Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիի Վարդանանց հրապարակում արդեն երկրորդ տարին է` կանգնած է «Վարդանանք» արձանախումբը: Անտարակույս, արվեստի արժեքավոր գործ, որը, հենց դրանով պայմանավորված, պահանջում է հոգածու վերաբերմունք ոչ միայն գյումրեցիների, քաղաք և հրապարակ այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների, այլև, առաջին հերթին, քաղաքային իշխանությունների կողմից:
Վերջիններս, չնայած ժամանակին հնչած բազմաթիվ քննադատություններին, որոշեցին բրոնզաձույլ բազմաֆիգուր արձանախումբը տեղադրել հրապարակի կենտրոնում, իսկ արձանախմբի համար` որպես հորիզոն ծառայող շինություն, նախընտրեցին ոչ թե հարևանությամբ` աջ և ձախ գտնվող Սբ Աստվածածին (Յոթ վերք) կամ Սբ Ամենափրկիչ եկեղեցիները, այլ նորակառույց քաղաքապետարանի շենքը:
Շենքը ճարտարապետական առումով որքան էլ տպավորիչ ու գեղեցիկ, այնուամենայնիվ, աշխարհիկ կառույց է, հետևաբար` ոչ այն շինությունը, որի վրա պատշաճ էր, որ հանգչի Սբ Վարդանի հայացքը, և որին ձգտելու էր նրա նժույգի հրեղեն ընթացքը: Եվ որքան էլ չար լեզուները պնդեն, թե արձանախմբի Վարդանն ու նրա նժույգն ուղիղ նայում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակին, սույն բարեպատեհ հանգամանքը չի օգնել, որ Սբ Վարդանն ու Վարդանանք ամեն օր մաքրված լինեն… սովորական կեղտից:
Զորավարի` քաղաքապետի աշխատասենյակին ուղղված հայացքը չէր օգնել նույնիսկ, որ Ավարայրի հերոսի ձիու պատվանդանի վրա դրոշմված ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ տառերը այցելուին ներկայանան առանց «կորուստների». արդեն վաղուց ԱՅԲ-ի Ա-ն և ԳԻՄ-ի Մ-ն չկան, ինչը, զուգորդված արձանների կեղտի հետ, արձանախմբի հմայքից մի կարևոր բան են պակասեցնում: Ու դա հաստատ ավելի կարևոր բան է, քան այն տարակուսանքը, որ ապրում է այցելուն` արձանախմբում տեսնելով սուրը բռնած մի կնոջ` Սահականույշին, ով Սահակ Պարթև կաթողիկոսի դուստրն էր, Վարդան Մամիկոնյանի մայրը:
Հայտնի չէ, Վարդանանց պատերազմի ժամանակ նա արդյո՞ք կենդանի էր կամ արդյո՞ք մասնակցել էր այդ պատերազմին, այնուամենայնիվ, 451 թվականին պիտի որ խիստ զառամյալ կին լիներ, հետևաբար ինչ կարիք կար նրա ձեռքին էլ սուր դնել ու կանգնեցնել Վարդանանց հերոսների կողքին:
Մեր այս վերջին նկատառումն, իհարկե, զուտ պատմական ճշմարտության ոլորտից է, բայց այս պահին` ոչ այնքան կարևոր: Կարևորը հիմա արձանախումբը մազութանման կեղտից մաքրելն է և Մեսրոպ Մաշտոցի կատարյալ տառերի անվթար տեսքը վերականգնելը: