կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 12:31
Հասարակություն

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2020 թ. առաջին համարը

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2020 թ. առաջին համարը

Էլեկտրոնային տարբերակով ընթերցողի դատին է ներկայացվում «Վէմ» համահայկական հանդեսի 2020 թվականի առաջին համարը՝ 324 էջ ծավալով և հարուստ բովանդակությամբ։

Հաշվի առնելով համաճարակի վտանգը՝ առայժմ ձեռնպահ ենք մնում հանդեսը տպագիր տարբերակով լույս ընծայելուց։ Սակայն հավաստիացնում ենք «Վէմ»-ի համարները կանոնավոր կերպով ստացող շուրջ 180 գիտական ու կրթական հաստատություններին ու անհատներին, որ իրավիճակի բարելավման պարագայում լույս կտեսնեն նաև հանդեսի տպագիր օրինակները։

«Վէմ» համահայկական հանդեսն իր 2020 թվականի առաջին համարի Խմբագրականի միջոցով սկսում է մասնագիտական քննարկումներ մեր ազգային պահանջատիրության հիմքը կազմող Սևրի պայմանագրի և ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի Իրավարար վճռի քաղաքական ապագայի շուրջ։ Այս կարևորագույն ազգային-քաղաքական իրադարձությունների 100-ամյա հոբելյանների առիթով նախաձեռնվող գիտական դիսկուրսը հանդեսի 2-րդ համարում շարունակելու է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ա. Սաֆրաստյանը։ Նույն թեմայով «Վէմ» հանդեսի կողմից նախատեսվում է նաև հատուկ գիտաժողովի կազմակերպում։

Ներկա համարում հրապարակված պրոֆեսոր Սեյրան Ա. Զաքարյանի ծավալուն ուսումնասիրության միջոցով «Վէմ» հանդեսն իր հարգանքի տուրքն է մատուցել 20-րդ դարի հայ ազգային-քաղաքական մտքի հենասյուներից մեկի՝ Միքայել Վարանդյանի հիշատակին, որի ծննդյան 150-ամյակը լրանում է 2020 թվականին։

Հիմնարար գիտական ու միաժամանակ գիտագործնական նշանակություն ունի պրոֆեսոր Ալեքսանդր Ս. Մանասյանի «Տնտեսական մարդու և քաղաքական մարդու հակամարտությունը» ուսումնասիրությունը։ Որպես մեր դարաշրջանի հիմնական հակասություն դիտվող այս երևույթի հաղթահարման համար հեղինակի ներկայացրած կոնկրետ առաջարկություններն արդեն հանրային քննարկման առարկա են և կարող են դառնալ նաև օրենքի նախագծեր։

Իր երկարամյա գիտական պրպտումների և մի շարք ուսումնասիրողների կողմից մոսկովյան արխիվներում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի հիման վրա պրոֆեսոր Արարատ Մ. Հակոբյանը կարողացել է վերջնականապես պարզաբանել միջազգային իրավունքի կոպիտ ոտնա-հարումով 1921 թվականի մարտին Խորհրդային Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի կողմից ստորագրված Մոսկվայի պայմանագրի ժամկետների հարցը, որն ամենևին էլ նեղ պատմագիտական խնդիր չէ։ Բանն այն է, որ այս փաստաթղթում իբրև պայմանագիր կնքման օր նշված «մարտի 16»-ը կանխամտածված կեղծիք է, քաղաքական աճպարարություն, որի միջոցով բոլշևիկները խաբել են նույն օրը Լոնդոնում իրենց հետ առևտրական պայմանագիր ստորագրած և Խորհրդային Ռուսաստանին դե ֆակտո ճանաչած անգլիացիներին, որոնք դրա դիմաց նրանցից պահանջել էին Կարսն ու Արդահանը ցանկացած գնով վերադարձնել Խորհրդային Հայաստանին։ Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է 2 օր անց՝ մարտի 18-ին։ Մինչ այդ Լոնդոնում Ռուսաստանի ներկայացուցիչ Լ. Կրասինին հանձնարարվել էր հարկ եղած դեպքում անգլիացիներին հայտնել, թե իբր իրենք տեղյակ չէին, որ մարտի 16-ին Լոնդոնում կնքվելու է նաև անգլոռուսական համաձայնագիրը։ Հետաքրքրական է, թե 2021 թվականին՝ այս պայմանագրի 100-ամյակի տարում, ինչպես են գնահատելու նման իրողությունը ժամանակին խաբված անգլիացիների ու բոլշևիկ-աճպարարների ներկա ժառանգորդները։

«Վէմ» համահայկական հանդեսի 2020 թվականի առաջին համարում տեղ են գտել նաև այլ ուշագրավ ուսումնասիրություններ ու հոդվածներ։ Ներկայացնում ենք համարի Բովանդակությունն ու Խմբագրականը։ Իսկ առանձին հոդվածների էլեկտրոնային տարբերակներն առաջիկա օրերին կտեղադրվեն հանդեսի կայքէջում՝ vemjournal.org