Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ֆեյսբուքում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես քարահունջցի Արտուշ պապիկն ամեն տարի՝ սկսած Զարոբյանի օրերից, ոտքով բարձրացել է Ծիծեռնակաբերդ, որպեսզի ծաղիկներ դնի ու խոնարհվի անմեղ զոհերի առաջ:
Ամեն տարի ընկերոջ հետ էր եկել, այս տարի՝ մենակ էր. ընկերը մահացել էր։ Չգիտեր, որ մուտքերը փակ էին, և պատրաստ էր մինչև գիշեր սպասել, որպեսզի բացեն մուտքերը, որ բարձրանա, ծաղիկներ խոնհարի ու վերադառնա տուն:
Իր խոսքում մի քանի անգամ կրկնեց. «Ես ոչ մեկին չեմ խանգարում, նեղություն չեմ տալիս». ցավոտ, խոցող այս խոսքերը լսելիս մեղավոր զգացի ինձ, և ամեն բան տակնուվրա եղավ մեջս:
Նա ոստիկանների՝ ծաղիկները մուտքի քարերին դնելու հորդորից հրաժարվել էր՝ ասելով, որ քարին ծաղիկ չի դնի, խնդրել էր, որ ոստիկաններն իրենց մեքենայով իրեն տանեն՝ ծաղիկները դնի, անգամ՝ պատրաստակամություն էր հայտնել փոխհատուցելու վառելիքի գումարը, այդուհանդերձ, հավանաբար մերժում էր ստացել…
Պապիկն ասաց, որ բոլորի զոհերն էլ իր բարեկամներն են, իր մարմինն ու աչքի լույս են, իր կյանքն են, մահացած հոր ու եղբոր գերեզմաններին չի այցելում. գալիս է Ծիծեռնակաբերդ:
«Բա թշնամին ինչի՞ պիտի տեսնի, որ էս օրով մարդ չի գնում»,-ասաց Արտուշ պապիկը։ Լրագրողն ասաց, որ կորոնավիրուսով է պայմանավորած փակ լինելը: Պապիկը դառնությամբ պատասխանեց. «էհ…»… Եվ ինչքա՜ն խոսուն էր այդ դառը հառաչանքը… ինչքա՜ն ցավոտ:
Պապիկի բարի ու տխուր հայացքն արտացոլում էր մեր ազգի տխուր պատմությունը. բոլորիս անցյալն է Արտուշ պապիկը, մեր դեմքն ու դիմագիծը, մեր էությունը։
Քարից պիտի լինի մարդ, որ առանց սարսուռի ու արցունքների կարողանա լսել մարդկային հոգու լարերին դիպչող նրա բառերը, զգալ այդ բառերի տակ թաքնված տխրությունը, կրած զրկանքները, կորստի ցավը:
Այո՛, մենք պահանջատեր ենք... Պահանջատե՛ր ենք մեր անմեղ զոհերի համար, պահանջատե՛ր ենք Արտուշ պապիկների տխրության ու տանջանքների համար:
Խորնարհվում եմ բոլոր անմեղ զոհերի հիշատակի ու Արտուշ պապիկների առջև:
Պարտական ենք Ձեզ...
Դեռ պարտք ունենք կատարելու...
Իշխան Թովմասյան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող