կարևոր
4051 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-07 23:28
Հասարակություն

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2022 թ. երրորդ համարը

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2022 թ. երրորդ համարը

ԱԶԴ

Որոշ ուշացումով լույս է տեսել«Վէմ» հանդեսի 2022 թ. 3-րդ համարը, որում տեղ են գտել առաջատար գիտնականներից անգամ մեծ ջանքեր պահանջած հիմնարար ուսումնասիրություններ։ Ուշացումը պայմանավորված է նաև «Վէմ» Մատենաշարի՚ միանգամից երեք գրքերի հրատարակության նախապատրաստական աշխատանքներով, որոնք լույս կտեսնեն 2022 թ. վերջին և հաջորդ տարվա սկզբներին։

«Վէմ»-ի հերթական համարը հարուստ է այնպիսի հրապարակումներով, որոնք փորձում են գտնել այսօր հայ հանրության առջև ծառացած մի շարք հրատապ հարցերի գիտական պատասխանները՝ վեր կանգնելով ընթացիկ-քաղաքական շահախնդրություններից.

Նախ՝ խմբագրականի միջոցով«Վէմ» -ը, քննելով մեր երկրի շուրջը ծավալվող ոչ միշտ տեսանելի տեղաշարժերը, լույսի շող է ուրվագծել 2018-2022 թթ. Հայաստանի շուրջը ստեղծված աշխարհաքաղաքական մութ թունելի վերջում, որն ազգովի որսալու խնդիր ունենք այսօր։

Երկրորդ՝ «Հիմնաքարեր» բաժնում հրապարակվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Տ. Մարությանի հոդված-առաջարկությունը Հայաստանի դպրոցներում «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» առարկայի դասավանդման մասին։ Դրա համար որոշակի հիմքեր էին ստեղծվել դեռ Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք, բայց այժմ, երբ ԱՄՆ-ում անգամ նման դասընթաց է մտցվում, մենք այլևս չպետք է հապաղենք։

Երկրորդ՝ Ք. ա. 68 թ. սեպտեմբերի 16-ի Արածանիի ճակատամարտում Հռոմի զորքերի հանդեպ Հայաստանի հաղթանակի 2080-ամյակի առթիվ հրապարակվել է Ռուբեն Լ. Մանասերյանի ծանրակշիռ ուսումնասիրությունը։ Դա, անկասկած, նոր խոսք է Տիգրան Մեծի հերոսական կերպարի բացահայտման ասպարեզում ինչպես հետազոտողների տեսադաշտից դուրս մնացած հայոց արքայի բարեմասնությունների ներկայացման, այնպես էլ մեզ համար խիստ արդիական խնդրի՝ Արևմուտքի ու Արևելքի միջև քաղաքակրթական նոր համադրության ձևավորման նպատակով։ Այդ հերոսական դարաշրջանի ոգին բացահայտելու համար հրապարակվել են նաև Տիգրան Մեծի ժամանակներից պահպանված բազմաթիվ արձանիկների լուսանկարներ, բացահայտվել է դրանցից յուրաքանչյուրի խորհրդանշական իմաստը։

Մերօրյա քաղաքական դիսկուրսում ճիշտ կողմնորոշվելու առումով խիստ արդիական է նաև հայոց ռուսական կողմնորոշման սկզբնավորման հարցին նվիրված Արարատ Մ. Հակոբյանի ծավալուն ուսումնասիրությունը, որում Իսրայել Օրու կյանքի ու գործունեության իրական պատմությունը ներկայացնելու միջոցով բացահայտվում է երկար տատանումներից հետո նրա իրականացրած ռուսական շրջադարձի խորքում ընկած քաղաքակրթական հիմնապատճառը՝ պետրոսյան Ռուսաստանի եվրոպական արեւելումը։

«Վէմ»-ի հերթական համարում հրապարակվել է պրոֆ. Աշոտ Ն. Հայրունու ծավալուն գրախոսությունը ներկա՝ 2022 թ. Լայպցիգում գերմաներենով լույս տեսած Յուրգեն Գիսպերտի ՙArmenien gestern und heute՚ («Հայաստանը երեկ և այսօր») ուշագրավ աշխատության մասին։ Այս ծավալուն գիրքն անգլերեն թարգմանվելու պարագայում կարող է խիստ օգտակար լինել Արցախյան հիմնահարցն արդի գիտության հասկացութային համակարգի միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնելու առումով։

«Վէմ»-ի հերթական համարը հարուստ է բազմաթիվ այլ հետաքրքրական հրապարակումներով:

__________________________________________________________

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԵՐԵՎՈՒՄ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Հարություն Տ. Մարության
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արժեքային կողմնորոշումների համատեքստում

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ռու¬բեն Լ. Մանասերյան
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԱՆՁԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՇՈՒՐՋ
Ք. ա. 68 թ. Արածանիի ճակատամարտում Հայաստանի հաղթանակի 2080-ամյակի առթիվ

Աշոտ Ա. Մելքոնյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (1888-1915 ԹԹ.)

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Սուրէն Դ. Դանիէլեան
ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ «ԵՐԿՆՔԻ ՃԱՄԲՈՎ» ԴՐԱՄԱՅԻ ՅԵՏԱԳԻԾԸ

Վաչագան Ռ. Գրիգորյան
ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ
Հրանտ Մաթևոսյանի
ստեղծագործության մեջ (անգլերեն)

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Ս. Գյուրջինյան
ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹԸ

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արսեն Է. Հարությունյան
ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ
Մաս երկրորդ: Արեգակի խավարում,
ծովի ալեկոծում

ՄՇԱԿՈՒՅԹ
Դիանա Հ. Համբարձումյան
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՀԱՅԱՑՔՆ ՈՒ
ՄԵՐ ԱՅՍՕՐԸ
«Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Լուսինէ Ա. Աւետիսեան
ԼԵԶՈՒԱԲԱՆՆ ՈՒ ԼԵԶՈՒԻՄԱՍՏԱՍԷՐԸ
Նիկոլ Աղբալեանի ծննդեան 150–ամեակին ընդառաջ

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Լիլիթ Վ. Դալլաքյան
ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Համաշխարհային և տարածաշրջանային դերակատարների դիրքորոշումների համեմատական քննություն

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշոտ Ն. Հայրունի
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՀԱՅԱԳԵՏԻ ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Jürgen Gispert, Armenien gestern und heute – „Die Aschen der Opfer schlagen in unseren Herzen“. Zu einer Theorie der armenischen Memorialkultur

ՀԱՎԵԼՎԱԾ
Արարատ Մ. Հակոբյան
ՀԱՅՈՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Իսրայել Օրու կյանքի ու գործունեության իրական պատմությունը