Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ arfd.am
Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի վերջին՝ չորրորդ համարը, սովորականից ավելի մեծ՝ 326 էջ ծավալով, ինչը հիմնականում պայմանավորված է անցնող տարվա ընթացքում նշված հոբելյանական իրադարձություններին արձագանքելու եւ դրանց գիտական գնահատականներ տալու ցանկությամբ։ «Վէմ»-ի հոբելյանական բնույթ ունեցող հրապարակումներից վերջինը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի հետ կապված հոդվածաշարը, լույս է տեսնելու հաջորդ՝ 2018 թվականին։
Դրանով հանդերձ, հանդեսի 2017 թվականի վերջին համարում տեղ են գտել հրապարակումներ, որոնց հիմնարար բնույթը զուգորդվում է մի կողմից՝ քննարկվող նյութի այժմեականության, իսկ մյուս կողմից՝ հայեցակարգային ընդհանրացումների հետ։
Հայոց պատմության անտիկ շրջանը վաղ միջնադարի հետ կապող ժամանակահատվածում արձանագրված արժեքային հեղաբեկումների նորովի քննությանն է նվիրված անգլերենով լույս տեսած՝ Ալբերտ Ա. Ստեփանյանի «Արեւմտականացումը հին եւ վաղ միջնադարյան Հայքում» ուսումնասիրությունը։ Իսկ Գեղամ Մ. Բադալյանի «Տայքի կենտրոնական եւ արեւելյան գավառների ազգային նկարագիրը 16-րդ դարի վերջին» ուշագրավ հրապարակումը փաստորեն «փակում է» Վրաստանի, իսկ հետագայում՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ անցած այդ հայկական երկրամասի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ հայ եւ վրացի գիտնականների շուրջ կեսդարյա բանավեճը։ Հիմնվելով հենց վրաց գիտնականների հրապարակումների եւ երկրամասում նոր հաստատված թուրքական իշխանությունների՝ «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ հարկացուցակի» համեմատական քննության վրա, հեղինակը 16-րդ դարավերջի տեղանունների ու անձնանունների ծավալուն աղյուսակների միջոցով անհերքելիորեն ապացուցում է, որ Տայքը պահպանել էր իր բնիկ հայկական նկարագիրը նաեւ Օսմանյան կայսրության տիրապետության վաղ շրջանում։
Շարունակելով Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ տպագրվող «Պետականության մարտահրավերը» շարքը, «Վէմ» հանդեսը 2017 թվականի 4-րդ համարում տեղ է հատկացրել Արմեն Ա. Ասրյանի՝ «Արամ Մանուկյանի անհատականությունը որպես պատմակերտ գործոն» ուսումնասիրությանը եւ Արամ Ս. Սայիյանի՝ «Դերսիմը 1920 թ. թուրք-հայկական պատերազմի օրերին» ոչ մեծ հրապարակմանը, որում հայ պատմագիտության մեջ առաջին անգամ գիտական քննության են ենթարկվում 1920 թ. աշնան ամիսներին Հայաստանի Հանրապետության խորքերն արշավող թուրքական բանակի թիկունքում բռնկված, բայց այդպես էլ հարկ եղած ձեւով չօգտագործված՝ Քոչգիրիի ապստամբության դասերը։
2017 թվականի վերջին համարում տեղ են գտել նաեւ այլ հետաքրքրական ուսումնասիրություններ ու փաստաթղթերի հրապարակումներ։
Ներկայացնում ենք Վէմ-ի չորրորդ համարի Բովանդակությունն ու Խմբագրականը։