» հանդեսի երկրորդ համարի Հավելվածում հրատարակվող «Համաշխարհային ճգնաժամը և մենք» հիմնարար ուսումնասիրությամբ կատարում ենք էլեկտրոնային տարբերակով հրապարակված մեր «Թագավարակի գաղտնիքը» հոդվածը շարունակելու, նրանում առկա վիճելի դրույթները հստակեցնելու խոստումը։ Սա ողջ աշխարհը պատուհասած ճգնաժամի քաղաքական, տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքների վերաբերյալ համապարփակ գիտական հայացք ձևավորելու փորձ է։ Ցույց է տրվում, որ համավարակը սոսկ համաշխարհային ճգնաժամի խորացման նախնական հարուցիչն է։ Ներկայացվում են ճգնաժամի հաջորդ փուլերում սպասվող ավելի լուրջ մարտահրավերները։ Առարկայական փաստերով բացահայտվում է այն իրողությունը, որ Հայաստանն իր ժողովրդով ու քաղաքական դասով անպատրաստ էր անգամ ճգնաժամի առաջին հանգրվանին։

Ուսումնասիրության հիմնարար դրույթներն արտացոլում են մեր՝ որպես գիտնականի տեսակետներն ու մտահոգությունները, որոնք, դժբախտաբար, դեռևս խորությամբ չեն ընկալվում մեր պետական ու փորձագիտական շրջանակների կողմից։

vemjournal.org