Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանը, որը ցած չի իջնում լրատվամիջոցներից, սակայն իշխանական եւ արեւմտյան ԶԼՄ-ներին է նախապատվություն տալիս, երեկ մեր հարցին, թե անվստահություն կհայտնի՞ ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին, 10 անգամ կրկնեց` չի լսվում-չի լսվում, անջատեց հեռախոսը եւ դարձավ անհասանելի:
Փաշինյանի հետ տարաձայնություններ ունեցող ԼՀԿ-ն սինխրոն է նրա ղարաբաղյան մոտեցումների հետ եւ անգամ հայտնի «ծեծից» հետո չի պատրաստվում անվստահություն հայտնել Փաշինյանին։ «Նման հարց օրակարգում չի եղել, չկա»,- ասաց պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Մինչեւ ո՞ւր կլարվեն իշխանություններ-ԼՀԿ հարաբերությունները։ «Ո՞նց կարող ենք նման կանխատեսում անել»: Տեսակետ կա, որ ԼՀԿ-ն ցանկանում է մաշել Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, հանուն ո՞ւմ եւ ինչի՞։ «Մեր գործունեությունը որեւէ անձի դեմ կամ հանուն չէ, մենք բացառապես հանուն պետության ենք»:
Խոսվում է, որ դուք գործընթացը տանում եք դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ «Արտահերթ ընտրություններ կարող են լինել մի դեպքում՝ եթե խորհրդարանն ի վիճակի չլինի իր առջեւ դրված խնդիրները լուծել. մենք համաձայն չենք առանձին գործընթացների հետ, բայց դեռեւս դա չի նշանակում, որ մենք գտնում ենք` ԱԺ-ն իր լիազորությունները չի կատարում»:
Դեռ որքա՞ն եք «ծեծվելու»։ «Ցույց կտա ժամանակը»: Ի դեպ, մեկ այլ ԼՀԿ-ական էլ ասաց. «Կարելի է ինչ-որ փուլում կազմակերպել, այսպես ասած` խորհրդարանական վարչապետափոխություն, 88 հոգու մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն այդ պրոցեսին, սակայն պետք է հաշվի առնել շատ կարեւոր հանգամանք` Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ժողովրդի մեջ դեռ բարձր է, եւ գործընթացը չի տա այն էֆեկտը, որն անհրաժեշտ է։ Ժողովրդի մեջ ափսոսանք կմնա Փաշինյանի ապավարչապետացումից, ուստի պետք է համբերել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում