Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-07-07 13:51
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննախադեպ գնաճ՝ վերջին 5 տարվա կտրվածքով, չորացած դաշտեր եւ թանկացող շուկա

Այս տարվա գնաճը ոչ միայն աննախադեպ է ամսվա, այլեւ կիսամյակի կտրվածքով։ Մենք ունենք հունիսին 6․5 տոկոս գնաճ, իսկ հունվար-հունիսին կուտակված գնաճը կազմում է 5,7 տոկոս։ Կենտրոնական բանկը նպատակադրել էր 4․5՝ պլյուս-մինուս 1.5 տոկոս։ Ակնհայտ է, որ նրանք այդ ցուցանիշը չեն կարողանալու ապահովել, եւ այստեղ գների կայունության թիվ 1 պատասխանատուն ԿԲ-ն է, որը ձախողել է իր քաղաքականությունը․ Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

6.5 տոկոս գնաճը, պարզվում է, ոչ միայն տարվա վեցամսյակի, այլեւ վերջին 5 տարվա կտրվածքով է։ Սա աննախադեպ ցուցանիշ է, որը վերջին 5 տարում այս շեմը երբեք չի հատել։ 

«Սննդամթերքի դեպքում ունենք աննախադեպ գնաճ․ 8․8 տոկոսով աճել են։ Մտահոգիչ է առաջին անհրաժեշտության մթերքի, բանջարեղենի գների աճը, շաքարավազի աննախադեպ գնաճ է՝ 43․2 տոկոս։ Ձեթն ու յուղը 80-90 տոկոս են թանկացել այն դեպքում, երբ մարդկանց եկամուտները գրեթե մնացել են նույնը»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Հունվար-հունիսի 5․7 տոկոս գնաճի դիմաց մարդկանց եկամուտներն ու աշխատավարձերը պաշտոնական թվերով աճել են 4․4 տոկոս, նպաստներն ու թոշակները մնացել են գրեթե նույնը։ Պարսյանի խոսքով՝ երկրում այնպիսի իրավիճակ է, երբ գներն ավելի արագ են աճում, քան եկամուտները։

«Մեր հասարակությունը գնում է դեպի աղքատացում, սոցիալական խնդիրների սրացում։ Այս պայմաններում մենք չենք կարող խոսել տնտեսական աճի, ճգնաժամի վերականգնման մասին։ Երբ տարեսկզբին դրամը արժեզրկվում էր, գները ժամ առ ժամ բարձրանում էին, հիմա՝ վերջին շաբաթների ընթացքում, դրամը արժեւորվում է, բայց գների իջեցում չունենք, ճիշտ հակառակն է առանձին ապրանքների դեպքում։ Շաքարավազի դեպքում, օրինակ, ստեղծվում է արհեստական դեֆիցիտ, մարդիկ մեծ քանակությամբ շաքարավազ են գնում եւ ուշադրություն չեն դարձնում գնին»,- ըստ Yerkir.am-ի՝ նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա աննախադեպ շոգն ու Արցախի հողերի կորուստը եւս շուտով իրենց լուրջ հետեւանքներով զգալ են տալու․ աշնանը գյուղացին կանգնելու է անասնակերի խնդրի առաջ։

«Արցախից տարեկան ստանում էինք 60 հազար տոննայի չափով ցորեն, այս տարի այդ ցորենը չենք ստանալու, որը մատչելի էր եւ բավականին որակյալ։ Բնականաբար, այդ հարցը կլուծեն օլիգարխների միջոցով․ նրանք ուղղակի  կավելացնեն ներկրման ծավալները։ Ներկրման դեպքում մենք ուղղակի կախվածություն ենք ունենում դոլար-ռուբլի-դրամ տատանումներից։ Եթե ուզում ենք՝ գները կայուն լինեն, մենք պետք է արտադրենք, բայց գնալով կրճատում ենք այդ կարողությունները։ Արցախից մենք ստանում էինք նաեւ մեծ քանակությամբ միս, քանի որ այդ շրջանները հարմար էին անասնապահության համար։ Հայաստանի անասնապահները խոտ էին բերում այնտեղից։ Պատահական չի, որ խոտի գինը աճել է, առանձին շրջաններում 1 հակը 1800-1900 դրամ է, երբ անցած տարի 1200-1300 էր, այսինքն՝ մոտ 50 տոկոս թանկացել է, եւ սա դեռ վերջը չէ։ Բայց կաթի մթերման գինը մնում է նույնը»,- ասաց տնտեսագետը։

Մանրամասն՝ տեսանյութում