Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բեսսե Քաբաք
Ցավոք, Մուհսին Քըզըլքայան Ֆրանսուա Ժորժոնի գրքից ընտրած բաժնում անտեսում է այն հատվածը, որտեղ նշված է, թե հայ կանանց առևանգելու դեպքերն այնքան շատ էին, որ առօրյա կյանքի մի մասն էին դարձել, և դեպքերի մեծ քանակի մասին «սովորական» բառը կիրառելով՝ դրան այլ իմաստ է տալիս։
Իմ ծննդավայրում ապրող հայերն առևանգման պատմությունների մասին իմացել են ոչ թե գրքերից, երգերից, այլ ապրել ու տեսել են իրենց ընտանիքի անդամների, ընկերների հետ պատահած դեպքերը։ Ես առևանգվելու վախ չեմ ունեցել միայն այն պատճառով, որ իմ ընտանիքը 1970-ական թթ․ սկզբին Ստամբուլ է եկել։ Սակայն իմ ազգականների մեջ կան կանայք և աղջիկներ, որոնց առևանգել են կամ առևանգման փորձ արել։
Այդ պատճառով էլ չեմ կարող լռել, երբ Մուհսին Քըզըլքայան «Մուսա բեյը և Գուլիզարը» վերնագրով իր հոդվածում Գյուլոյի և առևանգված մեր բոլոր աղջիկների և հարսների ապրած ցավերը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը «սովորական» է որակում։
«Ակօս»-ի այս շաբաթվա համարի առաջին մասում զետեղված Ֆլորի պատմության մեջ տեսնում ենք, որ հայ աղջիկների և հարսների կյանքը առևանգման կամ առևանգման փորձերի պատճառով շարունակել է տակն ու վրա լինել ինչպես օսմանյան ժամանակաշրջանում, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության շրջանում։ Առևանգման դեպքերի մասին չեն բարձրաձայնել կա՛մ այդ տրավմաների ծանրության, կա՛մ էլ ընտանիքի անդամների համար խնդիր չառաջացնելու նպատակով։ Արդեն իսկ 1915 թ․ իրենց կյանքը դժվարությամբ փրկած, «թրից պրծած» այդ մարդկանց պատվի հարցերի մասին բարձրաձայնելը ի՞նչ օգուտ էր տալու։
Առևանգողների կամ առևանգման փորձ անող մարդկանց անպատիժ մնալու և դրանից հետո իրենց համար հեշտ ճանապարհով կին գտնելու մեծ հավանականության պատճառով տվյալ շրջանում գերակշռող դիրք գրավող որոշ արաբ և քուրդ ընտանիքներ շարունակել են առևանգել հայ աղջիկներին և նույնիսկ հարսներին։ Իհարկե այս խոսքերով չեմ ցանկանում կասկածի տակ դնել այս շրջանում ապրող ժողովուրդների բոլոր ներկայացուցիչներին։ Ավելին՝ ինչպես Գյուլոյի պատմության մեջ, այնպես էլ կողքի էջում առկա Ֆլորի պատմության մեջ էլ նրան օգնած քուրդ և արաբ ժողովուրդների արժանի որդիներ կան, որոնք հայերի կողքին են եղել, ինչի շնորհիվ ակնհայտ երևում է, որ դեպքերի ընթացքը փոխվել է։
Իրական փրկությունը Ստամբուլում էր
Առևանգման համար ընտրված աղջիկների ճակատագրերը հիմնականում ավարտվում էին առևանգողի կին, նրա երեխաների մայր կարգավիճակով, իսկ եթե որևէ մեկը փրկվում էր առևանգումից, դարձյալ առևանգվելը կանխելու համար շտապ նրան որևէ հայ ընտանիքի հարսն էին դարձնում։ Իսկ աղջիկների իրական փրկությունը այն ժամանակ է հնարավոր եղել, երբ իմացել են, որ Ստամբուլում հայեր կան։ Երբ առևանգումը չէր հաջողվում արդեն իրենց պատիվը համարող և աղջկա ձեռքը խնդրող ընտանիքները երբեմն առաջարկում էին փոխադարձ ամուսնության պայմանավորվածությունը կիրառել, կամ էլ կարող էին սպառնալ ու նույնիսկ բռնության դիմել։
Երբ ձեռք էր բերվում այդ պայմանավորվածությունը, աղջկա տան շրջափակումը հիմնականում թեթևանում էր կամ դադարեցվում։ Դա նշանակում էր, որ աղջիկը թաքուն գնում է Ստամբուլ՝ դեպի ազատություն։
Այն, ինչ ազդեցիկ է եղել Գյուլոյի դեպքում
Այդ պատճառով էլ, երբ կարդացի Գուլոյի կյանքի պատմությունը, ինձ ամենաշատը տպավորեց այն, որ 130 տարի առաջ տեղի ունեցած առևանգման դեպքով դատարան են դիմել ու դատի վերջում առևանգողին (թեկուզ խորհրդանշական) դատապարտել են։
Գյուլոն և մայրը՝ Նարթունը, իրենց պայքարի արդյունքում փոխել են հայ կանանց այդ անփոփոխ ճակատագիրը։ Դատարանի վճռով մի կին իրավունք էր ստացել վերադառնալ հայրական տուն։ Դա ինչ-որ տեղ նշանակում էր, որ Գյուլոն առևանգված բոլոր հայ աղջիկների հույսն ու ներկայցուցիչն է եղել։
Նրա պատմության առանձնահատկությունն այն էր, որ առևանգվելուց հետո այդքան բռնության և անմարդկային արարքների դեմ չի նահանջել, չի ընդունել այն ճակատագիրը, որ տղամարդիկ են գծել իր համար, դատարաններում փաշաների, շեյխերի դեմ պայքար է մղել հանուն սեփական իրավունքների ՝ մահը աչքի առաջ ունենալով, հետ է վերադարձրել իրենից խլված կյանքը և ճակատագիրը տնօրինելու իրավունքը։
Չներկայացված հատվածը
Այս տեղեկությունների լույսի ներքո կարող ենք անցնել Մուհսին Քըզըլքայայի հոդվածում իր ուզած մտայնության ձևավորման ու տված սխալ տեղեկությունների ուղղումներին։ Մուհսին Քըզըլքայան իր հոդվածում «Սուլթան Աբդուլհամիդ» գրքին է հղում տալիս և ասում․
«Այդ ընթացքում իմ կարդացած գրքի 357-րդ էջում գրված էր․ «1889 թ․ գարնանը Մուշում ուժեղ մի քրդական աշիրեթի ղեկավար Մուսա բեյը հայկական գյուղերի վրա հարձակում է նախաձեռնել, առևանգել, ապա պահել է մի երիտասարդ հայ աղջկա, ավելի ուշ նրան մուսուլման է դարձրել։ Սկզբում շատ սովորական թվացող այս դեպքը հետզհետե ուռճացվել է, երկար ժամանակ եվրոպական մամուլի ամենակարևոր օրակարգի նյութ է դարձել, ապա քննարկվել է Միացյալ Թագավորության համայնքերի պալատում և ի վերջո, անսպասելի կերպով, նույն տարվա աշնանը ճանապարհ է բացել Ստամբուլում դատական գործ հարուցելու համար»։
Սակայն Քըզըլքայան իր վկայակոչած հատվածի շարունակությունը չի ներկայացրել։ Շարունակության մեջ Ժորժոն ասում է․ «Հարձակում գյուղի վրա, այրվող խոտանոցներ, առևանգված կանայք, բռնի իսլամացում։ Երկար ժամանակ բռնության այսպիսի դեպքերը Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան- Ակունք խմբ․) դարձել էին առօրյա կյանքի մի մաս։ Արդյո՞ք քրիստոնյա կանանց ավելի հաճախ առևանգվելու պատճառներից մեկն այն էր, որ սրտկավաճառությունը նվազել էր, չերքեզ հարճ գտնելը՝ դժվարացել»։
Ցավոք, Մուհսին Քըզըլքայան Ֆրանսուա Ժորժոնի գրքից իր ընտրած հատվածում անտեսում է այն, որ հայ կանանց առևանգնման դեպքերը առօրյա կյանքի մի մասն էին դարձել, որն էլ դեպքերի հաճախակի լինելու վերաբերյալ «սովորական» բառին այլ իմաստ հաղորդելու պատճառ է դարձել։ Առօրյա դարձած մյուս առևանգումները և մեղքի տարր պարունակող բռնությունները չներկայացնելու և միայն մեկ առևանգման դեպքի օրինակով փորձում է ստեղծել այն տպավորությունը, որ առևանգման դեպքերը «հայերի կողմից ուռճացվել և տեղափոխվել են եվրոպական մամուլ»։
Մինչդեռ առաջին անգամ հեռուստեսությամբ հնչած մի երգի միջոցով է Գյուլոյի պատմության մասին լսել ու հոդված գրել, ընթերցողներին էլ հայտարարել է, թե «առանց մի կողմին փառաբանելու, իսկ մյուս կողմին մեղավոր հանելու՝ փորձելու է այլ դիտանկյունից որակել 130 տարի առաջ տեղի ունեցած մի իրադարձություն»։ Սակայն ցավոք չի պահել տված խոստումը և հոդվածի շարունակության մեջ հերոսի կերպար ձևավորելու համար շարունակել է վճռորոշ սխալներ անել։
Մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում
Այնպես որ նրա հոդվածից հնարավոր չէ հասկանալ, որ Մուսա բեյի՝ 14 տարեկան աղջկա առևանգման պատճառով մարդիկ են մահացել, վիրավորվել, առևանգված աղջկան բռնի են ամուսնացրել, իր չուզած մարդու հետ, ճնշում են գործադրել, որ աղջիկը փոխի իր անունը (ի դեպ՝ անունը ոչ թե Լեյլա են դրել, այլ՝ Ֆաթմա), իր կրոնը, Գյուլոն չի ցանկացել փոխել կրոնը, ինչի պատճառով երկու շաբաթ անգիտակից վիճակում է եղել, այնպիսի բռնության է ենթարկվել, որ զրկվել է մի աչքի տեսողությունից։ Թե ինչ գնահատականներ է տվել Մուհսին Քըզըլքայան առևանգումներին, կարող ենք ընթերցել ստորև ներկայացված հատվածում։
«Մուսա բեյը Հասքյոյում (Խասգյուղ-Ակունքի խմբ․) ապրող Գյուլո անունով (երգիչների գործերում Գյուլիզար անունն էլ է տրվում) մի հայ աղջկա ուզում է ամուսնացնել իր եղբայր Ջեզահիրի հետ։ Աղջկան նրան չեն տալիս, որից հետո նա առևանգում է աղջկան։ Հայկական աղբյուրներում նշվում է, որ Գյուլիզարին առևանգել է տվել իր եղբոր համար, քանի որ ինքն ունեցել է 4 կին և չի կարողացել նրա հետ ամուսնանալ, այդ պատճառով էլ աղջկան ամուսնացրել է եղբոր՝ Ջեզահիրի հետ և ստիպել փոխել կրոնը։ Քրդական «dengbéj» երգում ասվում է նաև հետևյալը․
«Մուսա՛ բեյ, ես Գյուլոն են, խղճա՛ ինձ, հայ աղջիկ Գյուլոն եմ, Աստված վկա՝ քո կրոնին արժանի չեմ, արժանի եմ իմ հոր ուսին կրած խաչին»։ Մարդու ուղեղում կարող է տեղավորվել այն, որ նրան ստիպել են փոխել կրոնը, որ Գյուլիզար անունը փոխարինել են Լեյլա անվամբ, սակայն մարդու ուղեղում չի տեղավորվում այն, որ իր համար առևանգված աղջկան նա ամուսնացրել է իր եղբոր հետ։ Վերը նշված երգի մեջ ոչինչ չկա այն մասին, որ իր համար փախցրած աղջկան նա ամուսնացրել է իր եղբոր հետ, սակայն այնտեղ երկար պատմում է բռնի կրոնափոխության մասին։ Ինչպես նաև՝ մեջտեղում պատիվ ասվածը կար, որը քրդերն ամեն ինչից վեր են դասում»։
Այդ պատվի հարցը
Ինչպես հասկանում ենք վերը նշվածից, Մուհսին Քըզըլքայայի համար բոլոր այդ իրադարձությունների մեջ անըմբռնելին ցավոք այն է, որ իր համար փախցրած աղջկան նա ամուսնացրել է եղբոր հետ։ Ավելին, Մուսա բեյին պաշտպանելու համար ասված հետևյալ նախադասությամբ, թե՝ «Ինչպես նաև՝ մեջտեղում պատվի հարց կար, որը քրդերն ամեն ինչից վեր են դասում» բացի այն, որ քուրդ ժողովրդին կասկածի տակ է դնում, այլև Գյուլոյին մեղադրում է սուտ խոսելու մեջ։
Այդ խոսքերով նա առաջին հերթին ամբողջ քուրդ ժողովրդին է կասկածի տակ դնում, քանի որ 14 տարեկան աղջկա նկատմամբ այդքան անմարդկային վերաբերմունքը որևէ մեկի մոտ պատվի և ամոթի տեսանկյունից խնդիր չի ստեղծել, այլ հայտարարում է, որ նրանք սխալ էին համարում միայն «4 կին ունեցող մարդու՝ 5-րդ կնոջ հետ ամուսնանալու ցանկությունը»։ Մուհսին Քըզըլքայայի՝ Մուսա բեյի անունը մաքրելու համար ասված այդքան խոսքերից հետո ցավ ապրեցի Գյուլոյին օգնած քուրդ ժողովրդի հարգելի զավակների, նրան մահվան դուռը հասցնելու չափ ծեծելու ժամանակ միջամտած և կյանքը փրկած, նրան բուժած գյուղապետ Սեֆերի և կնոջ՝ Մեթեի, իր կյանքը վտանգի ենթարկելու գնով ընտանիքից Գյուլոյին լուր տարած այգեպան Խազիգի նման լավ մարդկանց համար։ Թող նա հավատա, որ քուրդ ժողովրդի համար պատիվ հասկացությունը Մուսա բեյի արժեքային համակարգի հետ նույնն է։ Ես հավատում եմ, որ 130 տարի շարունակ Գյուլոյի նկատմամբ կատարված անարդարությունների մասին երգերի ուղեկցությամբ ներկայացնելը երևան է հանում այն ճշմարտությունը, որ քուրդ ժողովուրդն արդեն իսկ այդ նույն պատվի ու ամոթի արժեքների կրողը չէ։
Շատ լավ, իսկ Գյուլոն ի՞նչ էր ասում
Այդ պատճառով երանի Քըզըլքայան կարդացած լիներ Գյուլոյի աղջկա՝ Արմենուհի Կևոնյանի կողմից գրված «Գյուլիզարի սև հարսանիքը» վերնագրով գիրքը։
Այդ ժամանակ չէր սխալվի և Գյուլոյի խոսքերը չէր արհամարի»։ Եթե թույլ տաք, այստեղ կներկայացնեմ այն խոսքերը, որոնք Քըզըլքայան իրեն նեղություն չի տվել ընթերցել․
«․․․ Ինձ տարան Մուսա բեյի մոտ։ Մեծ սրահում բազմաթիվ մարդիկ կային։ Մուսա բեյն ինձ տարավ իր մոտ, նստեցրեց այծի բրդից հյուսված գորգի վրա և սկսեց համբուրել։ Նրա հորեղբայր Մեհմեթ բեյը նկատեց իմ տառապանքը և միջամտեց, որ նա ինձ հանգիստ թողնի, սակայն այս անգամ Մուսա բեյն ասաց, որ վճռական է ինձ հետ ամուսնանալու հարցում։ Շատ էի վախեցել։ Լաց լինելով ընկա նրա ոտքերը և աղաչեցի, որ ինձ իմ հոր տուն ուղարկի։ Երբ հասկացա, որ աղաչանքներս իզուր են, ամեն բան հաշվի առնելով, քրդերեն գոռացի․ «Եթե քո կողքին հարյուր տարի էլ ստիպված լինեմ ապրել, միևնույնն է՝ իմ հայկական ինքնությունից չեմ հրաժարվի։ Ինձ էլ գյուղապետ Օհանի նման ողջ-ողջ այրի՛ր, որ փրկվեմ։ Հրեշը խոսքերս լուրջ չընդունեց։ Ամուսնանալու համար հրամայեց հարևան Քուֆրա գյուղից կանչել շեյխերին։ Մինչ այդ պահը լուռ լսող Մեհմեթ բեյը դեմ դուրս եկավ բռնությանը․ «Մուսա՛, դու չորս կին ունես, այս աղջիկը քեզ չի հասնում, գոնե տուր քո եղբայր Ջեզահիրին»։
Վերջում ցանկանում եմ անդրադառնալ Մուհսին Քըզըլքայայի հոդվածում մեծ տեղ գրաված հետևյալ հատվածին․ «Ահա այս ֆոնին բռնկվեց քուրդ Մուսա բեյի և հայ աղջիկ Գյուլիզարի միջադեպը» ձևով արված վերլուծություններին և մեջբերումներին։
Մուհսին Քըզըլքայան, անդրադառնալով այդ ժամանակ առևանգման դեպքի հետ իրականում այդքան էլ կապ չունեցող տեսարանին և օգտագործելով այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են՝ «Շրջանը գրաված ռուսական բանակի կարևոր սպաները հայեր էին․․․», «․․․ Հայերն այդ ընթացքում մշտապես Արևմուտքի պետություններին բողոքում էին, որ քրդերն ու չերքեզները իրենց վրա ճնշում են գործադրում․․․», երևան է հանում հայերի «իրական մտադրությունը»։ Մինչդեռ «Շրջանում հայերը և քրդերը միասին էին ապրում։ Դեռևս հանգիստը չխաթարված տարիներ» արտահայտություններով նկարագրվող ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերի մասին կրկին հնարավոր է կարդալ Գյուլոյի պատմության մեջ։
Գյուլոն իր հուշերում խոսում է դատարան դիմելու համար իրեն քարկոծած մարդկանց մասին։ Հաղորդում է, որ առևանգված աղջկա դատի ժամանակ տուժածին քարկոծող այդ մտածելակերպը ավելի ուշ վերածվել է հայերի վրա իրենց բնակավայրերում հարձակման նախաձեռնության պատճառ, որը միայն մի հրամանագրով է կանխվել։
Դեպքերի հետին պլանում ընկած ճշմարտությունը դա է, որը դուք չեք ուզում տեսնել։ 14 տարեկան աղջնակի առևանգման մեջ դուք դեռ հայերին մեղադրելու բաներ եք շարունակում փնտրել։ Այդ էլ երևան է հանում այն ճշմարտությունը, որ խնդիրը ոչ թե հայերի, այլ ձեր մտածելակերպի մեջ է։
«Դուք» եմ ասում, քանի որ ցավոք Ձեր հոդվածներով դուք էլ անցնում եք ոչ թե Գյուլոյին փրկած, այլ նրան քարկոծած մարդկանց շարքերը։
* https://www.haberturk.com/yazarlar/muhsin-kizilkaya-2291/2689438-musa-bey-ile-gulizar
http://www.agos.com.tr/tr/yazi/24465/gulizari-hala-kimler-tasliyor
Թարգմանեց Անի Մելքոնյանը