Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տասնհինգ տարի է՝ իրականացվում է այս միջոցառումը։ Մուտքն ազատ է, պարողները տարբեր տարիքի մարդիկ են, ինչպես դպրոցականներ, այնպես էլ փոքր երեխաներ, անգամ տարեց մարդիկ են գալիս, ովքեր հեռանալիս շնորհակալություն են հայտնում ասելով, որ մի ամսվա ուժ կուտակեցին պարերը դիտելով, մյուս ամիս էլի կգան: Պարի հզոր էներգիան փոխանցվում է անգամ դիտողներին. «Նարեկացի» արվեստի միությում կայացած «Մեր պարերը և մենք» խորագիրը կրող հերթական ամենամսյա միջոցառման ընթացքում Yerkir.am-ին փոխանցեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Ինչպես նշեց գեղարվեստական ղեկավարը՝ ծրագիրն իրականացվում է արդեն տասը տարի: Այն տաք եղանակին (մայիսից-սեպտեմբեր) Գաֆեսճյան հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է Կասկադ համալիրում: Այնտեղ պարահրապարակն ավելի ընդարձակ ու հարմար է և համախմբում է հայկական պարերի ավելի մեծ թվով սիրահարների։
«Այնտեղ հազարից ավելի մարդ միանգամից պարում է։ Միջոցառումը հայկական ավանդական մշակույթը փոխանցելու միտում ունի։ Այն, ինչ Խորհրդային կարգերի ժամանակ արմատախիլ էր արվում՝ անաղարտ ազգային պարը և այլն, փորձում ենք այսօր վերադարձնել հայ ժողովրդին»,- նշեց Գագիկ Գինոսյանը։
Ավանդական պարերի համախմբող ուժը
«Կարինի» սան, պարուսույց Աբել Մաթևոսյանը ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը պատրաստ է ժամեր շարունակ ցույց տալ պարաձևերը՝ միաժամանակ բացատրելով յուրաքանչյուր շարժման խորհուրդը: Այդպիսով՝ ներկաները ոչ միայն յուրացնում են պարի սոսկ շարժումները, այլև՝ լեզուն և բովանդակությունը:
«Պարը ծնվեց, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգևորությունը խոսքի և նույնիսկ երգի միջոցով արտահայտել:
Պարն աճեց, զորեղացավ և դարձավ արվեստների թագը, որովհետև միակն էր, որ միաձուլեց մարդկային հոգին ու մարմինը:
Պարը մարմնի երգն է և նկարչություն է մարմնի միջոցով: Պարը մտքի սլացքն է, ոգու կռիվն ու հերոսացումը:
Պարը կնոջ հեզ նազանքն է և տղամարդու զորեղ զարկը:
Եթե «չար մարդիկ երգ չունեն», ապա տկարները պար չունեն», - «Պարը» խորագրով իր արձակ բանաստեղծության մեջ պարի վերաբերյալ իր խոհերն այսպես է ներկայացրել Գագիկ Գինոսյանը:
Ուշագրավ է, որ ազգային պարերը առավել լայն տարածում են ունեցել հատկապես Սասնո աշխարհում։ Ռուս նշանավոր գրող Մ. Գորկին, տեսնելով սասունցիների պարը, գրել է. «Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ թաքնված է ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնական պա՞ր, թե՞ ռազմիկների պար… Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»:
Ռազմապարերը նաև պատմություն են կերտել
Հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության մեջ պատվավոր տեղ են գրավել հատկապես ռազմական պարերը: Ռազմական խրոխտ պարերի մեջ է ասես արտացոլված եղել մաքառող, հաղթանակող հայ տղամարդու հերոսական ոգին։ Դարեր ի վեր հայոց ռազմական պարերը նպաստել են հայ երիտասարդների ֆիզիկական դաստիարակությանը: Մեր նախնիները ռազմական պարերի միջոցով հայ պատանիների մեջ դաստիարակել են ճարպկություն, դիմացկունություն, վահան ու թուր գործածելու հմտություն:
Հայկական ռազմական պարերի մասին հիշատակվել է դեռևս Մ. Խորենացու, Փ. Բուզանդի, Գր. Մագիստրոսի աշխատությունների մեջ։ Պահպանվել են մոտ 30 անուն ռազմապարեր, որոնցում արտահայտված է ռազմի, հաղթանակի գաղափարը։ Հնում ռազմական պարերը հիմնականում կատարվել են ճակատամարտերից առաջ բանակի մարտական ոգին բարձրացնելու նպատակով: Կային պարեր, որոնք պարում էին պատերազմից հետո՝ թատերական ներկայացումների ձևով պատկերելով ճակատամարտի որոշ դրվագներ: Ռազմական պարերը պարել են ռազմական հաղթանակներ տոնելիս, ռազմական գործիչների թաղման արարողությունների ժամանակ։
Որքանո՞վ և որտե՞ղ է կիրառելի ռազմապարերի ծրագիրը մեր օրերում
Որքանո՞վ են այսօր կիրառական ռազմական պարերը ՀՀ Զինված ուժերում, ներառվա՞ծ են արդյոք ուսումնական ծրագրերում, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ազգային պարի երախտավոր Գագիկ Գինոսյանի հետ զրուցելով պարային յուրօրինակ միջոցառման ընթացքում։
«Արդեն վեցերորդ տարին է «Ազգային երգ ու պար» առարկան ներառված է հանրապետության մոտ 330 հանրակրթական դպրոցներում, Արցախի 30 դպրոցում։ Կուրսը 5,6,7 րդ դասարաններում է, յուրաքանչյուր տարի երեխաները սովորում են ութ երգ, ութ պար, որոնցից առնվազն երկուսը ռազմապարեր են։ Այս սերունդը կզորակոչվի բանակ, և բանակը համալրված կլինի ռազմապարին տիրապետող զինվորներով։ Պետք է նշեմ, որ ռազմապարը օր առաջ պետք է հայկական բանակում ներդրվի, որովհետև դա և՛ էթնիկ հոգեբանություն է, և՛ ազգային գաղափարախոսություն, որը հավաքական ոգեղեն դաշտ է ստեղծում», - նշեց Գագիկ Գինոսյանը՝ հիշեցնելով Նժդեհի խոսքերը. «Բանակն այն է, ինչ հավաքական ոգի կարողանում է նրա մեջ դնել զորավարը»։
Գինոսյանը վստահ է՝ այդ հավաքական ոգին կարողանում է ապահովել ռազմական պարը, և այն պետք է ներդրվի ռազմական համալսարանում։
«Ծրագիրը մշակված է արդեն, հուսով եմ, որ այս կիսամյակից կներդրվի։ Ի դեպ, Ջինիշյան հիմնադրամի աջակցությամբ ռազմապարերի տեսապարուսույց ձեռնարկ ենք ստեղծել, որտեղ ներառված են ռազմական պարերը։ Տարբեր ուսումնասիրություններ ի մի բերելով՝ ընտրել ենք տասնհինգ պարեր՝ քոչարիների հինգ տարբերակ, սասունցիների յարխուշտան, Պարսկահայքի իշխանաց պարը, Շատախի ռազմապարը, Քերծի, մուսալեռցիների դաշույններով պարը», - պատմեց Գինոսյանը։
Կոմիտասին նվիրված «Ղողանջ հարսանեկան» ներկայացման մեջ «Կարինի» գեղարվեստական ղեկավարը վերականգնել է երեք պար, երեք պարերգ, դրանք փոխանցելով ազգային պարի սիրահարներին։
«Վերականգնել ենք մեկ ռազմապար՝ «Զինվորի գյովնը», որը հարձակման և հաղթանակած վերադարձի խորհուրդն է կրում: Մենք նաև տեսասկավառակ ենք նվիրում, որպեսզի մարդիկ մեր միջոցառման ժամանակ իրենց սովորած պարերը կարողանան հետո էլ պարել սկավառակի միջոցով»,- ասաց նա։
Ռազմապարերի բնույթը, տեսակները
Ուշագրավ է, որ հայկական ռազմական պարերը հիմնականում շարային են: Մի շարքով կատարվող պարերը խորհրդանշում են բանակը, իսկ դեմ առ դեմ երկու շարքից կազմված պարերը` հակառակորդ բանակներ: Շարքերն իրենց հատուկ պարաքայլերով անվերջ քանդվում ու վերակառուցվում են, ընդառաջ գնում իրար, գնում իրար հետևից, ձեռքի պարագաներով կամ բաց ափերով զարկում են իրար` ստեղծելով հարձակման տեսարան, ապա հեռանում` շրջվելով կամ ետ-ետ գնալով, պատկերելով զորքի նահանջը: Այս կռիվ-խաղերում մշտապես վեր է հառնում հաղթողի կերպարը: Պարտվող կողմը խորհրդանշում է թշնամուն: Բոլոր ռազմական պարերի կատարողական տեմպն արագ է, ռիթմը` փոփոխական:
Հայկական ռազմական պարերի առավել տարածված տեսակներն են` հարձակման և նահանջի պարեր (Չուբբազի, Փետախաղ, Չոփ-չոփի, Ճիպոտախաղ, Ձիավեն), կռվախաղ-պարեր զենքով (Թրախաղ, Թուր-մատթալով, Փետապար, Փետախաղ, Մաչինո, Մնգո, Չոլ մայդան և այլն), մենամարտ-զուգապարեր (Ճիպտապարեր, Խանչալապարեր), ծափ-պարեր (Յարխուշտա, Ծափ-խաղ): Ծափ-պարերում շարժումները շեշտվում են հանդիպակաց զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը, կռիվ պար-խաղեր (Քերծի, Ալիտի, Գյոնդ, Մշու և Շատախի, Նարե, Մշու, Խրո): Այս պարերում մեծ դեր ունի թաշկինակը, որը փոխարինում է երբեմնի զինանշաններ կրող դրոշակներին:
Ռազմապարերը և Հայոց նորօրյա բանակը
«Մենք պարբերաբար համերգներ, ելույթներ, ռազմապարերի ներկայացում ենք ունենում զորամասերում, համերգ դասախոսություններ ենք ներկայացնում ուսումնական զորամասերում։ Ռազմապարերի պարուսույց ձեռնարկը ներկայացվել է ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմին, սակայն արդեն օրվա հրամայականն է, որ բանակում ոչ միայն ներկայացվի, այլև ներառվի ռազմապարերի ծրագիրը»,- ասաց Գ. Գինոսյանը։
Կվերականգնվի՞ մեր բանակում պատերազմից առաջ հաղթական ռազմապար պարելու ավանդույթը՝ հարցին ի պատասխան, Գագիկ Գինոսյանն ասաց.
«Վստահ եմ, որ կվերականգնվի։ Այսպիսի մի խոսք կա՝ որտեղ հայը կռվեց, այնտեղ եղան հաղթանակներ, անգամ պարտություն, բայց չեղավ եղեռն։ Ազգային ռազմապարերի մեր ուսումնասիրությունները վկայում են, որ այնտեղ, որտեղ ցեղասպանության տարիներին դեռևս պահպանված էր ռազմապարերի մշակույթը, այնտեղ ցեղասպանություն չի եղել, այնտեղ հայը մարտնչել է։ Մուսալեռցիները գագաթ բարձրանալիս տասը թմբուկ են իրենց հետ վերցրել, երբ թուրքական թնդանոթի կրակել է, տասը թմբկահարը միասին խփել են թմբուկը, թշնամին կարծել է՝ հայերն էլ թնդանոթ ունեն։ Վախից չեն հարձակվել։ Պետք է մտածել օր առաջ ռազմապարը հայ կենցաղ, հայոց բանակ վերադարձնելու մասին»։
Սաները շարունակում են ուսուցչի գործը
«Իմ սաներից մեկը տարիներ շարունակ դասավանդում է Արցախի երեսունից ավելի դպրոցներում։ Մանուկ Հարությունյանի գլխավորությամբ, մեր աջակցությամբ Արցախում ստեղծվել է երեք պարախումբ, որոնցից ամենահայտնին Տնջրեն է։ Իմ սաները օգնում են նաև դպրոցների պարի ուսուցիչների վերապատրաստման հարցում, բայց դասավանդողների մեծ մասը մեր խմբի սաներն են։ Մեր պարախմբի տղաները սոսկ պարող չեն, այլ գաղափարակիր, ազգային մշակույթը փրկելու, վեր հանելու գործի նվիրյալ»,- պատմեց Գինոսյանը։
«Կարինի» մեծ ընտանիքի տասը տղաներով Գինոսյանը յարխուշտա և քոչարի է պարել Արարատի գագաթին. «Լեռան գագաթին տասը տղաներով երդվել ենք ծառայել ազգային մշակույթին և իրականացնել Էրգրի վերադարձը։ Նրանցից չորսը հիմա Հայոց բանակում են ծառայում, վերջին զինվորը մեր պարախմբից Դուշման Վարդանի եղբորորդին է, կրում է նույն անուն ազգանունը՝ Վարդան Ստեփանյան։ Նրանք փորձում են անշուշտ իրենց զորամասերում տարածել ազգային պարը, բայց դա մեծ մասամբ կախված է տվյալ զորամասի հրամանատարությունից։ Վերջերս հաճելիորեն զարմացա, երբ տեսանյութ էի դիտում, երգչի ելույթի ժամանակ ողջ զորամասը պարում էր՝ քոչարի, յարխուշտա», - ոգևորությամբ ներկայացրեց «Կարինի» ղեկավարը։
Նա վկայում է՝ զորամասերում համերգ դասախոսությունների ժամանակ պարզում են, որ առնվազն տասը զինոր կամ սպա անպայման գիտեն ազգային պարեր։
«Պարը կապրի, պարն ինքն է ապրեցնում։ Երբ Կոմիտասին ասում են՝ մեր երգը չեն երգում, մեռնում է, պատասխանում է՝ մի անհանգստացեք, երբ որ բոլորին կթվա, թե ազգը մեռնում է, մեր մշակույթը մեռնում է, ազգը իմ նման մի խենթին էլի կծնե ու ազգը կփրկե, մի՛ անհանգստացեք։ Իսկ Նժդեհն ասում էր՝ մեռնողն է մեռնում։ Այնպես, որ ով էդ մշակույթը չի կրում, ինքն է մեռած, մշակույթը չի մեռնի։ Մենք դեռ ասելիք ունենք, աշխարհը ծնկի է գալու, խոնարհվելու է էն ազգի առջև, ով հենց մշակույթի շնորհիվ կարողացել է մոխրից Փյունիկի նման վեր հառնել, որովհետև էդ մշակույթը թույլ չի տվել, որ մեր ոգին մեռնի։ Իսկ եթե մեր ոգին ապրում է, մենք կապրենք ու կապրենք...», - պարողների զիլ հնչյունների ներքո զրույցը եզրափակեց Գագիկ Գինոսյանը:
«Բայց պարն ապրում է, երբ ապրում ես պարով և մահանում է այն, երբ պարում ես ոչ թե քո, այլ այլոց համար:
…Եվ պարը սկսեց մահանալ, մեր պարը` այսքան իշխանական ու վեհ, այսքան հպարտ ու մարտական:
Եվ փոխանակ պարն ապրեցնեն՝ ապրելով նրանով, փորձեցին դիմային վիրահատություններով իբր թարմացնել, «երիտասար-դացնել» պարը:
Փորձեցին աչքերը պարի ավելի ժպտուն դարձնել, քան հայի թախծոտ աչքերն են: Փորձեցին նրբացնել նրա թավ հոնքերը և նույնիսկ անբռնազբոս ծիծաղ դարձնել հայ հարսիկի ամոթխած ժպիտը:
Ծամածռվեց մեր պարի դեմքը:
Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը պարը գրաբար դառնա:
Հանապազօրյա խնդիր է հայ պարի Կոմիտասի հայտնությունը» (Գագիկ Գինոսյան. «Պարը»):
Մանրամասները՝ տեսանյութում:
Վարդինե Իսահակյան