Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Դաշնակցության «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի անդամ, բժշկուհի Գայանե Սահակովան 2021թ. սեպտեմբերի 27-ին առավոտյան հիվանդանոցում հերթապահությունից հետո համայցն ավարտել ու պատրաստվում էր գնալ 2-րդ աշխատատեղը, երբ ֆեյսբուքում կարդաց սկսված պատերազմի մասին և տեսավ՝ ինչպես են բոլորը կամավորագրվում հայրենիքի պաշտպանությանը:
«Դուրս գալով հիվանդանոցից, միանգամից զանգեցի իմ ծանոթ տղաներին՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում, և նրանք նույնպես ասացին, որ պատերազմ է սկսվել ու մեր գումարտակը՝ Դաշնակցության կամավորական գումարտակը, հենց այսօր մեկնում է առաջնագիծ»,-ասում է Գայանեն:
Ամբողջ ճանապարհին շատ լարված ու անհանգիստ էր Գայանեն: Զանգել ու խնդրել էր կոլեգաներին, որպեսզի իրեն փոխարինեն որոշ ժամանակով: Որոշել էր՝ մեկնում է ռազմաճակատ:
«Բոլորս մտածում էինք, որ կրկին 4-5 օր կտևի, սակայն նույնիսկ եթե մեկ օր տևեր, բոլորս պետք է գնայինք: Արդեն ժամը 12-ին հայտնի դարձավ, որ մեր գումարտակը հավաք է կազմակերպում Արամ Մանուկյանի արձանի մոտ: Ինձ փոխարինեցին, և ես դուրս եկա ու գնացի այդ հավաքին»,-նշում է նա:
Դաշնակցության կամավորական ջոկատը սպասում էր ՊՆ-ից հրամանին՝ շարժվելու համար: Այդ օրը նաև շտապ օգնության խմբերն էին կամավորների կարիք զգում՝ վիրավոր զինվորներին տեղափոխելու համար:
«Ես դիմեցի մեր հրամանատարությանը՝ ասացի, եթե այսօր չենք գնալու՝ ես միանամ շտապ օգնության խմբերին, ինչին պատասխանեցին, որ հետաքրքրվեմ՝ մինչև ՊՆ-ից վերջնական պատասխան ստանան:
Երիտասարդ բժշկուհին կամավորագրվեց նաև ԱՆ-ում, որպեսզի ՊՆ-ից հրամանի ուշացման դեպքում շտապ օգնության մեքենաներով մեկնի Արցախ, սակայն չհասցրեց, հրամանը չուշացավ. Դաշնակցության գումարտակը մեկնում է ռազմադաշտ:
«Արդեն ժամը 4-ին բժիշկ Նորիկի հետ գնացիննք անհրաժեշտ դեղորայք գնելու, իսկ երեկոյան ժամը 9-ին մենք զենք ստացանք և լուսաբացին ճանապարվեցինք դեպի Արցախ»,-պատմում է Գայանեն: Ստեփանակերտում գումարտակը ստացավ իր առաջադրանքը. պետք էր օր առաջ հասնել Մատաղիս:
Գայանեն դժվարությամբ է զգացողություններն արտահայտում բառերով: Վստահ է՝ ընթերցողն էլ կարդալով չի հասկանա այն, ինչ նրանք էին զգում այդ պահին:
«Դա միևնույն ժամանակ հպարտության զգացողություն է, որ գնում ես քո հայրենիքը պաշտպանելու կամ քո հայրենիքի համար մի օգտակար գործ անելու, և՛ վախ է, և՛ տագնապ ու գիտակցում, որ քո և քո ընկերների հետ ամեն վարկյան կարող է պատահել անդառնալին, հուզմունք է, անորոշություն՝ ինչ կլինի, ինչքան կտևի, կդիմակայե՞նք արդյոք»,- նշում է նա:
Նրա խոսքով՝ կար գիտակցում, որ իրենք այն հայրենիքի պաշտպանության գործին են մասնակցում, որի համար դա ժամանակին արել են Թաթուլը, Կարոտը, Բեկորը և մյուսները:
«Երբ դու այդ ամենի մի մասն ես դառնում, անհնար է, որ այդ հպարտության զգացումն ու կարևորությունը չզգաս, միևնույն ժամանակ հասկանալով, որ պատերազմ է և ամեն վայրկյան կյանքդ վտանգված է: Սրան զուգահեռ անընդհատ լսում ես լավ ու վատ լուրեր, որ, օրինակ Թալիշն ընկավ, կամ՝ շատ են օդից հարվածները, մտնում ես աշխույժ քաղաք Ստեփանակերտ ու տեսնում ամայացած, և թախիծն ու տխրությունը պատում են քեզ»,-ասում է Գայանեն:
Ըստ նրա՝ ոչ մի զինվոր մարտադաշտ մեկնելիս չի մտածում պարտության մասին, այլ գնում է հաղթելու հավատով: Հավատում է, որ մինչև վերջին կաթիլ արյունն անգամ պետք է կռվի, մինչև որ հաղթի:
«Դու չես գնում մեռնելու, դու գնում ես կռվելու ու հաղթելու: Մենք նույնպես հավատում էինք հաղթանակին, սակայն արդեն հոկտեմբերի 2-ից հետո, երբ մենք նահանջում էինք Մատաղիսից, մեզ համար պարզ էր, թե ինչ է դա նշանակում», — սրտի խոր կսկիծով ասում է բժշկուհին:
Քարտեզների ամենօրյա ուսումնասիրություններից նրանց պարզ էր, որ պարտվում ենք՝ անկախ իշխանական քարոզչամեքենայի հայտարարություննից, անկախ հաղթելու ենք, հաղթում ենք կարգախոսներից: Թշնամին օր օրի առաջ էր շարժվում՝ սեղմելով օղակը: Այդ մասին ոչ ոք ինքն իրեն չէր ուզում խոստովանել, բարձրաձայն խոսել այդ մասին, իսկ հարազատներին այդ մասին հեռախոսով փոխանցելու մասին խոսք լինել չէր կարող:
«Չես կարող նրանց ասել՝ գիտե՞ք, ամեն ինչ վատ է, Մատաղիսից նահանջել ենք, այլ ասում էինք՝ նահանջել ենք՝ բայց դեռ հետ ենք գնալու: Դժվար է ինքդ քեզ խոստովանել, որ դու նահանջել ես: Այդ պահին չես էլ ուզում հակադրվել քարոզչամեքենային, այլ հակառակը՝ հավատալ, որ դեռ ամեն ինչ լավ է լինելու, որ տակտիկական նահանջ է և այլն»,-նշում է Գայանեն:
Այնուամենայնիվ, դաշնակցականը չգիտի՝ ինչ է պարտությունը, թևաթափ լինելը, հանձնվելը: Դաշնակցականը իր տեսակով պայքարող է, ու մինչև կապիտուլյացիայի չարաբաստիկ օրը նրանք պայքարել են հաղթանակի համար: Երբ տրամադրության անկում էին ունենում, հիշում էին՝ ինչպես Գերմանիան հասավ մինչև Մոսկվայի մատույցներ ու պարտվեց պատերազմում: «Ամեն ինչ դեռ առջևում էր. քանի դեռ պատերազմը շարունակվում էր՝ հաղթելու հավանականություն միշտ կա»,-այսպես էին հուսադրվում Դաշնակցության կամավորականները:
«Քանի դեռ պարտված չես, քանի դեռ պայքարը չի մեռել քո մեջ, քանի դեռ ուժ ունես, դու կարող ես հաղթել»,-ասում է Գայանեն :
Նա զայրանում է, որովհետև այս ամենի մեջ վատագույնը ոչ թե նահանջի օրերն էին, այլ չարաբաստիկ նոյեմբերի 9-ը, որովհետև հենց այդ օրն ենք մենք պարտվել:
«Եթե չլիներ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, նոյեմբերի 10-ը դեռ կլիներ պայքարի օր: Բայց մենք պարտության օր ունենք ու հենց դա է ամենացավոտ, ամենատխուր, ամենասպանող ցավը: Մենք մի օրում 24 ընկեր ենք կորցրել, բայց այդ ցավը մեզ մոտ վրեժ ու պայքար է ծնել, իսկ նոյեմբերի 9-ը՝ թևաթափություն ծնեց, որ մեր ընկերները իզուր զոհվեցին. հանուն ինչի՞ զոհվեցին, որ հող տա՞ն: Ամեն դեպքում, առաջին օրը մենք հաղթելու հավատով էինք մեկնել ռազմաճակատ»,-ասում է Գայանեն:
Դաշնակցության «Կամավորական շարժում»-ը մինչև նոյեմբերի 24-ը Արցախում էր:
Գայանեի աչքերի առջևից չի հեռանում հոկտեմբերի առաջին 2 օրերը, երբ ունեցան առաջին զոհերը, հոկտեմբերի 3-ի գիշերը՝ երբ Մաղավուզի դպրոցի մոտ արկի պայթյունից դպրոցի պատուհանների ապակիների կտորները թափվեցին այդտեղ պատսպարված ու քնած զինվորների վրա: Նաև այն խաղաղ պահերը, որ ունենում էին:
«Մենք լավ օրեր էլ ենք ունեցել: Պատերազմի ժամանակ դու ճաշակում ես իրական ընկերության բերկրանքը, ամենասուր կատակները հենց պատերազմի դաշտում են ծնվում, որովհետև պետք է ինչ-որ ձևով հաղթահարել լարվածությունը»,-նշում է Գայանեն:
Նրա համար ծանր օրեր էին հոկտեմբերի 6-ը, երբ 24 զոհ ունեցան գումարտակից, հաջորդը՝ հոկտեմբերի 30-ը՝ Կիմ Խաչատրյանի զոհվելու օրը: Չնայած այսքան ցավերին, ամենածանր օրը նոյեմբերի 9-ն էր, որովհետև նախօրդ բոլոր ծանր օրերը հաղթահարել էին:
«Երբ պատերազմ էինք գալիս, գիտակցում էինք, որ մենք զոհեր ենք ունենալու, գիտեինք, որ դա կարող է լինել մեր ամենամտերիմը, մենք դրան պատրաստ էինք, սակայն պատրաստ չէինք հանձնվել: Մեր բոլոր տղաները պատրաստ էին զոհվելու, պայքարելու մինչև վերջ ու հաղթելու, բայց ոչ հանձնվելու»,-նշում է նա:
Սա անգամ պարտություն չէ: Տղաներից շատերի խոսքով՝ նրանք չհասցրեցին կռվել, շատերի զենքն անգամ չկրակեց: «Այս կռվում մենք կռվելով չպարտվեցինք, այլ մեզ հանձնեցին: Մեզ չի լքում այն զգացողությունը, որ մեր փոխարեն որոշել են մեզ հանձնել: Մեզ համար շատ դժվար էր, երբ մեր ներսում դեռ պայքար կար, բայց էլ ոչինչ անել չէինք կարող», — ասում է Գայանեն ու չի կարողանում զսպել արցունքները:
«Այս ամենը մոռանալ չեմ կարող: Աչքիս առաջ 60-ն անց տարիքի մարդը ուսերը թափահարելով լաց էր լինում, որովհետև Շուշի էր ազատագրել ու այն հանձնվել է. դրան ոչ մի սփոփանք չկա: Չես կարող ասել՝ հայրի՛կ, ոչինչ, հանգստացի՛ր, քանի որ գիտակցում ես, որ ոչինչ չի, որովհետև այդ մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է իր հայրենիքին՝ մասնավորապես Շուշիին: Ու այդ ամենից զատ այդքան մարդկային կյանքեր, որոնց կորուստն իմաստազրկվեց ոչ թե միայն 44 օրյա պատերազմի ընթացքում, այլ 30 տարիների ընթացքում», — պատմում է Գայանեն՝ չկարողանալով զսպել զայրույթը:
Նոյեմբերի 9-ի նման ծանր օր երբեք չի ունեցել Գայանեն ու նա դժվարությամբ է խոսում, ու նկարագրում այն ապրումները, որոնք ունեցել են ինքն ու իր կողքի տղաները՝ մեր տղաները: Անգամ 4 օր հետո իրենց զոհված ընկերների մարմիններն իջեցնելիս տղաներն այդքան վատ չեն եղել, ինչպես նոյեմբերի 9-ին:
Գայանեն համոզված է, որ ամեն ինչ պետք է արվեր դիվանագիտական դաշտում, որպեսզի պատերազմ չսկսվեր, բայց, այնուամենայնիվ, եթե սկսվել էր, պետք էր կազմակերպված գործել մարտի դաշտում:
«Ի՞նչ է նշանակում՝ ունենալ 30-ամյա կանոնավոր բանակ ու ջոկատներով կռվի դուրս գալ. դա խայտառակ մի իրավիճակ էր: Շատ թևավոր է դարձել այդ օրերը նկարագրող «կազմակերպված անկազմակերպվածություն» էր արտահայտությունը, իսկ անկազմակերպվածությամբ չես կարող հաղթանակի հասնել, առավել ևս՝ եթե խոսքը պատերազմի մասին է»,-նշում է Գայանեն:
Ըստ նրա՝ չհասկանալ պոչը որտեղ է, գլուխը՝ որտեղ, շարունակել հրամաններ տալ ու ղեկավարել՝ դա հավասարազոր էր ազգին տանել ինքնասպանության:
Նախքան պատերազմը, երբ Գայանեն տխուր էր կամ մի դժվարության էր հանդիպում, Եռաբլուր էր գնում: Ասում է՝ գնում էր, նստում, խոսում, ուժ էր ստանում, որովհետև այն ժամանակ եռաբլուրը հաղթանակի բլուր էր, իսկ հիմա այնտեղ համատարած սուգ ու ցավ է: Ինքն իրեն ասում էր՝ տես՝ տղերքը ինչերի միջով են անցել, ինչ են քեզ համար ստեղծել, արարել, բաց երկնքի տակ են քնել, հայրենիք են ազատագրել, որ դու հաղթանակ ունենաս, հայրենիք ունենաս, Արցախ ունենաս, իսկ դու մի փոքր դժվարությունից նեղվել ես:
Այսօր նա Եռաբլուր ու Պռոշյանի պանթեոն այցելել չի կարողանում: Ինքն էլ չգիտի՝ գնա ի՞նչ ասի տղաներին, որ ափսո՞ս էին: Ըստ նրա՝ Եռաբլուր պետք է գնալ միայն մի հոգեվիճակով՝ հպարտ, իսկ մենք այսօր հպարտ չենք:
«Չեմ կարող Եռաբլուր գնալ, որովհետև առ այսօր այնտեղ դատարկ փոսեր կան, փոսեր, որոնք կարող էին ինձ համար լինել, բայց իմը չէ, որովհետև տղերքն իրենց կյանքի գնով բերեցին գոնե նրան, որ ես այսօրն ունենամ: Եթե նրանք չգնային, այսօր Արցախի էս մի փոքր մասն էլ չէինք ունենա, գուցե նաև՝ Հայաստանը: Հազար փառք նրանց, բայց ես ամաչում եմ նրանց մոտ գնալ: Ես վատ եմ, տխուր եմ, ու չեմ ուզում գնալ այն տեղը, որ ինձ համար լրիվ այլ նշանակություն է ունեցել»,- սրտնեղում է Գայանեն:
Նա գտնում է, որ մեր ժողովորդը պարտվել է ինքն իրեն: ժողովուրդը ժամ առ ժամ անդունդն է գլորվում, ու օդում լինելով՝ չի գիտակցում, որ ազատ անկման մեջ է:
«Մինչև հենման կետ չունենանք, մենք չենք կարողանա ոտքի կանգնել: Այդպիսի կետ ես այսօր չեմ տեսնում, որտեղից նորից կարող է սկսվել մեր պայքարը: Մենք պետք է պայքարենք, սակայն շարունակում ենք ամեն օր պարտվել:»,-կարծում է նա:
Գայանեն հավատում է՝ Արամ Մանուկյաններ դեռ կծնվեն, սակայն ինչքան ուշանում, այնքան դժվարանում է կրկին վեր հառնելը:
«Մարդիկ անտարբեր դեմքերով ամեն օր գահավիժում են, ու ոչինչ չի օգնում՝ կասեցնելու այդ անկումը՝ ոչ՛ ցույցերը, ոչ՛ կոչերը, ոչ՛ ամենօրյա աշխատանք հարևանների ու բարեկամների հետ»,- նկատում է Գայանեն:
Նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է այս ազգը ապրել թուրքի հետ էժան կանաչի ունենալու համար: Չի հավատում, որ իր հայրը, ով իր աղջկան ուղարկում է պատերազմի դաշտ՝ նախընտրելով ազատ հայրենիք ունենալ, այս նուն ազգից է:
Թողնելով մարտի դաշտում սկսած պայքարը կիսատ, Գայանեն նոր պայքարի մեջ մտավ՝ մասնակցելով պատերազմից հետո կազմակերպված ցույցերին, որտեղ մի քանի անգամ բերման է ենթարկվել: «Պայքարի մեջ էի մտել՝ հավատալով, որ սա էր հնարավորությունը՝ ստեղծելու ինչ-որ հենման կետ ու դադարեցնելու անկումը: Սպասում էի «Հայաստան» դաշինքի հաղթանակին, նույնիսկ բախումների էի սպասում, որը կլիներ այն վերջնական բախումը, որը կուղղորդեր ժողովրդին դեպի հաղթանակ»,-նշում է նա: Գայանեն հիմա էլ համոզված է, միայն իշխանափոխությամբ կարելի է ինչ-որ արդյունքի հասնել:
Նա այն կարծիքին է, որ ՀՅԴ-ն կարող է և պետք է ավելին անի: «Պատերազմի ժամանակ ՀՅԴ-ն իր քույր կառույցներով ողջ ներուժը կենտրոնացրել և անում էր այն, ինչ պետք է աներ Դաշնակցությունն ու դաշնակցականը՝ առանց որևէ թերացման»,-ասում է նա:
Դեկտեմբերին կլրանա մի տարին, ինչ Գայանեն ու իր ընկերները տեղահանված ընտանիքներին աջակցության ծրագիր են իրականացնում: Ֆեյսբուքում սկիզբ առած ծրագրի միջոցով հավաքագրվող գումարներն ուղղվում են տեղահանված ընտանիքներին: Սկզբնական շրջանում 1-2 ընտանիքի էր բավականացնում գումարը, իսկ արդեն նախորդ այցին կարողացել են այցելել շուրջ 60 ընտանիքի, որոնց հատկացրել են տակդիրներ, կաթնախառնուրդ և սնունդ:
Երիտասարդ բժշկուհին, ով անցել է արհավիրքի միջով, շարունակում է իր պայքարը բոլոր բնագավառներում՝ հանուն իր ու իր ընկերների երազած հայրենիքի, հանուն լուսավոր ապագայի:
Վահագն Խաչատրյան