կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-12 20:15
Սփյուռք

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2021 թ. առաջին համարը

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2021 թ. առաջին համարը

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2021 թվականի առաջին համարը բավականինի մեծ՝ 375 էջ ծավալով, ինչը կապված է երկու կարեւոր իրադարձությունների՝ 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկվայի պայմանագրի եւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի 1921 թ. մարտի 15-ի արդարահատույց գործողության 100-ամյակների առիթով վերլուծական ու փաստաթղթային նյութերի խոշոր փաթեթների տպագրության հետ։

Յուրաքանչյուրին հատկացված մոտ՝ 50-55 էջերը թույլ են տվել պրոֆեսոր Արարատ Մ. Հակոբյանին՝ իրականացնելու Մոսկվայի 1921 թ. մարտի 16 (18)-ի պայմանագրի վերաբերյալ մեր հասարակությանը հուզող շուրջ 12 վիճելի հարցերի սպառիչ քննությունը։ Իսկ Երվանդ Գ. Փամբուկյանը նոր բացահայտումներ է արել 1921 թ. մարտի 15-ի արդարահատույց գործողության վերաբերյալ՝ Սողոմոն Թեհլիրյանի «Վերյիշումներ»ի տպագրության ընթացքում «Հուսաբերի»ի խմբագրության եւ Կասաբլանկայում գտնվող հայ վրիժառուի 1951-1953 թթ. նամակների համեմատության միջոցով։ Մեր վաստակաշատ ընկերոջ ուշադրությունից չի վրիպել այն իրողությունը, որ «Վերյիշումներ»ի պրակների փոխանակության ժամանակ Ս. Թեհլիրյանի ձեռագրով կատարված ուղղումների մի մասն անտեսվել է, ուստիեւ առաջ են եկել անհամապատասխանություններ, որոնք պետք է շտկվեն հաջորդ տպագրություններում։ Այս համբերատար ու մանրակրկիտ աղբյուրագիտական աշխատանքը թույլ է տվել պարզել անգամ գործողության պահի (Ս. Թեհլիրյանի բնորոշմամբ՝ «սատկելու վայրկեանի») նկարագրության մեջ «Վերյիշումներ»ի տպագիր օրինակում առկա թերություններն ու բացթողումները։

Գիտագործնական կարեւոր նշանակություն ունի երիտասարդ մշակութաբան Արմինե Հ․ Տիգրանյանի կողմից արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության իրավական մեխանիզմների ուսումնասիրությունը։ Հեղինակը ներկայացրել է միջազգային իրավունքի այն նորմերն ու դրանք ամփոփող կոնկրետ փաստաթղթերը, որոնց միջոցով առաջիկայում պետք է ծավալվի մեր պայքարը՝ արցախահայության իրավունքների վերականգնման համար։

Երիտասարդ պատմագետ Գեւորգ Ա․ Ճաղարյանը «Վէմ» հանդեսի 2021 թ. առաջին համարում շարունակել է Թոմաս Քարլայլի «Հերոսների, հերոսապաշտության եվ պատմության մեջ հերոսականի մասին» կոթողային աշխատության քննությունը, ինչը բացահայտում է հերոսականության մեր ընկալման ակունքներում առկա այն գաղափարները, որոնք շոտլանդացի մեծ պատմագետից ժամանակին վերցրել է ՀՅԴ հիմնադիրներից Սիմոն Զավարյանը, իսկ նրանից էլ իր աշակերտը՝ Գարեգին Նժդեհը։ Հերոսների տիպաբանության՝ ժամանակի ու միջավայրի հետ ունեցած խորքային կապի մասին Թոմաս Քարլայլի բացահայտումները խիստ արդիական են Արցախյան վերջին պատերազմից հետո ուժի եւ ուժի գործոնի մասին մեր ներկա հայացքների վերաքննության համար։ Քանզի մեր կուսակցության հիմնադիրներն առաջնորդվել են շատ ավելի լայն ու գիտականորեն հիմնավորված հայեցակարգով՝ Քարլայլի «Հերոսների, հերոսապաշտության եվ պատմության մեջ հերոսականի մասին» երկի դրույթներով։

«Վէմ» հանդեսի 2021 թվականի առաջին համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրավ հրապարակումներ։ Ներկայացնում ենք նրա Բովանդակությունը եւ հայոց ինքնության ձեւախեղման նպատակ ունեցող վերջին մեքենայությունների վերլուծությանը նվիրված Խմբագրականը։

___________________________________

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ


ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Արարատ Մ. Հակոբյան
ՄՈՍԿՎԱՅԻ 1921 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի (18-Ի) ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Արման Ս. Եղիազարյան
ՍՄԲԱՏ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Մաս Բ։ Հայոց թագավորության մասնատման գործընթացի խորացումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Ա․ Ճաղարյան
ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ
Մաս երկրորդ։ Հերոսն իբրև աստվածություն, մարգարե և բանաստեղծ

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մարինե Դ․ Ղազարյան
ՀԱՐԱԶԱՏԻ ԵՎ ՕՏԱՐԻ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուում

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուրի Ս. Ավետիսյան
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲԱՌԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

ՄՇԱԿՈՒՅԹ
Արմինե Հ․ Տիգրանյան

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Էդգար Գ. Հովհաննիսյան
ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Եվ Կիպրոսի հայոց թեմի վերակազմավորումը 1920-1930-ական թթ

ԼՐԱՏՈԻ
Վարդան Զ. Պետրոսյան
ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ
Աշոտ Ս. Աբրահամյանի հիշատակին

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուրեն Թ. Սարգսյան
ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Սևրի պայմանագրի և ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռի մասին

ԱՐԽԻՎ
Խաչատուր Ռ. Ստեփանյան
ՀՅԴ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
1921 Թ. ՆԱՄԱԿՆԵՐԸ
ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին

ՀԱՎԵԼՎԱԾ
Երուանդ Գ. Փամպուքեան (Պէյրութ)
ՍՈՂՈՄՈՆ ԹԷՀԼԻՐԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
Իր յուշագրութեան առաջին տպագրութեան առիթով

vemjournal.org