Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգ կարճամետրաժ ֆիլմերի շնորհիվ միջազգային տարբեր փառատոներից 12 մրցանակներ ստանալով` կինոռեժիսոր Սոֆի Գուայետը վերջապես իր առաջին լիամետրաժ ֆիլմն է նկարել: «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում: Ֆիլմն արդեն մասնակցել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնին և արժանացել «Պայծառ ապագա» մրցանակին:
Լրագրողների հետ զրույցում Սոֆի Գուայետը նշեց, որ ֆիլմը ստեղծվել է 3 երկրներում` 17 օրվա ընթացքում:
«Ինձ համար ամենակարևորն այն էր, որ ֆիլմը ստեղծելիս անկախ էի: Անկախ լինելը, ճիշտ է, մի շարք դժվարությունների առաջ է քեզ կանգնեցնում, սակայն այն նաև քեզ հնարավորություն է տալիս անել այն, ինչ ուզում ես: Անգամ Կանադայում ֆիլմի նկարահանման համար գումար հայթհայթելը մեծ խնդիր է, դրա համար էլ ֆիլմի նկարահանումները ստիպված էի մի փոքր ձգձգել` մինչև կինոփառատոներից գումար կստանայի: Ի դեպ, մեծ գումար եմ ծախսել թույլտվություն ստանալու` Ռախմանինովի երաժշտությունը ֆիլմում օգտագործելու համար»,-ասաց Գուայետը:
Ըստ կինոռեժիսորի` ֆիլմը ստեղծելու իր ամենամեծ շարժիչ ուժն այն է եղել, որ մարդկանց ցույց տա` բոլորի կյանքում էլ երբեմն լինում են հուսահատության պահեր, սակայն ամենահուսահատ շրջանում էլ ելք կա, դեպի լույս տանող ուղին կա: Գուայետի հավաստմամբ` իր` «Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմը հավատի և առ ապագան հույսի մասին է:
«Ֆիլմը մարդու ներաշխարհի մասին է` մենք անընդհատ երկու ճանապարհներով ենք գնում` ներաշխարհի և իրականության, և երբեմն դրանք իրարից սահմանազատելկն անհնար է թվում: Ֆիլմը ստեղծելիս ուզում էի գտնել բոլորիս իրար միացնողը. բոլորս երազներ ենք տեսնում և դրանց միջոցով հնարավոր է` ինչ-որ տեղ «միանում» ենք իրար: Իմ ֆիլմերում գույները մեծ դեր են խաղում, քանի որ ես Մեքսիկայում և Ասիայում եմ նկարահանել ֆիլմը, ուզում էի տեղի գույները փոխանցել և այնպես անել, որ երազն ու իրականությւոնն իրարից չտարբերվեն»,-ասաց կինոռեժիսորը:
Նա նաև խոստովանեց, որ չնայած Ռոտերդամի փառատոնում մրցանակը մի շարք դռներ է բացել իր առջև, բացի այդ` «Ոսկե ծիրան»-ից էլ մեծ հույսեր ունի, բայց, միևնույն է, հերթական ֆիլմը նկարահանելու համար իրեն մեծ գումարներ են պետք: Գուայետի հավաստմամբ` այսօր արտ հաուզ կինո ստեղծելու համար մեծ աշխատանք է պետք տանել, մեծ գումարներ հայթհայթել: