Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցում է նաև ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն իր` «Վարդապետի լռությունը» ֆիլմով:
Լրագրողների հետ զրույցում Չալդրանյանը նշեց, որ ֆիլմի սցենարը երկար է խմորվել իր մեջ, բայց այն գրվել է վեց ամսում: Ըստ նրա` դժվար է ասել, թե ֆիլմի գաղափարը ինչպես է ծագել, քանի որ երբեմն գաղափարն է գալիս ու գտնում ռեժիսորին:
«Մեզ համար դժվար փորձություն էր Փարիզի հոգեբուժարանում նկարահանումներ իրականացնելը: Տեղի անձնակազմը շատ լավ գիտեր, որ մենք ֆիլմ ենք նկարում, բայց այնպես արեցինք, որ անձնակազմն իրեն զգաց իր ափսեում և կարծես ժամանակի անիվը հետ էր պտտվել: Մեզ ընդամենը 1,5 ժամ էր տրված հոգեբուժարանում նկարահանումներն իրականացնելու համար: Երկրորդ դուբլի հնարավորություն մեզ տրված չէր: Իմ ուզածի 50 տոկոսը ստացանք, բայց այն իր ճիշտ տեղը գտավ ֆիլմում»,-ասաց Չալդրանյանը:
Նա նշեց նաև, որ ֆիլմից հանել են շատ կադրեր, որոնք, ճիշտ է, լավ էին ստացվել, բայց դրանցում ռեժիսորը չի տեսել այն, ինչ պետք է: Ըստ Չալդրանյանի` ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասին, այլ նրա «Մեծ Լռությունը»: «Ֆիլմի մասին կարծիքները տարբեր են, այն շատ տարբեր են ընկալում: Բայց ինձ ասել են, որ «Ոսկե ծիրանի» ժամանակ ցուցադրելիս` ժյուրին հոտնկայս ծափահարել է: Բացի այդ` ինձ համար կարևոր էր Փելեշյանի կարծիքը, այն ինձ համար հավասարազոր է Աստծո կարծիքին: Եվ նա հանկարծ ինձ ասում է` քեզ լավ նայիր, դու կարևոր ես` ինձնից ու Փարաջանովից հետո: Նման խոսքերին ես վարժված չեմ, ես սովոր եմ, որ ինձ մտրակում ու քարկոծում ես»,-ասաց Չալդրանյանը: