Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհը կարող է բախվել վերջին 80 տարվա ընթացքում աննախադեպ տնտեսական անկման հետ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Նոբելյան մրցանակի ֆորումի ժամանակ տեսաձեւաչափով ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համավարակի սոցիալական եւ տնտեսական վնասը հսկայական է եւ շարունակում է աճել,-նշել է նա:-Չկա պատվաստանյութ, որը կարող է շտկել արդեն հասցված վնասը»: «Մենք կանգնած ենք վերջին 80 տարվա ընթացքում համաշխարհային աննախադեպ տնտեսական անկման առաջ,-նախազգուշացրել է Գուտերեշը:-Աճում է ծայրահեղ աղքատության եւ սովի սպառնալիքը»:
ՄԱԿ-ի ղեկավարը նշել է, որ այդ իրավիճակի պատճառն արդեն գոյություն ունեցող անհավասարությունն ու հասարակության անարդար կառուցվածքն է, որը պարզապես վեր է հանել համավարակը:
Գուտերեշը հայտարարել է, որ երկրների՝ համավարակին ուղղված արձագանքը համակարգված չէր. այդ իրավիճակն անհրաժեշտ է ուղղել կորոնավիրուսի պատվաստանյութը բաշխելիս:
«Համավարակը վերածվել է աննախադեպ ճգնաժամի, որում աշխարհը բախվել է ընդհանուր թշնամու հետ: Ցավոք, կառավարությունները չեն մշակել միասնական արձագանք՝ ուղղված այդ համաշխարհային սպառնալիքին»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Նա հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է փաստացի տեղեկատվություն ու ապահովել գիտական առաջնորդություն համավարակի առաջին օրերից ի վեր, որը պետք է դառնար համաշխարհային համակարգված գործողությունների հիմքը: «Սակայն արձագանքը հատվածական էր եւ քաոսային: Երկրները, տարածաշրջանները եւ անգամ քաղաքները մրցել են միմյանց հետ առաջին անհրաժեշտության պարագաներն ու առաջատար բուժաշխատողներին ստանալու համար»,-փաստել է Գուտերեշը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նույն իրավիճակը կրկնվի կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի մատակարարման դեպքում, որը պետք է դառնա համընդհանուր սպառման դեղամիջոց»,-ամփոփել է նա: